Սեղմիր
ԲԱՌԱՐԱՆ
ՄԱՆՐԱՊԱՏՈւՄԻ ԹԱՏՐՈՆ

ֆրանս miniature

Մանրապատումը «փոքր ֆորմաների» ժանր է, փոքր չափի թատերական ստեղծագործություն՝ թատերական, էստրադային կամ կրկեսային արվեստի (կարճ պիես-կատակ, վոդևիլ, ինտերմեդիա, սկետչ, խոսակցական, խորեոգրաֆիկ կամ երաժշտական տեսարան, էստրադային պատմվածք, ծաղրածուական տեսարան և այլն)։ Թատերական կոլեկտիվները, որոնք ներկայացնում են նման ստեղծագործություններ, կոչվում են մանրապատումի թատրոններ։

«Մանրապատում» տերմինը թատերարվեստում փոխառվել է կերպարվեստից, որտեղ այդպես են կոչվում փոքրիկ գարֆիկական, գեղանկարչական և քանդակային ստեղածագործությունները։ Բառն առաջացել է լատինական minium բառից, որը նշանակում է այն կարմիր ներկերը, որոնք օգտագործվում էին ձեռագիր գրքերի նկարազարդման մեջ։ Մանրապատում տերմինն օգտագործվում է նաև գրականության մեջ։ Կարճ պատմվածքները, որոնք լակոնիկ են իրենց ծավալի առումով, բայց ունեն բովանդակային մեծ խորություն, կոչվում են գրական մանրապատումներ։ Այստեղ հաճախ չկա գործողություն, կա միայն պատկեր ու ընդհանուր ուրվանկար, սակայն ստեղծելով լիարյուն կերպարներ, օգտագործելով դիպուկ համեմատություններ և էպիտետներ՝ հեղինակը կարողանում է պատկերել մարդկային ճակատագրի ողջ խորությունը։

Գրականության մեջ մանրապատում ժանրը սկսել է զարգանալ վաղ ժամանակներից, սակայն այն դեռևս չունի հստակ ընդգծված սահմաններ։ Մանրապատում ասելով հասկանում ենք նովել, էսսե, վիպակ կամ պատմվածք, որոնք շատ  «սեղմված» են բովանդակային առումով։ Տերմինն, ըստ էության, շարունակում է պայմանական մնալ։ Գրական մանրապատումները հաճախ կոչվում են «պատկերներ», «տեսարաններ»։ Մանրապատումը կարող է լինել նաև լիրիկական (բանաստեղծական)։ Դրամատուրգիայում այսպես են կոչվում մոնոդրամաները, միակտանի պիեսները, որոնք զբաղեցնում են թատերական երեկոյի մի մասը։

Մանրապատումին հատուկ, տարբերակիչ հատկանիշներից են տեքստի փոքր չափը, սյուժետային սկզբի պարտադիր առկայությունը, հեղինակային հստակ մտահղացումը, սուբյեկտիվիզմը, բացահայտ և վառ դինամիկան, հստակ ձևակերպված խնդիրը։ Հիմքում կարող է լինել և՛ գլոբալ, և՛ մասնավոր խնդիր։ Տեքստն իր կառուցվածքով ամբողջական է և համաչափ, կարող են օգտագործվել սիմվոլիկ կամ ալեգորիկ արտահայտչամիջոցներ։ Մանրապատումն ամբողջական է և անբաժանելի, այն նրբաոճ է, ռիթմիկ և երաժշտական, այստեղ փոխներգործում են լիրիկան և էպոսը։

Մանրապատում ժանրի ստեղծագործություններում հստակ արտահայտված է սուբյեկտիվիզմը։ Բազմաթիվ մանրապատումներում հենց սուբյեկտն է, այսինքն կոնկրետ անձն է ստեղծագործության առանցքը, որի շուրջ կատարվում են գործողություններն ու զարգանում է կոմպոզիցիան։

Այս բոլոր հատկանիշներն ընդհանուր առմամբ կարող են կիրառելի լինել նաև թատերական մանրապատումի դեպքում։ Վերջինս ունի նաև իր առանձնահատկությունները։ 18-րդ դարի երկրորդ և 19-րդ դարի առաջին կեսերին մանրապատումները լայնորեն կատարվում էին այսպես կոչված դիվերսիմենտներում։ Այս ամենի արդյունքում դրանք դարձան համերգա-էստրադային ծրագրերի անբաժան մասը։

