Սեղմիր
ԷՍՍԵ

28.11.2021   23:21

Տիգրանին ես դասավանդել եմ ընդամենը մի կարճ շրջան՝ երրորդ կուրսում: Առարկան ընդհանուր թատրոնի պատմություն էր, պար չէր և ես նրա տաղանդի, վարպետության մասին որևէ բան ասել չեմ կարող: Խոսքս կլինի առավելապես մարդու մասին, որքանով որ նա երևաց ուսանող-դասախոս հարաբերությունների նեղ շրջանակի թիկունքում:

Պարարվեստի բաժնի ուսանողներն ավանդաբար նվազ ուշադրություն են դարձնում տեսական առարկաներին. նրանք բավական ժամանակ են տրամադրում պարելուն, շարժումները հղկելուն և միշտ չէ, որ պատկերացնում են, թե տեսական առարկան ինչ է տալու իրենց պարին: Տիգրանը բացառություն չէր, առաջին դասերից նա բավական հանգիստ էր ընդունում ստացած տեղեկատվությունը, լսում էր, բայց կլանված չէր նյութով, չէր խեղդում հարցերով, գրի չէր առնում: Սակայն երբեք, ոչ մի անգամ չէր խանգարի դասը, նստում էր մինչև վերջ, լսում էր, հեռախոսի մեջ չէր մտնում, միայն ֆիզիկապես դասին չէր լինում: Անկեղծ ասեմ՝ մինչև առաջին քննությունը նրա մեղմ ժպիտն ինձ մտածելու տեղ էր տալիս, սպասում էի, որ իրեն չբավարարող գնահատականի դեպքում հանկարծ կորոշի աղմկել, բողոքել: Ունեցածս փորձն էր դա հուշում, բայց ամեն ուսանող յուրահատուկ է, Տիգրանն էլ ինձ համար՝ նոր փորձ: Այնքան հանգիստ ու բնական ընդունեց բացասական գնահատականը, որ մի պահ անգամ մտածեցի՝ գուցե տղան չի ուզում շարունակել ուսումը և գիտակցաբար է գնում հեռացման: Հատկապես, որ ընթացքում ժպտում էր, կարծես ամենն իր ուզածով է ընթանում:

Հիշում եմ վերջին վերահանձնումը, որ պետք է վճռորոշ լիներ: Շատերն այդ կուրսից սպասում էին իրենց հերթին և ամեն մեկն իրեն հատուկ եղանակով փորձում էր ազդել ինձ վրա հնարավորինս բարձր գնահատական ստանալու համար: Տիգրանն այդ խմբում ամենից հանգիստն էր, մինչև վերջ: Ոմանք փորձում էին արտագրել, ոմանք ձգտում էին իրենց տված պատասխանն ավելին ներկայացնել, քան իրականում կար, ոմանք հղում էին անում այլ առարկաներից ստացած գնահատականների, պնդելով, որ եթե իրենք լավ սովորող են, ապա այս առարկայից էլ պետք է բարձր գնահատվեն: Տիգրանը շատ պարզ էր, պատասխանը՝ ուղիղ, շիտակ, առանց չիմացածը պատմելու ջանքերի: Պատմեց ինչ գիտեր, ինչ սովորել էր, պատմեց հասկանալով, անհավակնոտ, պատրաստ յուրաքանչյուր գնահատականի: Լսեց գնահատականը, շնորհակալություն հայտնեց, կարծես հենց առաջին փորձից էր ստանում: Եվ հեռացավ, լուծարքի ընդհանուր լարված մթնոլորտն իր ժպիտով հավասարակշռելով:

ՎԱՍԻԼԻ Գևորգյան

672 հոգի