17.11.2021 00:37
Տեսարանը բեմ է: Բեմի վրա -
թամաշա շանց տվողը՝ Ղարան:
Չարենց « Կապկազ թամաշա »
Չկա ոչ մի դեկորացիա, բեմի մթությունը երկնքից ընկնող աստղի պես ճեղքում է Ղարան՝ Վարդան Պետրոսյանը, կանգ առնում կենտրոնում, իր զվարթ ներկայությամբ լցնում բեմի դատարկությունը: Հենց սկզբից նա հանդիսատեսին է ներկայացնում իր նոր խաղային պայմանները, առաջարկում է նորամուծություն ֆրանսիական մշակույթից. բեմական թանկ ժամանակից մի քանի րոպե տրամադրել նորահայտ արտիստներին՝ Շուշիկի բենդին: Սկսնակ արտիստները երկար ճանապարհ պետք է անցնեն բազմամարդ դահլիճների առջև ելույթ ունենալու համար: Գեղեցիկ ավանդույթ է՝ նորեկին հնարավորություն է տալիս կայացած արտիստը: Հանդիսատեսին էլ հնարավորություն է տրվում գնահատելու իր սիրելի արտիստի սուր աչքը:
Վարդան Պետրոսյանը ներկայացնում է արտիստներին, խոստանում նրանց ելույթից հետո սկսել իր ներկայացումը, և կնքում պայման հանդիսատեսի հետ՝ երբ ինքը նորից բեմ դուրս գա, ծափահարեն այնպես, իբրև դա նրա առաջին մուտքն է, ապա հեռանում է:
Բեմի մի անկյունում հին լուսանկարի պես դասավորվում է բենդը, մի ակնթարթ քարանում ու կենդանություն առնելով երգում է: Կիսամթի մեջ հնչում են մեր ազգային երգերը՝ դարերի հիշողության վկաները, որ ծվարել ու հղկվել են սարերի ու լեռների կատարներին: Դրանք իրենց հետ բերում են մեր ժողովրդի անցած ճանապարհը, հոգսերն ու ձեռքբերումները: Այդ երգերը, նույնիսկ իրենց զվարթության մեջ, կարոտ են սփռում: Հանդիսատեսը, որ եկել է հիմնականում քաղաքական երգիծանք դիտելու, անսպասելի տեղում հանդիպում է իր ակունքների հետ՝ սարերի հովի պես մեղմ, աղբյուրների պես զուլալ աղջիկների ձայնը զարթնեցնում է մեր նախնիների հոգու կանչը հանդիսատեսի մեջ: Եվ դրանից հետո Վարդան Պետրոսյանի ներկայացումը հանդիսատեսը դիտում է այդ հայացքով, ժողովրդի անցյալի ֆոնին, պատմության հետ հարաբերության մեջ, պատմական հիշողության տեսանկյունից: Թամաշա ենք անում ներկայիս բարդ իրավիճակը, որտեղից ուր ենք հայտնվել, ինչպիսի իրականություն ենք ստեղծել: Վստահաբար արտիստը այս մասին չի մտածել, նրա նպատակը այլ է եղել, բայց բեմում կատարվածը ձեռք է բերել նոր իմաստ:
Երգչուհիները հայտնվել են իրենց համար նոր պայմաններում: Համերգային ծրագրով դուրս գալ որպես երգարվեստի կատարող այլ է (արտիստը այլ խնդիրներ է հետապնդում, առաջին պլանում ձայնին տիրապետելու վարպետությունն է), բոլորովին այլ՝ ներկայացման մեջ ընդգրկվել որպես երգչուհի: Նրանց համար ստեղծվում է խաղային մի վիճակ, որտեղ ստեղծագործողի բնազդով իրենք խաղում են իրենց: Երգը դառնում է միջոց, խաղի պայման, երկխոսություն հանդիսատեսի հետ, ասված խոսք ու հույզ:
Դատարկ տարածության մեջ, ուր ժամանակը կանգ է առնում աղջիկների գնալուց հետո՝ ազգային բեռը բեմում թողնելով, ժամանակակից կյանքի ակտիվությամբ բեմ է վազում Վարդան Պետրոսյանը, ոջունում իր հանդիսատեսին:
Բեմի կենտրոնում դրված է մի աթոռ, որի շուրջ դերասանը ստեղծում է ոչ թե առարկայական, այլ ենթադրելի մի աշխարհ, պայմանականացված իրականություն: Բեմը արտիստի համար մի քանի հարթություն ունի: Արտիստը ներկայացման ընթացքում բազմիցս վերև-ներքև է անելու երևակայական աստիճաններով, ստեղծելու է հրապարակ, աշխատասենյակներ, փողոցներ… և այդ բոլորը իր և հանդիսատեսի մտքում: Որքան էլ, որ ձևավորման մեջ չի փոխվում ոչինչ, բայց հանդիսատեսը տեսնում է աշխատասենյակի շքեղությունը կամ աղքատությունը: Այս բոլոր միջավայրերի կենտրոնում մեկ աթոռ է ընդամենը, և միջավայրը արտիստը ստանում է դրան համապատասխան վարք ու բարքով, քայլվածքով, ժեստերով ու կեցվածքով: Նույն աթոռը դառնում է գահավորակ կամ բազկաթոռ, երբ Վարդան Պետրոսյանը կերպարին հատուկ ինքնավստահ կեցվածքով ընկղմվում է դրա մեջ, ծխախոտի անտեսանելի գլանակը խաղացնելով մատների մեջ: Հայացքի հեռավորության մեջ պարզ է դառնում այդ սենյակի մեծությունը: Նա մթության մեջ աֆեկտիվ շփվում է գոյություն չունեցող մարդկանց հետ, տալիս գոհունակության կամ դժգոհության պատասխան ազդակներ, դրանով իսկ ստեղծում տպավորություն, որ նա մենակ չէ, ընդգծում է սենյակում գտնվողների ենթադրելի ներկայությունը: Եվ հանդիսատեսը տեսնում է, որ աշխատասենյակը փոքր չէ: Մեկ ուրիշ դեպքում աթոռը դառնում է միտինգի բեմահարթակ կամ խեղճացած մարդու միայնակ անկյուն: Նա քաղաքական գաղափարները խաղի է վերածում: Մարմնավորում է տարբեր շրջանների նախագահների և խաղ սկսում նրանց բոլորի հետ: Այս կերպարները հեռու են նմանակումներ լինելուց: Նա այդ կերպարները ստանում է թեթև մի շարժումով, փոքրիկ ակնարկով: Առօրյա իրականությունը բեմ է բարձրացնում, քննում ինչպիսի իրականություն ենք ստեղծել և ինչպիսին ենք ուզում ունենալ: Նրա սուր աչքը գտնում է ժամանակը բնորոշող երևույթներ, գնահատական տալիս դրանց ծիծաղի միջոցով: Կյանքի հակասությունները նա դարձնում է ծիծաղելի, երբեմն՝ անհեթեթ: Ծիծաղելին երբեմն հասնում է հեգնանքի, որոշ տեղերում գրոտեսկի: Դերասանը հասնում է ծայրահեղ ընդգծումների, որոնք չեն հասնում անճոռնիության: Այս ժանրում ստեղծագործողի համար դժվար է պահպանել այդ սահմանը, բայց Վարդան Պետրոսյանին դա հաջողվում է:
Նա բեմ է բարձրացնում մարդկանց համար ցավալի թեմաներ և արատներ, ծիծաղել է տալիս դրանց վրա և գուցե դրա միջոցով փորձում նորոգել մարդկանց հոգևոր աշխարհը: Հեղինակ-դերասանը պատմում է, որ այս ներկայացումը ստեղծվել է, քանի որ նա խոստացել էր մարդկանց այս պահին անհանգստացնող հարցերի մասին խոսել բեմից: Իր խոստման ֆոնին ներկայացնում է թե ժողովրդին ինչեր են խոստացել քաղաքական առաջնորդները, ապա՝ ինչ է խոստացել մեր ազգին աստված (մեջբերում է Ագաթանգեղոսի պատումը, ըստ որի ճգնող Գրիգոր Լուսավորչին աստված խոստացել է, որ իր ժողովուրդը կապրի այնքան, որքան կապրի այս երկիրը, սակայն դժբախտ օրերը քիչ չեն լինի, որովհետև ժողովուրդն էլ իր հերթին աստծուն տված խոստում ունի):