Այն թատրոնները, որոնց խաղացանկը կազմված է մանրապատումների տարբեր տեսակներից, կոչվում են մանրապատումի թատրոն։ Դրանք առաջացել են 20-րդ դարի սկզբներին։ Մանրապատումի թատրոնը դերասանների միավորում է, ովքեր նախընտրում են թատերական փոքր ձևերը, ինչպես օրինակ՝ մենախոսությունը, կուպլետը, սկետչը և այլն։ Նման թատրոնի խաղացանկի համար ընտրվում են փոքրիկ միակտանի պիեսներ և սատիրիկ ու կատակերգական ժանրերի բեմադրություններ, որոնց հատուկ են գրոտեսկային և ծաղրանմանակման ուղղվածությունը, երբեմն նաև լիրիկական՝ արտահայտված մանրապատումի ձևով։ Այս բեմական արվեստի տեսակը  ներկայացնում է փոքրածավալ պիեսներ, պատկերներ, տեսարաններ, զավեշտներ՝ միմյանց հետ կապ ունեցող պատումային կապով կամ առանց դրա։

Մանրապատումի թատրոնը մտերմիկ թատրոն է և պատկանում է Կամերային թատրոնի տիպին։ Այստեղ բեմադրությունները ներկայացվում են փոքրիկ տարածքում՝ փոքր հանդիսասրահի համար՝ մինիմալ դեկորներով և բեմական էֆեկտներով։ Մանրապատումի թատրոնը ծագեց կինեմատոգրաֆի հետ միաժամանակ և մեծ ժողովրդականություն ձեռք բերեց։ Միայն Պետերբուրգում և Մոսկվայում մոտ 250 նման թատրոն կար, որոնք ամեն օր մեծ քանակությամբ ներկայացումներ էին խաղում։ Թատրոնի այս տեսակի պատմությունը բաժանվում է մի քանի շրջանի, որից առաջինը նախահեղափոխական շրջանն է։ Մանրապատումի թատրոնի նախատիպը Սանկտ-Պետերբուրգի «կաբարե-թատրոնն» էր՝ այպես կոչված ակումբային տիպի։ Այս թատրոններից ամենահայտնին «Ծուռ հայելի» էր, որն ուներ կատարողական ունիվերսալ հնարավորություններ ունեցող պրոֆեսիոնալ դերասանների մշտական թատերախումբ։ Կամերային ժանրին հարմարեցված ներկայացումներ ստեղծում էր նաև «Տրոցկու վրա գտնվող մանրապատումի թատրոնը», որի խաղացանկում դրամատիկ ներկայացումները համադրվում էին պարային գործողության հետ։ «Դեկամերոնից» բեմադրված նովելում կատարվում էր «Miserere» վալսը, իսկ «Զրուցասեր հարևանը» բեմադրության մեջ կատարվում էր Վերդիի «Դոն Կառլոս» օպերայից հատված։ Սա արվեստի և գեղարվեստական լեզուների տոնահանդես էր, որտեղ իրար էին մոտենում ոչ միայն իրարից հեռու ժանրերը, այլև իրարից շատ տարբեր ոճեր։ Այստեղ համատեղվում էին բոլոր դարաշրջաններն ու ժողովուրդները։

1915-1917 թթ հայտնի էր նաև «Բ Ս Նեվոլինի մտերմիկ թատրոնը»։ 1911 թվականից կար «Մամոնտովյան մանրապատումի թատրոնը», որտեղ Կ Յա Գոլեյզավսկին բեմադրեց բալետային ներկայացումներ, ինչպես օրինակ՝ «Թիթեռնիկները»։

1920 թվականից Իտալական փողոցի համար 13 տանը տեղակայված էր «Ազատ կոմեդիան» (հիմանդիրներ՝ Ն Վ Պետրով, Ն Ն Եվրոինով և Յու Պ Աննենկով)՝ պամֆլետի և քաղաքական սատիրայի թատրոնը, որն օգտագործում էր արլեկինադայի, մնջախաղի, օպերետի, մինիդրամայի միջոցներ։

