Սեղմիր
ՀԱՐՑԱԶՐՈւՅՑ ՔՆՆԱՐԿՈւՄ

27.03.2022    14:27

Քիչ են հանդիպում այնպիսի մարդիկ, ովքեր առանց անմիջական մասնակցության էլ՝ զուտ իրենց գործունեությամբ, իրենց ազդեցությունն են ունենում արվեստագետների ստեղծագործական կյանքի վրա: Նրանցից մեկը Մարինե Կարոյանն է:

ԱՐՎԵՍՏԻ ՄԻԱԿԵՆՏՐՈՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ ԺԱՄԱՆԱԿԱՎՐԵՊ Է

Տիգրան Մարտիրոսյան- Մշակութային քաղաքականության մասին շատերն են խոսում, բայց այդպես էլ համակողմանիորեն չեն մանրամասնում, թե ըստ էության ի՞նչ է իրենից ներկայացնում այն: Եվ Հայաստանի պարագայում, որո՞նք են մշակութային քաղաքականության իրականացմանը նպաստող և խոչընդոտող գործոները:

Մարինե Կարոյան- Խնդիրն առնվազն երկու կողմ ունի: Առաջին՝ հայաստանյան մշակութային քաղաքականությունը կառավարման տեսանկյունից միակենտրոն է, երկրորդ՝ այդ կենտրոնը  ցավալիորեն այնքան էլ չի ուզում նկատել անկախ, ո՛չ պետական սեկտորի կշիռն ու կարևորությունը, ժամանակակից բովանդակություններ ստեղծելու և ներմուծելու նրա բացառիկ ներուժը: Բավական չէր, որ մշակութային զարգացման բովանդակային և ֆինանսական գրեթե բոլոր լծակները ձեռքում պահող Մշակույթի նախարարություն ունեինք, այժմ էլ այն գերաճեց՝ վերածվելով ‹‹հրեշավոր›› հեգեմոնի: Բոլոր միջոցները մեկտեղելը շատ վտանգավոր է կառավարման ավտորիտար մոդելին հարելու դիտանկյունից: Իմ պատկերացմամբ, որևէ նախարարության առաջին խնդիրը տվյալ ոլորտի քարտեզագրումներ իրականացնելն է, հստակ վիճակագրական տվյալներին տիրապետելը, հետազոտություններ պատվիրելը, ոլորտի զարգացման հեռանկարներ նախանշելը: Սեփական փորձից ասեմ, որ եթե պատահաբար ցանկություն ունենաք ծանոթանալ հայաստանյան մշակութային քաղաքականության կամ ստեղծարար ոլորտի զարգացմանը վերաբերվող որևէ համապարփակ, ժամանակակից հետազոտության, ապա այնքան ժամանակ կկորցնեք, որ Ձեր ցանկությունը շուտով հօդս կցնդի: Այդպիսիք պարզապես չկան: Տարբեր եվրոպական ծրագրեր փոքրիշատե անդրադարձել են այս խնդրին, բայց եկեք ասենք, որ եթե կա երկրի մշակույթով զբաղվող նախարարություն, ուրեմն հենց սա՛ է նրա խնդիր համար մեկը:

Տ.Մ.- Եվ ուրե՞մն…

Մ.Կ. – Եվ ուրեմն ակնհայտ է, որ իրերի այս դրվածքը չի կարող նպաստել մշակույթի զարգացմանը: Ժամանակակակից աշխարհում մշակույթն այլ կերպ է զարգանում: Տարիներ շարունակ մենք ակնդետ չենք աշխարհով մեկ կայացած այս փաստին: Ոչինչ չի ձեռնարկվում, որ նախարարությանը զուգահեռ մշակույթի զարգացումը խթանող այլ կազմակերպություններ, հիմնադրամներ ստեղծվեն: Օրինակ Գերամանիայում գործում է մշակույթի նախարարություն, և կա հզոր «Գյոթե ինստիտուտը», որը արվեստագետների ստեղծագործական կարիքները հոգալու համար տիրապետում է պետական ֆինանսական միջոցների և համաշխարհային բրենդ հանդիսացող ընկերություններից էլ դրամային հոսքեր է ստանում: Կամ «Պրո-Հելվեցիան» Շվեյցարիայում: Այդ կառույցների գերագույն նպատակը արվեստի հաստատություններին և առանձին արվեստագետներին հնարավորություններ ընձեռելն է, արվեստի ժամանակակից դրսևորումներին աջակցելը, ոչ թե պետական/անկախ տարբերակումն ու տարբաժանումը: Արդյունավետ քաղաքականության մշակումն էական նշանակություն ունի կայուն և մրցունակ ստեղծագործ տնտեսության զարգացման համար: Կառուցվածքը, որի շուրջ զարգանում է ստեղծագործ տնտեսությունը, ձևավորվում է կառավարության մի շարք միջամտությունների շնորհիվ՝ տարաբնույթ կանոնակարգերից մինչև հարկային օրենսդրություն ու հարկային արտոնությունների իրավական ակտերի ստեղծում և այլ գործողություններ: Համագործակցությունները, նույնպես, չափազանց կարևոր են: Ընդհանրապես որևէ որակյալ նպատակային գործողություն իրականացնելու համար պետք է համագործակցություն լինի Ֆինանսների նախարարության, Հարկային տեսչության, Էկոնոմիկայի նախարարության ու նաև ստեղծարար արդյունաբերության ոլորտի ներկայացուցիչների, ոլորտին հարակից առնչություն ունեցող նախարարությունների հետ: Առանց համագործակցության անհնար է որակյալ բաներ անել, լինի դա մշակութային քաղաքականության կամ առանձին ստեղծարար արդյունաբերությունների ոլորտում: Համագործակցությունները կարող են այնպիսի արդյունքներ բերել, որ նման մասշտաբ չէիր էլ կարող պատկերացնել:

Տ.Մ.- Այդպիսի համագործակցության ինչիսի՞ օրինակներ կբերեք:

Մ.Կ.- Օրինակները բազմաթիվ են, բայց ես ժամանակակից աշխարհի ստեղծարար արդյունաբերությունների օրինակներ կբերեմ: Շահույթ հետապնդող և չհետապնդող արդյունաբերությունների հիասքանչ օրինակներ են Վիքիպեդիան և Գուգլը: Երկուսն էլ հսկա համագործակցությունների արդյունք են: Ինչպե՞ս է աշխատում Վիքիպեդիան: Բացառապես համագործակցության վրա: Այն բաց է երկրագնդի յուրաքանչյուր բնակչի համար: Այստեղ գրանցվել ու ինֆո մուտք անել կարող են բոլորը: Միասին, համագործակցությամբ ստեղծել են համաշխարհային ցանց: Յուրաքանչյուրը փորձում է առավելապես լիարժեք ներկայանալ: Ի դեպ Վիքիպեդիայի գրասենյակում մի բուռ կամավորներ են աշխատում միայն, բայց տեսեք, թե բոլորի համագործակցությամբ ինչ գերհզոր կառույց է ստեղծվել: Գուգլը՝ նույնի, արդեն շահույթ հետապնդող տարբերակն է, որը տիրապետում է մարդկության կողմից ստեղծված գիտելիքի մի հսկա հատվածի, և որի ֆինանսական միջոցների հետ նույնիսկ որոշ երկրներ չեն կարող մրցակցել:

Մշակույթի նախարարության ամենակարևոր գործառույթը

զարգացման ռազմավարություն ստեղծելը պետք է լինի:

Տ.Մ.- Ի՞նչ գործառույթ ունի այս ամենում մշակութային ռազմավարությունը:

Մ.Կ.- Նախ պարզենք, թե ինչ ասել է երկրի մշակութային ռազմավարություն: Շատ հակիրճ և ազատ ձևակերպմամբ դա մշակութային կառավարման բարեփոխումների գործընթացն է, որը հիմնված է զարգացման երկարաժամկետ տեսլականի, դրանից բխող փոխկապակցված գործողությունների շարքի վրա, որոնք պետք է հանգեցնեն որոշակի նպատակների իրագործման: Այդ փաստաթուղթը տարբեր հետազոտությունների վրա գեներացված զարգացման տեսլական է՝ երկրի մշակույթի զարգացման այնպիսի միջավայրի պատկերով, որտեղ մշակույթի զարգացմանը վերաբերող և հարող բոլոր ոլորտները փոխկապակցված են և համակցված: Ռազմավարության ստեղծարար ակտը կյանքի կոչելու համար փորձագետների, արվեստագետների և հարակից բնագավառների արհեստավարժներից կազմված խումբ պետք է աշխատի: Ի դեպ, մարզային մակարդակով այժմ այդ խնդրին է լծվել Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող EU4Culture ծրագիրը:

Ռազմավարությունը դեռևս գոյություն չունեցող,

բայց եղածի վրա հիմնվող արտադրանքն է:

Տ.Մ- Օրինակ թատրոնի կտրվածքով, այդ գործընթացն ինչպե՞ս եք տեսնում:

Մ.Կ.- Ես թատրոնի մասնագետ չեմ, սակայն տվյալ դեպքում աշխատելու է ընդհանուր մոտեցում: Թերևս պետք է հավաքեն թատրոնի անձնակազմի ներկայացուցիչներին և հասկանալի կերպով բացատրեն, որ նրանց մեծ մասը համաշախարհային թատերական գործընթացներից ետ է մնացել առնվազն հիսուն տարով(Բեռլինի «Գորկի թատրոնի» կայքը մեր թատրոնների կայքերի հետ համամեատելիս՝ տարբերություններն անզեն աչքով էլ նկատելի են:): Ապա փորձեն իրար հետ հասկանալ, թե ինչից են ետ մնացել, հատկապես ինչ բովանդակային, տեխնիկական և ֆինանսական խնդիրներ ունեն: Ուսումնասիրեն, թե նմանատիպ խնդիրներին ինչպես են մոտենում, օրինակ, Արևելյան Եվրոպայի թատերական միավորումները, հետազոտեն նրանց գործունեությունը: Չեմ ասում, պատճենահանեն եվրոպական այդ երկրների թատերական գործի կառավարման կերպը, ուղղակի կարելի է դրանք ուսումնասիրել, խելացի կերպով տեղայնացնել՝ հաշվի առնելով մեր էթնիկ-հոգեբանական ու սոցիալ-տնտեսական առանձնահատկությունները:

Տ.Մ- Ձեր նշած հարցերով ըստ էության թատերական պրոդյուսերը պետք է նաև զբաղվի, սակայն մենք փաստացի երկու-երեք նման մասնագետներ ունենք:

Մ.Կ.- Ստեղծագործական տնտեսության համար պրոդյուսերները առանցքային դեր ունեն: Նրանք կամրջում են արվեստագետների կամ նրանց տարատեսակ խմբերի և սպառողների միջև անջրպետը՝ կարևոր դեր ունենալով հասարակությունների տնտեսական և մշակութային զարգացման մեջ: Եթե առկա է կարիքը, ուրեմն մշակույթով զբաղվող նախարարությունը պետք է հոգ տանի այդ մասնագետների մասնագիտական հմտություններն ու կարողությունները բարձրացնելու ուղղությամբ, կազմակերպի դասընթացներ, աշխատարաններ, փորձի փոխանակման համար ստեղծի շարժունության սխեմա՝ նրանց և միջազգային պրոդյուսերների համագործակցությունների հնարավորություններ ընձեռելով: Ձևերը շատ են:

Ժամանակակից արվեստում մաքուր ձևեր գրեթե չկան

Տ.Մ- Ինչևէ, մինչ այս ասվածի հետ անհերքելիորեն առնչվում է երկրում ժամանակակից արվեստի կարգավիճակը: Ի՞նչ դերակատարում ունեն այդ տիրույթում ձեր կողմից ստեղծված ‹‹ԱՐԷ›› փառատոնն ու ներկայումս ձեր կողմից համակարգվող-ղեկավարվող ‹‹Հայ-Արտ››-ը:

Մ.Կ.- ‹‹ԱՐԷ›› փառատոնը ավելի մեծ՝ ԱՐԷ մշակութային հիմնադրամ հարթակի մի մասն է: Այն ամենամյա միջազգային փառատոն է, որ ստեղծվել է 2015թվականին: Այդ ժամանակ արդեն իսկ պարզ էր, որ ժամանակակից արվեստը հետզհետե լքում է իր մաքուր ձևերը՝ փոխակերպվելով և ապրելով հիբրիդ, գեղարվեստորեն միակցված ու փոխակերպված ձևերի մեջ: Ժամանակի ընթացքում արվեստի ձևերին միացան նաև նոր տեխնոլոգիաները: Եվ, քանի որ մենք բոլորս ապրում ենք հաճելի ու տհաճ, հարմար ու ոչ այնքան մուտացիաների մեջ, ուրեմն հարկ է, որ ամեն տարի ակնդետ լինենք ժամանակակից կյանքի արտացոլանքներին՝ արվեստի մեջ: Ամեն տարի ելնելով այդ տրամաբանաությունից ու մեր կյանքում տվյալ պահին առկա օրախնդիր հարցերից՝ ‹‹ԱՐԷ››-ի համար մի խոշոր թեմա ենք ընտրում, արձանագրելով մեր սոցիալ տնտեսականից մինչև բարոյահոգեբանական կարգավիճակը: Եվ այդ թեմայի համատեքստում իրականացնում ենք արվեստի այս ֆորումը՝ հյուրընկալելով թե՛ ներսի, թե՛ դրսի արվեստագետների: Թեպետ լինում են նաև ցուցադրություններ, թոք շոուներ, վարպետության դասեր ու կլոր սեղաններ:  Չափազանց հետաքրքիր է հետևել նույն մեծ խնդրի շուրջ արվեստի տարբեր դրսևորումներին:

Տ.Մ.- Իսկ այս տարի ի՞նչ տեսակ գաղափարադրույթային խորագիր եք ընտրել ‹‹ԱՐԷ››-ի համար:

Մ.Կ.- Այս տարի  ‹‹ԱՐԷ››-ի խորագիրը ‹‹Տակն ու վրա››-ն է: Ու ամենևին չեմ չափազանցնի, եթե ասեմ, որ ամբողջ աշխարհն է տակն ու վրա եղած, որովհետև արժեկարգային պարադոքսալ փոխատեղումները համատարած են: Եվ ինչպես քիչ առաջ ասացի, այս պարագայում արվեստագետներին մնում է միայն ինքնահարցումի համատեքստում քաոտիկ տակն ու վրայի ներքին ու արտաքին նրբությունների տարանշանակությունը զննել ու քննել: Ամերիկյան կատակերգու Միթչ Հերբերգը երևի թե հենց այնպես չի ասել՝ ինքը երբեմն վզնոց է կրում, որպեսզի իրեն գլխիվայր դիրքով էլ ճանաչի:  

Տ.Մ.- ‹‹Հայ-Արտ››-ը մոռացա՞նք, թե՞ ինձ է այդպես թվում:

Մ.Կ.- Չմոռացանք, պարզապես մի փոքր համբերատար լինելը… Ուշ մոդեռնիզմի ճարտարապետական հազվագյուտ նմուշ է ‹‹Հայ-Արտ››-ի շենքը, իսկ ինքը՝ կազմակերպությունը՝ հայկական ժամանակակից արվեստի շատ կարևոր կիզակետ, որին դժբախտաբար երկար ժամանակ որպես այդպիսին չեն դիտել: 1997թ. հիմնադրումով շուրջ յոթ տարի ստեղծողների էնտուզիազմով մոտ քառասուն կարևորագույն նախագծեր են իրականացվել: Հետո ժամանակաները փոխվել են, և ‹‹Հայ-Արտ››-ը փոփոխել են ըստ մեր նախագահի, վարչապետի, մշակույթի նախարարի ու քաղաքապետի ճաշակների, ինչն անբեկանելիորեն վկայում է նշածս մշակութային քաղաքականության բացակայությունը, քավոր-սանիկական հաղթարշավը՝ իր բոլոր գունավոր արդյունքներով: Տարածքը պարզապես վարձակալությամբ տալով գումարներ են աշխատել, որոնց առյուծի բաժինը ոչ մի կերպ հնարավոր չէ տեսնել թղթի վրա:  Բովանդակության բացակայությունը միակ դժբախտությունը չի եղել այս շենքի համար: Շինությունը մատնվել է անուշադրության: Տիրել է ԿԵՑՑԵ ՍՊԱՌՈՒՄԸ կարգախոսը: Տարիների 24/7 աշխատանք է պահանջվում այստեղ, որ գոհանանք մեր արածից: Մի քանի ամիս է, որ այստեղ եմ, փորձում ենք կարգի բերել մեզ հասած ժառանգությունն ու ստեղծել տանելի պայմաններ՝ ժամանակի կարիքներն ու շունչը արտացոլող նախագծերի ու հասարակության նոր հոսքեր ներգրավելու համար:

