Սեղմիր
ԱՆՄԵՂ ՄԵՂԱՎՈՐՆԵՐԸ

04.04. 2022  03:14

Յունվարի 26-ին Թիֆլիսի հայոց թատրօնական խումբը ներկայացրեց Սունդուկեանցի արդէն մեզ ամեքիս վաղուց յայտնի «Էլի մէկ զոհ» պիէսան։

Եթէ հեղինակը ոչինչ փոփոխութիւն արած չը լինէր այդ պիէսայի մէջ, - ես աւելիորդ կը համարէի այդ պիիէսայի վրա նորից խօսելու, քանի որ նրա մասին բաւական խօսված է եղել, այլ շատ շատ կը խօսէի մեր պօլսեցի դերասաններով նրան կատարելու մասին։ Բայց հեղինակը փոխեց պիէսան, երեք գործողութիւնից հինգը շինեց և վերջին գործողութեան մէջ այնպիսի փոփոխութիւններ մտցրեց, որոնց մասին ես լռել չեմ կարող։

Դեռ 1871 թւին, երբ «Մշակը» հիմնված չէր և ես գրում էի մեր տեղական հայոց ուրիշ պարբերական հրատարկութիւնների մէջ, ահա ինչ էի ասում ես այդ պիէսայի գլխաւոր տիպերի մասին «Նիոբէ» ստորագրութեամբ «Մեղու Հայաստանի» լրագրում (N 7, 1871 թւին)։

«Մի երիտասարդ, ուսում առնելուց յետոյ, վերադառնում է իր հայրենիքը, կրկին մտնում է այն հասարակութիւնը, որի առօրեայ կեանքը չոր և եսական անողորմ հաշիւ է դէպի եղբայրները, շռայլութիւն և ներողամտութիւն դէպի իր անձը, որին (այսինքն հասարակութեանը) հասանելի չեն թէ վսեմ բարոյական և հոգևոր գաղափարները և թէ արհեստական զուարճութիւնը, որին մատչելի են միայն կոպիտ, նահապետական զուարճութիւնները՝ թղթախաղ, վարձկան սէր, փողի ագահութիւն, որը ձեռք բերելու համար ամեն միջոցները ներելի են։ Այդպիսի հասարակութիւնը վերադառնում է երիտասարդը և փորձում է առաջին ժամանակ հասարակութեան մէջ կենդանի նախապաշարմունքներին և կրքերին ընդդիմադրութիւն անել։ Նա խօսքով ձգտում է գործունէութեան, աշխատանքին, արդարութեանը, անհատի իրաւունքին։ Բայց նա հասարակութեան ծնունդ է, նրա վրա իրապէս չը պատւաստվեցաւ նոր կեանքի ուղղութիւնը։ Առաջին կենսական դժուար խնդրին պատահելիս, նա իր անընդունակութիւնն է ցոյց տալիս մի ծանր կենսական կռիկ բռնելու... Շրջապատող երևոյթների վրա նրա գերազանցութիւնը ցնորք Էր. նա չընդդիմացաւ հոսանքին. նա խօսքով բարձր էր, բայց գործով ուրիշներին հաւասար է ... էլի մէկ զոհ»։

Այդպէս էի նկարագրէլ ես Սունդուկեանցի Միքայէլի տիպը։

Նոյն յոդուածում Անանու մասին ես ասում էի հետևեալը։

«Մի օրիորդ, մի հնացած հասարակութեան մէջ այնքան կարողացաւ զարգանալ, որ իր սրտի մէջ անհատական, մտածող, ճշմարիտ սիրոյ նշոյլը գոնէ զգացել է։ Բայց նրա մէջ նախապաշարմունքը, խաւարի աւանդութիւնները, ծնողների տգիտութիւնը և կոպիտ զօրութեան կոյր հնազանդութիւնը այնքան զօրեղ են դարձեալ, մանաւանդ որ ստորադրեալ դրութիւնից նա ելք չունի, հասարակութեան մէջ աշխատանք չը գտնելով (և աշխատել նախապաշարմունքը չէ ներում),- որ նա նախապատւում է ծնողներից աւանդված սնոտիապաշտութեան ահճոռնի զգացմունքին հպատակէլ, քան թէ հետևել իր ներքին, անհատական վսեմ զգացմուննքի արշալուսին... էլի մէկ զոհ»:

Գրեթէ նոյն ուղղութեամբ գրված է եղել 1875 թւի «Մշակի» N 22 մէջ տպված Մէլիքզադէի գեղեցիկ  քննութիւնը «Էլի մէկ զոհ» պիէսային վրա, այն զանազանութեամբ, որ յօդոածագիրը աւելի մեծ ուշադրութիւն էր դարձրել Սունդուկեանցի հին սերունդի տիպերի քննութեան վրա, այն տիպերի, որոնք այդքան գեղեցիկ կերպով աջողվում են միշտ մեր տաղանդաւոր հեղինակին:

Ուրեմն ընթերցողը տեսնում է, որ ես ըսկզբունքով երբէք չէի համակրում Միքայէլի և Անանու տիպերին, բայց գտնում էի, ոբ նրանք աջողված, ամբողջ, կենդանի տիպեր են, հնարած անձնաւորութիւններ չեն, այլ արգասիք են մեր անմխիթար հասարակական և ընտանեկան կեանքի և նոյն իսկ այն պատճառով բնական են և իրանց երևալով պիէսայի մէջ արդարացնում են նոյն իսկ պիէսայի վերնագիրը։

Նրանք, երկուսն էլ, ճշմարիտ զոհեր են մեր կեանքի մէջ։ Տղան համալսարանական երիտասարդ է, հօր հետ խօսելով անդադար յայտնում է նոր մտքեր, հաւատաց­նում է որ փողը ոչինչ նշանակութիւն չունի, որտեղ կայսէր և որտեղ ընտանեկան կեանքը կարելի է հիմնել մի բոլորովին ուրիշ ժամանակակից պրինցիպի վրա, այն է՝ աշխատանքի վրա։ Նա չի վախենում աղքատութիւնից, քանի որ ինքն էլ, իր սիրածն էլ կարող են իրանց ձեռքերի աշխատանքով ապրել։ Երբ նրանք երեխաներ կունենան, նրանց զաւակների դաստիարակելը այնքան թանգ չի նստի, որքան իր հօրը, ծեր և փողասէր Սարգսին, որովհետև ինքն էլ, Անանին էլ, կրթված մարդիկ լինելով, առանց վարժապետների, իրանք կը կրթեն իրանց երեխաներին։ Բայց Միքայէլը այդ բոլորը միայն խօսքով ասում է, և ոչինչ չէ անում իր նպատակին հասնելու համար։ Նա ֆրազեօր է, ինչպէս մեր համալսարանականների մեծ մասը, նրա մօտ խօսքը և գործը միմեանց մէջ չեն ներդաշնակվում։ Եւ նշանաւորն այն է, որ Միքայէլը իր բորոր գեղեցիկ մտքերը յայտնում է իր հօրը, որի վրա ներգործելը, որի վրա ագդելը, որի արմատացած համոզմունքների փոխելը և կոշտացած բնաւորութեան մէջ որ և է փոփոխութեան առաջացնելը, ինքն պէտք է գիտենայ, թէ անհնարին է, կատարեալ դօնկիխօտութիւն է, մինչև անգամ ծաղրելի է։ Բայց իր սիրածին նա այդ իր գեղեցիկ խօսքերից ոչինչ չէ ասում, նրա վրա գրեթէ բոլորովին չէ ներգործում, բացի նրան մի քանի գրքերի բերելը (երևի Իվանօվի ընթերցարանից): Հեղինակը մեզ դրանով կամենում է հաւատացնել, որ Միքայէլր մտաւորապէս արդէն ներգործեց Անանու վրա, որ նա իր սէրը յայտնելու ժամանակ ասում է՝ «Մենք միմեանց վաղուց ճանաչում ենք, միմեանց սիրտն ու միտքը հասկանում ենք»:

Բայց դրանք դարձեալ բառեր են միայն որովհետև վերջը դարձեալ երևում է որ այդ զարգացած, ուսում առած, համալսարանական երիտասարդը, աշխատանք և մարդու անհատական իրաւունքները քարոզող Միքայէլը, ոչինչ բարոյական և մտաւոր ներգործութիւն չէ ունեցել իր սիրած օրիորդի վրա։ Դա մնացել է նոյն նախապաշարված, մտաւորապէս նոյն ճնշված, նոյն ստրկացած, մօր անէծքից նոյն երկիւղ կրող անզարգած էակ, նոյն թիֆլիսցի անբարոյական աղջիկ, որ աւելի լաւ է համարում պսակվել մի հարուստ մարդու հետ, որին ատում է, ուրեմն ծախել իր սերը, որովհետև հայրն ա մայրը կարողութիւն չունեն և բացի նրանից ունեն ուրիշ երեխաներն էլ (ուրեմն իրան ծախելով կարելի է այդպիսով նիւթապես ապահովացնել ամբողջ ընտանիքը), քան թէ պսակվել մի մարդու հետ, որին թէև սիրում է, բայց որ աղքատ է և որի հետ ապրելով իր ձեռքի աշխատանքով պէտք է ապրի։

Եւ  ահա Ահանին վճռում է պսակվել թեթևամիտ Վանօ Բրիլիանտօվի հետ, զոհելով Միքայէլին։ Այդպէս էր վերջանում պիէսան մի քանի տարի սրանից առաջ։

Պէտք է յիշեմ որ և Միքալէլը, այդ մտավորապէս զարգացած, համալսարանական երիտասարդը, աշխատանք և անհատականութիւն քարոզող այդ նոր մարդը, այնքան ճնշված է մտաւորապէս և բարոյապէս, որ կատարելապէս արհամարհելով էլ իր հօրը, շահասէր, նիւթապաշտ, խաբեբայ և վերջին աստիճանի անբարոյական Սարգսին, դարձեալ քաջութիւն չունի խզել հին սերունդի հետ իր բոլոր կապերը, այլ իր սիրածի հետ պսակվելու համար նրան դարձեալ հարկաւոր է նոյն անբարոյական Սարգսի օրհնութիւնը: Սունդուկեանց կարծում է որ մի ազատամիտ մարդու է ներկայացնում բեմի վրա, երբ որ Միքայելին ասել է տալիս իր հօրը, մօտաւորապէս հետևեալը։ «Ես ոչինչ չեմ ուզում քեզանիզ, քո կարողութեան իմ մասը դու կարող ես բաժանել իմ միւս եղբայրներին, բայց ես միայն քո օրհնութիւնն եմ ուզում, հայր, իմ ընտրածը Անանին է, և այլն»։

Ուսում առած, ազատամիտ, նոր սերունդի Միքայէլը այնքան բարոյապէս ճնշված է, այնքան ստրուկ է, այնքան նախապաշարված է իսկապէս, որ պէտք ունի Սարգսի կեղտոտ ձեռքից օրհնութիւն ստանալու, այն մարդու որի մասին ինքն էլ համոզված է թէ վերին աստիճանի անբարոյական մարդ է, մեր հասարակական ախտերից ամենազզուելին է։

Իսկապէս Միքայէլն էլ, Անանին էլ մէկը միւսին արժեն։ Երկուսն էլ ամենաողորմելի տիպեր են մեր նոր սերունդի, որոնք կամենում են նոր մարդիկ լինել, բայց չեն կարողանում։

Նրանք երկուսն էլ զոհվում են. «туда им и дорога» ինչպես ասում է ռուսը։

Այդպէս էր պիէսան մի քանի տարի սրանից առաջ. գեղեցիկ, բնական, անողորմ քննադատութիւն հին սերունդի պակասութիւնների, անողորմ կրիտիկ նոր սերունդի տիպերի, որոնք կամենում են մի նոր բան անել, բայց անպատրաստ են իրագործել մի որ և է նոր, աւելի արդար, աւելի անհատական հասարակական սկզբունք, հիմնել ընտանիքը աշխատանքի վրա, այսինքն մի պրինցիպի վրա, որ ի հարկէ աւելի բարոյական է, քան թէ փողասիրութիւնը։

Ինչպէս որ պիէսան կար, նա շատ լաւ էր։ Նրան փոխելը հարկ չը կար։

Երկու ձև կար թատրօնական պիէսաներ գրելու, առաջինը՝ գրել ճշդութեամբ այն ինչ որ կայ, երկրորդ՝ քիչ թէ շատ շեղվել իրականութիւնց, ապագայի իդեալները ներկայացնելու դիտաւորութեամբ, այսինքն ներկայացնել տիպեր, որոնք թէև չը կան հասարակութեան մէջ, բայց որոնց ցանկալի է տեսնել հասարակութեան մէջ։

