15.04.2022 03:20
Իր բեմական գործունեության երեսուն տարիների ընթացքում ժողովրդական դերաստնուհի Արուս Ոսկանյանի տաղանդը փայլուն կերպով արտահայտվել է մի շարք դերերի մեջ։ Իբրև ենժենյու – դրամատիկ՝ նա ցույց է տվել իրեն ամենից առաջ Շիրվանզադեի պիեսներում («Չար ոգի» - Սոնա, «Նամուս» - Սուսան, «Պատվի համար» - Մարգարիտ)։
Խաղալով խոշորագույն վարպետ Հ. Աբելյանի հետ՝ Արուս Ոսկանյանը հաջող կերպով հանդես է եկել մեր ինքնուրույն դրամատուրգիայի այդ լավագույն պիեսների մեջ։ Առանձնապես դերասանուհուն հաջողվում էր Սոնայի դերը («Չար ոգի»)։ Հիվանդ, քնքույշ, «աստծուց պատժված» Սոնան իր շրջապատի զոհն է. «ընկնավոր աղջկան ամուսնացնում են և համոզում, որ ամուսնությունը կբժշկի նրան։ Աղջիկը հավատում է մորը։ Եվ մեջ զարթնում է մի պահ հույսի ճառագայթը։ Երկրորդ գործողություն մեջ Արուս Ոսկանյանը ցայտուն կերպով տալիս է այդ հոգեվիճակը։ Հանկարծ պայծառանում է նրա դեմքը, աչքերը փայլում են, երիտասարդ աղջիկը կարծես թևեր է առնում, նա երջանիկ է։ Երրորդ գործողության մեջ պիեսի կենցաղային գույները ավելի խտանում են։ Այստեղ Արաս Ոսկանյանը հուզիչ անմիջականությամբ ցույց է տալիս իր հեզությունը և համակերպությունը։ Նա չի տրտնջում, չի բողոքում իրեն տանջողներ դեմ, հիվանդության գիտակցաթյունը ծանր բեռի նման ճնշում է նրա ուսերը, նա հույս ունի, որ ամուսնությունից հետո էլ չի կրկնվելու «այդ բանը»։ Սակայն ահա իջնում է ճակատագրական, անխուսափելի հարվածը - Սոնայի հոր հետ տեղի ունեցած սկանդալից հետո աղջիկը կրկին ուշաթափվում է։
Այստեղ Արուս Ոսկանյանը մեծ վարպետությամբ տալիս է թշվառ կնոջ հոգեկան ներքին տրագիզմը, ուշաթափությունից հետո ֆիզիկապես թուլացած, գունատ, լուսնոտի նման հայացքը սևվեռած մի կետի՝ Սոնան անխոս քայլում է դեպի ամուսինը, կարծես նրանից օգնություն է խնդրում։ Չորրորդ գործողության ահավոր տեսարանը դերասանուհին անց է կացնում տրագիկական պլանով, ամբողջ ժամանակ իշխում է լուռ սարսափը։ Այս ցնցող տեսարանի գագաթնակետն է գիժ Դանիել - Աբելյանի մուտքը։ «Պատառ-պատառ կանեմ...» հայտնի խոսքերը այս անգամ արդեն հնչում են իբրև հուսահատության ողբ՝ փրկության ոչ մի հույս. Սոնան մեռնում է գիժ Դանիելի թևերի մեջ իբրև զոհ խավարի իրականության։
Եթե Սոնան զոհ է հին կյանքի վրա ճնշող նախապաշարմունքի, ապա Սուսանը («Նամուս») գոհ է ադաթի, նահապետական քարացած բարքերի։ Արուս Ոսկանյանը այդ դերում ընդգծում է հոգեկան ներքին կոնֆլիկտը որդիական հնազանդության և երիտասարդական սիրո միջև։ Ամոթխած հայ աղջիկը ներքին ինտուիցիայով զգում է, որ իրավանք ունի սիրելու, սակայն ադաթի դաժան օրենքը արգելք է դնում նրա սիրո վրա, և նա անզոր է պայքարելու այդ արգելքի դեմ։ Նրան հարկադրում են ամուսնանալ չսիրած մարդու հետ։ Նա լուռ համակերպում է։ Սակայն Արուս Ոսկանյանի մեկնաբանության մեջ մենք տեսնում ենք բողոքի բռնկումներ կյանքի քարացած ձևերի դեմ։ Խանդից կուրացած ամուսնու հանդեպ նա բարձրացնում է իր բողոքի ձայնը։ «Ո՛չ քո սրից եմ վախենում, ո՛չ էլ մարդկանց դատաստանից, ես անմեղ եմ» - բացականչում է նա։ Այս ամենը Արուս Ոսկանյանը ընդգծում է առանձին ուժով։