Արվեստի քննադատության զարգացման հարթակներ չունենք

Տ.Մ. - Այնուամենայնիվ, ժամանակակից կոչվող արվեստի այդ բարդաճաշակ տեսակի ըմբռնման համար մշակութային յուրահատուկ ծածկագրերի իմացություն է անհրաժեշտ: Դրանց հանրահռչակման գործում կարևորագույն առաքելություն ունի արվեստի քննադատության այն ճյուղը, որի փորձագիտական հմտությունները կենտրոնացված են պերֆորմանսի, ինստալացիայի, վիդեո-արտի, հեփինինգի, լենդ-արտի, փոփ-արտի պատմատեսական խաչմերուկում: Ինչպե՞ս կգնահատեք մեզանում ներկայիս արվեստի քննադատության հենց այդ ճյուղը:

Մ.Կ.- Եթե խոսքը վերաբերում է կոնցեպտուալ արվեստին, մասնավորապես՝ պերֆորմատիվ արվեստին, ապա այո՛, գիտելիքային որոշակի բազա պահանջվում է: Արտահայտչական վիզուալ ելակետ ու գերակայություն ունեցող այս տեսակը այն իրողության ծնունդն է, երբ արվեստագետներին պարզապես նկարելը կամ քանդակելն այլևս չէր բավարարում: Ցանկանում էին մտքին մարմին ու շարժում միացնել: Մերօրյա արվեստի մի այլ հատված պահպանում է արդեն ավանդական դարձած ձևերը, որոնց հետ շփվելու ձևերը նույնպես ավանդական են՝ ցուցադրություն, համերգ, և այլն: ժամանակակից արվեստի մնացյալ հատվածը բացարձակապես մասնակցային է. բոլորը միասին խաղային տարերքի միևնուն գործընթացի մեջ են: Այստեղ արդեն ընկալումը մասնակցության ընձեռած անփոխարինելի փորձը զգայությունների փոխադրելն է: Ինչ վերաբերում է արվեստի քննադատությանը, ապա տարատեսակ օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով այդ կարևորագույն ոլորտի զարգացումը կարծես մնացել է առկախված ժամանակի մեջ: Այն կա և չկա, ակտիվ է և պասիվ՝ միաժամանակ: Դա չի նշանակում, որ արվեստաբաններ ու արվեստի քննադատներ չունենք: Ոչ: Բայց խնդիրներ կան, որոնք, մեղմ ասած, չեն նպաստում արվեստի քննադատության զարգացմանը:  Խնդիրներից մեկը մասնագիտական հարթակների պակասություն/բացակայությունն է: Չունենք այնպիսի հարթակներ որտեղ այդ մարդիկ կգրեին և կփոխանցեին իրենց գիտելիքներն ու պատկերացումները՝ ստանալով իրենց աշխատանքին համարժեք փոխհատուցում: Կարծես հասարակությունը դրանց կարիքը չունի: Պատվերներ չեն իջեցվում, գումար չի տրամադրվում: Սա նույնպես մշակութային քաղաքականության բացակայության ողբալի արդյունքներից է: Տարիներ առաջ ստեղծվեց AICA-ն՝ արվեստի քնննադատների համաշխարհային ասոցացիայի, հայաստանյան մասնաճյուղը: Մի քանի տարի ակտիվ էնտուզիազմի վրա գործեց, բայց այժմ մի տեսակ անհասկանալի-ամորֆ վիճակում է՝ նույն այդ պատվերի բացակայության պատճառով: Նախարարությունը, եթե կամենում է ամեն ինչը կառավարել-համակարգել, պետք է այս ուղղությամբ էլ ջանքեր գործադրի: Էլ չեմ խոսում այն մասին, որ առավել լայն լսարանի համար նախատեսված բանիմաց, արվեստի պատմությանը և ժամանակակից զարգացումներին իրազեկ արվեստի լրագրություն էլ գրեթե գոյություն չունի: Ցավալի է ասել, բայց կարևորագույն մշակութային իրադարձությունների լուսաբանումը երբեմն նույնիսկ էժանացնում, պարզունակեցնում է այն հսկայական մտավոր, ստեղծագործական, կազմակերպչական աշխատանքը, որ թաքնված է այդ իրադարձության թիկունքում: Բայց ամեն ինչ կարելի է սովորել, վերջապես: Սա ռազմավարական ցավալի բացերից մեկն  է:

Տ.Մ.- Հայաստանում այդ մասնագիտության տարիքային շեմը տխրեցնող է: Ինչու՞ երիտասարդներին չի գրավում այս բնագավառը:

Մ.Կ.- Այդպես է, որովհետև բնագավառը հատուկենտ նվիրյալների էնտուզիազմի հաշվին էր իր գոյությունը պահպանում: Ներկայիս պրագմատիկ աշխարհը չի ստեղծում այն հոգեկան միջավայրը, որտեղ այդպիսի նվիրյալներ կձևավորվեն: Պարբերաբար ինքդ էլ ես բարձրաձայնում նույն խնդիրը թատերական քննադատության դիտանկյունից, քանի որ թատերագիտական նոր սերնդի ձևավորման հարցը նույնպես դեռ լուծված չէ: Այս ամենը բերում է այն հանգրվանին, որ քննադատական գերփոքր համայնքում եղած միջինից բարձ սերնդի ներկայացուցիչներն էլ տարիների անփոփոխ անտարբերությունից ասես հիասթափվում են, և ժամանակը ծախսում իրենց մեկ այլ, ոչ պակաս կարևոր հետաքրքրության վրա, այնպիսի հետաքրքրության, որը քիչ թե շատ պատշաճ վարձատրությամբ կգնահատվի նաև: Օրինակ՝ փիլիսոփայական աշխատությունների թարգմանություններ անելը: Իհարկե սա էլ խիստ կարևոր գործ է, բայց դրանից արվեստի քննադատության օրախնդիր բացը չի կասեցվում ու չեղարկվում: 

Տ.Մ.- Այս հարցը վերջին մեկ տարում բոլոր զրուցակիցներիս եմ տալիս՝ տարբեր ձևակերպումներով: Հետպատերազմական Հայաստանում երաժիշտ Մարինե Կարոյանի համար ո՞ր ստեղծագործության դաշնամուրային կատարումը կորստաբեր կռվի թեմային մերձ զգացողություններ կառաջացներ (հետաքրքիր ստեղնաշարին հպում, թե հարված ենթադրող ռիթմեր կլինեն);

Մ.Կ.- Պատերազմի հոգեբանական մթնոլորտը քչփորելուց, առհասարակ, փորձում եմ խուսափել, քանի որ այն գլխիվայր փոխել է աշխարհի իմ ընկալումն ու հաստատել կյանքիս առաջնահերթությունները: Թեև պիտի նշեմ, որ Բախի երաժշտությունը միշտ է եղել իմ մանտրան: Ամեն առավոտ արթնանալուց հետո մոտ տասնըհինգ րոպե Բախի ստեղծագործությունները նվագելն է հավասարակշռում կենսառիթմերս: Ուրիշները յոգայի խմբակներ հաճախելով են այդ հոգեվիճակին հասնում, բայց իմ բացարձակ մեդիտացիան ապահովողը գերմանացի հանճարի ստեղծագործությունները նվագելն է: Հնարավոր է՝ մեկ ուրիշն էլ Կոմիտասի, Շոպենի կամ Լիստի կատարումով իր ներքին հանգստությունը գտնի:

1109 հոգի