Սեղմիր
ԲԱՌԱՐԱՆ
ՀՐԱՊԱՐԱԿԱԽՈՍԱԿԱՆ ԴՐԱՄԱ

Հասարակական-քաղաքական գրականության տեսակ, որտեղ  բարձրացվում են կյանքի ակտուալ երևույթներն ու խնդիրները, որոնք կարող են ազդել հասարակության կարծիքի վրա: Իր արտահայտչամիջոցների մեջ ներառում է կոմիզմի տարբեր դրսևորումներ. քաղաքական կամ գիտական-փիլիսոփայական խնդիրներն այս պիեսներում կարող են արտահայտվել նաև հուզականությամբ, իսկ քաղաքացիական տրամադրությունների հիմքում հասարակական մտահոգությունն է: Հրապարակախոսական պիեսներում ամենավառ կերպով  են արտահայտված հասարակական տրամադրությունները, արտացոլված են հանրային կյանքի վայրիվերումները, մարդկային ու հասարակական չկարգավորված հարաբերությունները, ընդգրկված են ժամանակի սոցիալական իրականության ազդակները:

Հրապարակախոսական-հրապարակային դրամայի ակունքները դեռևս անտիկ շրջանից են գալիս: Այդ շրջանում այն դրսևորվել է բանավոր, ապա դարերի ընթացքում զարգացում է ապրել՝ հասարակության ուշադրությունը բևեռելով հրատապ հարցերի վրա: Որպես առանձին ժանր այն հանդես է եկել մասնավորապես քաղաքական կյանքի վայրիվերումների, նախահեղափոխական և հեղափոխության շրջաններում: Հրապարակախոսական դրաման բազմաշերտ է, ոչ ավանդական դրամատուրգիական ձև, հիմնականում ներառում է հասարակական, քաղաքական թեմաներ, որոնք կարող են ներկայացվել սատիրայի, սարկազմի շնչով: Քաղաքական դրաման, ագիտպրոպը, դոկուդրաման, stand-up շոուն, պերֆորմանսը, սոցիալական դրաման և այլ ժանրատեսակներ կարող են ներառել հրապարակախոսական տարրեր: Հրապարակախոսական դրամայի գեղարվեստական գլխավոր հնարները  հիմնականում սուր հեգնանքն ու հումորն են, որոնց շնորհիվ թուլանում են ագրեսիայի կենտրոնները, մեղմվում են սոցիալական խմբերի հակասությունները՝ նաև զվարթություն հաղորդելով ընթերցողին կամ հանդիսատեսին: Սոցիալական, քաղաքական, անգամ պատմական դրդապատճառները կմնան արտարվեստային այս դրամաներում, եթե շրջանցվի արվեստի կարևորագույն սկզբունքներից մեկը՝ սիմվոլացումը, հատկապես եթե վերոնշյալ հարցերի քննումը ստանձնել են զանգվածային հաղորդակցության այլ միջոցները: Հեգնանքի ու հումորի շնորհիվ չեզոքանում է արտարվեստային խնդրառությունը:  

Դեռևս անտիկ շրջանից հայտնի են քաղաքական սատիրիկ դրամաները, որոնք նկատելիորեն ազդում էին հասարակական կարծիքի վրա Հունաստանում:  Խորհրդային շրջանում առաջ էին քաշվում գերիշխող քաղաքական իդեալներն ու տեսությունները, մարքսիստական գաղափարախոսությունը՝ ի նպաստ կոմունիզմի: Քաղաքական թատրոնի համատեքստում իրենց ծանրակշիռ դերն ունեին Բերթոլդ Բրեխտը, Ավգուստո Բոալը, Պիտեր Վայսը, Էրվին Պիսկատորը:

Քաղաքական դրաման վերընդլայնում է լսարանը. այն հասարակության ավելի լայն հատվածներին թատրոն բերելու ձգտում ունի. բուրժուական թատրոնի հանդիսականի շրջանակն ավելի նեղ էր: Դուրս գալով թատրոնի փակ տարածությունից՝ հրապարակախոսական դրաման հայտնվեց բաց տարածքներում՝ շուկաներում, զբոսայգիներում, թանգարանների բակերում, ռեստորաններում և այլն: Հաճախ այս դրամաների մեջ ներթափանցում են նատուրալիզմի տարրեր:  Քաղաքական հեգնանքը դինամիկ է դարձնում այսօրինակ ժանրատեսակը, դառնում է նրա առանցքային համեմունքը՝ աղը: Թատրոնի այն բաղադրատրրը, որ երբեք չի հնանում, հավերժական է, ինչպիսին էլ լինի նրա դրսևորման կերպը: Դա հեգնանքն է: Դրանով են օտարվում բոլոր տեսակի կրքերը: Դրամատուրգիական արժեքները դրանով են կենսունակ ու արդիական բոլոր ժամանակների համար:

20-րդ դարում ստեղծվեցին դրամատուրգիական նոր ձևեր (էպիկական թատրոն, դրամա-պրիտչա, հրապարակախոսական դրամա և այլն), կոնֆլիկտի նոր կերպեր, կերպարաստեղծման նոր սկզբունքներ: Թերթ-թատրոնների ի հայտ գալը ևս հրապարակախոսական դրամայի դրսևորում է. խաղարկային եղանակով փորձ է արվում լսարանին հաղորդելու նորություններ, հրատապ կամ թարմ լուրեր, առաջնություն է տրվում թեմային ու քաղաքացիական տրամադրություններին:

Հրապարակախոսական դրամայի տարրեր պարունակող քաղաքական սատիրա է Մաքսուել Անդերսոնի՝ Պուլիցերյան մրցանակի արժանացած, պամֆլետ հիշեցնող «Ձեր երկու տները» պիեսը (1933 թ.), որի վերնագիրը սերում է Շեքսպիրի կերպաներից մեկի՝ Մերկուցիոյի «Ժանտախտը լափի ձեր երկու տներն էլ» արտահայտությունից: Մ. Անդերսոնի՝ Սոկրատեսի մասին «Ոտաբոբիկ Աթենքում» պիեսը (1951 թ.) ունի հրապարակախոսական տարրեր:

Ռուսաստանում հրապարակախոսական պիեսներ գրվեցին հատկապես 1970-ականներին: Այս շրջանում ստեղծված հրապարակախոսական պիեսներում հեղինակի տեսակետն ու դիրքորոշումն առավել քան բացահայտ էր, հստակորեն ուրվագծվում էր իդեալը՝ սոցիալիզմի համատեքստում պահպանելով բարոյական չափանիշները: Հրապարակախոսական դրամայում հաճախ թատերագիրը բաց, ճակատային տեքստեր է գրում, բարձրացնում սոցիալական-հասարակական սուր խնդիրներ, պաթետիզմով, սարկազմի կամ սատիրայի միջոցով անդրադառնում քաղաքական կյանքին: Կան բազմաթիվ հրապարակախոսական աուդիոներկայացումներ ևս, որոնցից ամենահայտնիներից է Միխայիլ Շատրովի՝ Լենինի մասին  հրապարակախոսական «Այսպես կհաղթենք» դրամայի մոտիվներով ստեղծված ներկայացումը, որը խաղացել են ՄԳԱԹ-ում: Հայտնի էր նաև Վլ. Կիրշոնի «Ռելսերը զնգում են» պիեսը (1928 թ.), որը պատումներից տարբերվում է իր կառուցման մեթոդով: Մեկնաբանության պահը հատկապես կարևոր է հրապարակախոսական պիեսների առնչությամբ, քանի որ որոշիչ են դառնում ժամանակակից կյանքի խնդիրները։ Հրապարակախոսական կատակերգությունը կամ դրաման միշտ ներկայացնում են կյանքի մեկնաբանությունը: Ինչպես ցանկացած մեկնաբանություն, դա ևս թելադրում է իրականության գեղարվեստական ​​վերափոխումը։ Լուսանկարչությունը գաղափարական դրամայի ամենավատ թշնամին է: Նայելով ժամանակակից կյանքի խնդիրներին՝ հանդիսականը ցանկանում է ներթափանցել դրանց էության մեջ:

Դոկումենտալ դրաման, որտեղ  վավերագրական նյութի օգտագործմամբ շեշտվում են փաստերը, ևս իր մեջ կարող է ունենալ հրապարակախոսական թանձր շերտ, այն նույնպես իր հերթին կարող է ներառել փաստական նյութեր իրականությունից և ակնհայտորեն արտահայտել հեղինակի դիրքորոշումը, տեսակետը: Թե՛ հրապարակախոսական, թե՛ դոկումենտալ դրամաներում, թեև կարևոր և ակտուալ են փաստերի իսկությունն ու դրանց մասին տեղեկատվությունը, սակայն առաջնայինը դրանց մեկնաբանությունը, քննումը և էմոցիոնալ գնահատականն է:

Հայ ազգային դրամատուրգիան հարուստ չէ հրապարակախոսական դրամաներով: Խորհրդային շրջանում կային պիեսներ, որոնք հարուստ էին  կոմունիստական գաղափարներով և  խաղացվում էին որպես պարտադիր ծրագիր:

Հրապարակախոսական բազմաթիվ տարրեր կան հայ ժամանակակից դրամատուրգների գործերում: Օրինակ՝ Պ. Զեյթունցյանի «Ոտքի՛, դատարանն է գալիս» պատմական դրամայում, ստեղծագործության մեջ ոչ միայն հստակ զգացվում է  հեղինակի դիրքորոշումը, որն արդեն իսկ անցանկալի է վավերագրական ժանրում, երկար երկխոսություններն այստեղ երբեմն հրապարակախոսական  տեքստի տեսք  են ընդունում, ընդ որում,  տողարանքներում պարզ կարդացվում  են գրողի մեկնաբանությունները: Ս. Խալաթյանի՝ հրապարակախոսական տարրեր պարունակող «Արտավազք հինգաստղանի» ֆարսում Արտավազդ արքայի մենախոսության մեջ (երկիրն անդունդի եզրին հասցնելու խնդիրների վերհանումն է՝ դառը, հեգնական, ողբերգական շնչով) և այլն:

Հրապարակախոսական դրամայի տարրեր ունեն նաև, այսպես կոչված, տրիբունալային դրամաները, որոնք վավերագրականության «տիրույթում» են: Այդպիսի  գործերից հայտնի է Է. Պիսկատորի «Ի հեճուկս ամենի» երկը: Ի տարբերություն Պիսկատորի պիեսի, որը ստեղծվել է իրական ելույթների, թերթերից հատվածների և այլ նյութերի հիման վրա, տրիբունալ դրամայում օգտագործվում են դատական ​​արձանագրություններ, բայց դրանք միավորված են կազմման կամ խմբագրման մեթոդով, դրամատիկ տեխնիկա, որը գրեթե աներևակայելի էր մինչև 20-րդ դարը:

Իր մաքուր ձևով տրիբունալային դրաման ենթադրում է միայն արձանագրության խմբագրում և բացառում է այլ փաստաթղթերի օգտագործումն այնպես, ինչպես սովորական տեխնիկայի օգտագործումը (տեսարաններ ավելացնելը, երկխոսություններ կազմելը):

 21-րդ դարում ևս գրվում են այդ ժանրատեսակին պատկանող գործեր, օրինակ՝ շվեդ ճանաչված դրամատուրգ Լարս Նուրենի պիեսը՝ «Ի հիշատակ Աննա Պոլիտկովսկայայի» նույնպես հրապարակախոսական էր (2007 թ.): 

 2000-ական թվականների հրապարակախոսական դրամայի ամենահայտնի ձևերից մեկը Stand Up կոմեդիան է, որտեղ հիմնականում երգիծանքի միջոցով վերհանում են հասարակական, սոցիալական և քաղաքական ամենահրատապ խնդիրները: Եթե դասական դրամաներում հեղինակի «դիրքորոշումը և տեսակետը»  հստակորեն չեն երևում, ապա այստեղ դրանք ավելի քան տեսանելի են: Stand Up կոմեդիան, սկզբնավորվելով բուռլեսկից, վոդևիլից,  ստեղծվել է դեռևս 19-րդ դարի վերջերին և 20-րդ դարի սկիզբներին: Այս կոմեդիաներն ունեն իրենց ենթաժանրերը՝ ուղղված հատուկ լսարաններին: Հիմնականում գործող անձը մեկն է, որն ուղիղ դիմում է հանդիսատեսին: Ներկայացման ժամանակ հաճախ դերասանը կարող է ստեղծաբանել՝ ինտերակտիվ շփումներ ունենալով հանդիսականի հետ: Այս շոուները կարող են անցկացվել ամենատարբեր վայրերում՝ թատրոններում, հրապարակներում, ակումբներում և այլն: Հրապարակախոսական գրական հենքով ինքնաստեղծվող  պերֆորմանսներ նույնպես կարող են տեղի ունենալ վերոնշյալ վայրերում:

Հաճախ բեմադրվում են նաև, այսպես կոչված, սոցիալ-հրապարակախոսական դրամաներ, որտեղ, ինչպես «Հարված»( ներկայացման մեջ, կարող են անդրադառնալ էկոլոգիական խնդիրներից մինչև արհեստական ինտելեկտի ու չիպավորման հարցերին՝ ընդգրկելով նաև հետևյալ թեմաները՝ բախում անարդար աշխարհակարգի հետ, գործադուլներ, քաղաքական գործիչների վրա ազդելու գործողություններ և այլն:

 21-րդ դարում համաշխարհային գրականությունը լի է ժանրային փոխներթափանցումներով հարուստ երկերով: Թեև հրապարակախոսական դրաման բնույթով առանձնանում է մյուս ժանրատեսակներից, բայց  փոխկապակցված  է սոցիալական դրամային, որն անդրադառնում է ինստիտուցիոնալ փոփոխություններին, հեղափոխություններին, պատերազմներին՝ գեղարվեստական փոխակերպումներով:

Օգտագործված գրականություն

1. Հովհաննիսյան Հենրիկ, Թատրոն և թատերախոսություն, «Սարգիս Խաչենց» Երևան, 2004:

2. Նալբանդյան Ս., տե՛ս ««Հայոց ցեղասպանություն - 100». ճանաչումից՝ հատուցում»», Երևան, 2016:

3. Марков П. А., О театре«Новый мир», 1928, № 4,:

4. https://stasnamintheatre.ru/performance/zabastovka/ :

18.11.2021 00:46

Համահավաքեց՝ ԷԼՖԻՔ Զոհրաբյան

Խմբագրելի

1303 հոգի