Արուս Ոսկւսնյանի արտիստական անհատականությունը շեշտված կերպով դրսևորվում է Մարգարիտի դերում («Պատվի համար»)։ Մարգարիտը բոլորովին այլ միջավայրի աղջիկ է, ուստի այս դերում Արուս Ոսկանյանը ավելի լրիվ կերպով արտահայտուում է իր անհատականությունը։ Աղջկա հոգեկան բռնկումները և ներքին մղումները այստեղ արտահայտվում են գիտակցված իրավունքի, մարդկային հարաբերությունների ավելի խորը ըմբռնման ֆոնի վրա։
Արուս Ոսկանյանի Մարգարիտը պասիվ զոհ չէ, դերասանուհին բնավ չի ընդգծում նրա անզորությունը։ Նա պայքարում է իբրև համոզմունքի տեր մարդ, որն ունի արդարության և ճշմարտության իր հասկացողությունն ու իդեալը։ Մարգարիտը պաշտպանում է ոտնահարված արդարությունը, և նույնիսկ դաժան հայրը վախենում է նրանից։ Երրորդ գործողության մեջ, երբ Էլիզբարովը գողանում է մուրհակը, Մարգարիտը - Արուս Ոսկանյանը իսկական դրամատիկ խորությամբ, լուռ սարսա-փով նետում է նրան իր կշտամբանքի միակ խոսքը, – «Հայրի՛կ», և դրամատիկ լարմանը հաջորդում է անկումը, նա ուշաթափվում է։ Մարգարիտը ընկնում է անհավասար պայքարում, նա անզոր է դաժան իրականության և շրջապատի դեմ, սակայն նա տեսնում է բարոյական հաղթանակը։
Արուս Ոսկանյանը տվել է մեր իրականության մեջ այդ դերի ինքնուրույն մեկնաբանությունը, արտահայտելով իր դերասանական ուժեղ անհատականությունը, տեմպերամենտը և խաղի նպատակասլացությունը։
Ինքը Շիրվանզադեն քանիցս նշել է Արուս Ոսկանյանի գերազանց խաղն իր պիեսներում։ Մեծ դրամատուրգը առանձնապես դրվատել է Արուս Ոսկանյանի կիրթ շկոլան, բեմականությունը, խաղի հոգեբանական նրբությունը, ձայնի և արտասանության, խոսքի հմայքը։ Տաղանդավոր դերասանուհին կարողանում է իր խաղի մեջ բաղադրել լիրիզմը – քնքշությունը, անմեղությունը ու հեզությունը՝ դրամատիկ բարդ ապրումների, հագեկան խռովքի պոռթկումների, ուժեղ տեմպերամենտի հետ։
Երկար տարիներ և մինչև այսօր էլ Արուս Ոսկանյանը խաղում է Դեզդեմոնայի դերը («0թելլո») հայ բեմի վրա։ Նա այդ դերում հանդես է եկել այնպիսի խոշոր արտիստների հետ, ինչպիսք են Հ. Աբելյանը և Վ. Փափազյանը։ Դերասանուհին աշխատել է թափանցել այդ պատկերի բոլոր մանրանասնությունների մեջ և գտնել այն հիմնականը, որ կազմում է իտալական Վերածննդի կնոջ առանձնահատկությունը։ Դեզդեմոնան իր դրամատիկ կացությամբ հիշեցնում է Սուսանին («Նամուս»), ավելի ճիշտ՝ վերջինս է նման Դեզդեմոնային: Սակայն հսկայական տարբերություն կա այդ երկու պատկերների միջև։ Դեզդեմոնան՝ դա իր մարդկային իրավունքները գիտակցող կին է, որ հանդես է եկել Վերածննդի մեծ դարաշրջանում։ Սենատում երկրի մեծամեծների առաջ նա բարձրակոչ հռչակում է իր այդ իրավունքը, իբրև նոր մարդու, որ դուրս է եկել միջնադարյան խավարի կապանքներից։ Դեզդեմոնան բազմակողմանիորեն օժտված կին է, հոգու պայծառությամբ, մտքի աշխուժությամբ և համարձակությամբ։ Հաստատելով մարդկային սիրո, իրավունքը՝ Արուս - Դեզդեմոնան, ընդգծում է իր ձգտումների վեհությունը։ Հոգու մեծությունը և անսահման քնքշությունը, միախառնվում են մի հերոսական պատկերի մեջ։
