Սեղմիր
ԱՆՄԵՂ ՄԵՂԱՎՈՐՆԵՐԸ

16.10.2021  02:41

Ընտանիքում կնոջ դերն իր ապրած տրանսֆորմացիաներով այսօր էլ տարակարծության առիթ է: Կախված տվյալ ազգի կարծրատիպերի արմատականությունից' սոցիալ-հոգեբանական հողի վրա աճում է կնոջ պարտավորությունների ծառը' «կարելիների» ու «չի կարելիների» վեճային բերքով: Ինքնին սիրելի թեմա դրամատուրգների համար, ինչը վերստին ապացուցում է Դարիո Ֆոն: Իտալացի թատերագիրը կնոջ' Ֆրանկա Ռամեյի հետ համահեղինակած պիեսներում քանիցս քննարկում է կանանց հանդեպ ամուսինների անարդար վերաբերմունքը: Բարձրացնում դավաճանության տխրահռչակ «իրավունքի» հավասարության հարցը: Բարքերի կոմեդիայի ու քաղքենական դրամայի հնարքների համադրմամբ ստանում է սեռական-սարկազմային կոնֆլիկտով զարգացող պատմություններ: Հայերս էլ երբեմն փորձում ենք եվրոպացիներից ավելի եվրոպացի դառնալ: Բնականաբար, մեր թատերասերներն էլ են ուզում իտալացի ամուսինների գործերը մայրաքաղաքի բեմերում տեսնել:

Իտալական այդպիսի դրամատուրգիային անդրադարձողներից մեկն էլ Մարիամ Սարյանն էր: Ամուսինների համահեղինակային պիեսներից «Ազատ զույգը» բեմադրած Սերժ Մելիք Հովսեփյանի պես նա էլ ընտրեց սրճարանային թատրոնի ձևաչափը' «12» ակումբի բեմահարթակ հանելով «Սիրելիս, ես քեզ սպասում եմ…» ստեղծագործությունը: Սակայն խելամտորեն փոխեց վերնագիրն' այն համապատասխան չհամարելով իր ընտրած գաղափարական ուղեգծին:

Բնօրինակում կենցաղային ու սեռական հոգսերի հետ փակի տակ պահվող տնային տնտեսուհին, այլևս չդիմանալով իր կարգավիճակին, երկու տղամարդկանց այն աշխարհ է ուղարկում: Այնուհետև լիցքավորված հրացանով սպասում է ամուսնուն' չմոռանալով բարձրաձայնել թատերգության վերնագիրը հանդիսացող միտքը: Իսկ երիտասարդ ռեժիսորն իր տարբերակն է առաջադրում, ըստ որի' կինը սեռապես չբավարարված կյանքից մինչև տնային կալանքն ընկած ճանապարհն անցնելուց հետո նույնիսկ չի բողոքում: Թերևս այն մտայնությամբ, որ բողոքելը երևի թե անիմաստ է: Եվ չի զլանում անգամ ընդունել իր հանդուրժողականությունը' բեմադրության ընթացքում և ավարտին բարձրաձայնելով մոնոներկայացման վերնագիր «Չեմ բողոքում» բառերը:

Ռեժիսորի այդ քայլը հավաստում է հեղինակի խոսքից ոչ միշտ կառչելու և դրամատուրգիայի հետ աշխատելու միտումն ու ընդունակությունը: Բայց երիտասարդ բեմադրիչի մասնագիտական անփորձությունը նպաստել է, որ նա նաև խմբագրական վրիպում ու կոպիտ սխալներ թույլ տա: Վրիպում կարելի համարել, այն որ նա հրաժարվել տնային տնտեսուհու երեխաներից ավագի' հասուն աղջկա գործոնից: Պահպանել է միայն նորածին երեխային, մինչդեռ աղջկա անձնական կյանքին առնչվող որոշ խաղարկային հավելումներով կարող էր կատակերգական սրման գնալ: Գրական հենքից եկող ոչ թե վրիպում, այլ սխալ է, իտալուհու մանկական տարիների սեռական ակտի առաջին ու անհաջող փորձի վերհիշումը: Որքան էլ հեգնական մատուցվի եղկելի փաստը, միևնույն է, այդտեղից պոռնոգրաֆիայի հոտն է փչում: Սեռական բնապաշտության առումով շատ ավելի կեղտոտ ու անընդունելի է թափանցիկ ակնարկով տևական ձեռնաշարժության մատուցումը: Երբ տնային տնտեսուհու երիտասարդ, բայց և նախկին սիրեկանը բռնի կերպով տիկնոջ ձեռքն օգտագործում է անառողջ ինքնաբավարարման համար, սկսում ես կասկածել' մոնոներկայացու՞մ ես դիտում, թե՞ արտասահմանում գործող պոռնոգրաֆիկ բեմադրություններից մեկը: Առավել ևս, որ դերասանուհուն հրահանգված է ձեռքը սեռական գերությունից ազատելուց հետո այն սրբել պայմանական-ենթադրելի սերմնահեղուկից:

Հարկ է հաշտվել այն մտքի հետ, որ ամեն մի գռեհկություն գեղարվեստական վերարտադրության չի ենթարկվում: Թույլատրելի է բեմ թողնել այդ կատեգորիայի այնպիսի դրսևորումները, որոնք հակակրանք չեն առաջացնում, և ներկայացման մեջ այդպիսիք քիչ չեն: Օրինակ' երբ դերասանուհի Լիաննա Վարդանյանն իր օրգանական դերակատարմամբ հեգնաբար խաղարկում է օրգազմ բառը, բնավ չես ունենում զզվանքի զգացումը: Թեպետ դերասանուհին, պայմանական հարևանուհու հետ զրուցելիս, պետք է վերանայի որոշ խաղաձևերը, որ մոնոներկայացումից թատերական էստրադայի հումորային մենաներկայացման խաղադաշտ չընկնի: Ինչպես նաև չբավարարվի եղածով և խոսքի օրգանականությունը լրացնի բեմական գործողությունների հարստացմամբ: Ասվածն, անխոս, բեմադրական խնդիր է, որոնցից է նաև ներկայացման ավարտը կազմավորող գործողությունների արհեստականությունը: Համոզիչ չէ դերակատարի արածներն այն պահին, երբ երեք դեկորներն իրար մոտեցնելով պայմանական խցանման կաղապարն է կառուցում: Գործողությունները չեն հասունանում, որովհետև բացակայում է դրանք նախորդ տեսարանին կապող հոգեբանական անցումը: Թեև անհրաժեշտ է նշել, որ Մարիամ Սարյանն ունի նաև իրենց պարզությամբ ակնահաճո արտահայտչամիջոցներ: Հիացմունք են հարուցում միաժամանակ արդուկի ու հեռախոսի գործառույթները ստանձնած սարքը և այլասերված ու ամբողջովին վիրակապված տագրի մատիտանկարը: Այդուհանդերձ բեմապատումն արժանիորեն վաստակել բեմական կյանքի իրավունքը և անխուսափելի շտկումներից հետո ունակ է իր գեղարվեստական ու գեղագիտական ունակությունների դեռևս անհայտ կողմերը ներկայացնել:

Նյութի աղբյուրը՝ ImYerevan.com 24.07.2013

ՏԻԳՐԱՆ Մարտիրոսյան

462 հոգի