Սեղմիր
ԷՍՍԵ

20.11.2021  03:04

«Պատմությունը չունի ենթակայական խոնարհում» հեռուստահաղորդման ժամանակ ասաց Լերմոնտովի մասին պատմող մի ռուս գրականագետ: Քանզի անհնար է վստահ ասել. ինչ կլիներ, եթե ... Ես էլ չգիտեմ, թե ինչ կլիներ, եթե տարիներ առաջ Ադամ Խալաթյանը չընդունվեր Թատերական ինստիտուտ՝ Յուրի Կոստանյանի արվեստանոց: Բայց ինչ-որ էական բան կփոխվեր, ես դա գիտեմ, վստահ եմ ասում: Կփոխվեր ոչ միայն Ադամի կյանքում, այլև մեր բոլորի, որովհետև նա մենակ չէր ապրում, իր կյանքի մի մասն էր դարձնում շրջապատող մարդկանց և եթե այլ ուղի ընտրեր, այլ մարդ կլիներ, մեր, շատերիս կյանքն էլ այլ կլիներ: Լավ, շատերի անունից խոսելը քաղաքական գործիչների սիրած զբաղմունքն է, ես իմ անունից խոսեմ:

Ադամին նախ ճանաչեցի, որպես միասնական խմբի անդամ. կուրսը մի յուրատեսակ դիմադրություն էր ցույց տալիս, սկզբունքորեն հակադրվելով առարկան անգիր անելու գաղափարին. ես նրանց «Հայ թատրոնի պատմություն» էի դասավանդում, իսկ ուսանողների մեջ արմատացած էր մի կարծրատիպ, թե գնահատական ստանալու համար անհրաժեշտ է առանց հասկանալու անգիր անել: Ադամը չորս կուրսեցու հետ դասերի ընթացքում անսպասելի հարցեր էր տալիս, իսկ նպատակը պատմության մեջ թաքնված նորույթը բացահայտելն էր, առարկան արդիականության լույսով տեսնելը: Մարդը գիտի, թե ուր է եկել, ինչ է անում, ինչի համար, և հիմա էլ ուզում է պարզել, թե ինչով իր գործում իրեն օգտական կլինի այս առարկան և ինչ կարող է տալ այս դասախոսը: Ադամն ինձ համար առարկայի և որոշ չափով նաև իմ դեմ ուղղված այդ ակտիվության մեջ երևաց որպես վստահելի ընկեր, ընդհանուր գաղափարին հետևող, անդավաճան համակուրսեցի:

Հաջորդ փուլը նրանց քննությունն էր, բեմ էին հանել իրենց «The best of Shakespeare»-ը, որտեղ յուրաքանչյուրը երկու-երեք կերպար էր մարմնավորում: Չեմ կարող նկարագրել խաղային մանրամասներ, բավական ժամանակ է անցել, անգամ վստահ չեմ պնդի, թե որ կերպարներն են մարմնավորում: Բայց հիշում եմ, որ Ադամն ինձ ներկայացավ բոլորովին նոր կողմից, անսպասելի գունեղ: Մինչ այդ լսարանում նրան պատկերացրել էի որպես ավանդապաշտ, ընդունված ֆորմաների զարգացման կողմնակից, իսկ այստեղ նա պատրաստ էր փորձարկումների, գլխով սուզվում էր խաղային տարերքի մեջ: Խոստումնալից էր:

Ավարտելուց հետո Ադամի հետ ունեցել եմ ընդամենը մի քանի պատահական հանդիպում: Պարզապես բարևում էինք, մի քանի բառ փոխանակում և հեռանում: Եվ ամեն կարճ հանդիպում լուսավորվում էր նրա ժպիտով: Երբ հարցնում էի, թե ինչ է անում, միշտ հակիրճ էր պատասխանում. «Խաղում եմ»: Ցավոք թատրոն հաճախ գնալ չի ստացվում, ուստի պրոֆեսիոնալ բեմում նրան չեմ տեսել: Բայց բացի այդ հանդիպումներից լսում էի նաև նրա անունն ինձ սերնդակից դերասաններից, ռեժիսորներից, հասկանում էի, որ տարբեր նախագծերում Ադամը մասնակցում է և ընդամենը ժամանակ է պետք, որ այդ աշխատանքների արդյունքը ևս մեկ անգամ զարմացնի:  Ի՞նչ կլիներ, եթե ամեն ինչ այլ կերպ լիներ:

ՎԱՍԻԼԻ Գևորգյան

996 հոգի