Սեղմիր
ԲԱՌԱՐԱՆ
ՄՆՋԱԽԱՂ

23.09.2020  20:32

Նույնն է՝ մնջկատակություն, պանտոմիմ:

Հին հուն. παντόμῑμος , παν (pantos) ամբողջը, ամեն + μῑμος (mimos) նմանակում)

Հուն. Pantomimos - ամեն ինչ առանց բառի ներկայացնող, պատկերող, նմանողությամբ վերարտադրող:

Լատ. Pantomimus - հունարենից արտաբերվում է պանտոմիմուս

Անգլ.: slapstick comedy, pantomime.

Ֆրանս.: pantomime,

Ռուս.: Пантомима,

Գերմ.: Pantomime,

Իսպ.: Рапtomima:

Մնջախաղային իրողություն հուշող առաջին աղբյուրը Քսենոֆոնի արաձանագրումն է՝ մոտավորապես մ.թ.ա. 420թ. տեղի ունեցած միմական պարի վերաբերյալ: Հայկական տիրույթում՝ պատմահայր Մովսես Խորենացու վկայումը՝ վարձակ Նազինիկի գայթակղիչ պարի մասին:

Բեմական-էստրադային արվեստի տարատեսակ, որի մեջ գեղարվեստական կերպարի ստեղծման, պատումի բովանդակության և գաղափարի բացահայտման հիմնական միջոցը մունջ(համր) խաղն է: Բացառապես դիմախաղով ու ժեստով, մարմնի, ձեռքերի շարժումներով, կեցվածքներով ու դիրքերով: Նախաձևային դրսևորումներն են համարվում հնադարում, որսի ընթացքում, տեսողական խաբկանք ստեղծելու նպատակով, մարդու կողմից տվյալ կենդանու կեցվածքն ու շարժաձևերը նմանակելու գործողությունները: Նախապատմական շրջանում մնջախաղի տարրերը նկատելի են հեթանոսական կրոնական ծեսերում և Հին հունական, հռոմեական միմական արվեստում: Հնագույն սինկրետիկ պարերում (օր.՝ Դիոնիսի և Արիադնեի ամուսնությունը պատկերող), որոնցում կատարողը միաժամանակ նաև երաժիշտ ու երգող էր: Հետագայում տեղի է ունենում երաժշտության և պլաստիկայի առանձնացում, որտեղ մեծանում է ժեստի արտահայտչականության ու նշանակաության դերը: Դերասանը պատկերում էր երգչախմբի ու երաժիշտների կողմից մեկնաբանվող տեսարանները:

  Հատուկ է հնագույն ցեղերին, որոնք կանգնած են եղել քաղաքակրթության ստորին աստիճանի վրա և հազարամյակներով պահպանվել է ավստրալիացիների, բուշմենների ու այլ ցեղերի մեջ: Մնջախաղը, սկզբնական փուլում կրելով  ծիսային բնույթ, հելլենիզմի դարաշրջանում ձևավորվել է իբրև ինքնուրույն ժանր, տարածում գտել առաջավորասիական երկրներում՝ (Բյուզանդիա, Ասորիք, Կապադովկիա, Հայաստան) իբրև  մասնագիտացված թատրոնի տարատեսակ: Հռոմում մնջախաղի հիմնադիրներն են համարվում ողբերգական դերկատարումներով հայտնի կիլիկիացի Պիլադեսն ու կատակերգական դերկատարումներով հռչակ ձեռք բերած ալեքսանդրիացի Բաթիլլոսը: Մնջախաղը մեծ չափով ընդունելություն է գտնում կայսրության ժամանակաշրջանում՝ տուրք տալով հանդիսականների մեջ զգայական հաճույք և սեռական կիրք առաջացնելու միտումին: Երրորդ դարում իր զեխության գագաթնակետում գտնվող հռոմեական արիստոկրատիայի սիրելի զվարճանքներից մեկը լինելով, անպարկեշտ բովանդակությամբ մնջախաղը այլ երկրներում պահպանվում է մինչև յոթերորդ դար, և Էրոտիկ ու պոռնոգրաֆիկ բնույթի ոչ պատշաճ տեսարանների առատության պատճառով արգելվում են մնջախաղային ներկայացումները:

Հայաստանյան միջավայրում ևս եղել է թատերարվեստի, այսինքն՝ նաև պանտոմիմուս պարունակող ելույթների՝ որպես հասարակությունը բարոյապես քայքայող(«Կույսերն այնտեղից մղվում են պոռնկության, ամուսնացածները՝ շնության...») երևույթի դեմ պայքար: Այդ պայքարի դրսևորումներից է համարվում 5-րդ դարում դերասանուհուն պոռնիկի աստիճանին իջեցնող Հովհան Մանդակունու «Կանայք ' ի բարս բոզից կերապարանեալք, եւ արք ձիոց մատակախազաց» (Կանայք առնում են բոզերի, իսկ տղամարդիկ՝ իգամոլ ձիերի կերպարանք....) բնորոշումը: Նույն Նազինիկը բոզի համարում ունեցող վարձակներից (պահլավերեն՝ varzak) է եղել, իսկ նրանք, հարճի կարգավիճակ ունենալով, կիսամերկ են հանդես եկել: Դա է հիմք տվել արևմտահայ բանստեղծ Դանիել Վարուժանին այդ Նազինիկի պատմության մասին իր ստեղծագործությունը վերնագրել «Հարճը» և նրան ներկայացնող նկարագրողական տողերում խոսել վարձակի կրծքի ելևէջումի ու սևապտկության մասին: Վաղ միջնադարում մնջախաղն իր գոյությունը շարունակել է թափառական հիստրիոնների, սկոմորոխների արվեստում: Ուշ միջնադարում ինչ-ինչ փոփոխությունների ենթարկված միմոսությունը(mimos, mimosis-ընդօրինակում) վերազարթոնք է ապրում ‹‹Կոմեդիա դել Արտե››-ի ժողովրդական դիմակների թատրոնում: 18-19-րդ դարերում  արլեքինադայի բալագանային համր ծաղրախաղերը դառնում են տոնավաճառային թատրոնի սիրելի ժանրը: Կիրառվում նաև որպես ողբերգությունների միջնարարում ինտերմեդիայի գործառույթ ունեցող տեսարաններ, և այդ ժամանակաշրջանի բալետային ներկայացումների բաղկացուցիչ մաս կազմում:

Նախասկզբնական շրջանից մինչ օրս ընկած ժամանակահատվածում մնջախաղն ունեցել է ժանրաոճային տարբեր դրսևորումներ՝ առաջացնելով տեսակային բազմազանություն. իրերի, ջրային, ակրոբատիկ, պարային, ալեգորիկ, սոլո, կենցաղային, լիրիկական, երկրաչափական, ռեալիստական, դրամատիկական, կինեմատոգրաֆիական, միստերիալ, էրոտիկ, մաքուր, հեքիաթային, ֆելիետոնային, ծաղրածուական, տիկնիկային, կրկեսային, արձանային, պաստառային և այլ տեսակների մնջախաղեր: Նորագույն ժամանակներում ձևավորվել է իբրև բեմական-էստրադային-կրկեսային ժանր: 20-րդ դարի սկզբներին տեխնիկական հնարավորությունների սակավության թելադրանքով,դարձել համր կինոարվեստի դերասանական խաղի արտահայտչական բազան: Կերպարներն անձնավորվել ու մարմնավորվել են մնջախաղի արտահայտչական միջոցներով: Մինչ օրս առավել հայտնի մնջախաղի թատրոններն ու մնջախաղացներն են Հենրիխ Տոմաշևսկու անվան վրոցլավյան մնջախաղի թատրոնը, Երևանի մնջախաղի պետական թատրոնը (հիմնադիր՝ Արսեն Փոլադով), Վրաստանի Շալիկաշվիլի մնջախաղի պետական թատրոնը, Կաունասի(Լիտվա) մնջախաղի թատրոնը, Ժան Բատիստ Գասպար Դեբյուրո, Ժոզեֆ Գրիմալդի, Էթիեն Դեկրու, Մարսել Մարսո, Ժան Լուի Բարրո, Լեոնիդ Ենգիբարով, Վյաչեսլավ(Սլավա) Պոլունին, Վահրամ Զարյան:

Օգտագործված աղբյուրներ.

1. Թատերագիտական բառարան, Լևոն Հախվերդյան, Երևան-1986

2. Նոր բառագիրք հայկազեան լեզուի, հ-2 , Երևան-1981

3. Հենրիկ Հովհաննիսյան, Թատրոնը միջնադարյան Հայաստանում, Երևան, 1978

4. Հովհան Մանդակունի, Ճառեր,  Էջմիածին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, 2008 

5.Մովսես Խորենացի, Հայոց Պատմություն, Երևան, 1981

6. Փավստոս Բուզանդ, Հայոց Պատմություն, Երևան, 1987

7. Դանիել Վարուժան, Երկեր, Երևան, 1984

8. Առաքել Առաքելյան,Հռոմեական գրականության պատմություն Երևան-1956

9. Театральные термины и понятия, Рос.Инс.Ист.Иск., Санкт-Петербург-2015

10. Патрис Пави- Словарь ТеатраМосква-1991

11. Театральная Энциклопедия Т4, Москва-1965

12. Эстетика. Словарь, Москва-1989

Համահավաքող՝ ՏԻԳՐԱՆ Մարտիրոսյան

Խմբագրելի

1668 հոգի