Սեղմիր
ԷՍՍԵ

18.11.2021 01:00

Նիհար, թուխ մի տղա ներկա-բացակա անելիս արձագանքեց հանգիստ, մի փոքր նույնիսկ քաշվելով և ամբողջ կիսամյակն աշխուժությամբ աչքի չէր ընկնում: Թվում էր, թե առանձնապես ուշադիր էլ չէ, թեպետ երբ եկավ միջանկյալ քննության շրջանը, հանձնարարությունը կատարել էր որոշ վայրիվերումներով, բայց՝ ինքնուրույն: Առաջին անգամ հետաքրքրեց երբ Էլեկտրիկ Երևանի բողոքների ժամանակ դասախոսներից մեկը, խոսելով ոստիկանության կիրառած միջոցների մասին պատմեց, որ Պարույրի մեջքն ամբողջությամբ քերծված էր, ջրցանն էր գետնով քարշ տվել: Դրանից մի երկու օր անց տեսա նրան Բաղրամյանի պողոտայում, մի քանի բառ փոխանակեցինք, ոչ բողոքեց, ոչ անգամ ասեց, որ մեջքը վնասել է, միայն հայտնեց իր տեսանկյունը, թե ինչո՞ւ է հիմա այստեղ գտնվում: Առարկայի ամփոփիչ քննությանը Պարույրը չպատասխանեց, հայտնեց, որ պատրաստ չէ և կպատասխանի վերահանձմանը: Առաջին անգամ չէր, որ նման խոսք էի լսում ուսանողից. ափսոսեցի, որ հնարավորությունը չի օգտագործելու, բայց նաև շնորհակալություն հայտնեցի, որ խնայում է երկուսիս ժամանակը և անպատրաստ չի փորձում այստեղից-այնտեղից խոսելով գնահատական կորզել և խնդրեցի վերահանձմանը լավ պատրաստվել: Սեպտեմբերին վերահանձնումների շրջանում Պարույրն ինստիտուտի միջանցքում մոտեցավ ինձ, խնդրեց երկու րոպե ժամանակ: Խոսեց այն մասին, որ որոշել է հեռանալ ինստիտուտից, չի ուզում քննությունը հանձնել և խնդրեց ոչ մի դեպքում դա չկապել իմ կամ առարկայի հանդեպ վերաբերմունքի հետ: Ասաց, որ ինքն է որոշել, որ ավելի ճիշտ է հիմա բանակ գնալ, հետո կվերադառնա և կավարտի, այնպես կհանձնի բոլոր քննությունները, որ արդյունքն իր սրտով լինի:

Պատասխանեցի միայն, որ իր որոշումն է, ես այդտեղ որևէ խորհուրդ տալ չեմ կարող: Ինքն առանձնապես չէր էլ սպասում խորհրդի: Հրաժեշտ տվեցինք և ամենքս անցանք մեր գործերին: Մի քանի օր անց, երբ արդեն պաշտոնապես վերաքննությունն ավարտվել էր, ինձ հրավիրեցին պրոռեկտորի սենյակ, որտեղ նաև նստած էր Պարույրի կուրսի ղեկավարը՝ Սաթենիկ Զավենովնան: Պարզվեց, որ խոսքը Պարույրին ևս մեկ անգամ պատասխանելու հնարավորություն տալու մասին է: Հետաքրքիր էր, փորձառու դասախոսը չէր պահանջում, խնդրում էր հնարավորության մասին և բարեկիրթ խոսքի տակ զգացում էր նրա հուզվածությունը. «Պարույրը ռոմանտիկական գաղափարներով է տարվել, ասում է՝ ես պիտի գնամ առաջնագիծ (հիշեցնեմ, որ սա տեղի էր ունենում 2015 թվի սեպտեմբերին, միչև տասնվեցի ապրիլյան իրադարձությունները)»: Կուրսղեկն ի տարբերություն նմանատիպ իրավիճակների ոչ թե խոսում էր այն մասին, թե որքան է իրեն անհրաժեշտ կուրսում այդ տղան, այլ փորձում էր ներկայացնել Պարույրի վիճակը, մարդկային մղումները, գաղափարները, որոնցով ոգևորված է երիտասարդը: Բնականաբար ես համաձայնեցի և Պարույրի հաշվին ևս մի քանիսը հնարավորություն ստացան վերահանձնելու քննությունը՝ տարբեր արդյունքներով: Իսկ Պարույրը պատասխանեց նորմալ, որքանով որ հասցրել էր վերհիշել նյութը: Քննությունն էր մեր վերջին հանդիպումը:

ՎԱՍԻԼԻ Գևորգյան

596 հոգի