10.12.2021 00:55
Կյանքում հաճախ են պատահում մարդիկ, որոնց հետ հանդիպումները հերթական ծանոթության մակարդակում էլ ավարտվում են, արագ մոռացվում՝չթողնելով ոչ մի տպավորություն: Սակայն պատահում են այնպիսիք, ովքեր մշտական բնակություն են հաստատում հիշողությանդ մեջ:
Բորիս Իսպիրյանի հետ 2017 թվականին եմ ծանոթացել, երբ հաջողությամբ հանձնել էր ընդունելության քննություններն ու դարձել Կինոյի ֆակուլտետի ուսանող: ԵԹԿՊԻ-ում գրեթե հազարավոր ուսանողների հետ ծանոթությունը մարդկանց ներքին որակները ինտուիտիվ մակարդակում զգալու, իսկ հետագայում շփման արդյունքում վերահաստատելու փորձառություն է տվել:
Մինչ պարտադիր զինվորական ծառայության մեկնելը Բորիսը մեր ֆակուլտետում ընդամենը մեկ կիսամյակ հասցրեց սովորել: Այդ հինգ ամիսների ընթացքում նրա տեսակը բացահայտելն այդքան էլ դժվար գործ չէր, շնորհիվ այն կենսախնդության, ընկերասիրության և սրտաբացության, որն ակնհայտորեն դրսևորվում էր նրա վարքում, երևում աչքերից անգամ: Երբեմն պատահում էր դասի ժամին ինստիտուտի միջանցքներում նկատում էի նրան և խիստ տոնով հարցնում.
- Ինչո՞ւ դասի չես:
Ժպտում էր իր լուսավոր և կաշառող ժպիտով ու պատասխանում.
- Խառն եմ, դե՜ գիտեք, ջահել ենք, սիրահարվում ենք…
Հիմա էլ, այդ դրվագները վերհիշելիս հասկանում եմ, որ նա ակամա շտապում էր ապրել, շտապում էր վայելել իր ընկերների ներկայությունը, թողնել իր հետագիծը, նրանց ժպիտ ներշնչել իր մասին թողած հիշողություններով:
Պատերազմի ողջ ընթացքում և դրա ավարտից հետո էլ վստահ էի, որ Բորիսը հետ է գալու: Իմ այդ վստահությունը նրա կենսախնդությունից էր գալիս, նրա ապրեցնող ժպիտից, որը ամեն անգամ նրան վերհիշելիս հառնում է իմ առջև, որպես լուսավոր պատկեր, բայց…
Ես չգիտեմ ինչպիսին կլիներ մեր կյանքը, եթե պատերազմը չլիներ, գիտեմ, որ այն դարձավ մի մեծ ջրբաժան մեր անցյալի ու ներկայի մեջ, որի մեջտեղում մենք կորցրեցինք հազարավոր լուսավոր ժպիտներ ու կիսատ մնացած պատմություններ, երազանքներ… Մի բան հաստատ գիտեմ, որտեղ էլ՝ տիեզերքի, որ ուղեծրում էլ լինի Բորիսը վստահ եմ՝ ժպտում է…