Սեղմիր
ԿԵՆՍԱԳՐԱԿԱՆ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

15.11.2021  01:32

Մի առիթով Կոնստանտին Ստանիսլավսկին ասել էր. «Թատրոնը սկսվում է հանդերձարանից»: Ստանիսլավսկու հիմնադրած Մոսկվայի Գեղարվեստական թատրոնը սկսվում է «Ճայի»՝ չեխովյան  ամենանորարարական պիեսի բեմադրությունից: 1895թ. նոյեմբերի 21-ին գրող և հրապարակախոս Ա.Ս.Սուվորինին ուղղված նամակում Չեխովը տվեց պիեսի հետևյալ որակումը. «Սկսեցի forte և ավարտեցի pianissimo՝ դրամատիկական արվեստի բոլոր կանոններին հակառակ»:[1]

Հայտնի է, որ «Ճայի» առաջին բեմադրությունը, որը տեղի էր ունեցել Պետերբուրգի Ալեքսանդրինյան թատրոնի բեմում 1896թ. հոկտեմբերի 17-ին, ավարտվեց անհաջողությամբ: Ներկայացման հաջորդ օրը Չեխովը գրել էր եղբորը՝ Միխայիլին. «Պիեսը շրմփաց և խայտառակ կերպով տապալվեց: Թատրոնում զարմանքի և ամոթի ծանր լարվածություն էր տիրում: Դերասանների խաղը նողկալի էր, հիմար: Այստեղից խրատ՝ պետք չէ պիեսներ գրել»[2]: Այս միտքը նա կրկնեց  նույն օրը Սուվորինին գրված նամակում՝ «Այլևս երբեք ոչ՛ գրելու  եմ պիեսներ, ոչ՛ էլ բեմադրելու եմ»:[3] 

Օրեր անց Չեխովն իր նամակներում կփորձի բացատրել անհաջողության  պատճառները. «Դերաբաշխումը ես չէի արել, նոր դեկորացիաներ չտվեցին ինձ, ընդամենը երկու խաղափորձ էր արվել….Դերասանները չգիտեին դերերը,խաղում էին փայտացած, անվստահ, բոլորը ընկճված էին»:[4]

Անկումային էր նաև Չեխովի տրամադրությունը: Այդ է վկայում 1896թ. դեկտեմբերի 14–ի նամակում Սուվորինին արված խոստովանությունը. «նողկանքից բացի ոչինչ չեմ զգում իմ պիեսների նկատմամբ: Դուք դարձյալ կասեք, որ դա խելացի չէ, հիմարություն է, ինքնասիրություն է և հպարտություն և այլն,և այլն…: Գիտեմ, սակայն ի՞նչ արած: Ես ուրախ կլինեի ազատվել այդ հիմար զգացողությունեց, սակայն չեմ կարող ու չեմ կարող: Դրա պատճառը իմ պիեսի տապալումը չի՝ չէ որ իմ պիեսները նախկինում նույնպես տապալվում էին և ամեն անգամ իմ պետքը չէր: Հոկտեմբերի 17 ոչ թե իմ պիեսը անհաջողություն ունեցավ, այլ իմ անձը»:[5]

Այսօր դժվար է պատկերացնել, թե ինչպիսի ճակատակիր կարող էր ունենալ չեխովյան թատերագրությունը, եթե 1897թ. հունիսի 19-ին Մոսկվայի  «Սլավյանսկի բազար» ռեստորանում տեղի չունենար դերասան և բեմադրիչ Կ.Ս.Ստանիսլավսկու (Ալեքսեևի) և թատերագիր և ուսուցիչ Վ.Ի.Նեմիրովիչ-Դանչենկոյի պատմական հանդիպումը, որի ժամանակ նոր թատրոն հիմնելու հայտնի որոշումը կայացվեց: Հենց Նեմիրովիչ-Դանչենկոն կարողացավ կոտրել Չեխովի մռայլ, անկումային տրամադրությունը և համոզեց նրան «Ճայը»  բեմադրել Մոսկոայում՝ նորաստեղծ թատրոնում: Հնարավոր է, որ պիեսը բեմադրելու Նեմիրովիչի ցանկության պատճառներից մեկը թակնված է իրեն ուղղված չեխովյան հետևյալ նամակում. «Այո՜, իմ «Ճայը» Պետերբուրգում առաջին ներկայացման ժամանակ հսկայական անհաջողություն ունեցավ: Թատրոնը չարություն էր շնչում, օդը հեղձուկ էր ատելությունից, և ես՝ ֆիզիկայի օրենքների համաձայն, ռումբի պես դուրս թռա Պետերբուրգից: Այս ամենի մեջ դու և Սումբատովն եք մեղավոր, քանզի հենց դուք ստիպեցիք ինձ պիես գրել»:[6] Ինչևէ: Վստահաբար կարելի է ասել միայն, որ Նեմիրովիչ-Դանչենկոն պիեսում կռահեց այն, ինչը պետերբուրգյան բեմադրության մեջ մնաց չնկատված և չբացահայտված, քանզի հնացած ավանդական թատերական միջոցներով այլևս անհնարին էր բեմի վրա ներկայացնել չեխովյան նորարարական դրամատիկական արվեստը:

«Ճայից» սկսվեց Ստանիսլավսկու ծանոթությունը Չեխովի ստեղծագործության հետ, թեև  նրանց անձնական հանդիպումը տեղի էր ունեցել շատ ավելի շուտ՝ դեռ 1888թ-ին: Սակայն այս տասը տարիների ընթացքում նրանք հանդիպում էին առիթից առիթ թատերական տարբեր միջոցառումների ժամանակ: «Ճայի» բեմադրությունից էլ սկսվում է Չեխովի և Ստանիսլավսկու նամակագրական կապը: Պահպանվել են Չեխովի 17 նամակները Ստանիսլավսկուն և Ստանիսլավսկու 37 նամակը՝ Չեխովին: Գեղարվեստական թատրոնի հիմնադրման պահից  մինչև 1904թ. Չեխովին ուղղված և նրա ստեղծագործությունը հիշատակող նամակները կազմում են Ստանիսլավսկու նամականու առանցքը: Այս տարիներին հիվանդության պատճառով Չեխովը հաճախ բացակայում էր Մոսկվայից, ապրում Յալթայում և չէր կարող ներկա լինել խաղափորձերին: Նամակագրական կապը թատերագրի և բեմադրիչի միմյանց հետ շփվելու միակ միջոցն է դառնում: Այսպիսով, Չեխովի և Ստանիսլավսկու նամակները պարունակում են ոչ միայն կենսագրական, այլև պատմական-իմացական տեղեկություններ և լրացնում ու խորացնում են թե՛ Մոսկվայի Գեղարվեստական թատրոնի պատմության ճանաչողությունը, և թե՛ չեխովյան թատերագրության ուսումնասիրությունը: Բացի դրանից նամակները տալիս են անմիջական շփման բերկրանքը, քանզի նրանցում Չեխովի և Ստանիսլավսկու կենդանի ձայնն է հնչում: Սակայն սկզբնական շրջանում նրանց նամակները  բեմադրման աշխատանքների, դերաբաշխումների վերաբերյալ շատ քիչ  տեղեկություններ են տալիս: Անգամ իր հայտնի խոստովանությունը այն մասին, որ  «Ճայը» իր համար  «չհասկացված» պիես է, Ստանիսլավսկին անում է Նեմիրովիչին ուղղված նամակում: 1898թ. սեպտեմբերի 10-ին նա գրում է. «Հասկանում եմ միայն,որ պիեսը տաղանդավոր է, հետաքրքիր, սակայն չգիտեմ՝ ո՞ր ծայրից է պետք նրան մոտենալ:…Իհարկե, դուք Չեխովին  ավելի ուժեղ և ավելի լավ եք զգում և հասկանում, քան ես»:[7] Միայն պիեսի բեմադրության վրա աշխատելու ընթացքում, ինչպես նշում է ինքը՝ Ստանիսլավսկին,  «աննկատելիորեն մտա պիեսի մեջ և անգիտակցաբար սիրեցի այն»:[8] Անգիտակցաբար ապավինելով միայն սեփական ինտուիցիային՝ մոտեցավ Ստանիսլավսկին չեխովյան առաջին բեմադրությանը: Այնուամենայնիվ նրան հաջողվեց կռահել Չեխովի պիեսի թաքնված, նուրբ ինտոնացիաները, գտնել բեմի վրա ներկայացնելու միակ ճիշտ միջոցները: 1898թ. սեպտեմբերի 12-ին Նեմիրովիչը գրում է ՍտանիսլավսկունՁեր mise en scene հրաշալի է: Չեխովը հիացած է նրանով»:[9]

