Սեղմիր
ԷՍՍԵ

21.11.2021  01:49

Դ․Դեմիրճյանը «Երկիր Հայրենի» պատմա հերոսական դրաման գրել է 1939 թվականին, նրա թեման 11 - րդ դարում Անիի թագավորության կործանումն է, բեմադրվել է մեր օրերում: Բայց երեք տարբեր դարաշրջաններում խնդրո առարկան համարյա նույն է․ ազգային ինքնության ճգնաժամ, ինքնաոչնչացման ծրագիր, պետականության կորուստ :

Վանաձորի Հովհաննես ԱԲԵԼՅԱՆԻ անվան պետական դրամատիկ թատրոնի «ԵՐԿԻՐ ՀԱՅՐԵՆԻ» երկայացումը սկսվում է հայկական ժողովրդական «Յարխուշտա» պարը հիշեցնող պլաստիկ շարժումով, սակայն պայքարի ոգի ամրապնդող պարի փոխարեն ականատես ենք դառնում կտրուկ հետախույզ դարձումների, կասկածամիտ հայացքների, միմյանց նկատմամբ անվստահության այլ դրսևորումների: Բեմում շղթաներից հյուսված ցանց ոստայնն է, որի որոգայթներով բռնված թփրտում են բոլոր անեցիները: Ցանց, որ երբեմն հենման կետ ամբիոն է, քիչ անց սահմանափակող պատ, և այլն, և այլն:: Ներկայացման ավարտին ուռկան - որոգայթը դառնում է քառանիվ մարտակառք, վեր է խոյանում, և կանացի չքնաղ ձայնի վոկալիզային երգեցողության համադրությամբ հանդիսականի մտապետկերում հառնում է Անիի երազային - մետաֆորիկ պատկերը․․․ Անեցիների վեր պարզված ձեռքերից վեր՝ բարձր ու անհասանելի: Թենենսի Ուիլյամսի Պլաստիկ թատրոնին վայել մետաֆոր այլաբանություն, որն ընկալվում է որպես գեղագիտական դատավճիռ բոլոր հին ու նոր վեստ սարգիսների ու գետադարձների նյութած խարդավանքների․․․

 Բեմադրության էքսպոզիցիայի պլաստիկ շարժումը, նրա սցենոգրաֆիան և երածշտական վոկալիզը միմյանց հաջորդող ռեժիսորական կոմպոզիցիաների մի ամբողջական շարք են՝ յուրյանց ներքին կապերով ու կամրջակներով, որոնք բեմի նվիրյալ վարպետ Վահե ՇԱՀՎԵՐԴՅԱՆԻ մտահղացմամբ հունցվում ու հյուսում են Դ․ ԴԵՄԻՐՃՅԱՆԻ «ԵՐԿԻՐ ՀԱՅՐԵՆԻ» դրամայի հանդիսանքային տարբերակի իմաստակիր մետաֆոր այլաբանությունը: Ներկայացում - այլաբանություն, ներկայացում - հետաքննություն, որի ընթացքում փորձ է արվում գտնել հայերիս համար այսօր ճակատագրական մտասևեռում դարձած հարցի պատասխանը, - Ինչո՞ւ է ընկնում Երկիր Նաիրին․․․ Հազարամյակ է բաժանում մեզ Դ․ Դեմիրճյանի «Երկիր Հայրենի» դրամայում պատկերված ժամանակաշրջանից, բայց միևնույն խնդիրների թնջուկն է․ ․ Ինքնուրաց սեր առ Հայրենիք, իշխանության ու ոսկու ամենակուլ ծարավ, և քիչ այլ լրակազմով ուժային վեկտոր եռանկյունի՝ Հայաստան - Բյուզանդիա - քոչվոր թուրք սելջուկ․․․ Բյուզանդիան 1042 թ․1օօ օօօ - անոց բանակով եկավ Անիի վրա: Անին ընդամենը 3օ օօօ բանակով պարտության մատնեց թշնամուն: Ոսոխը չորս անգամ հարձակվեց Անիի վրա, չորս անգամ էլ Անին բացեց դարպասները, դուրս սուրաց, և ծերունազարդ սպարապետ Վահրամ Պահլավունու գլխավորությամբ ետ մղեց թշնամուն: Հայն արի է, Երկիր հայրենին՝ անպարտ: Բայց երբ արտաքին թշնամուն միանում է ներքին թշնամին, երբ կռիվը է մղվում երկու ճակատով՝ իրավիճակը դառնում է օրհասական: Գահի երաշխավոր Վեստ Սարգսին հաջողվում է խարդավանք նյութել Գագիկի արքայի և Սպարապետի միջև: Նա և կաթողիկոս Գետադարձը համոզում են Գագիկ թագավորին չանսալ Բյուզանդիայի կայսեր հրավերը, և գնալ Պոլիս:

Հաջորդիվ՝ Անիի 40 բանալիները ուղարկում են Բյուզանդիա․ - Գագիկը հրաժարվում է գահից : Անին ընկնում է: Ավաղ, Անի քաղաքի հազար ու մի եկեղեցիները, և նրանցում հնչող ջերմեռանդ աղոթքը ի զորու չեն փրկելու քաղաքը: Բեմադրությունը սակայն ավարտվում է կախման կետերով․ - Ուրեմն ի՞նչ, ամեն ինչ վերջացա՞վ, - հարցին ի պատասխան Գագիկ արքայի դերակատար Վարդան ԳԵՎՈՐԳՅԱՆԸ բուռն հակադարձում է․ - Չվերջացա՛վ, չվերջացա՛վ, չվերջացա՜վ: Սահմռկեցուցիչ լռության մեջ․ սակայն կարճ դադարից հետո պայթում են փոթորկալի ծափերն ու օվացիաները : Հանդիսականը թաց աչքերով մեծ դժվարությամբ թողնում է թատերասրահը : Սուբլիմացիա մաքրագործումն այլևս կատարված փաստ է:

ԱՆԱՀԻՏ Մարգարյան

326 հոգի