Եթէ Սանդուկեանց գրեց այն ինչ որ կայ, նրա «Էլի մէկ զոհ» կատարելապէս աջողված է։ Նրա նոր տիպերը բոլորովին բնական են և եթէ այն աստիճան զզուելի չեն, որքան հիները, աւելի էլ արհամարհելի են, քան թէ հիները, որովհետև հիների մօտ գոնէ խօսքը և գործը ներդաշնակ են միմեանց մէջ, նրանք ամբողջ տիպեր են, իսկ նորերը կամ ֆրազեօրներ են, կամ թոյլ, անընդունակ մարդիկ են, որոնք շատ գեղեցիկ կերպով խօսում են, բայց ոչինչ չեն գործում և վերջը ենթարկվում են ճնշմանը, առանց էլ կուելու և համաձայվում են հին սերունդի շաւիղով ընթանալու:

Բայր եթէ հեղինակը կարծում է որ դրանցից, այդ նոր սերունդի տիպերից, կարելի է նոր, ապապգայ իդէալների տիպեր կազմել,- նա շատ սխալվում է։

Յունվարի 26-ին ներկայացրած «Էլի մէկ զոհ» պիէսայի մէջ, Սունդուկեանց աշխատել է փոփոխութիւններ մտցնել իր պիէսայի նոր սերունդի տիպերի վերաբերութեամբ։

Միքայէլից նա ոչինչ նոր բան չը կարողացաւ կամ չուզեց ստեղծել, բացի որքան յիշում եմ, երկու երեք ֆրազա նրա դերին աւելացնելուց, իսկ ինքն հերոսը մնում է նոյն ճարտարախօս բայց գործել և իր սիրածի վրա ներգործել, նրան ճնշող, ստրկացնող, անբարոյականացնող շրջանից յափշտակելու անընդունակ մարդ, նրա վրա տիրապետող սնոտիապաշտութիւնից ազատելու անկարող...

Անանու դերի մէջ միակ էական փոփոխութիւնը որ արել է հեղինակը այն է, որ Անանին չէ վճռում, ինչպէս աոաջ, հետևել մօր կամքին և պսակվել իրան ատելի մարդու հետ, բայց չը կարողանալով դիմանալ բարոյական կռւին՝ մեռնում է:

Նախ նրա մահն էլ անհասկանալի անբնական մի մահ է։ Ինչպէս կարող է մի երիտասարդ, թարմ աղջիկ յանկարծակի կերպով մեռնել, ընկնելով գորգի վրա։ Նա ունէր երևի սրտի պակասութիւն (порокъ сердца), ուրեմն մասամբ շատ լաւ էլ եղել է որ նրան չաջողվեցաւ պսակվել։ Այդ ձևով, յանկարծակի, սրտի պայթիւնից, կարող է մեռնել միայն անբարոյական կեանք վարած, քէֆ առած և նոյն իսկ այն րօպէին քէֆ անող մի հասակ առած կին, ինչպէս օրինակ Պօտէխինի «Нищие духомъ» պիէսայի մէջ։ Մինչև անգամ Ալէքսանդր Դիւմա իր Տրավիատային չէ սպանում միանգամից, այլ մեռցնում է նրան փոքր առ փոքր, բարակացաւից, որովհետև թէև նա առաջ անբարոյական էր, բայց սիրոյ զգացմունքից բարոյապէս յեղափոխելով, այնուհետև մինչև կեանքի վերջը բարոյական էր մնացել։