«Ճայի» առաջնախաղը անցավ 1898թ. դեկտեմբերի 17-ին  հսկայական հաջողությամբ: Առողջական խնդիրները թույլ չտվեցին Չեխովին ներկա լինել ներկայացմանը: Նեմիրովիչը հեռագրել էր նրան Յալթա. «Մենք խենթացած ենք երջանկությունից»: Բեմական այս հաղթանակի առիթով Չեխովը Նեմիրովիչ-Դանչենկոյին նվիրեց մեդալիոն,որի վրա գրված էր.  «Դու կյանք տվեցիր իմ  «Ճային»: Շնորհակալ եմ»:[10] Այսպես՝ կյանք ստացան Չեխովի հետագա թատերագրական գլուխգործոցները, իսկ տարիներ հետո՝ 1902թ., ճայը դարձավ Գեղարվեստական թատրոնի խորհրդանիշը:

Սակայն «Ճայը», իսկ ավելի ուշ «Քեռի Վանյա» պիեսի բեմական հաջողությունները չդարձրին չեխովյան նորարար թատերական արվեստը ավելի հասկանալի և հեշտ ընկալելի: Այդ է վկայում Գեղարվեստական թատրոնում «Երեք քույրեր» պիեսի Չեխովի ընթերցումից առաջացած տպավորությունը: «Սա պիես չէ, այլ ընդամենը սխեմա է»,-տարակուսում էին դերասանները. «Սա անհնարին է խաղալ, դերեր չկան, միայն ինչ-որ ակնարկներ են»:[11] Չեխովն ինքը լավ գիտակցում էր  պիեսի ընկալման անմատչելիությունը: 1900թ. նոյեմբերի 13-ին նա գրում է Վ.Ֆ. Կոմիսարժևսկայային. ««Երեք քույրերը» արդեն պատրաստ են, սակայն իրենց ապագանպատված է անհայտության խավարով: Պիեսը ձանձրալի է, ձգձգված և անհարմար: Ասում եմ անհարմար, քանի որ նրանում չորս հերոսուհի կա, և ինչպես ասում են՝ մռայլից մռայլ  տրամադրություն»:[12] Սակայն Ստանիսլավսկին, ով շատ շուտ դուրս եկավ չեխովյան պիեսների,  այսպես ասած  «անգիտակից» ընկալումից, ըմբռնելով չեխովյան նոր թատերագրություն տրամադրությունը,   հերոսների թաքնված էությունը, վերծանելով Չեխովի զուսպ  նշագրումները,  լույսի, ձայների, պարզ դեկորացիաների միջոցով բեմի վրա ստեղծեց մի նոր իրականություն, որն անվանեցին «չեխովյան անկրկնելի մթնոլորտ»:

«Երեք քույրեր» պիեսի բեմադրությունից ավելի հաճախակի է դառնում Ստանիսլավսկու և Չեխովի նամակագրական կապը: Ռեժիսորը հաղորդում է իր մտքերը՝ կապված  դերաբաշխումների հետ, ծանոթացնում է փորձերի ընթացքին. «Առաջին երկու արարների գլխավոր փորձը ուրախացրեց: Ամեն դեպքում պիեսը հրաշալի է և շատ բեմական»[13] գրում է նա: Ներթափանցելով չեխովյան դրամատիկական ոճի առանձնահատկությունների մեջ՝ Ստանիսլավսկին շտապում է ծանոթացնել Չեխովին յուրաքանչյուր արարի համար գտնված տրամադրությանը, որն անվանում է «հնչերանգ»: Իր հերթին Չեխովը սիրով կիսվում է բեմադրիչի հետ սեփական մտքերով և գաղափարներով. «Դուք գրում եք, որ 3-րդ արարում  Նատաշան գիշերը, շրջելով տան մեջ, հանգցնում է լույսերը և կահույքի տակ գողերի է փնտրում: Սակայն, ինձ թվում է, ավելի ճիշտ կլինի, եթե նա անցնի բեմի վրա մեկ գծով, ոչինչ և ոչ մեկին չտեսնելով, a la լեդի Մակբեթ, մոմը ձեռքին,- այսպես ավելի կարճ է և սարսափելի»:[14]

