Սեղմիր
ԷՍՍԵ

22. 11. 2021  01:44

Հովհաննես Հաջինյանը շատ դերեր չի խաղացել, խաղացած կերպարների մեծ մասն էլ անուն չունի և ընթերցողին հիշեցնելու համար անհրաժեշտ է նկարագրել դրվագը, կերպարային երանգները, երբեմն՝ հագած զգեստը: Այդպիսինն է շատ միմերի ճակատագիրը: Մի հարց կա, որ վաղուց է հնչում՝ հնարավո՞ր է արդյոք խաղացած կերպարին նայելով տեսնել դրա հետևում թաքնված դերասանի մարդկային էությունը:

Ճշգրիտ պատասխանել անհնար է, քանի որ մարկային էությունը մեր պատկերացումն է, ոչ թե հստակ չափումների ենթարկվող մի բան: Հովհաննեսի դեպքում այս հարցը շատ ավելի բազմաշերտ պատասխան է ստանում: Առհասարակ միմերին հատուկ է կերպարից որոշակի օտարումը:  Հովհաննեսի խաղում, սակայն, կար մի նուրբ ժպիտ (որքան էլ նուրբ բառը հակառակ է նրա արտահայտիչ դիմագծերին), որով նա հետևում էր թե՛ իր կերպարին, թե՛ հանդիսատեսին:

Ինձ համար նա միշտ անսպասելի էր, բեմում թե կյանքում, ստանդարտից դուրս: Մարմնավորած կերպարները չէին անձնականացվում, Հովհաննեսի խաղը չէր կառուցվում սեփական անձի վրա, դրանք նրա երևակայության և ստեղծագործական աշխատանքի արդյունք էին: Երբեմն բավական տարբեր էին իրարից: Երբ նա բեմ էր դուրս գալիս, կարծես շատ լուրջ էր, բայց դրա հետ մեկտեղ զարմացած: Դեռ ոչինչ տեղի չէր ունեցել, բայց նրա հերոսները մի տեսակ զարմացած էին աշխարհի վրա: Անգամ խելառ, կատակային լուսանկարների վրա լուրջ դեմքով ու զարմացած հոնքերով էր: Լուրջ էր, որովհետև իրատես էր, ոտքերով հողին կպած: Զարմացած էր, որովհետև ներքուստ չէր պղտորվել, չէր կորցրել մանկան անմիջականությունը, պարզ բաների վրա ուրախանալու և տխրելու ունակությունը: Դերասանի կտրուկ, երբեմն չոր շարժումներով կառուցված նրա դիմակն ավելի էր ընգծվում, առանձնանում իր անձից:

Հովհաննեսը կյանքում էլ շատախոս չէր: Երբեմն միմերը և պարողները լուռ մնալով աշխատանքի ժամանակ առօրյայում տեղը հանում են, խոսում ու պատմում են, նկարագրում ու բացատրում ամեն ինչ: Հովհաննես Հաջինյանը հոյակապ լսում էր, ուշադիր, արձագանքելով, բայց երբեք չընդհատելով: Միշտ հանգիստ էր լսում, չեմ հիշում նրան գեթ մեկ անգամ բորբոքված, նյարդայնացած: Կարծես մի գաղտնի բան գիտեր, որն ասելու կարիք չկա: Իր դերերում էլ նա մի բան գիտեր, իր հերոսներին թողնում էր անտեղյակ, բայց ինքը գիտեր ու դրա համար էլ լուրջ ու զարմացած դիմակի հետևից մեղմ ու ջերմ ժպիտով լույս էր տալիս:

ՎԱՍԻԼԻ Գևորգյան

671 հոգի