Սեղմիր
ՌԵՎՅՈւ, ՌԵՑԵՆԶԻԱ

14.11.2021  02:26

Բեմական հայելին արտացոլում է կյանքը: Կամ չի արտացոլում՝ հորինում է: Փիլիսոփաներին թողնենք իրականության մասին վեճերը և որպես արվեստին հետևողներ ասենք, որ հորինվածքը հաճախ ավելին է մեզ համար, քան որևէ ապացուցված իրականություն: Թող «գերռեալիստներն» ասեն, թե թատրոնը նմանվում է ջայլամի ավազին՝ փակենք աչքերը և վտանգը կչեզոքանա: Կհակառակվեմ. թատրոնը շունչ քաշելու տեղ է, մաքուր և հուսադրող, անգամ դրամաներում և ողբերգություններում:

Օ. Հենրիի պատմվածքների մոտիվներով բեմադրությունը Համազգային թատրոնում տևում է մոտ մեկ ժամ հիսուն րոպե: Բայց դա պնդում է ժամացույցը, իմ տպավորությամբ թռավ ակնթարթի պես: Թվաց, թե հանդիսատեսը երկու ժամով մոռացավ մեր օրերի բեռը: Ո՞ր պահին դա սկսվեց: Գրեթե սկզբից, երբ վարագույրը բացվեց և սկսվեց հինգ պատմվածքներից առաջինի ներկայացումը:

Բեմադրության մեկնարկը թատրոնի և գրականության շաղախ է. բարձրախոսներից հնչում է հեղինակի տեքստը, որ վերացական է, նկարագրում է գարունն ու մտորում դրա ազդեցության մասին: Միայն խոսքի վերջում է այս ձայնն անցնում առաջին հերոսուհուն՝ միսս Մարթա Միչեմին: Դրությունը պարզ է. խանութ, առօրյա անցուդարձ և հանկարծ մի անհարմար դիրք, երբ բարետես հաճախորդը հացը վերցնելու համար չափազանց մոտ է կանգնում խանութի (վաղուց ամուսնության կարոտ) տիրուհուն և իրադրությունը շոշափելի է դառնում իր բոլոր կողմերով: Ներկայացման զգայական մասն սկսվում է այդ պահին, թատերախումբը խփել է ճիշտ լարին և այլևս տերն է հանդիսատեսի ուշադրության և տրամադրության: Կարծես թե ոչինչ չի եղել, բայց անմիջապես բեմում պատմություն է ձևավորվում, հարաբերություններ, թաքնված մտքեր, որ պարզ են միայն հանդիսատեսին: Օ. Հենրիի շատ պատմվածքների նման այս պատմությունն էլ ստանում է իր անսպասելի հանգուցալուծումը. երևակայական, հորինված սերը հանկարծ բացահայտվում է որպես անհեթեթ շփոթմունք: Արմինե Անդրեասյանը ճիշտ չափի մեջ է, ամեն նոր հանդիպում իր սրտի ասպետի հետ, ամեն երազանք, ամեն խոսք թիկունքում մի միտք ունի, միայնակ սրտի հուզական պատկերներն է փոխանցում: Ճոճանակի հակառակ կողմում հավասարակշռությունը պահում է Վարշամ Գևորգյանը, ում գերմանացի ճարտարապետն այնքան է իր մտքերի մեջ, որ չի էլ նկատում, թե ինչ հույսերի և հույզերի աղբյուր է դարձել: Բեմադրողն ու դերասանները շարունակել են պատմությունը, լրացրել իրենց ստեղծագործական երևակայությամբ և միս ու արյուն տվել այս հարաբերություններին՝ պատկերն ավելի է հագեցած երանգներով, նուրբ անցումներով մի վիճակից մյուսին, քան պատմվածքը: Երբ Մարթան առաջին անգամ  տրվելով երազանքներին հայնվում է անկշռության մեջ և օդից, ետնապատից ձևավորված նրա «հերոսի» ձեռքը գրկում է իրեն, կարծես դրամատիկ հումորը ստանում է հեքիաթային գույներ:

Վիկտորիա Ռիեդո-Հովհաննիսյանի աշխատանքը Նարինե Գրիգորյանի հետ այս ներկայացման մեջ օրինակելի է՝ թեթև փայտյա կոնստրուկցիան աշխատում է ամբողջ ներկայացման ընթացքում, չկա ավելորդ ոչինչ: Դռներն ու պատուհանները փոխվում են տեղերով, վերից վար տեսարաններ են կառուցվում, ամեն փոքրիկ արանք վերածվում է մուտքի դերասանների համար: Երբ կերպարներից մեկը ձգվում է բան վերցնելու համար, թվում է, թե հավասակշռությունը պահել օգնող փայտը հայտնվում է հենց այդ պահին, իսկ մինչ այդ կարծես չկար: Տրամադրող են նաև համակարգչային պատկերները, երբեմն սյուժեի հետ կապվող այգու ծառեր կամ պատի փոփոխվող լուսանկար, երբեմն պարզապես տեսարանի տրամադրությունները մարմնացնող թափվող աստղեր, դրանք հաջողությամբ մերվում են բազմաշերտ դեկորների հետ, տարբեր հարթություները վերածում մեկ տարածության: Նարեկ Բաղդասարյանի հնչյունային ու երաժշտական ձևավորումը նույնպես լավ տպավորություն է թողնում. երբեմն հերոսների մտքերը, վերաբերմունքը, արձագանքն այս կամ այն երևույթին ստանում է իր զգայական լիցքը նաև համապատասխան երանգով հնչող ձայնային էֆեկտներով: Իսկ ընտրված երգերը, որ հնչում էին տարբեր դրվագներում, մի կողմից փոխանցում էին XIX-XX սահմանագծի Ամերիկայի մթնոլորտը, մյուս կողմից զուգահեռվում էին ներկայացման տրամադրության հետ:

Հինգ պատկերից յուրաքանչյուրն ունի իր անսպասելի կողմը: Դա չի վերաբերում միայն սյուժետային ծալքերին, ինչպես կմտածեն Օ. Հենրիի երկրպագուները, խոսքը հենց բեմադրական և երբեմն նաև կատարողական վճիռների մասին է: Երկրորդ պատկերն սկսվում է մի մնջախաղային դրվագով՝ երկու երիտասարդ, որ հեռվից նայում էին իրար, օրիորդի ձեռքից ընկած գիրքը պատճառ դարձնելով ծանոթանում, սիրահարվում, ամուսնանում ու երջանիկ ապրում են: Եվ հանկարծ ... այս ամենը նրանցից մեկի մտքով անցած երազանքն էր, պատմությունն այլևս ընթանում է խոսքի ուղեկցությամբ: Այս հատվածում մեկ դիտարկում անենք՝ Մարիա Սեյրանյանն իր խաղի մեջ ժամանակից շուտ է մատնում Օ. Հենրիի մտահղացումը, իր հերոսուհու խոսքի մեջ ակնհայտ է կեղծիքը, այլը երևալու ցանկությունը: Անդրանիկ Միքայելյանի հերոսին բեմադրողը տվել էր դրսևորման մի փոքր այլ տեղ՝ երաժշտության ուղեկցությամբ կիսաարտասանվող, կիսաերգվող մի տեքստ. այստեղ դերասանն իր կատարման վրա աշխատելու տեղ ունի:

Հաջորդ պատկերը նույնպես չի հետապնդում բարոյա-դաստիարակչական նպատակներ, մի իրադրություն է, որ կարելի է ներկայացնել երկու նախադասությամբ, բայց բեմադրողն ու դերասանները մեծացրել են այն, դարձրել արդի ամերիկյան ֆիլմերի մի ծաղրապատկեր, որտեղ ամեն ինչ հնարավոր է, ամեն բան՝ սպասելի: Նորապսակ հարսը (Ժաննա Վելիցյան) մի դեղձ է խնդրում ամուսնուց և վերջինս՝ բռնցքամարտի միջին քաշային կարգի աշխարհի չեմպիոն Մըք Հարրին (Հարություն Սարգսյան) սուզվում է գիշերային փողոցների մթության մեջ, որպեսզի ձմռան նախաշեմին (պատմվածքում՝ վաղ գարնանը) կատարի նվիրական ցանկությունը: Իսկ երբ ի վերջո հանուն իր սիրո հաղթահարելով բազում փորձություններ և հակառակորդների նա մի դեղձ է հայթհայթում, պարզվում է, որ կարելի էր բավարարվել հեշտ հասանելի նարնջով, կինն լավ չի էլ հիշում, թե ինչ է ուզել: Հետաքրքիր է, որ հերոսի այդ կրակոցներով, ձեռնամարտով և արևելյան մարտարվեստով հագեցած ուղուն հետևելու ընթացքում մեր աչքի առաջ է նաև մահճակալում սպասող հարսնացուն, մենք հետևում ենք նրան վերևից: Առհասարակ մահճակալի հորիզոնական դիրքը տարբեր բեմադրական վճիռների հնարավորություն է տալիս. մենք նայում ենք մահճակալին վերևից. ինպես են երիտասարդները «պառկած» խոսում, թավալ գալիս, «նստում», որպեսզի մեկ գավաթ շամպայն խմեն: Իսկ երբ Մըք Հարրին հարց ու փորձից հետո գրեթե միայնակ մարտնչում է բազմաթիվ հանցագործների հետ, անգամ հայտնվում հրաձգության մեջ, կինը պարզապես թավալ է տալիս անկողնում, սպասելով ամուսնու վերադարձին և հոյակապ ընդգծում իրադրության անմտությունը, մեկ դեղձի համար տարվող պատերազմն ու դրա իրական արժեքը:

Չորրորդ պատկերն ինքնազոհողության և սիրո, նվիրվածության պատմություն է: Մեր իրականության մեջ անձնազոհությունն այնքան էլ հաճախ չի հանդիպում, անգամ ընտանիքի ներսում և Տաթև Հովակիմյանի (Դելլա) ու Նարեկ Բաղդասարյանի (Ջիմ) առաջ կանգնած հիմնական խնդիրը հավատացնելն էր, որ հերոսների գործողությունները զգացմունքների անկեղծ, պարզ դրսևորում են, որ այդպես կարող է լինել: Հերոսուհին մանկական ինչ-որ բան ունի իր մեջ և հենց սա է հասկանալի դարձնում նրա ներքին մղումն ունեցած ամենամեծ գանձը փոխել սիրելի ամուսնուն նվեր մատուցելու հնարավորությունով, Ջիմի մի ժպիտով: Ջիմի տատանումները հիմնականում մնում են բեմից դուրս, կնոջ հանդեպ վերաբերմունքը երևում է այն հոգատարության մեջ, որով նա փնտրում է իր բերած նվերը թաքցնելու տեղ (այստեղ ևս մեկ անգամ պետք է հիշենք բեմանկարչի և ռեժիսորի փայլուն ախատանքը): Տեսարանի ավարտն կանխագուշակ ակնարկ է ներկայացման ավարտի համար՝ այդքան թանկ գնով ձեռք բերված և անհեթեթ դարձած Ծննդյան տոների նվերները էլ ավելի են մտերմացնում երիտասարդ ամուսիններին, ամեն ինչ ներվում է:

Համերաշխությունն ու ներումն են գալիս, որպես վերջին պատկերի հանգուցալուծում, թեպետ սկզբնամասում դրանց հոտն անգամ չի գալիս: Ավիրված ընտանիք է. մի հարբեցող և չաշխատող ամուսին (Սերգեյ Թովմասյան) և մի կին՝ անվերջ ծանր աշխատանքից հոգնած, դառնացած և կոպտացած (Տաթև Ղազարյան): Ուր կարող են նրանք հասնել, եթե ամուսնու և նրա բաժակակիցների կոկորդը չորացել է, իսկ կնոջ գրպանում երեկվա լվացքարարությունից մեկ դոլար է հայտնվել: Սկսվում է մեկ դոլարի որսը, իսկ երբ ավանդական միջոցները չեն օգնում, հերոսն անցնում է նոր եղանակի, հիշում է այն օրերը, երբ նրանք երիտասարդ էին, հիշում է բառերը, որոնցով ժամանակին գրավել է կնոջ սիրտը: Ստորությո՞ւն է: Օ. Հենրին պատժում է իր հերոսին իրեն հատուկ հումորով, դոլարը ծախսելով դեղի վրա, երբ վերջինս ձևացնում է, թե վատ է զգում: Սա բեմադրության մեջ էլ կա, հատկապես ծիծաղաշարժ է Սերգեյ Թովմասյանի ողբացող դեմքի ու Տաթև Ղազարյանի սիրառատ դիմախաղի համադրությունը: Բայց ռեժիսորն ու դերասաններն այդ ստորությանը նաև այլ հանգուցալուծում են տվել. հաշտությունը, որ բոլորի բաժինն է: « ... և նորից գարուն» է կամ գուցե Ծննդյան տոներն են, երբ բոլորը պետք է հաշտվեն, թողնեն մի կողմ նեղացվածությունը, որ այսքան ծանրացնում է մեր կյանքը, պետք է ներեն և դրանով գուցե վաղվա դռներն ավելի լայն բացվեն:

ՎԱՍԻԼԻ Գևորգյան

1157 հոգի