Դեզդեմոնայի հարուստ պատկերն իր բազմերանգությամբ, տաքարյուն վենետիկուհու ինտելեկտուալ հետաքրքրության լայն շրջանակներ ունեցող Վերածննդի կնոջ բարդ խարակտերը հանձինս Արուս Ոսկանյանի՝ հայ բեմի վրա գտել են իրենց լավագույն մեկնաբանություններից մեկը։ Դերասանուհին ստեղծել է իր ուրույն խաղը և կարելի է ասել իր առանձնահատուկ շկոլան այդ դերի մեկնաբանման մեջ, որին հետևել են և հետևում են ավելի երիտասարդ դերասանուհիները։ Արուս Ոսկանյանը սովորել է հայ նշանավոր դրամատիկ դերասանուհի Հրաչյայից և նրա հետ միասին պատրաստել է Դեզդեմոնայի դերը։
Ավելի հասուն տարիներում Արուս Ոսկանյանը կերտեց ռուսական դրամատուրգիայի երկու նշանավոր պատկերները՝ Կատերինա («Ամպրոպ») և Կրուչինինա («Անմեղ մեղավորները»)։ Ա. Օստրովսկու պիեսների այս անձնավորությունները իրենց հոգեբանությամբ և դրամատիկ կացությամբ հարազատ էին Արուս Ոսկանյանին։ Գույների հարուստ պալիտրայով դերասանուհին պատկերում է խավարի թագավորության մեջ տառապող ռուս կնոջ պայծառ հոգու ընդվզումը։ Մեղքի գիտակցության տեսարանը ցնցում է հանդիսատեսին: Զղջման, վախի, միստիկական սարսափի միախառնումը բնության արհավիրքի հանդեպ՝ Արուս Ոկանյանը անց է կացնում մեծ վարպետությամբ։ Խոստովանության տեսարանում դերասանուհին հանդես է գալիս դրամատիկական տաղանդի ամբողջ ուժով։ Հինգերորդ գործողության մոնոլոգի մեջ Արուս – Կատերինան կարծես երգում է իր խոր վշտի երգը, հուսահատական մի ողբ, իր կարապի երգը, որը օբյեկտիվորեն դառնում է սոցիալական մի բողոք խավարի ու տգիտության, ճնշման ու անարդարության դեմ: Չափի մեծ զգացումով դերասանուհին կարողանում է տալ Կատերինայի պատկերը, առանց մոդեռնիզացիայի որևէ փորձի, առանց աշխատելու բեռնավորել այդ պատկերն իր էության և էպոխայի համար անհարիր հատկանիշներով։
Կրուչինինայի պատկերն ավելի մոտիկ և հարազատ է, համարյա ազգակից՝ Արուս Ոսկանյանին: Այդ պատկերն ավելի կատարյալ է դառնում, երբ մենք տեսնում ենք վշտի բովից անցած՝ մարդ դարձած դերասանուհի Կրուչինինային, այդ խորապես հուզում է մեզ։ Արուս Ոսկանյանի այս դերակատարությանը ուշագրավ գնահատական է տվել ռուս թատերական քննադատ Տալնիկովը, որի կարծիքը մենք անհրաժեշտ ենք համարում մեջ բերել. - «Ամենավառ տպավորություն է գործում Կրուչինինայի դերի կատարումը Արուս Ոսկանյանի կողմից, նրա հիանալի, ստեղծագործական հուզմունքով համակված խաղը։ Արուս Ոսկանյանի կատարման մեջ մեր առջևն է պարզ կնոջ դրամայի գեղարվեստական ճշմարտությանը։ Ոսկանյանը մեծ դերասաանուհու գրացիայով և նրբագեղությամբ ճշմարտացի կերպով տալիս է ամբողջական պատկերը ներքին ապրումների և ազնվասիրային պարզության միջոցով» («Սովետական Իսկուստվո» 1939 թ. հոկտեմբերի 18)։
Արուս Ոսկանյանի առավելությունը այս դերերում (Կատերինա, Կրուչինինա) այն է, որ նա կարողացել է ըմբռնել և տալ ռուսական ռեալիզմի յուրահատուկ գծերը և պարզությունը, մի շատ կարևոր հանգամանք, որ ընդգծված է նաև ռուսական քննադատության կողմից։ Պահպանելով հանդերձ իր ներքին տեմպերամենտը, ռոմանտիկ թռիչքները և պոռթկումները, ինչպես նաև իր դերակատարման եվրոպական շկոլան, Արուս Ոսկանյանը հանգես գալով ռուսական ռեպերտուարում, ցույց տվեց իսկական դերասանուհու