Սեղմիր
ԱՆՄԵՂ ՄԵՂԱՎՈՐՆԵՐԸ

03.04.2022

Մեր խօսքերը իրագործվեցան,-թատրօնը լիքն էր։ Մեր գուշակութիւնը կատարվեցաւ և այդպէս էլ տուեց պիէսային բոլորովին այլ նշանակութիւն:

Սունդուկեանցի նոր գրվածքը ստեղծված է Օսէփի դերի համար, նա է բոլոր անցքի, ամբողջ գաղափարի կենդրօն, մնացածները նրա օգնականներն են, եթէ այդ­պէս կարելի է ասել, պիէսայի գաղափարը դուրս բերելու համար։ Հասկանալի է, որ երբ Օսէփը թոյլ էր կատարվում, մնացած դերերը որքան և լաւ կատարվէին, գրվածքը դարձեալ կորցնում էր իր ամբողջութիւնը։

Սունդուկեանցի նախընթաց պիէսաներում մենք արդէն տեսանք շռայլ կանայք, տեսանք հարստահարող, խաբեբայ քաղքցուն, տեսանք հին աւանդութիւններին և սովորութիւններին հաւատարիմ պառաւներին, - թէև այդ բոլոր տիպերը նոր պիէսայի մէջ աւելի կատարելագործված են և բազմակողմանի նկարագրված, տեսանք վերջապէս և անիրաւութեան, խաբեբայութեան, հարստահարութեան դէմ բողոք մի այլ շրջանի մարդի, մի ձկնորսի կողմից, - բայց ինքն փտած, ընկած, շռայլ, կորած շրջանից դուրս եկած բողոքը, դեռ ոչ մի գրվածքի մէջ մեր հեղինակը մեզ չէ ներկայացրել։ Օսէփը, ինքն մեր անբարոյկան շրջանին պատկանելով, որտեղ ամեն բան խաբեբայութիւն է, ամեն բան արտաքուստ բարեկարգ է երևում, բայց նիւթապէս՝ դիփ նիսիա է, իսկ բարոյապէս՝ դիփ կիսատ։  Օսեփը առաջինն է, որ ինքն այդ շրջանին պատկանելով, բողոքում է իր փտած շրջանի դէմ, ինչպէս քաջ լողնորդ կռւում է իրան տանող ջրի հոսանքի դէմ, – գիտէ որ չէ կարող հոսանքին ընդդիմանալ, և որ այդ ապարդիւն հերոսութիւնը կը տանէ նրան դէպի կորուստը՝ վերջը նրա գլուխը կամ պէտք է քարի վրա ջարդվի, կամ բրջի վրա...

Առաջին սիրողների ներկայացման ժամանակ մի քանի դերերը, օրինակ պառաւ կնոջ դերը, հիանալի կերպով կատարվեցան, բայց Օսէփի դերը թոյլ էր և այդ պատճառով ամբողջ պիէսայի նշանակութիւնը կորչում էր։

Պ. Քիշմիրեանի Օսէփը բողոքող էր, այո՛, բայց նա այնպէս էր բողոքում անբարոյական հասարակութեան դէմ, որին և ինքն է պատկանում, որ նրա բողոքը, ոչ թէ կռւող հերոսի բողոք էր, այլ աւելի գանգատի նման էր։ Նա լաց էր լինում ընկած հասարակութեան դրութեան վրա, նա լացի ձայնով գանգատվում էր, այնպէս որ մտածող հանդիսականի մէջ յարուցանում էր ոչ թէ համակրութիւն, այլ նրան խղճում էին...

Չմշկեանը, ինչպէս և սպասում էինք, մարմնադրեց հեղինակի գաղափարը, նրա ձայնի մէջ բացի, երբ նա բոլորովին յաղթված է, ոչ մի անդամ լացի հնչիւն չէ լսվում, նա գիտէ որ հասարակութիւնը ընկած է, որ ինքն էլ նրա հետն է ընկնում, բայց նրա ձայնի, նրա ամբողջ անձի մէջ երևում է ոյժ, սառնութիւն, նա չէ ճնշվում բարոյապէս իրան անտանելի շրջանից, բայց դառն կերպով ցոյց է տալիս որ ինքն զգում է թէ իր կռիւը հասարակութեան անբարոյական հոսանքի դէմ ապարդիւն է...

Չմշկեանը իր խաղով շարժեց հանդիսականի մէջ համակրութիւն դէպի Օսէփի տիպը...

Մնացած խաղացողներից տիկին Սատինիկը աննման էր իր դերի մէջ։ Մենք երբէք չենք տեսել նրան մի դերի մէջ ամեն մի շարժմունք, ամեն մի բառ այդքան ուսումնասիրած, և մի և նոյն ժամանակ այդքան բնական...

 «Մշակ», 1874, #51,  Դեկտեմբերի 19

845 հոգի