05.02.2022 00:54
Ներկայացումը լիարժեք ժամանց է ապահովում, երբ գեղարվեստապատում ամբողջականությամբ և իր տողատակերում առած ասելիքի հնչողությամբ մեզ պարգևում է գեղագիտական հաճույք: Ու երբ քո հոգսաշատ կյանքից կտրվում ես, որ տեղափոխվես մտացածին մի ուրիշ աշխարհ, բայց հանկարծ պարզում ես, որ բեմը քեզ նույն իրական կյանքն է հրամցնում` անակնկալի ես գալիս: Դու սկսում ես նույն այդ կյանքն ու քեզ գնահատել ոչ թե ներսից, այլ կողքից: Սակայն այս դեպքում, ինչքան էլ, որ դառնանա բեմական պատումը, ոչ թե հուսահատության գիրկն ես ընկնում, այլ ներկայացման էներգետիկայից ոգեշնչված ու կատարսիս ապրելով հուսադրվում ես:
Հանդիսատեսը ներկայացման ավարտին այնպիսի բուռն ծափողջույններով և ոգևորվածությամբ էր իր հիացմունքն ու շնորհակալ վերաբերմունքը հայտնում դերասանախմբին, որ հավատում էիր, թե այս անգամ էլ թատրոնը մի երկու հարյուր հոգու բուժեց: Երբ ռեժիսորը իր մտահղացման ներսում բազում հնարներից հյուսված պատմությունը ձևաստեղծում է՝ կարևորելով լիքը, առողջ, հյութեղ դերասանախաղը, ապա արդյունքում ստացվում է մեկ շնչով ընթացող, բավականություն պարգևող, դիտարժան ներկայացում:
Գի դը Մոպասանի երգիծական պատկերներով ու նովելի ժանրին բնորոշ անսպասելի ավարտով «Փափլիկը» պարզ մի ուղերձ է իր մեջ պարունակում: Կարևորը հասարակության մեջ զբաղեցրած դիրքը չէ, կարևորը նույնիսկ ուժեղ ու թույլ լինելը չէ, այլ մարդ մնալն է: Իսկ երբ մարդիկ երկու երես ունեն ու չունեն սկզբունքներ, սուտ հայրենասերներ են և ունեն ընդամենը անձնական շահեր, ուրեմն արժանի են ծաղրի ու ծանակի: Բեմադրության հեղինակ Նարինե Գրիգորյանը Մոպասանի ծանոթ հերոսներին Համազգային թատրոնի բեմ է տեղափոխում երգիծական շարժապատկերներով ու հետևելով Գի դը Մոպասանին՝ նրա ուղերձի սահմաններում, հաճույքով գանակոծում է նրանց:
Ներկայացման պատումի հենքը ֆրանկոպրուսական պատերազմն է: Այդ թեմայի համատեքստում հայ հանդիսատեսները վերջերս են իրենց մաշկի վրա զգացել մարդկային բնության ուժն ու թուլությունը, ականատես եղել տարբեր մետամորֆոզային դրսևորումների: Պատերազմը ստիպել է պրուսացիների կողմից պաշարված ֆրանսիական Ռուան քաղաքից հեռանալ նրա բնակիչներին, և նրանցից ութը հայտնվել են դիլիժանսում: Նրանք տարբեր սոցիալական խմբերի պատկանող չորս զույգ ուղևորներ են` Կոմսը և Կոմսուհին, մսյո և մադամ Լուազոները, երկու միանձնուհիները, Էլիզաբեթ Ռուսսեն և Կորնյուդեն (վերջիններս իրար անծանոթ զույգ էին): Հեղինակ (Գի դը Մոպասան) – Վարշամ Գևորգյանը սկսում է ներկայացման պատմությունը իր փետրե գրչով, ապա օգնում է ուղևորներին փոխադրամիջոց նստելու՝ հերթով ներկայացնելով նրանց կանգ-կադրերի միջոցով: Հաջորդ տեսարաններում փոխադրամիջոցի ճկուն ու հնարամիտ կառույցը ձևափոխվում ու վերածվում է հյուրատան աթոռ-սեղանների, իսկ հետո էլի հավաքվում ու դիլիժանս է դառնում (բեմանկարիչ՝ Վիկտորիա Ռիեդո Հովհաննիսյան): Ներկայացման ընթացքում փոխակերպվում է նաև հեղինակ – Վ. Գևորգյանը՝ դառնալով մե՛կ կառապան, մե՛կ Տոտ քաղաքի հյուրատան սպասավոր, իհարկե, չմոռանալով հեղինակի իր պարտականությունների մասին: Հեղինակի մտահղացմանը համապատասխան՝ նա միշտ հայտնվում է անհրաժեշտ պահին և մետաղյա սկուտեղին հարվածելով՝ տեսարաններ է ազդարարում, դեկորների տեղաշարժերն իրականացնում:
Ներկայացման հյուսվածքը դրվագային կառույց ունի, ռեժիսորը ֆրանսիական նովելի էջերը թերթում է ասես լուսանկարների (կանգ-կադրեր) ու ծաղր-շարժապատկերների սկզբունքով: Նարինե Գրիգորյանի երևակայությունն այս անգամ էլ անհանգիստ դրսևորում է ստանում և տեսարաններ ու փոխհարաբերություններ է կառուցում մտքի սուր արտահայտչաձևերով: Ներկայացման մեջ խոսուն է ոչ միայն տեքստը, այլ նաև կերպարների համր երկխոսությունները, լինի դա մունջ խաղի շնորհիվ, սուլոցով, հայացքով թե ժեստով: Առանձին տեսարաններում ուղղակի «խոսում են» նույնիսկ դեկորներն ու հագուստները: Խոսուն է նաև երաժշտությունը: Ռավելի «Բոլերոն» թելադրում է հստակ ռիթմ, որին հետևելով՝ դերասանները ընդգծում են իրենց հերոսների շարժումները: Ռեժիսորը ռիթմիկ կազմակերպված այդ շարժումներով ձևագծում է կերպարների երգիծական-բնութագրական դիմապատկերները:
Կոմս-Դավիթ Հակոբյանը ծեր ու վախվորած է, Կոմսուհի-Ալլա Սահակյանը՝ երիտասարդ ու բարձրաշխարհիկ վարքակենցաղի ձևական դրսևորումներով, մսյո Լուազո-Գագիկ Մադոյանը հողին ամուր կանգնած մեկն է՝ ձեռնարկատեր լինելու հանգամանքով իրեն կարևորող, նրա կինը՝ տիկին Լուազո-Արմինե Անդրեասյանը սեթևեթող է, անհարկի բարձրաձայն ու բուռն արձագանքներով, երկու բարալիկ, երկար ու կարճ միանձնուհիներ Մարիա Սեյրանյանը և Սերգեյ Թովմասյանը ասես մուլտֆիլմերից են հայտնվել, Կորնյուդե-Նարեկ Բաղդասարյանը հպարտ կեցվածքով հեղափոխական-դեմոկրատ է, անչափ էներգիկ, իսկ ներկայացման գլխավոր հերոսուհին հնագույն մասնագիտության տեր, փափլիկ տիկին–Տաթև Ղազարյանն է: Վերջինիս հանդեպ, բոլորը, բացի դեմոկրատից, իրենց ընդգծված դիմախաղով ու ժեստերով արհամարհանք են ցուցադրում ու մերժելի կեցվածք ընդունում, սակայն… մինչև Փափլիկի նրբաբլիթները կգրգռեին նրանց ախորժակը: Խորշանքը միանգամից վերածվում է վայելքի:
Տաթև Ղազարյանի հերոսուհին՝ իր արևագույն խոպոպիկներով ու ճերմակ ժիլետով, ասես անմեղ ու բարի գառնուկ լիներ՝ նրան ոչնչացնելու պատրաստ մյուսների կողքին: Սակայն մեր գթասրտության քույրը պարզվում է բարոյական ամուր սկզբունքներ ունի: Այդ բարի հրեշտակի պիրկ կամքն ու չճկվող ես-ը անսպասելի արթնանում են, երբ Տոտ քաղաքում պարտադրված իջևանելիս սկսվում է նրա և պրուսական սպայի հակամարտությունը: Հերոսուհու նախ աչքերն են թշնամուն արհամարհում, հետո դիմախաղն է այդ մասին խոսում, ապա նրան տրվելու առաջարկին հետևում է հաստատակամ նետած «երբեք» բառը: Լուռ պայքար է գնում նրանց միջև:
Չվհատված սպան ֆիզիկական վարժանքների պտույտներ է կատարում` ասես գալիք նվաճմանն ընդառաջ: Ստեփան Ղամբարյանի կատարմամբ պրուսացու մկանների մարզվածության ցուցադրությունը միանգամայն լուրջ ծիսակարգի է վերածվում: Միայն թե այդ ուժի հետ ոչ մի կերպ չի համատեղվում նրա եռանիվ հեծանիվը, որին ևս հերոսը նույն լրջությամբ է վերաբերվում։ Այս հակադրության արդյունքում Ղազարյանի հերոսն է՛լ ավելի ծաղրալի վիճակում է հայտնվում: Իսկ Փափլիկը, իր երբեք-ներից հոգնած, անցնում է կոպիտ ժեստերի լեզվին ու հետույքն է ցույց տալիս պրուսացուն:
Պայքար է գնում նաև հերոսուհու և մյուսների միջև, քանի որ պահ առաջ մեկնելու թույլտվության գինը փափլիկ տիկնոջ բարեհաճությունից էր կախված: Ինչքան մեծանում է Փափլիկ – Տ. Ղազարյանի համառ դիմադրությունը, այնքան կատակերգական նոր գույներով են բացահայտվում մյուս հերոսները, նրանց կեղծ բարեպաշտությունն ու կեղծ հայրենասիրությունը: Երկար ճնշումներից հետո Փափլիկը առանձնանում է մյուսներից և ոտնահարելով իր հայրենասիրական սկզբունքները, ներքին դրամա ապրելով՝ դիմում է անձնազոհ քայլի՝ ի վերջո տրվում է պրուսացուն:
Փափլիկի կերպարը կատակերգական ընկալումից հեռանում է դեռևս պրուսացու առջև Կոմսի ստորանալու տեսարանում: Առաջին պլանում Կոմսը պրուսացու լվացվելու ծեսն էր իրականացնում, իսկ այդ ծաղրալի պահին զուգընթաց՝ երկրորդ պլանում խորը ցավի մասին է պատմում փակուղու առաջ հայտնված ու դեմքը ձեռքերի մեջ առած Փափլիկի լուռ ներկայությունը: Ցինիկ ու բարոյազուրկ մարդիկ հասնում են իրենց նպատակին: Փափլիկը զոհաբերում է իր սկզբունքները հանուն բոլորի: Ուղևորների առջև կանաչ ճանապարհ է բացվում դիլիժանսի հետագա երթի համար:
Ներկայացման ամբողջ ընթացքում, հիմնական պատմությանը զուգահեռ, պայքար էր ընթանում նաև հեղափոխականի և պրուսացու միջև: Ն. Բաղդասարյանի ստեղծած կերպարը իր կենտրոնացմամբ, պլաստիկայով, կրքոտ ներկայությամբ առանձնահատուկ նվաճում կարելի է համարել: Ն. Բաղդասարյանի խաղը վիրտուոզ է: Հուզառատ ու ջղագրգիռ, ծխամորճը բերանին իր հերոսին, ով կրքոտ ուտում է, միանգամից երկու աթոռի վրա նստում, շարժվում մեծ քայլերով, զայրույթի պահին ձեռքն ընկածը շպրտում, իր հայրենասիրությունը աղմկալից արտահայտում և ընդգծված արհամարհում պրուսացուն, դերասանը ցույց է տալիս նաև իրական դեմքով: Դանակ-պատառաքաղով սխրանքի պատրաստ Կորնյուդեն, որ պատրաստվում էր հարձակվել թշնամի սպայի վրա, կես ճանապարհին իր անվճռականությունից շփոթված, կանգ է առնում: Նույնիսկ գինու գավաթները նրան չեն օգնում: Իր չիրականացրած սխրանքի փոխարեն, սակայն, նա արժևորում է Փափլիկի «երբեքը»՝ նրա ճակատը համբուրելով: Եվ իսկապես, Դեմոկրատը միակն է, որ իրապես մեղադրում է իր ճանապարհակիցներին` Փափլիկին պրուսացու գիրկն ուղարկելու համար:
Նվազագույն տեքստով, թեթևակի չափազանցված, ռիթմիկ ու սահուն ուրվագծած շարժումներով (ռեժ. Յու. Կոստանյան), սրամիտ ու հեգնանք առաջացնող կատակերգությունը ներկայացման վերջում հանգուցալուծվում է դրամատիզմով: Ներկայացումն ավարտվում է այնպես, ինչպես որ սկսվել էր՝ դիլիժանսի տեսարանով, սակայն այս անգամ Փափլիկն իր գործը կատարել էր և այլևս պետք չէր մյուսներին: Միայն հեղափոխականն է, որ փորձում է սատարել նրան` մյուսների կողմից արհամարհված ներկայացման գլխավոր հերոսուհուն: Բոլերոյով սկսվող ներկայացումն ավարտվում է հեղափոխական Մարսելյոզով, որը մինչ այդ արդեն հնչել էր Տոտի պանդոկում` Դեմոկրատ – Փափլիկ զույգի խրոխտ կատարմամբ և ֆրանսիական դրոշի ծածանմամբ: Այս անգամ, սակայն, Կորնյուդեի հոտնկայս երգը տեսածից ու ապրածից հնչող բողոք էր: Նրան լուռ միանում է անասելի դառնացած Փափլիկը՝ իր տխուր ու սառած աչքերով: Այս զույգը՝ մեկն իր խոցելիությունը ամպագոռգոռ կեցվածքի ետևում թաքցրած, մյուսը՝ իր ուժեղ ես-ի ետևում քողարկած, երկուսով միևնույն ցավն են ասես ապրում: Կարևորը հասարակության մեջ զբաղեցրած դիրքը չէ, կարևորը նույնիսկ ուժեղ ու թույլ լինելը չէ, կարևորը ստացված կամ չստացված արտաքին էպատաժը չէ, կարևորը մարդ մնալն է…:
Հիշեցնեմ, որ Փափլիկը թե՛ նովելում, թե՛ ներկայացման մեջ, ի տարբերություն պատումի մյուս հերոսների, ոչ միայն ազգանուն, այլ նաև գեղեցիկ անուն ունի՝ Էլիզաբեթ Ռուսսե: Գի դը Մոպասան – Վ. Գևորգյանը ներկայացման լույսերը մարում է, մոմը փչում և վարագուրում պատմությունը: Հանդիսատեսն իր ծափողջույններից հետո լքում է թատրոնը ներկայացումից ու դերասանախաղից ստացած լուսավոր զգացումներով, թեև կյանք ու բեմ զուգահեռներով մտազբաղ:
Նյութի աղբյուրը՝ ԳՐԱԿԱՆ ԹԵՐԹ 10.09.2021