իր լայն հնարավորությունը և դիապազոնը։ Կրուչինինայի դերում նա դրսևորում է նաև իր բեմական մեծ տեխնիկան։ Թշվառ մոր հեկեկանքները խեղդվում են կարծես դերասանուհու դողացող, սակայն զուսպ ձայնի մեջ, իսկ վերջին գործողության մեջ Արուս – Կրուչինինայի եռակի «նա՞ է, նա՞ է, նա՞ է» բացականչության ինտոնացիայի մեջ հնչում է սարսռազդեցիկ խորությամբ, միաժամանակ դժբախտ և երջանիկ մոր անսահման ուրախությունը և կորցրած տարիների ափսոսանքն ու վիշտը։
Արուս Ոսկանյանի ամենասիրած դերն է Նորան։ Տաղանդավոր դերասանուհին այդ դերում առաջին անգամ հանդես եկավ 1922 թվին։ Ազնիվ Հրաչյան զգուշացրել է նրան, որ չշտապի «սպասել առնվազն տասը տարի այդ պատկերը կերտելու համար»։
Արուս Ոսկանյանը իր բոլոր հնարավորությունները, տաղանդն ու վարպետությունը դրսևորում է Նորայի դերում։ Դա նրա կատարման բոլոր գույների սինթեզն է։ Եվրոպական կիրթ շկոլան մեծապես օգնում է դերասանուհուն՝ ըմբռնելու և դրսևորելու համար իր բնույթով բուն եվրոպական, սակայն խորապես մարդկային այդ բնավորությունը՝ բարձր դրամատիկ պլանով։ Նորայի ապրումների բարդ գամման, քնքույշ, չարաճճի, անհոգ, զվարթ, երբեմն անմեղորեն ստախոս, խորապես կանացի, ըստ երևույթին թեթևամիտ, սակայն խորքում դիտող, խորհող և դատող այդ բնավորությունը հանձին Արուս Ոսկանյանի՝ հայ բեմի վրա գտնում է իր լավագույն բնական մեկնաբանողին։ Հոգեբանական անցումների, լույսի և ստվերի այդ հաջորդականության բազմազանությունը Արուս Ոսկանյանը տալիս է հիանալի վարպետությամբ, հարուստ միմիկայի, նշանակալից ժեստերի, ձայնի, բազմանշանակ ինտոնացիայի միջոցով։ Նա իր ամեն մի բառի մեջ դնում է յուրահատուկ իմաստ, իր խաղի հարուստ գույները դասավորում է վարպետ նկարչի ճաշակով և դրամատիկ լարումը անշեղ տանում է մինչև լուծումը։ Պիեսի ֆինալը, երբ անհոգ «տիկինը» կարծես վերածնվում է, նոր մարդ դառնում և որպես այդպիսին մեղադրական ակտ է շպրտում էգոիստ ամուսնուն, ուրեմն և բուրժուական ամբողջ հասարակության և նրա օրենքների երեսին, ու թողնում, հեռանում է ամուսնուց – կարելի էր հեշտությամբ մելոդրամայի վերածել։
Արուս Ոսկանյանը խուսափում է այդ վտանգից, չափի զգացումով և արտիստական տակտով նա շեշտում է բուրժուական օրենքներից ազատագրված կնոջ հոգու հպարտությունը, առանց ստվերելու այն կենցաղային դետալներով և սենտիմենտալիզմով։
Նորան՝ դա մի իդեալատիպ է, որ ստեղծել է Իբսենը բուրժուական հասարակության սահմանափակությունն ու խեղճությունը հաղթահարելու, նրանից վեր բարձրանալու համար։
Արուս Ոսկանյանը ընդգծում է բուրժուական հասարակության մեջ բացառիկ այդ կնոջ սոցիալական տարերային բողոքը այն օրենքների դեմ, որոնք արգելում են բարիք գործել մարդկանց, փրկել նրանց կյանքը։ Այդ օրենքների վրա հիմնված ընտանեկան երջանկությունը խախուտ է։ Զգալով և գիտակցելով այդ, Նորան թոթափում է այդ օրենքի բեռը իր ուսերից։ Արուս Ոսկանյանի մեկնաբանությամբ՝ սովետական պայմաններում «Նորան» հնչեց այժմեական։ Ահա թե ինչու դերասանուհին այդ դերում արժանացավ մեր հասարակության ջերմ համակրությանը։
Նյութի աղբյուրը՝ «Սովետական Արվեստ» / Ամսագիր, 1941թ., # 1(9)