Սեղմիր
ԲԱՌԱՐԱՆ
ՍԱՐՍԱՓԻ ԹԱՏՐՈՆ

Գրան Գինյոլ - Le Théâtre du Grand-Guignol

1897թ. ապրիլի 13-ին Փարիզի Պիգալ թաղամասի Շապտալ փակուղում  ստեղծված վախի թատրոն, որը Հորրոր ժանրի սկզբնադիրներից ու առաջամարտիկներից մեկն է: Աչքի էր ընկնում խաղացանկի քրեա-բուլվարային ուղվածությամբ, նյութի դաժան նատուրալիստկան և հիպերռեալիստական մատուցմամբ ու խաղային մաներայով: Այս թատրոնի առանձնահատկություններն են հանդիսատեսին շոկի ենթարկելու հաշվարկով արտաքին էֆեկտի վրա հիմնվելը, գործողությունների իռացիոնալությամբ բռնության, ‹‹սարսափի››, կասկածելիության մթնոլորտի պոետականացումը: Զգալ և ոչ թե մտածել ցանկացող հանդիսատեսի վրա ազդեցության կերպով մոտեցել է զազրելիության համահավաք պանոկտիկումին: Կամերային մերձությամբ նատուրալիստական-հիպերռեալիստականի մատուցմամբ մոտեցել է նաև իմերսիվ արվեստին:

Թատրոնի ոչ ժանրային անվանումը(‹‹Գրան Գինյոլ››) վերցված է Լիոնի տիկնիկային թատրոնի ավանդական կերպարից, որը ստեղծել է ատամնաբույժ Լորան Մուրժեն՝ երեխաների ուշադրությունը ատամի քաշելու աքցանից դեպի այդ ձեռնատիկնիկը շեղելու համար: Գինյոլ թատրոնը հիմնվել է իմպրեսարիո Օսկար Մետենիեյի(1859-1913) ջանքերով: Թատոնի պահանջերին համապատասխան վերափոխվել է որպես նկարչի (արյունալի սյուժեների մանրամասները անատոմիական դետալավորմամաբ կտավին հանձնող Ժ.Ա. Ռոշգրոս) արվեստանոց  ծառայող պսեվդոգոթական մատուռը: Խաղացանկը հիմնականում պատկանում էր Անդրե դե Լորդի(1869-1942) գրչին (շուրջ հարյուրհիսուն պիես), ով համագործակցում էր անվանի հոգեբան Ալֆրեդ Բինեյի հետ: Գրան Գինյոլ անվանմամբ անատոմիական թատրոնի լրագրող հիմնադիրն ու դրամատուրգը բեմ էին հանում մարմնավաճառներին, հանցագործներին՝ հանդիսատեսին սարսափեցնելով խելագարության տեսարանների բնապաշտականությամբ, և խոշտանգումներով, օրինակ՝ մարդու օրգանների փոխպատվաստման փորձում թափված արյան քանակով:

Հանդիսատեսից ոմանք երբեմն տեսարանների հոգեցունց ազդեցությանը չդիմանալով ուշագնաց էին լինում (մեկ անգամ միաժամանակ տասնըհինգ մարդ է գիտակցությունը կորցրել), ինչի համար նախկին ոստիկան Մետենիեն թատրոնում հատուկ բժշկի հաստիք էր պահում: Մարմնավաճառի մասին ‹‹Մադմազել Ֆիֆի›› ներկայացման ցուցադրումը ոստիկանները ժամանակավորապես արգելել են: Կոմիսարի որդի Մետենիեն հայտնի է եղել ‹‹Կոմիսարյան շուն›› մականունով, քանի որ մահապատժի դատապարտված աղքատներին է ուղեկցել դեպի գիլյոտին և նրանց կյանքի պատմությունները գրի առել: Հետագայում այդ գրառումները ‹‹Մարմին›› անվամբ գրքով հրատարակել է: Մահապատժի և այլ արյունալի տեսարանների թատերականացման նախաձևեր կարելի է համարել գլադիատորական խաղերի որոշ հատվածները, որոնցում առկա էին մարմնական մասնատումներ ու գլխատումներ: Լինելով ընդամենը 293 տեղանոց դահլիճով թատրոն, երկու համաշխարհային պատերազմների ընթացքում ֆրանսիական մայրաքաղաքի տեսարժան վայրերից մեկն է եղել զանգվածային մշակույթի ֆենոմենալ դրսևորման այս հաստատությունը:

