14.11.2021 02:20
Ներկայացման մեկնարկին փակ, քիչ անց նաև բաց վարագույրով հնչում է ռադիոընդունիչի ձայնը, որ հարստացնում է պատկերը։ Այս նպատակը լիարժեք արդարացված է և նախ պետք է մեր երախտագիտությունը հայտնենք տեքստն ընթերցողին ներկայացումն ամբողջացնելու համար։
Մենք դիտում ենք մի ներկայացում, որը կազմված է հինգ պատկերից։ Հինգ տարբեր պատմություններ, որոնք և՛ գործող անձերով, և՛ վայրով, և՛ գաղափարով ընդհանուր գրեթե ոչինչ չունեն։ Հանդիսատեսն ենք գրոտեսկով համեմված մի ստեղծագործության, որով ապահովվում է հյութեղ ընթացքը։ Բեմադրության տեսարանների կամ պատկերների հերթականությունը շատ ճիշտ է որոշված։ Պասիվ պատկերը տեղավորվել է առավել ակտիվ պատկերների մեջ, որպեսզի հանդիսատեսը տեմպից դուրս չգա, դուրս չմնա բեմում ընթացող գործողությունից։ Տեսարանները շատ տարբեր են, սակայն կառուցված է մեկ հիմնական դեկորացիա, որը ծառայում է իբրև կրպակ, իբրև թաղամաս և իբրև տուն ու մահճակալ։ Բեմն ամբողջությամբ գրկել է հավաքական մի «կառույց», որը դերասաններին հավասար գործող անձ է։ Դերասանների վարպետության շնորհիվ է այն դառնում կարևոր, բայց դրա կենդանի լինելը որոշել են ռեժիսորի նուրբ աչքն ու բեմանկարչի հմտությունը։
Առաջին պատկերը շատ արագ հավաքեց հանդիսատեսին և տեղափոխեց այն կրպակը, որտեղ տեղի էին ունենում իրադարձությունները։ Այս տեղափոխման համար յուրաքանչյուր դերակատար նշանակալի աշխատանք կատարեց, կարևոր էր նաև երաժշտական և ձայնային ձևավորումը․ այն օգնեց առավելապես ներազդել հանդիսատեսի էմոցիոնալ դաշտին և անմիջապես արժանացավ հանդիսատեսի արձագանքին։ Սրա վառ օրինակը կնոջ սիրահարվելու և ամեն անգամ տղամարդուն հանդիպելու տեսարանն է, երբ դերասանուհին ասես գունատվում է տղամարդուն տեսնելիս և մեր ականջներում հնչում են սիրահարված կնոջ խեղդող սրտազարկերը։ Ինչն է հետաքրքիր այս պատկերում․ տեսարանների կրկնությունը չի հոգնեցնում։ Տպավորություն է, որ հանդիսատեսը սպասում է, որպեսզի ևս մեկ անգամ տեսնի, թե ինչպես է կինը քայլերն ուղղում դեպի վերևում դրված չոր հացը, ինչպես է բարձրանում ոտնաթաթերի վրա, անթարթ հայացքով սևեռվում տղամարդու վրա և ձեռքերը բաց, վեր պահելով, պատրաստ հանձնվելու, քիչ-քիչ փորձում հպվել տղամարդուն, իսկ տղամարդն իր անտարբեր տոնով առանց որևէ զգացմունքի հնչեցնում է․ «փաթաթել»։ Ամեն անգամ հանդիսատեսն այս տեսարանին արձագանքում է բուռն ծիծաղով։
Երկրորդ տեսարանում գործողությունները տեղի են ունենում այգում և կարելի է ասել, որ սա միակ պատկերն է, որտեղ դեկորացիան պասիվ դեր է կատարում և չի բացահայտվում նոր տեսանկյունից։ Այս պատկերը միակն է, որտեղ հիմնական ուշադրությունը խոսքային հատվածի վրա է, քանի որ գործողությունների ակտիվությամբ, այն զիջում է մնացյալ չորսին։