Չնայած որոշ տարաձայնությունների՝ «Երեք քույրեր» ներկայացման վրա աշխատելու ընթացքում բեմադրիչն ու թատերագիրը կարողացան հասնել առավելագույն փոխըմբռնման: Այսուհետ Չեխովը և նրա թատերագրությունը Ստանիսլավսկու համար դառնում են իր նորաստեղծ թատրոնի հաջողության գրավականը: 1901թ. հունվարի 31-ից հետո,երբ բեմի վրա առաջին անգամ մեծ հաջողությամբ ներկայացվեցին  «Երեք քույրերը», Գեղարվեստական թատրոնը անհամբեր սպասում է Չեխովի  նոր ստեղծագործությանը: Սակայն միայն 1903թ. փետրվարի 5-ին Յալթայից գրված նամակում Չեխովն առաջին անգամ հիշատակում է նոր պիեսը. «Սիրելի Կոնստանտին Սերգեևիչ, երեկ ստացա  «Ճայի» շքանշանը՝ մեծ, անսահման շնորհակալություն ՁեզԵս անառողջ էի, հիմա կենդանացա, առողջությունս բարելավվեց, և եթե ներկա ժամանակ ես չեմ աշխատում այնպես, ինչպես հարկն է,ապա դրանում մեղավոր են ցուրտը /իմ աշխատասենյակում ընդամենը 11 աստիճան է/, մարդկանց բացակայությունը և հավանաբար ծուլությունը, որը ծնվել է 1859թ., այսինքն ինձնից մեկ տարով շուտ: Այնուամենայնիվ, փետրվարի 20-ից հետո մտադրվել եմ պիես գրել և մարտի 20-ին ավարտել այն: Գլխիս մեջ այն արդեն պատրաստի վիճակում է: Վերնագիրն է  «Բալենու այգի», չորս արար ունի, առաջինում պատուհանից բալենու  ծաղկած ծառերն են երևում, ամբողջովին սպիտակ այգիԵվ սպիտակ զգեստներով կանայք»:[15]

Հիվանդությունը խանգարեց Չեխովին՝ հետաձգելով պիեսի ավարտը գրեթե կես տարով: Միայն սեպտեմբերին, հերոսաբար հաղթահարելով անողոք հիվանդության բոլոր դժվարությունները, նա ավարտին հասցրեց «Բալենու այգի»  պիեսը: Սակայն միայն առողջական խնդիրները չէին չեխովյան վերջին երկի այսքան դժվար և ծանր ծնվելու պատճառը: Մեծ քաղաքից, թատերական  կյանքից երկար ժամանակ հեռու ապրելով՝ Չեխովը կորցրել էր վստահությունը իր ստեղծագործական կարողությունների նկատմամբ: 1903թ. սեպտեմբերի 20-ին կնոջը՝ Օլգա Կնիպպեր-Չեխովային ուղղված նամակում նա խոստովանում է. «Ես այնքան հեռու եմ ամեն ինչից, որ սկսում եմ ընկճվել: Թվում է, որ իբրև գրող, ես իմ դարն արդեն ապրել եմ, և իմ գրած ամեն մի ֆրազը ոչ մի բանի պետք չէ»:[16]

Բայց և այնպես, բոլոր դժվարություններին հակառակ, իր նոր պիեսը Չեխովը որակեց իբրև կատակերգություն: Այդ մասին նա գրել էր Նեմիրովիչին սեպտեմբերի 2-ին. «Պիեսը անվանելու եմ կատակերգություն»:

Նախորդ պիեսներից առավել Չեխովի այս վերջին պիեսով խանդավառված էր Ստանիսլավսկին: Հոկտեմբերի 20-ին նա հեռագրում է Չեխովին. «Հենց նոր կարդացի պիեսը: Ցնցված եմ, չեմ կարող ուշքի գալ: Համարում եմ պիեսը Ձեր կողմից գրված բոլոր լավագույնից լավագույնը»:[17] Եվ նույն օրը արդեն նամակում նա գրում է. «Իմ կարծիքով «Բալենու այգին» Ձեր լավագույն պիեսն է:Ես այն սքանչելի «Ճայից» առավել սիրեցի:Սա ոչ՛ կատակերգություն է , ոչ՛ էլ ֆարս, ինչպես գրում եք Դուք. անգամ վերջին արարում Ձեր կողմից դեպի լավագույն կյանք տանող ելքով հանդերձ սա ողբերգություն է»:[18] Այս նամակը գրելու պահից և մինչև նոյեմբերի վերջը Ստանիսլավսկին և Չեխովը նամակագրական կապի  մեջ են  գրեթե      ամեն օր: Նամակները՝  դերասանների ընտրության, խաղափորձերի ընթացքի, հաջող գտնված միզանսցենի և դեկորացիաների վերաբերյալ մանրամասն հաշվետվություններ են: Չեխովն առավել քան երբևէ վստահում է Ստանիսլավսկուն դեկորացիաների ընտրության հարցում. «Դեկորացիաների խնդրով մի նեղվեք, ես ենթարկվում եմ Ձեզ, հիանում եմ և սովորաբար Ձեր թատրոնում նստած եմ բերանս բաց: Խոսք անգամ լինել չի կարող. ինչ էլ որ անեք, հրաշալի կլինի, իմ հորինածից հարյուր անգամ ավելի լավը»:[19] 