Իսկ սիրահարված թարմ և երիտասարդ աղջկան, որ չէ կարող հասնել իր նպատակին, պսակվել իր սիրածի հետ ,— ոչ մի երևելի հոգեբան, բանաստեղծ, գրող երբէք չէ համարձակվել յանկարծակի սպանել, որովհետև այդ տեսակ մահ անբնական է համարել։ Աղջիկը, որի մէջ զօրեղ է սիրոյ զգացմունքը, բայց որից վիճակը խլել է այս կամ այն պատճառով սիրոյ առարկան, կարող է կամ փոքր առ փոքր, բարակացաւից մեռնել, կամ խելագարվել, կամ վերջապէս այս կամ այն ձևի անձնասպանութիւն գործել։ Շէկսպիրի Օֆէլիան, որ իսկապէս խաբված է իր սիրոյ մէջ, խելագարվում է և վերջը իրան ջուրն է նետում, Գէօթէի ստիլի, որ դժբաղդութիւն ունեցաւ սիրահարվել մի պսակված մարդու հետ, ուրիշ ելք չը գտնելով իր դրութենից, փոքր առ փոքր ինքն իրեն մեռցնում է ոչինչ կերակուրներ չընդունելով սովամահ լինելով, ուրեմն դարձեալ անձնսպանութիւն է գործում։

Մահը կեանքի մէջ այն ժամանակ անհրաժեշտ է, երբ մարդու համար ուրիշ ելք չը կայ կեանքի մէջ։

Բեմը կամ րօմանը պէտք է նոյնպէս հետևի այդ հոգեբանական ճշմարտութեանը և այն ժամանակ միայն դիմեն մահվան, երբ կամ ուրիշ ելք չը կայ մարդու համար, կամ երբ հարկաւոր է բողոք ներկայացնել այս կամ այն հասարակական ոյժի դէմ, օրինակ պետական հնացած օրէնքների դէմ։ Քանի որ Գերմանիայում ամուսնական ապահարզան չը կար, երևլի Գէօթէ իր երկու գլխաւոր րօմանների մէջ սպանում է իր հերոսներին՝ նախ Օտիլիին «Wahlve wandschaften» րօմանի մէջ, որ սիրահարվում է մի պսակված մարու հետ, և յետոյ «Վէրտէր» րօմանի մէջ նոյն իսկ հերոսին, որ սիրահարվում է պսակված կնոջ հետ։ Այդտեղ մահը հասկանալի է. Նա անհրաժեշտ կարող է լինել, քանի որ ուրիշ ելք չը կայ, քանի որ պետական օրէնքների ոյժը չէ ներում ապահարզանի դիմել և ուրիշ կողմից քանի որ բացարձակապէս հասարակութեան դէմ գործելու համար հերոսներից մէկ կամ միւսը բաւական ոյժ չեն զգում իրանց մէջ։

Ես հասկանում եմ նոյնպէս րօմանի կամ թատրօնական գրուածքի մէջ մօր ձեռքով անհարազատ երեխայի սպանելը, քանզի որ մայրը կարող չի մի կողմից տանել իր դրութեան ամօթ և հասարակութեան նախատինքն ու ծաղրը, իսկ միւս կողմից քաղաքական օրէնքներն էլ անհարազատ երեխային չեն ճանաչում ուրիշ զաւակների հետ հաւասար:

Մի խօսքով մահվան պատճառները պետք է զօրեղ լինեն, պէտք է մարդը, որ վճռվում է մեռնել, ամեն կողմից արգելքների հանդիպի:

Իսկ Սունդուկեանցի պիէսայի մէջ այդպէս չէ։ Անանին և Միքայէլը երկուսն էլ ազատ երիտասարդներ են, ոչ օրենքը կարող է նրանց արգելել պսակվելու, ոչ էլ հասարակութիւնը կարող է նրանց նախատել որ պսակվեցան։ Շատ շատ հասարակութիւնը, մինչև որ երիտասարդները չապացուցանեն թէ կարող են աղքատ և բաղդաւոր կերպով ապրել իրանց ձեռքի վաստակով, կարող է սկզբից նրանց ծաղրել։ Միակ արգելքը որ կարող է լինել Անանու աչքում,- դա մօր անէծքն է, մօր չկամութիւնն է, մի զզուլի զգացմունք, որ ծնվում է մօր մէջ ոչ թէ նահապետական յարգելի նախապաշարմունքից, սուրբ աւանդութենից, - այլ փողի կեղտոտ հաշւից։ «Դու պէտք է քեզ ծախես հարուստ մարդուն, որովհետև ես և իմ ընտանիքս աղքատ ենք» այսպէս մօտաւորապէս ասում է մայրը իր ազջկան։ Ահա միակ արգելք որ հանդիսանում է Անանու առջև և այդ օրիորդը մտաւոր և բարոյական զարգացմամբ այնքան ստոր է, որ հետևում է այդ կեղտոտ շարժառիթներից դրդված մօր կամքին։ Իսկ այդ տեսակ ստոր զարգացման աղջիկը բոլորովին անընդունակ պէտք է լինի իր անձը սպանելու (բայց մանաւանդ յանկարծակի մեռնելը, առանց որ և է արտաքին պատճառի, կատարելապէս անհասկանալի է)։ Այդ տեսակ աղջկայ համար աւելի բնական կը լինէր այն քայլն անել, որ նա արեց առաջվայ խմբագրութեամբ դրված «էլի մէկ զոհի» մէջ, այն է պսակվել, մօր կամքին համեմատ, չը սիրած մարդու հետ:

Իսկ եթէ Անանին զարգացմամբ աւելի բարձր լինէր, նա առանց նայելու այն միակ արգելքի վրա, որին հանդիպում է, այն է մօր նիւթական անսիրտ հաշիւների վրա, կարող էր հեշտութեամբ պսակվել սիրած երիտասարդի հետ, որ կատարելապէս ազատ է և նրան սիրում է և այդպիսով ժամանակով ապացուցանել թէ հասարակութեանը և թէ նոյն իսկ ծնողներին, թէ կարելի է ընտանեկան բաղդաւորութիւնը հիմնել երկու էակների անձնական աշխատանքի սկզբունքի վրա։ Գուցէ ժամանակով նոյն ծնողներն էլ ճարահատված կը հաշտվէին բաղդաւոր զոյգի հետ։

Անանու մահը, ուրեմն, հանդիսանամ է այտեղ որպէս մի ապարդիւն սպանութիւն, որ ոչ մի յարգելի բողոք է ներկայացնում, ոչ էլ հետևանք է անելանելի դրութեան։

Մէկ դիպուածում միայն Անանին կարող էր մեռնել (թէև ոչ յանկարածակի և առանց պատճառի), երբ հեղինակը մեզ պարզ պատկերացնէր որ օրիորդի դրութիւնը անտանելի էր մի կողմից ծնողների ճնշման պատճառով, իսկ միւս կողմից Միքայէլի անընդունակութեան պատճառով ազատել իր սիրածին այն թշուառ շրջանից, որի մէջ նա մեծացել է և որից ինքն իր սեփական ոյժերով դուրս գալ չէ կարող։ Բայց այն ժամանակ բնական էր Անանու բերանից լսել յանդիմանութեան գոնէ մի խօսք, որ ուղղված լինէր դէպի գեղեցիկ խօսքեր խօսող, բայց ոչինչ գործ չը կատարող Միքայէլը։ Բայց նա այդ էլ չի անում։ Այդ ինքնաճանաչութիւնն էլ, ու Միքայէլի մասին, որպէս մի ողորմելի ֆրազէօրի մասին հասկացողութիւնն էլ չը կայ այդ խելքով և հոգով թոյլ աղջկայ մէջ։ Այդ տեսակ թոյլ և բնաւորութեան զօրութենից զուրկ մի էակ, որ չէ կարող շահասէր, վաճառական ծնողների յանցաւոր, զզուելի կամքը կոտրել նա չէ էլ կարող իրան թունաւորել, իրան ջուրը նետել, իրան սպանել վերջապէս, աւելի էլ անբնական է որ բոլորովին առողջ երիտասարդ աղջիկ յանկարծակի, առանց պատճառի մեռնում է:

Այժմ այդ մահվան գեղարուստական կէտից մի երկու խօսք։

Այդ ապարդիւն մահը կատարվեց, ինչպէս ընթերցողը տեսնում է, առանց որ և է նպատակի, կարծես միմայն ֆրանսիական թթու մելօդրամների օրինակին հետևելու համար, կատարվեց անբնական, անբացատրելի կերպով, մի տասն և ութ տարեկան առողջ աղջկայ սրտի պայթիւնից, որ հազիւ թէ տաս հազարից մէկի հետ կարող է պատահել,– թող Սունդուկեանց հարցնի բժշկներից։ Ինչ և իցէ, Անանին ընկաւ գորգի վրա և մեռաւ: Սունդուկեանցը հասաւ իր նպատակին, միանգամ նա էլ կարողացաւ սպանել Սիրանուշին, որ այդքան անգամ, խեղճը, մևռնում էր ֆրանսիական մելօդրամներում։ Բայց  քանի որ դիակը պառկած է գորգի վրա, Միքայէլն էլ նրա առջև յուսահատված կանգնած է, - այլ ևս ինչ էր յապաղում հեղինակը շուտով վարագոյրը ջգցգնել տալ, ի՞նչ հարկաւոր էր Միքայէլին երկար մօնօլօգ ասել տալ, կանչել տալ ամբողջ ընտանիքը, հաւաքել բոլոր հիւերեին և նրանց առջև դեռ մօտ մի տաս րօպէ խօսեցնել Միքայէլին և անտանելի դրութեան մէջ դնել հասարակութիւնը...

Դիակը բացտրութիւններ չէ պահանջում, դիակը ինքն իրան արդէն բաւական պերճախօս է։

Այժմ պօլսեցի գլխաւոր դերասանների մասին։

Մնակեան (Սարգիս), շատ լաւ ներկայացրեց իր դերը, բալց նա չէր ներկայանում բուն թիֆլիսեցի վաճառականին, այլ ստեղծեց մի նոր տիպ. նա կարծես ներկայացնում էր Թիֆլիսում երկար ժամանակ ապրած մի ախալցխացի, կամ ալէքսանդրապօլցի վաճառականին։ Ադամեան (Միքայէլ) միակերպ երևաց ինձ. դա գրեթէ նոյն տիպ էր ներկայացնում, միայն քիչ աւելի անգոյն, ինչ որ հասարակութիւնը տեսաւ ֆրանսիական պիէսաներում։ Օրիորդ Ե. Գարաքաշեան (Բարբարէ) գեղեցիկ և զօրեղ տիպից դարձրեց մի կատարելապէս անգոյն տիպ։ Օրիորդ Աստղիկ (Սալոմէ) արաւ ինչ որ կարողացաւ անել իր համար բոլորվին անծանօթ, թիֆլիսեցի բռնաւոր կնոջ տիպը ներկայացնելու համար։ Օրիորդ Սիրանուշ (Անանի) իր կողմից արաւ այն ինչ որ կարողացաւ բնաւորութենից զուրկ, տատանող Անանու տիպը ներկայացնելով։ Օրիորդ Վ. Գարաքաշեան (Նատօ) երևի սովորած լինելով միայն սուրբրէտների դերերը խաղալու, թիֆլիսեցի հարուստ հայ վաճառականի թեթևամիտ աղջկայ տեղ ներկայարեց մեզ համար մի բոլորովին խորթ տիպ, այն է ֆրանսիացի սուբրէտի տիպը։

Հասարակութիւնը դուրս եկաւ տարակուսանքի մէջ՝ արդեօք կօմէդիային, թէ ողբերգութեանն է ներկայ գտնվել։

Պէտք է խոստովանվել որ Սունդուկեանցի չորս պիէսաներից իւրաքանչիւրի մէջ էլ («էլի մէկ զոհ», «Խաթաբալա», «Պէպօ» և «Քանդած օջախ»), կայ մի յայտնի բարոյական և հասարակական տենդէնցիա։ Բայց նրա պիէսաներից ոչ մինն էլ չէր հասցնում հասարակական այս կամ այն խնդիրը մինչև իր կատարեալ լուծումն, հաստատապէս չէր վճռում այս կամ այն հասարակական հարց, այլ յարուցանելով մի հարց մինչև մի յայտնի աստիճան զարգացման, - անորոշ էր թողնում նրան։

Այժմ մեր հեղինակը, փոփոխելով «Էլի մէկ զոհ» պիէսան, ինչպէս երևում է, կամեցաւ փորձել վճռական կերպով լուծել մի հասարակական խնդիր։

Բայց նրա այդ փորձը կատարելապէս անաջող եղաւ։ Մահով վճռելու հասարակական բոլոր խնդիրները, թէև ամենահեշտ միջոցն է, բայց շատ համոզեցուցիչ միջոցներից չէ։

«Մշակ», 1881, N 19, փետրվարի 4։

731 հոգի