Մանրապատումի թատրոնի զարգացման հաջորդ շրջանը ՆԷՊ-ի շրջանն էր։ Այս ժամանակաշրջանում մեծ ծաղկում ապրեց թատերական կոմերցիոն նախաձեռնությունը, որը ծնունդ տվեց զվարճացնող գիշերային կաբարեի ոճին, ինչպիսին էր օրինակ՝ «Բալագանչիկը» 1921-1924 թվականներին։ Այս շրջանում բացվեցին հետևյալ թատրոնները՝ 1922-1928 թթ «Ազատ թատրոնի» մասնավոր անտերպրիզան, «Դ Գ Գուտմանի սատիրայի թատրոնը», որը Կոմեդիայի թատրոնի և Մյուզիք Հոլի հիմնաքարերից մեկը դարձավ, 1930-1933 թթ «Փոքր ֆորմաների թատրոնը», որը ժառանգեց «Ծուռ հայելի»-ի վերջին հասցեն և թատերախմբի մի մասը, 1937-1938 թթ «Մանրապատումի թատրոնը» Ի Օ Դունաևսկու և Գուտմանի ղեկավարությամբ և այլն։

Խորհրդային շրջանում այս տեսակի առաջին թատրոնը վիտեբսկյան Տերեվսատն էր («Հեղափոխական սատիրայի թատրոնը», 1919թ)։ Քանի որ խորհդրային իշխանությունը հակված էր խոշոր թատերական ձևերին, 30-ական թվականների մանրապատումի թատրոնները գրեթե վերացան ու նորից ի հայտ եկան միայն Հայրենական պատերազմի տարիներին՝ որպես ագիտացիայի ձև ռազմաճակատային թատրոններում։ 1930-ական թթ, սկսվեց պայքար սատիրայի դեմ, որը թուլացրեց մանրապատումի ժանրը և 1939 թվականին հիմնադրված «Էստրադայի և մանրապատումի թատրոնը» երկար տարիներ Լենինգրադի միակ պրոֆեսիոնալ մանրապատումի թատրոնն էր։

Մանրապատումի թատրոնի յուրօրինակ տեսակ էին դերասաններ Մարիա Վլադիմրովնա Միրոնովայի և Ալեքսանդր Սեմյոնովիչ Մենակերի, ինրպես նաև Կարցև-Իլչենկո դուետները։

Լենինգրադի էստրադայի և մանրապատումի թատրոնը՝ Ա Ի Ռայկինի ղեկավարությամբ մանրապատումի թատրոնի լավագույն օրինակներից մեկն էր։ Մանրապատումների հեղինակ-կատարող և դերասաններից հայտնի են Մ Ս Շչեպկինը, Վ Ի Ժիվոկինը, Պ Մ Սադովսկին, Ի Ֆ Գորբունովը, Վ Ն Անդրեև-Բուրլակը 19-րդ դարից, իսկ ավելի ուշ շրջանից Վ Ն Դավիդովը և այլք։

Էստրադայում մեծ տարածում ունեին Ա Պ Չեխովի մանրապատումները՝ ինչպես օրինակ՝ «Չարամիտը», «Ծխախոտի վնասի մասին», «Վիրաբուժություն», «Հոբելյան» և այլն։

Մանրապատումների 20-րդ դարի հեղինակներից են Ն Ա Ադուևը, Ա Մ Արգոն, Վ Ե Արդովը, Վ Ա Դիխովիչնին և Մ Ռ Սոկոբոդսկոյը, Վ Զ Մասսը, Վ Ե, Տիպոտը և այլք։ Մանրապատումների կատարողներից հայտնի են Ա Ի Ռայկինը, Ա Ս Բելովը, Լ Բ Միրովը և Մ Վ Նովիցկին, Յու Տիմոշենկոն և Ե Բերեզինը (Тарапунька и Штепсель) և այլք։

Գրականության ցանկ

1 Театральная Энциклопедия. 

2 «Энциклопедия Санкт-Петербург». А. А. Кириллов /http://encspb.ru/object/2804033151/

3 Թատերագիտական բառարան, Լևոն Հախվերդյան, Երևան, 1986:

4 Театр миниатюр — Википедия

5 Миниатюра (литературный жанр) — Википедия

6 https://dic.academic.ru/dic.nsf/enc3p/198586

7 https://www.culture.ru/s/slovo-dnya/miniatyura/

23.11.2021 03:04

Համահավաքեց՝ ԱՆԻ Տեր-Հովհաննիսյանը

Խմբագրելի

1190 հոգի