Սակայն գլխավորում՝ պիեսի ժանրային մեկնաբանության վերաբերյալ, բեմադրիչն ու հեղինակը այդպես էլ իրար չհասկացան: Չեխովը գրել էր լիրիկական կատակերգություն, իսկ Ստանիալավսկին բեմադրեց դրամա: «Լսում եմ Ձեր ձայնը,-Թո՛ւյլ տվեք, չէ՞ որ սա ֆարս է ,-ո՛չ, սովորական մարդու համար սա ողբերգություն է»,- պնդում է բեմադրիչն իր նամակում:[20]

«Բալենու այգին» Գեղարվեստական թատրոնի բեմում առաջին անգամ ներկայացվեց 1904թ. հունվարի 17-ին՝ Չեխովի ծննդյան օրը: Սակայն ներկաների վկայությամբ,  թատերագիրը ներկայացմանը նստած էր տխուր և մտահոգված, պարբերաբար կրկնում էր. «Այն չէ, այն չէ, և՛ պիեսը, և՛ կատարումը՝ բոլորը այն չեն»: Նույնիսկ ամիսներ անց կնոջը ուղղված նամակում նա տարակուսում է. «Ինչու՞ աֆիշներում և թերթերում իմ պիեսը համառորեն անվանում են դրամա: Եվ Նեմիրովիչը, և Ալեքսեևը (Ստանիսլավսկին) իմ պիեսում բոլորովին այն չեն տեսնում,ինչ ես գրել եմ, կարող եմ երդվել, որ նրանք երկուսն էլ ոչ մի անգամ իմ պիեսը ուշադիր չեն կարդացել»:[21] Չեխովն այդպես էլ չհամակերպվեց իր պիեսի՝ իբրև դրամայի մեկնաբանման հետ, խոստովանելով. «Մի բան կարող եմ ասել՝ կործանեց Ստանիսլավսկին իմ պիեսը»:

1910թ. Գեղարվեստական թատրոնի դերասանների առջև ունեցած ելույթի ժամանակ Ստանիսլավսկին ասել է. «Մեզանից շատերը թող խոստովանեն,   որ «Բալենու այգին» միանգամից չհասկացան: Անցան տարիներ և ժամանակը հաստատեց Չեխովի իրավացիությունը»:[22]

Իբրև պատգամ են հնչում Չեխովի մահից մոտ քսան տարի անց գրված «Իմ կյանքը արվեստում» գրքում բեմի մեծ բարեփոխիչ Ստանիսլավսկու հետևյալ խոսքերը չեխովյան նորարարական արվեստի մասին. «Չեխովին նվիրված գլուխը դեռ ավարտված չէ, այն դեռ չեն ընթերցել ինչպես հարկն է, չեն խորացել նրա էության մեջ և ժամանակից շուտ փակել են գիրքը: Թող այն նորից բացեն, ուսումնասիրեն և մինչև վերջ կարդան»:[23]

Ծանոթագրություններ

[1] А.П.Чехов. Собр.соч., М.1985г.,т 12., стр 306

[2] Նույն տեղում,էջ 313

[3] Նույն տեղում, էջ 312

[4] А.П.Чехов. Собр.соч., М.1985г.,т 12., стр316-317

[5] Նույն տեղում,էջ 320

[6] А.П.Чехов. Собр.соч., М.1985г.,т 12., стр.318

[7] К.С.Станиславский т.5 стр. 331

[8] К.С.Станиславский т.5 стр. 335

[9] Немирович-Данченко, т. 1,стр. 154

[10] Академ.т.12.стр.194

[11] О.Л.Книппер-Чехова.В кн.:Чехов и театр,стр.335

[12] А.П.Чехов. Собр.соч., М.1985г.,т 12., стр.369

[13] К.С.Станиславский т.7,стр.204

[14]   ПССП, т. XIX, с. 7-8.

[15] А.П.Чехов. Собр.соч., М.1985г.,т 12., стр.390

[16] Նույն տեղում, էջ 392

[17] К.С.Станиславский, т. 7, с. 265.

[18] Նույն տեղում,էջ 266

[19] Письма, т. 6, с. 333--334

[20] К.С.Станиславский, т. 7, с. 265.

[21] Полное собр.соч.и писем, М.1951г.,т.20 стр.365

[22] К.С.Станиславский, т. 7, с. 361.

[23] К.С Станиславский, т. 1, с. 277

Նյութի աղբյուրը՝ ԵԹԿՊԻ, «Հանդես», Ν 14 , Երևան-2013

ԼԻԼԻԱՆ Հովակիմյան

740 հոգի