Սեղմիր
ԷՍՍԵ

27.11.2021  22:44

Ամեն կուրս ունի իր առանձնահատկություները, իր գույները, մտնում ես լսարան և նախ աչքի են ընկնում առավել վառ գույները, աշխույժ, իրենց առաջ մղող: Հայկն այդ շարքում չէր, նա չէր շտապում ներկայանալ, հանգիստ սպասում էր իր հերթին: Իր տեղում, սակայն, երբ անգամ ցածր ձայնով աղմկոտ լսարանում անունը տայիր, անպայման կարձագանքեր: Սա ոչ թե ուսանողի ուշադրությունն էր դասախոսին և դասախոսությանը, այլ անձնական հատկանիշ. նա ուշադրիր էր միջավայրի, կողքինների նկատմամբ: Դասին էլ էր ուշադիր, բայց հետո հասկացա, որ ընթացքում հարցեր չէր տալիս ոչ այն պատճառով, որ չէր լսում, այլ որովհետև համեստ էր, հերթը տալիս էր համակուրսեցիներին, ընկերներին: Դերասան դառնալու համար չափից ավելի համեստ էր: Բայց չշփոթեք այդ համեստությունը դանդաղկոտության հետ, Հայկն առաջինն էր արագանում, երբ հանկարծ մի կողմի վրա որևէ աղմուկ էր լսում, չէր հայտնվում կռվի կենտրոնում, բայց, կարծես, հաշտեցնում էր բոլորին:

Հայկը պատասխանատվությամբ էր մոտենում յուրաքանչյուր հարցի, որ վերցնում էր, որպես իր համար էական: Լսարանում դա երևում էր այնչափ աննշան կետերից. երբեք չէր նստի հարմար նստարանին, եթե աղջիկներից որևէ մեկը մնում էր տումբային: Եթե ահրաժեշտություն էր լինում դասի ժամանակ վերադասավորել նստարանները (մեկ-երկու անգամ փորձարկումներ էինք անում դասի շրջանակում), անցնում էր գործի հանգիստ ու առանց վարանման՝ գործ է, պետք է արվի, էլ ո՞վ պետք է անի: Նույնն էր բոլոր այլ ընդհանուր շահին վերաբերող գործերում, լիներ փորձից հետո տեսական առարկայի համար լսարանը կարգի բերելը, թե կուրսային ներկայացման համար դեկոր պատրաստելը: Եվ ամենն անում էր զուսպ, առանց արածը ցուցադրելու:

Քննական շրջանում Հայկը չփորձեց արտագրել, չփորձեց մեկ-երկու թեմայով գնահատական ստանալ: Ազնիվ էր, չփորձեց համոզել, պատճառ բերել աշխատանքը, ուսման վարձը, այլևայլ օբյեկտիվ և սուբյեկտիվ պառճառաբանություններ: Պարզապես  հայտնեց, որ պատրաս չէ, որ կգա լուծարքային շրջանում: Կրկին շատ զուսպ, պարզ և արագ, անգամ չհասցրեցի ավանդական հորդորով դիմել, որ վերահանձմանը լավ պատրաստվի:  Թեպետ իրականում դրա կարիքն էլ չէի զգում, հասուն մարդ էր, որ իր անելիքն ինքը գիտեր: Սեպտեմբերին էլ պատասխանեց իր պատրաստվածի չափով, բայց այդ չափի մեջ՝ վստահ: Հայկը հանձնեց քննությունը, ավարտեց և գնաց...

ՎԱՍԻԼԻ Գևորգյան

1407 հոգի