Սեղմիր
ԷՍՍԵ

07.01.2022  03:07

Անվերջ կարելի է խոսել Դավիթի մասին ու նրանից օրինակ վերցնել։ Նախ պետք է ասել, որ մտերիմները նրան հիմնականում որպես վիշապիկ (վիշապազն լեռնային) էին սիրում դիմել, իսկ ես` որպես Սարուխան, նրա հետ վեց տարեկանից ընկերություն էինք անում, հիմա էլ երկրային գոյության բացակայությունը մեզ չի խանգարում։ Հետաքրքիր արտաքին հատկանիշներ ուներ. մուգ սև աչքերով, հոնեղ, կարճահասակ, ժպտերես երիտասարդ էր, իսկ խելքն ու ֆանտազիան միշտ զարմանալու առիթներ էին ստեղծում։ Յուրահատուկ հումորի տեր էր, որը դրսևորվում էր նույնիսկ այն ժամանակ, երբ հարցն իր կարճահասակությանն էր վերաբերում, և հենց խոսք էր գնում կարճահասակներից անպայման ընդգծված ձայնով շեշտում էր, որ աշխարհի բոլոր հաջողակ առաջնորդները կարճահասակ են եղել ու բերում էր Նապոլեոն Բոնապարտի օրինակը, իսկ ինձ միշտ հիշեցնում էր, որ ոչ թե ինքն է կարճահասակ այլ ես եմ աննորմալ բարձրահասակ։

Միշտ հիշում եմ, թե ինչ ջանասիրաբար էր բանուգործ թողնում, երբ ընկերներից մեկն իր կարիքն ուներ, տարբերվող խորհրդի ու ելքեր գտնելու անհրաժեշտություն կար։ Ինչ վերաբերում է Սարուխանի խիզախության աստիճանին ապա այն գնահատելու համար պետք է լսել իր մարտական ընկերներին, որոնց հետ թե՛ ապրիլյան քառօրյա պատերազմին, թե՛ քառասունչորսօրյա պատերազմին կյանքի ու մահվան կռիվ են տվել։ Ընկերները պատմում են, որ չի լսել հրամանատարի` Քեռու (Հայկ Մանուկյան), խոսքը ու չի վերադարձել տուն դիրքերից` արցախյան երկրորդ ու իր կյանքի վերջին պատերազմից, իսկ ինձ պատճառաբանում էր, որ անհնար է գալ ու հանգիստ քնել տանն այն դեպքում, երբ ընկերներիցդ շատերը տուն-տեղ, անչափահաս երեխա թողել ու գնացել են հայրենիքի սահմաններն անառիկ պահելու, կենացմահու կռիվ տալու... հայրենիքին անմնացորդ նվիրումի, ընկերոջը հավատարիմ հենարան լինելու փայլուն օրինակն էր նա։

Ընդամենը 24 տարեկան էր Դավիթը, բայց իրեն ճանաչողները կհավաստեն նրա ունիկալ մտքերի ու պատկերացումների , իրերն ու իրավիճակները չափազանց խորքային պատկերացնելու կարողության, աննահանջ ձգտումներ ունենալու ու ամեն գնով լավագույնը լինելուն հասնելու նպատակի մասին. Լավագույն մարդը, ընկերը, որդին, մասնագետը, հայրենիքի զավակը...

ՆԱՐԵԿ Քասյան

821 հոգի