Սեղմիր
ՀՐԱՊԱՐԱԿԱ ԽՈՍՈւԹՅՈւՆ

27.11.2021  23:06

Թատերագետների, մասնավորապես՝ թատերական քննադատների մասնագիտական կարգավիճակի հարցը բազմիցս է քննարկվել և դրանով իսկ, կարծես թե նույնիսկ չարչրկվել: Հատկապես 21-րդ դարից սկսյալ, այս մասնագիտությունը թատերական դաշտում լավագույն դեպքում արտամուսնական կապից ծնված ‹‹խորթ›› երախայի կարգավիճակ է ունեցել, թեև վերջին տարիներին ՀԹԳՄ-ի և ԿԳՄՍ-ի ջանքերով արվում է հնարավորը, որպեսզի բնագավառային անարդարությունը շտկվի: 2020 թվականին, թատերագետների նախագծային առաջարկով, ՀԹԳՄ-ը հիմնեց ‹‹Թատերակետեր›› թատերագիտական կայքը, ինչը 1990-ականներից առայսօր Հայաստանում աննախադեպ նախաձեռնություն էր, որովհետև հատուկ թատերագետների համար ստեղծվեց մասնագիտական գործունեության հնարավորություն: Այդպիսով, 2020 թվականից առայսօր, ԿԳՄՍ-ի դրամաշնորհային աջակցությամբ իր կենսագոյությունն է պաշտպանում մի հարթակ, որը միևնույն ժամանակ Հայ թատրոնին և ընդհանրապես թատերարվեստին առնչվող մասնագիտական տեղեկատվության յուրահատուկ թվայնացված շտեմարան է: Սա, ինչ խոսք, ողջունելի քայլ էր, քանի որ դրանով փոքր ինչ մեղմվեց թատերագիտության գլխավերևում ճոճվող դամոկլյան սրի վտանգն առ այն, որ այս մասնագիտությունը մեռնողների շարքին դասվելու միանգամայն հավանական թեկնածու էր դարձել: Այնու, որ արդեն մի քանի տարի է ԵԹԿՊԻ թատերագիտական բաժնում անգամ անվճար տեղի համար դիմորդ չէր լինում, և մի տասը-տասնըհինգ տարի այդպես շարունակվելու դեպքում՝ թատերագիտական դեմոգրաֆիայի ճգնաժամի առջև էինք կանգնելու. երիտասրադ և միջին սերնդի թատերագետներ գտնելն այլևս անհնար էր լինելու: Նման անմխիթար իրավիճակի պատճառը պարզից էլ պարզ էր՝ ԵԹԿՊԻ թատերագիտական բաժնի ապագա դիմորդը իր մասնագիտական հեռանկարը չէր տեսնում:

Գոնե վերացականորեն նրա մտածումներում հասկանալի ու պատկերացնելի չէր, թե ուսումն ավարտելուց հետո օրվա հացի գումար վաստակելու համար որտե՞ղ թատերախոսական ծառայություններ պետք է մատուցի: Թատերագիտության հետ կապ չունեցող, հետևաբար բնագավառի նեղ մասնագիտական նրբությունների իրազեկում չունեցող կայքերում ու պարբերականներու՞մ: Ու այդ տեղեկատվական հարթակների որոշ խմբագիրներ իրենց ‹‹Էս իմ սարն է, էս իմ ծառն է›› սիրողական  մոտեցումներով թատերական քննադատների մասնագիտական արժանապատվությու՞նը ոտնահարեն: Կամ էլ նույն խմբագիրների մերձավոր շրջապատի կապերին ու պսեվդոքաղաքական պատվերների՞ն զոհաբերեն իրենց մասնագիտական սկզբունքայնությունը, այսինքն՝ ինքնին նաև հեղինակությունը: Եվ այս առումով, վերջին տասնըհինգ տարիներին, բավական հեղինակազրկված էր հայրենի թատերագիտությունն ու առանձնապես թատերախոսությունը, որովհետև բանբասանքի մեծամեծ կարուսել ունեցող մեր փոքր երկրում բոլորն էլ հստակ գիտեին, թե սակավաթիվ թատերագետներից ով՝ ընդհանրապես ինչ է գրում, և հատկապես ինչու է այսպես կամ այնպես քննախոսում: Տվյալ կտրվածքով ՀԹԳՄ-ի կողմից մասնագիտական կայքի ստեղծումը, թող չափազանցում չթվա, բայց մամուլի սիրողական կապանքներից ազատագրող գործառույթ իրականացրեց թատրոնի քննադատական համայնքի համար, որովհետև ‹‹Թատերակետեր›› թատերագիտական կայքին թղթակցող թատերախոսներին լիակատար գիտաստեղծագործական ազատություն (ամենաթողության չվերածվող) է տրված:

Իհարկե սա թատերագիտության չլուծված խնդիրներից մեծ մասամբ սոցիալ տնտեսականի փոքրիշատե կարգավորումն է, սակայն կան և չլուծված բարոյահոգեբանական հարցեր, որոնք պակաս կարևոր չեն: Թատերագետի մասնագիտական դիտման համար նպաստավոր տեղի հատկացման վերաբերյալ վերջերս կարճամփոփ խոսել ենք և լիահույս ենք, որ ԿԳՄՍ-ն իր ենթակայության տակ գտնվող որոշ ՊՈԱԿ-ների ղեկավարների կարգի կհրավիրի, որպեսզի նրանք և նրանց նմաններն այլևս իրենց թույլ չտան ԾԱՅՐ բառի տեղային-այլաբանական խաղարկումով խստաճաշակ թատերախոսի մասնագիտական արժանապատվությունն անուղղակիորեն ոտնահարել: Այլապես, եթե ԿԳՄՍ-ն շարունակի նույն ոգով արհամարհել քրեական հանգուցալուծմամբ հղի այս բարձիթողիությունը, թատերախոսն էլ ստիպված կլինի պատասխան վիրավորանքը հասցնել: Թատերագետն էլ ինքնասիրություն ունի, ի տարբերություն չինովնիկական ինքնահաստատման համախտանիշով տառապող որոշ տնօրենների ու փոխտնօրենների: Հետևաբար, եթե նա էլ, այլ ելք չունենալով, որպես գրչի մարդ իր մտքի պատկերավորությամբ նույն ԾԱՅՐԻ խաղարկումն իրականացնի, հասցեատերերը նվազագույնը սեռահոգեկան բարդույթով կսկսեն տառապել: Ի վերջո, ատելություն գեներացնող նման միջավայրում, թե ով ում արյունը բառիս բուն իմաստով կխմի, ճկունակության տեխնիկայի և ժամանակի հարաբերականության հարց է: Եվ սա ևս լուրջ պատճառ է, որ ԵԹԿՊԻ թատերագիտական բաժին ընդունվել ցանկացողն, իր կամեցածն իրականացնելուց առաջ, հանգմանաքները մի լա՛վ ծանրութեթև անի, նոր մտածի արժե՞ արդյոք… Չէ՞ որ մեր երկրում թատերագետների, և հատկապես թատերախոսների հանդեպ սերմանված հիվանդագին ատելությունը, կարող է և բռնության տեսքով խմբակային հանցագործության վերաճել ու երկրի ղեկավարման ամենաբարձր մակարդակի պատվերով կոծկվել:

Ինչևէ, վերոհիշյալ բարոյահոգեբանական բացերից մեկն էլ,թերևս թատերագիտական աշխատանքի խրախուսման-մոտիվացման մշակույթի անմխիթար վիճակն է: Ընդհանրապես աշխարհում աշխատանքի ընդունված ոգևորման ձևերը մի քանիսն են:

Առաջինը՝ ֆինանսականն  է, որը տնտեսապես ծանր վիճակում գտնվող մեր երկրում այդքան էլ իրատեսական չէ, քանզի անձնական բժիշկը, շքեղ ավտոմեքենան ու խոշոր շահումները ‹‹հայրենասիրական›› կատեգորիա են:

Երկրորդը՝ ինչ-ինչ արտոնություննների տրամադրումն է: Օրինակ՝ գրողների և նկարիչների միությունների անդամները տարին մեկ անգամ կարողանում են օգտվել Ծաղկաձորի և Շորժայի հանգստավայրերում կեցության արտոնյալ պայմաններից: Սա նույնպես իրատեսական չէ, քանզի անհնարինության պատճառները երջանկահիշատակների ապրած կյանքում են:

Եվ երրորդը՝ մրցանակաբաշխությունները, որոնք անաչառորեն անցկացվելու դեպքում արված աշխատանքի գնահատման արդյունավետ միջոց են: Թատերական բնագավառի բարեխիղճ մասնագետին այդ մրցանակով պարգևատրելով՝ նրանում մոտիվացիա է ծնվում այն մտածման համատեքստում, որ ինքն իզուր չէ իր գործին նվիրվելով երկրին ծառայել: Այդկերպ անշուշտ նաև հետագա մասնագիտական գործունեության հանդեպ հավատն է իր դիրքերն ամրապնդում արվեստագետի արժեհամակարգում: Թատերական դաշտն այս առումով պատկառելի ավանդույթ ունի ի դեմս ‹‹Արտավազդ›› մրցանակաբաշխության: Ամեն տարի գարնանամուտին բոլորը յուրահատուկ խաղային տարերքի լարումով սպասում են մարտի 27-ին, որ իմանան, թե ովքե՞ր են տվյալ տարեթվում լավագույնս իրենց դրսևորած թատերական գործիչները:

Բայց ցավալիորեն այս մրցանակաբաշխության սահմանած անվանակարգերում բացակայում է տարվա ‹‹Լավագույն թատերախոսական›› անվանակարգը: Թեպետ թատերագետները թատերաց պատանցքից սպրդած դուրսպրծուկներ չեն և նույնպես թատերական գործիչներ են կարծես թե: Նրանք միջակությունն իրենց փորձագիտական տեքստերում ոչ մի գնով չհանդուրժող մասնագետեր են ընդամենը: Դե հիմա մի պահ պատկերացնենք տարվա ընթացքում թատերախոսական տպավորիչ ակտիվություն ցուցաբերող(խոսքը բնավ էլ թուղթ մրոտող ապաշնորհ գուտապերչային գրչակների մաիսն չէ) թատերական քննադատների հոգեվիճակը, երբ նորելուկ երիտասարդին(դերասան, ռեժիսոր) պարգևատրում են կատարած աշխատանքի համար, իսկ նեղ մասնագիտական հոդվածագրությամբ զբաղվող միջին տարիքի արվեստագետին սունդուկյանական մտատանջությունների(Ո՞վ իս դուն, ի՞նչ իս դուն, ի՞նչ թատերագործիչ իս դուն, վուր քիզ…) դրդում: Կգտնվի՞ արդյոք այնպիսի մեկն, ով փաստարկված կկարողանա մեզ ապացուցել, որ մարդու սահմանադրական հավասարության և ոչ խտրական վերբերմունքի իրավունքներով օժտված թատերագետն իր մասնագիտական արժանիքներով չի՛ կարող համեմատվել դերասանի, ռեժիսորի, բեմանկարչի ու երաժշտական ձևավորման հեղինակի հետ: Խիստ կասկածում ենք:

Ուստի կամա, թե ակամա ստեղծված անարդար դրությունը շտկելու նկատառումով շատ լավ կլիներ, եթե ՀԹԳՄ-ն նախաձեռներ ‹‹Արտավազդ›› մրցանակաբաշխության անվանակարգերի ցուցակում ‹‹Տարվա լավագույն թատերախոսական›› անվանակարգի ավելացումը: Սա շոշափելիորեն կմեղմի թատերագիտական համայնքի հանդեպ եղած անարդարացի վերաբերմունքը, ինչը ՀԹԳՄ-ի կողմից ձեռնարկած ևս մեկ քայլ կլինի տվյալ մասնագիտության վերացման դեմ պայքարի գործում: Հետևապես նաև 21-րդ դարի հայ թատրոնի պատմության արձանագրման հարցում, քանի որ հետագա հետազոտողների հիմնական աղբյուրներից մեկը հենց թատերախոսականներն են լինելու: Մանավանդ, որ որոշ բեմական գործիչների կողմից քննադատական աշխատանք թատերախոսականի պատահական ու դիտավորյալ դեմոնստրատիվ անտեսումները (անձնավորված վերաբերմունքի, քաղաքական հարմարավետության և այլ ողորմելի պատճառներով) թատերագետին առանց այն էլ ստիպում են կասկածել, թե արդյոք արժե՞ այս տեսակ տհաճ մթնոլորտում շարունակել գործունեություն ծավալել: Հայ թատրոնի հետագա պատմության համար մասնագիտական նյութ ստեղծել, որ այդպիսի անշնորհակալ շնչավորների ստեղծագործական կյանքը 21-րդ դարում ամոթալի բանահյուսական հնաձևի՝ զուտ բերնեբերան փոխանցվող տեղեկատվության մակարդակում չմնա: Մասնագիտական անդրադարձի արժանանա, ինչի սակավության վերաբերյալ իր մտահոգությունը քանիցս հայտնում էր նաև Երվանդ Ղազանչյանը՝ եզրակացնելով, որ այդպիսով վտանգվում է Հայ թատրոնի պատմության արձանագրման խնդիրը: Նա ներուժի տեր թատերագետի հարգն ավելի քան լավ գիտեցող ու արժևորող մտավորական էր: Ասենք ավելի՛ն, ամենևին պատահական չէ, որ թատերական ընտանիքում մեծացած Հակոբ Ղազանչյանի ղեկավարած ՀԹԳՄ-ն ամեն կերպ աջակցեց թատերագիտական կայքի ստեղծման գաղափարի կյանքի կոչմանը: Սա է, որ մեզ հույս է ներշնչում մեր կողմից բարձրացված խնդրի դրական լուծման հարցում: Ուրեմն, լցվենք համբերությամբ և հետևենք իրադարձությունների զարգացմանը:

ՏԻԳՐԱՆ Մարտիրոսյան

899 հոգի