Սեղմիր
ՖԵԼԻԵՏՈՆ

10.04.2022   04:09

Ընդունենք մի պահ, որ ծանոթ չենք պիեսին, չենք կարդացել ոչ մի տող Պարոնյանից, չգիտենք նրա ապրած ու վերարտադրած իրականությունը, չենք հասկանում լեզուն և, որպես օտար մի այցելու, մտնում ենք մեզ անծանոթ քաղաքի անծանոթ թատրոնը։ Այդպես՝ առանց իմացության ու նախապաշարումների։ Ի՞նչ ենք տեսնում, ի՞նչ ենք կարողանում հասկանալ։

Ես ուզում եմ անտեղյակ մարդու անաչառությամբ ըմբռնել հանդիսատեսին հրամցվող բեմական արկածը (բեմադրիչ Արմեն Խանդիկյան

Անվարագույր բեմը, որ վաղուց նորություն չէ և որի արդեն հնաոճ սեթևեթանքից ազատելիք չունենք, ներկայացնում է Փարիզի Ստրասբուրգյան բուլվարի ռեստորաններից մեկի նախասրահը։ Ոչ ավել, ոչ պակաս։ Լույս կլանող, փայլատ, հանդիսավոր պատեր, ծանր ու դյուրաշարժ դուռ, ճերմակաթույր, լուսարձակ, մետաքսափայլ վարագույր, սեղանիկ, գահավորակ, դաշնամուր, հաստատուն աթոռներ, անկյունի մյուս սեղանին աբսենթի պարպված շշերի ու բաժակների խուրձ։ Սրանք, թվում է, նշաններ են ինչ-որ անտարբեր մի ցոփության, որի դիմաց մարդն զգում է իրեն աղքատ ու մենակ։ Այո պատկերն, իհարկե, մտածված է, ծրագրված ի հեճուկս տեղյակ հանդիսատեսի, ու երբեք չըմբռնված ավանդապաշտության։ Չթաքնված արհամարհական մի հայտ եմ տեսնում, այն է՝ ո՜վ հանդիսատես, հիմա մի բան կտեսնես, որ երբեք չես տեսել...

- Տիկի՛ն, գործելու ժամ է և ոչ լալու, սրբե արտասուքդ և վայրկյան մը ինձի մտիկ ըրէ։

Այս խոսքերն արտասանվում են պաթետիկ, կրքոտ, տագնապալից և ցուցադրական սալոնային ոճով։ Վատ չէ, նույնիսկ շատ լավ է։ Հիանալի  է խոսողի կեցվածքը, համոզիչ է տրամադրությունը, փայլուն ու տպավորիչ է տեսքը։ Կատարյալ սալոնային ֆատ (Արամ Անանյան), հանդուգն, անպատկառ, պճնամոլ մի թատերային սիրահար, խաղային տարերքի մեջ։ Բայց ինչո՞ւ է նա գոռում կոկորդ պատռելու աստիճան։ Ուզում ես մի պահ լռեցնել նրան և հիշեցնել, որ չի կարելի այդքան անողորմ վարվել սեփական ձայնալարերի հետ, որ ներկայացումը դեռ շարունակություն ունի, և վերջին դատաստանի օրը չի եկել, խնայե՛ք գոնե լսողի ականջները։ Գիտենք, իհարկե, տեսնում ենք, որ սա բեմադրողի ցուցումն է և ամբողջ ներկայացման տոնայնությունը։ Մտածված է, և լավ չէ։ Տոնային չափազանցումը և ներքին լարվածությունը տարբեր բաներ են, և ֆիզիկական աղմուկով գեղարվեստական արտահայտչականություն չի ստեղծվում։

Աղմկոտ պճնամոլի դիմաց նստած արտասուք թափող տիկինը հիշեցնում է ցածր որակի մի պչրուհու, գավառից մայրաքաղաք ընկած և հոգու սանձերը վաղուց արձակած անտանելի մի աղջկա (դերակատար՝ Հռիփսիմե Կիրակոսյան): Իրադրությունը մոտավորապես հետևյալն է։ Փողոցում հետապնդվող մի անառակ զույգ՝ իրարից շատ տարբեր, աններդաշնակ, միջին տարիքի մոտեցող կամ ավելի երիտասարդ տղամարդ ու կին մտել են բուլվարի առաջին պատահած ռեստորանի նախասրահը։  Նոր սկսվող սիրային մի արկած ձախողվել է։ Գալիս է գլուխը կորցրած հետապնդողը՝ միջին տարիքից ջահել մի գավառացի և խոսում իր ախոյանի հետ, առանց նրան ճանաչելու։ Այս տղայի անունն է Բաղդասար (Լևոն Մուրադյան)։ Փորձելով  հասկանալ դիպվածն ու դեպքերի ընթացքը, պետք է կարծենք, որ մի գավառացի երիտասարդ պատահաբար ամուսնացել է առաջին պատահած կնոջ հետ, գնացել Փարիզ, որտեղ կինը փախուստի է դիմել ինչ-որ արկածախնդիր պճնամոլի հետ։ Իսկ թե ինչ է գտել պճնամոլը այդ ցուցադրական անպատկառուհու մեջ, այդ էլ իր գործն է, և հանդիսատեսի համար անհասկանալի։ Զրույցի շարունակությունը սալոնային ծաղրուծանակ է։ Աղմկում են, գոռում, հնչում է սիմֆոջազը, պարում են, ի դեպ՝ ոչ վատ։ Փայլուն հագնված, գեղանձն ու ճկուն մի աղջիկ, անունը Սողոմե (Գոհար Ւգիթյան), արծաթաձայն ու աշխույժ, հեգնական ու հմայիչ, գնում-գալիս է որպես սպասուհի։ Նախանձելի պլաստիկա ունի դերասանուհին։ Վաղուց մեր բեմում չեմ տեսել այսպիսի «էնժենյու սուբրետ», սալոնային կատակերգության նախընտրելի կերպարանք ու դիմակ։ Մտածում եմ, թե այն ֆատը, որի անունը Կիպար է, ինչո՞ւ այս սպասուհուն չի հետապնդում, այլ ինչ-որ գավառական պչրուհու։

Այս ամենի մեջ առանձին ուշադրություն է գրավում մի սևազգեստ, կարճահասակ ու ամուր կերպարանք՝ փաստաբան Օգսենը (Էդ. Գասպարյան)։ Նա, իհարկե, ավելի շատ ոստիկանի է նման, քան փաստաբանի և ինչքան շատ տպավորիչ է՝ լուրջ, անժպիտ, իր լրջության մեջ զվարճալի։ Դերասանը սրամիտ է, զուսպ և ստեղծել է գրոտեսկային տիպի հիանալի մի օրինակ, նախ մեր իմացած պիեսից և կերպարի ծանոթ դրոշմանիշից։ Եռանդուն, սևեռված և իրավիճակները դժվար կռահող մի ոստիկանական կամ դատական ծառայող է այս տիպը։ Նպատակասլաց է, լարված ուղեղով, արդարադատության ծառայողին հատուկ բթամտությամբ, կարծես չշփոթվող և մեկ-երկու տեղ էլ իրավիճակը տանուլ տվող: Ինքնուրույն է և ինքնատիպ այս դեմքը, սուր բնութագրական։ Նախկինում այսպիսի դերասաններին ասել են «կոմիկ-սերյոզ»։ Որքան էլ տարբեր լինի այս Օգսենը հեղինակի նախատեսածից ու մեր իմացածից, միևնույն է՝ ամբողջական է, թատերայնորեն սուր ու հետաքրքիր։ Թվում է՝ այս գծագիրն ու տոնայնությունը կարող էր ունենալ Բաղդասարը՝ կատակերգության կենտրոնական դեմքը, որին, անհասկանալի պատճառով, այստեղ զրկել են բնավորությունից ու դերից։ Բեմադրողը վրիպել է։ Չի նկատել իսկական Բաղդասարին և փոխարենը մեր առջև դրել է ընդամենը զարմանք ու սարսափ արտահայտող, միակերպ, միատոն և իսկապես ավելորդ, կերպարայ՚նությունից զուրկ մի դեմք։

Ներկայացումը, որքան էլ աղմկալից է, չունի ներքին տոն ու տրամադրություն և գնալով ավելի ծանրանում է։ Երեք քրմական կերպարանքներ՝ Սուր, Երկաթ, Փայլակ (Կ. Ջահանգիրյան, Լ. Շարաֆյան, Ա. Խրիմյան) խոսում են հանդիսավոր, ծանր ու «մեծազդու», որպես թե մարմնավորում են աշխարհի դաժանությունն ու անարդարությունը։ Նրանցից մեկն է միայն մարդկային բնավորություն ներկայացնում և ներքին հումոր ունի։ Դա Ավետիս Խրիմյանի Փայլակն է։ Սա ծանոթ մարդ է, կոնկրետ է՝ պարտականություն կատարող մի անտարբեր ու բթամիտ ատենակալ, որը, թվում է, կարող է անսպասելիորեն փոխել կարծիքը, եթե հանկարծ, ուղեղի մեջ տեղի ունեցող հրաշքով, իմանա ճշմարտությունը։ Բայց դա բացառված է իրադրությամբ, և մարդկայնորեն կոնկրետ բնավորությունը դրսևորվում է ծառայողական   տափակության  մակերեսին։ Բոլոր պահերին դերասանը զուսպ է, ներքուստ սրամիտ։

Եվ այսպես, պիեսին անծանոթ ձևանալով, հետևում էնք բեմում ներկայացվող սալոնային աղմուկին, որը մի տեղ, բեմադրողի քմահաճույքով, դառնում է էլեգիական։ Բաղդասար կոչվող, խաբված, միջավայրից մեկուսացված երիտասարդը մնում է մենակ, նստում է դաշնամուրի մոտ, նվագում մի թախծալի եղանակ, գլուխը բռնում ու հեկեկում։ Ներկայացման վերջում երգում է զվարճամոլ սրիկաների խումբը, և դիրիժորն է Կիպարը։ Ասել է, թե միջավայրն ի՜նչ դաժան է մի ազնիվ երիտասարդի հանդեպ։ Եվ այս ամենը Ստրասբուրգյան ռեստորանի նախամուտքում։

Այս է մեղավոր հանդիսականիս տպավորությունը, եթե իսկապես չգիտեմ, թե ինչի մասին է Հակոբ Պարոնյանի «Պաղտասար աղբար» կատակերգությունը։

Պատմել ու բացատրել, հեղինակային մտահղացումը, նրա օբյեկտիվ իմաստը մեկնել, խոսել ժամանակից ու միջավայրից կամ գրվածքի քաղաքական ենթատեքստն ու արդիականությունը շոշափել ... Արժե՞ երկարաբանել։

Երկու խոսք միայն։

Ի՞նչ իրավիճակում է հայտնվել կատակերգության հերոսը, և ո՞ւմ դեմ է նրա կռիվը։ Պարոնյանը նկատի ունի մի աշխարհ, որտեղ գործում են իշխանության, օրենքի ու արդարադատության արտաքին ձևերը՝ առանց քաղաքական ուժի և իրավական-տնտեսական ռեալ կառուցվածքների։ Բաղդասարից դրամ կորզող փաստաբանը իսկապես փաստաբան է, բայց չունի դատ պաշտպանելու ասպարեզ՝ դատարան։ Գործը քննող դատաստանական խորհրդի անդամները դատական մարմին չեն, չունեն ոստիկանություն ու բանտ և իրավասու չեն պատժելու կամ արդարացնելու։ Նրանք ավելին չեն կարող ներկայացնել, քան արդարադատության մարմնի դատարկ տեսքը, և դա ավելին չի կարող լինել, քանի որ Պարոնյանի ապրած իրականության մեջ հայը չի ունեցել ոչ իրեն պատկանող հող, ոչ իրեն պաշտպանող պետություն, ոչ իր իրավունքը պաշտպանող դատարան, այլ ընդամենը՝ կերպաձևեր, պետության ու իրավունքի սոսկ գաղափարները և դրանց անհող, ձևական կառուցվածքը։

Ուրեմն, իսկապես ո՞ւմ դեմ է Բաղդասարի՝ XIX դարավերջի հայոց Դոն Կիխոտի կռիվը։ «Անառակ կնկա՞ մը» դեմ, անարդար դատարանի՞ դեմ։ Այդպես է միայն կատակերգության հերոսի պատկերացմամբ։ Նա կատակերգական է այնքանով, որ կարծում է, թե իրեն թշնամի ուժ կա իր դեմ, և չգիտե, որ դատարան գոյություն չունի։ Մարդը տանն է նստել ու Նարեկ է կարդացել և գաղափար չի ունեցել իր ընկերային վիճակի մասին։ Սա խտացումն է մի ամբողջ ժողովրդի հասարակական գիտակցության և տրված է կենցաղային կատակերգության պարզագույն ձևով։ Սալոնային պաճուճանքը, որով միայն Կիպարն է հարազատ մնացել հեղինակի նախատեսած կերպարին, դեռևս չի բացահայտում Պարոնյանի երկի քաղաքական ենթատեքստը։ Խնդիրը դաժանության ու անարդարության մասին չէ, այլ այն մասին, որ անհեթեթ ու անշոշափելի է, բացարձակ աբսուրդ է մարդուն հակադրված ուժը։ Այն, ինչի դեմ փայտե սուր է ճոճում հերոսը, գոյություն չունի, ֆիկցիա է, գոյություն չունեցող ֆունկցիա է էության սոսկ երևութական հայտանիշ։

Ահա թե որտեղ է Պարոնյանի երկի փիլիսոփայությունը։ Կ՞ա, արդյոք, ավելի արդիական գեղարվեստական գաղափար, քան տալիս է մեզ Պարոնյանի «Պաղտասար աղբարը»։ Մեզանում ո՞ր պիեսն ունի այսքան խոր թաքնված, մեզ համար այսօր այսքան ճշմարիտ իմաստ։

Ես բնավ այն մտքին չեմ, թե Պարոնյանի այս երկի բեմական ավանդությունն անվերանայելի է։ Դժվար է ասել, թե կատակերգության քաղաքական ենթատեքստը անցյալում գիտակցվել է։ Այդ ենթատեքստն առավելապես գիտակցվում է այսօր։ Ժամանակն է հասցրել դրան։ Մեկ դարի հեռավորությունից ավելի խորն ու պարզ է երևում Պարոնյանի ճշմարտությունը։ Եթե մեր թատրոնն իսկապես ուզում է արդիական լինել, թող լինի արդիական, արտահայտելով ժամանակի ու այսօրյա դեպքերի տրամաբանությունը, և դա թող լինի ոչ ի հաշիվ հեղինակի մտահղացման, ոչ ի կորուստ երկի պատմական և օբյեկտիվ բովանդակության։

Նյութի աղբյուրը՝ «Մունետիկ» շաբաթաթերթ, 1990թ., հոկտեմբերի 6

ՀԵՆՐԻԿ Հովհաննիսյան

638 հոգի