Քանի որ ներկայացման թեման պտտվում է քաղաքականության, կուսակցության առաջնորդների, համավարակի, պատերազմի, լեզվի, կրոնի ու մշակույթի շուրջ, այսինքն հարցեր, որ միշտ ակտիվ քննարկման նյութ են համացանցերում, առօրյա շփումներում, երբեմն, ներկայացման մասին խոսելիս, անտեսվում է արվեստայինի շերտը: Ոմանք արտիստից հիասթափվում են իրենց համար քաղաքական համախոհի չտեսնելով: Ներկայացման ընթացքում լինում էին հանդիսասրահը լքողներ: Կարճ ժամկետում, արագ գրված տեքստային նյութում, իհարկե, կային հատվածներ, որ դեռ մշակման կարիք ունեին, կատակներ, որ կոպիտ էին նուրբ ճաշակ ունեցողների համար: Բայց տպավորությունն այնպիսին է, որ սա ներկայացում է հասարակական վայրերում, հրապարակներում խաղալու համար: Եվ նա թամաշայի է հրավիրում տարբեր քաղաքական հայացքների, կրթության, ճաշակի մարդկանց ու նրանց իսկ ստեղծած մարդկային հարաբերությունները, աշխարհն ի ցույց է դնում: Բոլորովին էլ պատահական չէ, որ նա այս ներկայացումով շրջում է շրջաններով: Սա նրա կոչն է մարդկանց միմյանց հանդուրժելու, ներելու ու ապրելու ցանկությունը չկորցնելու: Նա ուշադրություն է հրավիրում, որ պատերազմից վերադարձած հերոսներին, մենք վերաբերում ենք որպես պարտվածների, մենք հիշում ենք զոհվածներին, բայց չենք ապրեցնում ողջ մնացածներին: Սրանք, իհարկե, արվեստից դուրս հարցեր են, բարոյագիտական հարթության վրա դրված: Արտիստն իր պարտքն է համարել այս մասին իր հանդիսատեսի հետ խոսելը: Բայց այդուհանդերձ, դերասանի փնտրածը կյանքի ճշմարտությունը չէ: Նպատակը ընթացքն է, նա խաղի է վերածում կյանքի քաղաքական մասը և ակնհայտ է արտիստի խաղային տարերքի զգացումը, իր խաղից հաճույք ստանալը: Նա չի ձանձրանում և չի ձանձրացնում իր հանդիսատեսին: Մոտ երկու ժամ գտնվելով բեմում մենակ, ներկայացման բոլոր հատվածներում նույնչափ հետաքրքիր է ու դինամիկ: Նրա խոսքն ու պլաստիկան մշակված են, ներկայացման ընդհանուր տեմպառիթմը՝ անթերի: Բեմում Վարդան Պետրոսյանից լույս ու զվարթություն է ճառագում: Գուցե սա է պատճառը, որ անկախ թեմայից նրա յուրաքանչյուր ներկայացում նման է տոնի: Վարդան Պետրոսյանի ներկայացումները նման են միմյանց կառուցվածքի առումով: Ներկայացման կուլմինացիան նա չի կառուցում ոսկե հատման օրենքի համաձայն, այլ այն տեղափոխում է վերջ: Գործողության լարման ամենաբարձր աստիճանը թողնում է վերջում, այսինքն ներկայացման գործողությունը ապրում է զարգացում և կուլմինացիա, հանգուցալուծում տեղի չի ունենում: Նա հանդիսատեսին ենթարկում է էմոցիոնալ շոկի, ու թողնում մենակ՝ ինքն իր հետ: «Խոստումը» բացառություն չէր: Պառակտված իրականության ծաղրից հետո, կատակերգականից անցում է կատարում դրամատիկականի, և իր խոսքն ուղղում առ աստված. «Բոլորիս անունից մեկ րոպե լռություն քեզ գերագույն գլխավոր հրամանատար…»: Սա հնչում է Պետրոս Դուրյանի «Տրտունջքի» տրամաբանության մեջ: Կա և´ բողոք, և´ ընդվզում, և´ ճիչ, և´ փրկության հույս: Երբ բեմում կառուցած նրա իրականությունը ցույց է տալիս, որ «Աստուծո ծաղրն է աշխարհ ալ արդեն», նա հանդիսատեսին մղում է «Զղջման», դառնալ դեպի լույսը, բարին… Ներե մեզ Աստված:
Հայտնվում են կրկին աղջիկները, և նրանց երգն այս անգամ հնչում է աղոթքի պես, նրանք խաղաղությունը սնելու, փայփայելու և սիրելու կոչ են անում.
Ճերմակ աղունիկ, քեզ մի բուռ կուտ տամ,
Որ դու մեր սարերին բարև տանես,
Ճերմակ աղունիկ, քեզ քաղցր ջուր տամ,
Որ դու սարերից բարև բերես: