Սեղմիր
ԱՆՄԵՂ ՄԵՂԱՎՈՐՆԵՐԸ

27.01.2022  23:56

Իմ ընկերները՝ Լևոն Հախվերդյան, Հենրիկ Հովհաննիսյան և ուրիշներ, որոնց թատերական հասկացողությանը, ճաշակին ու հոտառությանը հավատում եմ, ասում էին, թե ստեղծվել է իսկապես լավ թատրոն և մեղք է նրա ներկայացումները չնայելը: Բայց ես չէի շտապում: Խնդիրն այն է, որ ես կինոռեժիսոր Հենրիկ Մալյանի երկրպագուներից եմ: Վախենում էի կորցնել ունեցածս հարստությունը: Նա իբրև արվեստագետ գոյություն ուներ ինձանից անկախ, բայց կարծես նրա մեջ ինձ էի գտել: Վերջապես տեսա երկու ներկայացում՝ «Թումանյանի հեքիաթները» և «Դեկամերոնը»: Հիացա: Եվ ոչ պակաս, քան իմ ընկերները:

Մի Մալյանի կողքին բազմեց մի այլ նույնարժեք Մալյան:

Ես չասացի կինոդերասանի թատրոն, այլ անվանեցի Մալյանի թատրոն: Այդպես եմ ասում, որովհետև այդ թատրոնի վրա զգալի է ղեկավարի դրոշմը: Ես այն տպավորության եմ, որ թատրոնը համախոհների մի միասնություն է, հավաքվել են մարդիկ, որ իրենց ենթարկել են Մալյանի գեղարվեստական կամքին, ունենալով մեծ հավատ նրա հեղինակության, հոտառության ու երևակայության նկատմամբ: Եվ չեն սխալվել: Դա անհատականությունների թատրոն չէ, այլ՝ անսամբլային, որտեղ առանձին վերցրած, ոչ ոք հետաքրքիր չէ, իսկ ամբողջության մեջ, բոլորը միասին առած, հետաքրքիր գույներ են, ինչպես գորգն իր գունագեղությամբ:

Ի՞նչն է ինձ այդպես գրավել:

Կինոռեժիսոր Մալյանն ազգային արվեստագետ է: Մինչև Մալյանը նկարել են պատմական նկարներ, կենցաղային նկարագրով ֆիլմեր, և ժամանակին դրանք լավ ֆիլմեր էին: Մեր կինոարվեստի զարգացման օրինաչափությունների լույսի ներքո դրանք հիմա էլ անհերքելի արժեքներ են: Մի բայց կա… դրանց նյութն էր ազգային, աշխարհը, մարդիկ, ինչպես մի օտար տաղանդավոր արվեստագետ գար և նկարեր հայկական ազգային կյանքից: Մալյանը տարբերվեց, բերելով հայկականություն, ազգայինի իմացություն, բայց նաև, սա է էականը, ազգային զգացողություն: Այդպես կարող էր նկարել միայն ու միայն հայ արվեստագետը: Այդպես նկարում էր Հակոբ Կոջոյանը, կամ այդպես ճարտարապետում էր Ռաֆայել Իսրայելյանը, այդպես ստեղծագործել կարող էին միայն հայ արվեստագետները, որոնք հայկական ոգու ներկայացուցիչներ էին: Մարդիկ, որ ոչ թե դարձել էին ազգային արվեստագետներ, այլ ծնվել էին որպես այդպիսին:

Հենրիկ Մալյանի առանձնահատկությունն է դա, բայց ավելի՝ ուժը, որի բոլոր կողմերը ո՛չ շոշափելի են, ո՛չ էլ առանձնապես բացատրելի: Նույնը կարելի է ասել նաև թատերական ռեժիսոր Հենրիկ Մալյանի մասին, հատկապես «Թումանյանի հեքիաթները» ներկայացման առիթով: Ֆոլկլորային մտածողություն, ֆոլկլորային զգացողություն: Ժողովրդական գեղջկական կոլորիտի ներկայություն: Եվ այդ բոլորը պայմանական թատրոնի սկզբունքների շրջանակների մեջ առած: Ի՜նչ երևակայություն, ի՜նչ հնարամտություն, ի՜նչ անսպասելիություն: Որպիսի՜ հումոր: Եվ այդ բոլորը ծայրահեղ հարազատ թումանյանական մտածողությանն ու զգացողությանը:

Այո՛, Մալյանը զարմացնելու նպատակ չունի, բայց մենք զարմանում ենք: Մալյանը նպատակ չունի հիացնելու, բայց մենք հիանում ենք:

Ավարտելուց առաջ երկու միտք եմ կամենում արծարծել:

Հենրիկ Մալյանին նեղ չե՞ն գալիս, արդյոք, այս թատրոնի փոքր հնարավորությունները: Եվ, արդյոք, ժամանակը չէ՞ նրան բեմական ավելի մեծ տարածք տրամադրելու:

Մի միտք ևս. չի ծնվու՞մ մեր աչքերի առջև մի թատրոն, որի նշանակությունը շատ ավելի է մեր թատերական ապագայի տեսակետից, քան այն, ինչ այսօր կոչվում է «Կինոդերասանի թատրոն», թեև ինձ այդպես էլ անհայտ մնաց, թե ինչն է այստեղ կինոյականը, երբ մեզ առաջարկվածը և հանդիսատեսի հիացմունքով ընկալածը հույժ թատերական է և վառ թատերային:

Նյութի աղբյուրը՝ «Ֆիլմ», թիվ 4, 1984 թ.

ՌՈւԲԵՆ Զարյան

525 հոգի