Էմիլ Զոլայի նատուրալիզմի ջերմեռանդ հետևորդ և թատերական բնապաշտության մեծագույն ներկայացուցիչ Անդրե Անտուանի աշխտակից Օսկար Մետենիեն, հրաշալի գիտենալով փարիզյան հատակի բարքերը, սեփական բեմական տարածքում փորձում էր էսթետիկական սահմանագծին հասցնել Ազատ թատրոնի նատուրալիզմը: Կողմնորոշվելով վաղ շրջանի Ազատ թատրոնի տարածական սահմանափակության ու դրամատուրգիական ֆորմայի սեղմվածության մոտեցումներով նա այնպիսի ներկայացումներ էր ձևավորում, որոնք, ըստ էության, մեկ գործողությամբ մի քանի պատմություններ էին սոցիալական հատակի ու քրեական աշխարհի(մարդասպաններ, գողեր) մասին: Սակայն նա երկար չղեկավարեց այս թատրոնը և մեկուկես թատերաշրջանից հետո նրան փոխարինեց անտրեպրենյոր Մաքս Մորեյը 1898-ից մինչև 1914թթ: Նրա ղեկավարման տարիներին սարսափելիի բոլոր սոցիալական, բարոյական, հոգեբանական, գեղագիտական և հիգիենիկ դրսևորումներով պատկերելու ձգտումը դարձավ իր կրկեսային բնությունը նշանավորող ինքնանպատակ հնարք, թատերական ատրակցիոն: Մորեյն օգտագործելով նախակարապետի ձեռքբերումներն ու հայտնությունները կարողացավ Գրան Գինյոլը սեփական ստեղծագործական ստորագրություն, մշտական գրողներ, դերասանախումբ ու հանդիսատես ունեցող ճանաչված և հաջողակ թատերական նախագծի վերափոխել:

Եթե Մետենիեն իր արտահայտչական կողմնորոշումներում նատուրալիստական հավատամքին էր դավանում, ապա Մորեյը հիպերռեալիստական ցնցումների կողմնակիցն էր: Սոցիալական ցածր շերտերի նատուրալիստական դրամաներին(վշտից կախվող մարմնավաճառներ և պարտքերի կուտակմանը չդիմացող պայթող սրտեր) փոխարինելու եկան սենսացիոն-ցնցող հանցագործությունների մասին պատմությունները՝ լարվածության ու վախի մթնոլորտի խտացման կիրառմամբ (բռնաբարության և դաժան սպանության տեսարաններ, կտրտված մարմնամասեր, գանգատուփի բացում, աղիների դուրս թափում): Սարսափի առավելագույն ռեալիստականության հասնելու նկատառումով Մորեյը նույնիսկ խորհուրդ է տվել իր դրամատուրգներին բառիս բուն իմաստով ներթափանցել առաջադրվող հանգամանքների մեջ: Օրինակ պիեսները հեղինակել իրենց տան նկուղներում, մթության մեջ: Հանդիսատեսին սարսափի հոգեկան լարումից ներքին հավասարակշռության բերելու նպատակով կիրառվում էր ‹‹կոնտրաստի ցնցուղի›› հնարքը. մղձավանջային պատմություններին հաջորդում կամ նախորդում-սկզբնավորում էին կատակերգություններն ու թեթև թատերախաղերը:

Թատերագիրները (որոնք երբեմն նաև իրենց պիեսների ռեժիսորներն էին դառնում) պիես-սկետչեր հեղինակելիս չթաքցնելով իրենց արհեստի կոմիկական հիմքը՝ բուռն օգտագործել են կոպիտ կենցաղային լեքսիկոնը: Բեմ էին դուրս գալիս իրական քրեական տիպեր, թափառաշրջիկներ, խաղանենգներ, մարմնավաճառներ, հակասոցիումային դեվիանտներ: Թատրոնի խաղացանկում ներկայացումների դրամատուրգիական հիմք դարձան նաև գրական դասականների հայտնի ստեղծագործությունները(Է. Ա. Պո, Ռ.Լ Սթիվենսոն, Օ. Միրբո, Ֆ.Մ.Դոստոևսկի): Ալան դը Լորդի մեկ գրոծողությամբ ամենահայտնի պիեսներից մեկը Էդգար Ալան Պոի ‹‹Բժիշկ Սմոլի և պրոֆեսոր Պերրոյի համակարգը›› պատմվածքի տեղայնացումն է, որը բնօրինակի հետ շատ քիչ ընդհանրություն է ունեցել: Ա.Ի.Կուպրինի դուստրը Քսենյա Կուպրինայի հիշատակմամբ՝ 1925թ. Մորեյը ռուս գրողին առաջարկել է ‹‹Փոսը›› վիպակը թատերական վերաձևման ենթարկել և ֆինանսական ծանր դրությունից դրդված Կուպրինը համաձայնություն է տվել այդ առաջարկին: Մեկուկես տարի խաղացանկում դիմակայած ներկայացումը, որի ընթացքում հերոսուհին՝ Ժենկան խռպոտ ճիչերով կտրել է սեփական կոկորդը, որևէ կերպ չի բավարարել թատերավիպակի հեղինակին:

Միևնույն ժամանակ Մ.Գորկին այս թատրոնի հաջողակ գոյությունը պայմանավորում էր ձանձրացած մարդու հիվանդագին սարսափի գնով զվարճանալու ցանկությամբ: Գրան Գինյոլում բեմավորվում էին նաև 19-րդ դարի առաջին կեսի մելոդրամային մոտեցող բուլվարային վեպերը, դետեկտիվները(թատրոնի համար այնպիսի հեղինակավոր դետեկտիվային գրողներ էին ստեղծագործում, ինչպիսիք են Ֆրեդերիկ Դարը, Պիեր Բուալոն և Թոմա Նարսեժակը), քրեական ու դատական քրոնիկոնի հրատապ նյութերը, մամլո հրապարակումները: 1914-1931թ.թ. Կամիլ Շուազիի ղեկավարման ժամանակաշրջանում թատրոնի խաղացանկը քաղաքական սպեկուլյացիայով համալրեց ‹‹Ռասպուտինի ողբերգական գիշերը›› ստեղծագործությունը: 1925թ. բեմավորվել է քսանականներին էքսպրեսիոնիստական ուղղվածության թատրոնների խաղացանկում հերթապահող ‹‹Բժիշկ Կալիգարիի աշխտասենյակը›› ստեղծագործությունը: Ադրենալինի որոնումների ընթացքում դիմում էին նաև մարտաֆիլմերին:

1930-ականների սկզբից մինչև 1937թ թատրոնը ղեկավարում է Ժակ Ժուվեն: Փորձելով այն ժամանակակից դարձնել՝ նա շեշտը դնում է հոգեբանական դրամատիզմի վրա: Համարվում է, որ թատրոնի մայրամուտը հենց Ժուվեի օրոք է սկսվել, ինչը հիմնականում բացատրվում էր հոլիվուդյան կինոարտադրության հետ մրցունակ չլինելու հանգամանքով: Այդ տարիներին էլ թատրոնը լքեց թատերաշխարհում ‹‹ամենից շատ սպանված կինը՝›› Պաուլա Մախան (Մարի-Թերեզա Բո): Շապտալ փակուղու Սառա Բեռնար բնորոշմանն արժանացած արյան թագուհին, ով  գինյոլի ամենաիսկական վետերանն էր համրվում: Նրան այդ բեմում բազմիցս այրել, խեղդել, ծեծել ու ջրահեղձել էին, սպանել էին տասը հազար և բռնաբարել՝ երեք հազար անգամ: Մի քանի անգամ էլ վերջինիս նույնիսկ կերել էին գիշատիչ կատվազգիները: Իսկ թատրոնի վերջին տնօրեն Շարլ Նոնոնը հայտարարել էր, որ իրենք չեն կարող մրցել Բուխենվալդի հետ: Այն սարսափելի բեմական գործողությունները, որ երևակայության արդյունք էին, համակենտրոնացման ճամբարում իրականություն դարձան:

Գինյոլի թատերական գործիչներից Ֆրանսիաում ճանաչում ձեռք բերեցին Ա.Բոմը, Ռ.Բերսոն, Սեվերին-Մարսը, Կ.Օրվալը և Ժ.Սարտենը, ում հեղինակած ‹‹Ճիրան›› պիեսը հազար անգամ խաղացվել է:

Գրան Գինյոլի կրկնօրինակման փորձեր եղել են փարիզյան այլ թատրոններում (‹‹Երկու դիմակի թատրոն››, ‹‹Ծիծաղի և սարսափի թատրոն››), որոնք հաջողություն չեն գրանցել: Գրան Գինյոլի գեղագիտությունն են փորձել նմանահանել ամերիկյան և լոնդոնյան որոշ թատրոններ: 1920-ականներին Գինյոլի ազդեցության տակ նմանօրինակ թատրոններ են ստեղծվել Գերմանիայում և Իտալիայում: Ռուսաստանում Գինյոլի տիպի ներկայացում է պետերբուրգյան շինարարական ցուցահանդեսում ցուցադրված ‹‹Ինքնասպանների ակումբ›› թարգմանական պիեսի բեմադրությունը(Ռեժիսոր՝-Վ. Ռ. Գարդին):

Օգտագործված գրականության ցանկ

1. Լ. Հախվերդյան, Թատերագիտական բառարան, Եր-1986

2. Театральная энциклопедия, Т-1, Москва-1961

3. У. Скибина, Гран-Гиньоль, Театр ужасного и возвышенного, https://artifex.ru

4. А.Гвоздев, Западноевропейский театр на рубеже 19-20 столетий / Очерки, Москва-2018

5. В.Самойлов, Гран-Гиньоль. Театр который начинается с веселицы, https://disgustingmen.com

6. А.Уманский, Гран-Гиньоль никогда не умрет, https://darkermagazine.ru/

7. Поразительные смертоносные представления в парижском театре Гран-Гиньоль, https://kulturologia.ru/blogs/120117/33005/ 

01.11.2021  03:41

Համահավաքեց՝ ՏԻԳՐԱՆ Մարտիրոսյան

Խմբագրելի

773 հոգի