Երրորդ պատկերը հագեցած է ընդգծված գրոտեսկով, առանց որի այն բեմական լինել, կարծես թե չէր կարող։ Դեկորացիան այստեղ նախ ներկայանում է իբրև մահճակալ, ապա՝ թաղամասեր և խաղատուն։ Իբրև մահճակալ, այն խաղացվում է բավական հմուտ և հետաքրքիր։ Դերասանուհին այնքան թեթևությամբ է շրջվում մահճակալի մի կողմից մյուսը, որ հավատում ես դրա հարմարավետությանը և մի պահ մոռանում, որ դերակատարները, ոչ թե պառկած, այլ կանգնած են այդ դեկորացիայի վրա։
Այս հտվածում հանդիսատեսը տեսնում է հայտնի բռնցքամարտիկի, որն անցնում է բազում կռիվների միջով, միայն թե գտնի կնոջ մտքով անցած դեղձը։ Բեմում տեսնում ենք կռիվ, քաշքշոց, կրակոցներ, հարվածներ հմուտ խոհարարից, որի զենքը սրբիչն է, որով դաղում էր բռնցքամարտիկին, սպորտսմեն, կիմոնոյով կանայք, որոնք կռվում են ճիչերով ու մազակալներով, մահամերձ հերոսին, որը լսելով կնոջ ձայնը, ասես նորից «վերակենդանանում է և նետվում կռվի և իհարկե հաղթանակած դուրս գալիս։ Այս պատկերը ավելի շատ նմանվում է կատակերգական ֆիլմից ինչ-որ հատվածի, քան բեմում կատարվող գործողությունների և սրանով է այն հաջողված։
Չորրորդ պատկերը կարելի է համարել «դեկորացիայի վերածնունդ», քանի որ այստեղ այն ձեռք է բերում տարածության և խորության մի նոր երանգ և խաղարկվում է բազմաձև։ Երկու դերակատարն էլ բացարձակ տիրապետում են այս դեկորացիայի (իրենց տան) յուրաքանչյուր դետալին և այնպես ինքնավստահ են քայլում, ցատկում, կախվում, պառկում, ճոճվում իրենց տան յուրաքանչյուր բռնակից, որը պարզապես հիացմունք է պատճառում։ Այս պատկերում գործողություննեը հիմնականում տեղի են ունենում օդում, ոչ թե անմիջապես բեմահարթակին, այլ բեմում տեղադրված դեկորացիայի վրա։ Այն ունի իր խոհանոցը, միջանցքը, հյուրանոցը, թաքստոցը, տանիքը և բոլորը ծառայում են իրենց նպատակին։
Հինգերորդ պատկերում ականատեսն ենք դառնում մի զավեշտախաղի, որի շնորհիվ ավելի է գունավորվում Օ․Հենրիի պատմվածքը։ Ծույլ և ալկոհոլի հանդեպ սեր ունեցող հերոսը գիտի, որ կնոջ մոտ մեկ դոլլար կա և ընկերների հետ կիսվում է այս տեղեկությամբ։ Այս պատկերում դերակատարներից յուրաքանչյուրը մեկ դոլլարին տիրանալու իր տեսակետն է առաջ քաշում և երբեմն նկարագրում այն առանց խոսքի։ Օրինակ զավեշտալի կերպով առանձնանում են կնոջ ատամները քաշելու, սրբիչը բերանը խցկելու, խեղդելու գաղափարները, որոնք հետո հերոսը խաղարկում է պատշգամբից հեգնելով, թե առանց դրանց էլ կարող է ունենալ այդ մեկ դոլլարը։ Զվարճանք է պատճառում նաև անսիրտ ու զգացմունքներից զուրկ թվացող տանջված կնոջ փխրվելու տեսարանը, երբ այս թմբլիկ ու միևնույն ժամանակ գործից մաշված կինը ամուսնու մեկ ջերմ խոսքից (որի նպատակը դոլլարը կորզելն էր), միանգամից հալվում, նրբանում, ծաղկում և համբույրներով է պատում ամուսնու դեմքն ու նետվում դեղ գնելու ամուսնու համար։
Բեմադրված ամեն մի պատկերն ունի իր անսպասելի, դրական, տաք կամ ծիծաղելի հանգուցալուծումը, իր այցեքարտը։ Պատկերների մեջ տարբեր երանգներ դնելու, ամեն մեկն առանձին շերտով ներկայացնելուն զուգահեռ, այս ստեղծագործություններն ունեն մեկ ընդհանուր սպասելիք․ նորից գարուն կգա։
ԱՆԻ Գևորգյան