Սեղմիր
ԲԱՌԱՐԱՆ
ԴՐԱՄԱ

Հուն.- δράμα(գործողություն)

Ֆրանս. - drame

Անգլ. - drama

Գերմ. - Schauspiel

 Իսպ. drama

1. Լայն առումով՝ գրական երեք սեռերից մեկը, որը ներկայացնող ստեղծագործություններն են պիեսները: Եթե քնարերգությունն արտահայտում է հեղինակի անհատական վերաբերմունքը իրողությունների նկատմամբ, էպոսն իրողությունները նկարագրողաբար պատմում է,  ապա դրաման բացահայտում է դրանք՝ երևան բերելով դասային և դասակարգային տարբեր խմբավորումների, հասարակական և բարոյական տարբեր հայացքների, տարբեր բնավորությունների հակասություննները, նրանց միջև խմորվող կոնֆլիկտը (ըստ էության անհատականությունների դրսևորումը՝ իրենց շահերի համար մղած պայքարի և այդ անհատականությունների ու կրքերի անհամաձայնության մեջ): Դրամայի հիմքը գործողությունն է համարվում, պիեսի հեղինակը ոչ թե պատմում է դեպքերի ընթացքի և հերոսների մասին, այլ գործողություններով ուղղակիորեն ցուցադրում այդ ամենը: Դրամայի հին և նոր տեսություններում կարևորվում են գործողության փուլերը. սկսվում է մի բան, լարվում կնճիռ տալիս և լուծվում որևէ կետում, որը կա՛մ ավարտ է, կա՛մ նոր իրադրության սկիզբ: Ըստ Արիստոտելի գոյություն ունի այդ գործողության զարգացման երեք փուլ.

ա) սկզբնավորում կամ հանգույց (էքսպոզիցիա) (ենթադրվող հանգամանքները, այն իրադարձությունները, որոնցից սկիզբ է առնում կոնֆլիկտը),

բ) զրագացում, որի մեջ մտնում են բարձրակետը՝ կուլմինացիան և պերիպետիան՝ հերոսի ճակատագրի փոփոխությունը դեպի լավը կամ վատը (հիմնական կոնֆլիկտը ձևավորող իրադարձությունների հաջորդականությունը, ինչպես նաև կոնֆլիկտի ամենասրված պահը, որով կլուծվի կոնֆլիկտը),

գ) հանգուցալուծում՝ հերոսի ճակատագրի կամ կոնֆլիկիտի վերջնական լուծում՝ փրկության կամ կործանման ավարտակետով (ֆինալ) (ինչով ավարտվեց կոնֆլիտը, կամ  հանգուցալուծումից հետո հերոսների վերջնական դիրքը):

Դրամատիկական ստեղծագործություններից մեծամասնությունը իր պերիպետիաներով կառուցված են մեկ ընդհանուր արտաքին գործողությամբ(ինչը համախոս է Արիստոտելի սահմանած գործողության միասնության սկզբունքին):

Դրամատիակական գործողությունը, որպես կանոն կառուցված է հերոսների հակադրություների հիմքով: Այդ հակադրությունը կամ ձգվում է հանգույցից կուլմինացիա կամ գրավում ավելի երկար ժամանակահատված(օրինակ՝ միջնադարյան և արևելյան դրամաները), կամ էլ վերցված են միայն կուլմիացիոն լարված պահերը, որոնք մոտ են հանգուցալուծմանը (օրինակ՝ անտիկ դրամաները): 19-րդ դարի դասական գեղագիտությունը բացարձակեցնում էր դրամայի կառուցման այդ սկզբունքները: Երբեմն դրամայում գերակշռում է ներքին գործողությունը, որտեղ հերոսները ոչ թե ինչ որ բան են անում, այլ իմաստավորում են կոնֆլիկտը: Ներքին գործողության զարգացման տարրեր նկատել են ՍոֆոկլեսիԷդիպ») և ՇեքսպիրիՀամլետ») դրամաներում, հետագայում առավել արտահայտված կարելի է տեսնել 19-20-րդ դարերի դրամաներում. (Հ.Իբսեն, Մ.Մետերլինկ, Ա.Չեխով, Մ,Գորկի, Բ.Շոու, Բ.Բրեխթ, Ժ.Անույ և այլն):

Գործողությունից բացի դրաման կառուցվում է կերպարների դիալոգային խոսակցումների վրա: Դրամայում կարևոր նշանակության ունեն նաև հերոսների մենախոսությունները, որոնք կանխորոշում են նրանց կամքը, բացահայտում նրանց բնավորությունն ու նպատակները, իսկ արձակ նյութը (հերոսների կյանքում նախկինում կատարվածի վերբերյալ պատմությունները, սուրհանդակների հաղորդագրությունները, հեղինակի խոսքը) երկրորդական բաղադրիչ է:

Անտիկ ժամանակաշրջանից մինչև Շիլլեր և Հյուգո, դրաման չափածո էր, հիմնված՝ մոնոլոգների վրա, ինչն էլ այն մոտեցնում էր հռետորական արվեստին, երբեմն էլ քնարերգությանը: 19-20-րդ դարերում նկատելի է այդ սկզբունքից գրեթե ամբողջովին հրաժարումը (Ա.Սթրինդբերգ), նույնիսկ արժանանում է հեգնական բնորոշումների: Սկզբում գերակշռում էր առօրյա–խոսակցական տոնը (Ա.Օստրովսկի, Ա.Չեխով, Հ.Իբսեն), մենախոսության հռետորական տոնը հասցվում է նվազագույնի:

20-րդ դարի կեսերի դրամաներում մենախոսությունը կրկին սկսում է գերակշռել՝ անդրադառնալով ժամանակի սոցիալ-քաղաքական իրադարձություններին (Մ.Գորկի, Վ.Մայակովսկի, Բ.Բրեխթ) և կեցության համընդհանուր խնդիրներին (Ժ.Անույ, Ժ.Պ.Սարտր): Թատերա-դրամատիկական խոսքը, ունենալով երկակի իմաստ, կապում է դիալոգի և մոնոլոգի հետևանքով առաջացող տպավորությունը. կերպարը մարմնավորող դերասանը դիալոգի մեջ է մտնում խաղընկերոջ հետ, միևնուն ժամանակ՝ մոնոլոգով ուղղակիորեն կամ անուղղակիորեն դիմում հանդիսատեսին: Քանի որ հեղինակը գործող անձանց ուղեկիցն է և ոչ հուշարարը, ուստի նրա խոսքը սահմանափակվում է բեմագրական (ռեմարկային) իրավասությամբ: Չնայած որ դրամային հատուկ է խոսակցական բնույթը, ամբողջական տեքստը կառուցվում է նկատի առնելով հանդիսանքային արտահայտչականությունը և բեմական արվեստի հնարավորությունները: Այստեղից էլ դրամայի առջև դրվում է կարևոր մի խնդիր՝ բեմականությունը (իհարկե հիմքում ունենալով սուր կոնֆլիկտ): Ու թեև բեմադրվելիս դրաման ուղղակի չի կատարվում, այլ «թարգմանվում» է թատրոնի լեզվով (ինտոնացիոն-ժեստային պատկերներ, դեկորացիաներ, լուսա-ձայնային էֆֆեկտներ, արտատեքստային բեմավիճակներ), գրական հենքի վերաիմաստավորմամբ փոխվում է պիեսի սկզբնական գաղափարը, սակայն, գրեթե միշտ պիեսը գրվում է բեմի վրա խաղացվելու հեռանկարը նկատի ունենալով (այստեղից էլ՝ «թատերգություն», «թատերախաղ» արտահայտությունները): Կան նաև դիալոգաձև երկեր, գրված ոչ թե խաղալու, այլ կարդալու համար (գեր. Lesendrama, անգլ. Closet drama): Օրինակ՝ Ջ.Բայրոն ‹‹Մանֆրեդ››, Լ.Մանվելյան ‹‹Դեպի վեր››: Թեև առկա է հակառակը պնդող կատեգորիկ տեսակետը ևս, ըստ որի, միայն կարդալու համար նախատեսված դրամա գոյություն չունի, այն դրամատիկական ստեղծագործությունը, որը չի բեմադրվում՝ դրամա չէ, կամ փիլսոփայական տրակտատ է, կամ երկխոսություններով կառուցված պոեմ, իսկ եթե համարում են դրամա, ապա չստացված է: Դրաման բեմական նյութ է, և այն գրականության սեռ չէ, ոչ էլ գրականա-գեղարվեստական բարձրագույն ձև:

Դրաման մեծ մասամբ ներկայացնում է ներկա ժամանակը: Դա պատում կամ զրույց չէ եղած ու ավարտված դեպքերի մասին, այլ դեպքերի պայմանական ներկայություն խոսքով: Խոսքն այստեղ պայման է, խոսքին ծնունդ տվող ենթադրելի իրադրությունը՝ նրա ներքին ձևը: Պատմողականությունն այստեղ սկզբունքորեն բացառվում է կամ հասցվում է նվազագույնի, որպես օժանդակ պայման՝ անցյալ վիճակների պատկեր, արդարացում ներկայի: Այսպես, գործող անձը պատմում է մի բան, որի արդյունքն է իր վիճակը ներկա պահի մեջ: Պայմանականորեն անցյալը ներկայացնող տեսարաններին հետևելիս՝ այդ պահին ի սպառ չի վերանում այսրոպեականության զգացողությունը: Դրա դասական օրինակը Էսքիլոսի «Շղթայված Պրոմեթևսն» է. խոսքը պատմողական, էպիկա, որպես արտաքին պայման, և դրամա իր ներքին ձևում: Դրամայում գործում է, հեգելյան «սուբյեկտի ակտիվ ազատությունը» կամ դրամատիկական սուբյեկտիվությունը, ըստ քերականական բանձևի՝ «ես<…> եմ»: Դրամայի ներքին ձևը նույն օրինաչափությամբ գործում է բոլոր ժամանակների պիեսներում: Սկզբունքը միշտ նույնն է, արտահայտության կերպերն են տարբեր: Օրինակ՝ 20-րդ դարի 2-րդ կեսի դրաման այլ է: Այն անվանում ենք անտիդրամա որտեղ մասնավորապես ոչինչ տեղի չի ունենում, ոչինչ չի սկսվում ու ավարտվում, բայց առկա է ինչ-որ իրադրություն՝ ներքին ձև (Ս.Բեքեթ «Գոդոյին սպասելիս»): Անցյալ դարավերջի և մեր դարասկզբի հեղինակները մտադրված կերպով հեռացրել են խոսքը ներքին ձևից, այնքան, որ դժվար երևան կամ չերևան հանգամանքները:

Ժամանակային-իրադարձային ընդգրկուն բաժանումն, ի տարբերություն վիպական գլուխների, դրամայում կատարվում է արարներով(գործողություն), որոնցից ամեն մեկը պետք է ավարտի դիպաշարի զարգացման որևէ կարևոր օղակը: Նոր ատտիկյան կոմեդիայի գլխավոր ներկայացուցիչ Մենանդրոսը, վերջնականապես ձևավորվում դրաման 5 գործողության բաժանելու սկզբունքը՝ որը հետագայում եվրոպական դրամայի համար օրենք դարձավ (ամենից հաճախ գրվել են 3-5 գործողություն ունեցող պիեսներ, թեև լինում են նաև մեկ-երկու գործողությամբ դրամատիկական ստեղծագործություններ): Դրամայի կոմպոզիցիոն կառույցի յուրահատկությունների թելադրանքով գործողությունն էլ իր հերթին բաժանվում է տեսարանների և պատկերների: Տեքստը տեսարանների բաժանող պայմանակերպով, մի պատկերը սերտորեն կապվում է մյուսին: Դրաման տեսարանների բաժանելու գործընթացը տարբեր դարաշրջաններում տարբեր կերպ է կատարվել: Միջնադարյան և արևելյան, ինչպես նաև Վ.Շեքսպիրի, Բ.Բրեխթի դրամաներում ժամանակն ու գործողության վայրը հաճախ են փոխվում, ինչն էլ նյութին տալիս է որոշակի էպիկական ազատություն: Իսկ 17-19-րդ դարերի եվրոպական դրամաներն ավելի քիչ և  ընդարձակ  տեսարաններով են կառուցվում՝ համընկնում են ներկայացման արարների տևողության հետ: Ժամանակի և տարածության ճշգրիտ կարգավորմանը կարողացել է հասնել միայն կլասիցիզմը՝ իր սահմանած տեղի, ժամանկի և գործողության եռամիասնության սկզբունքով, որը հեղինակել էր կլասիցիզմի հիմնադիրներից մեկը՝ Ն.Բուալոն:

Դրաման ավելի քան գրական որևէ երկ պահանջում է լարում հարուցող կոնֆլիկտ, քանի որ դրամատիկական ստեղծագործությունը ձգտում է կյանքի հատկապես սուր մոտիվների և վիճակների սերտ միահյուսման, հակադրությունների պատկերման: Ուստի դրամատիկական բնավորությունը ամբողջ կյանքի դեպքերի և հանգամանքների լայնությունը հանգամանալից կերպով ներկայացնելուն չի ծառայեցվում, այն խիստ կենտրոնացած է, որոշակի և հստակ: Դրամատիկական խնդրի առաջացման հիմք է հադիսանում սոցիալ իրականությունն իրեն հատուկ հակասություններով, ընդդիմադիր հայացքների, բնավորությունների տեր,  անհատների պայքարը: Հեգելյան պատկերացմամբ՝ դա անհատների կամքի դրսևորումն է՝ նրանց հետաքրքրությունների բախումը, բնավորությունների և կրքերի ցուցադրումը: Այսինքն քաղաքական, հոգեբանական, բարոյական, կենցաղային կոնֆլիկտը դրամայում արտահայտվում է առանձին անձերի միջև ընդհարման ձևով՝ գործողության ընթացքում և միջոցով բացահայտում նրանց բնավորությունները, հայացքները, ձգտումները: Բացի այդ դրամայի էությունը արտահայտվում է  հակառակ ձգտումներ և նպատակներ ունեցող անհատների ընդհարման, այն ներքին հակասությունների մեջ, որոնք մարդն ունենում է կյանքի դժվարին իրավիճակում հայտնվելիս: Ուստի դեպքերը պատկերվում են սուր բախումների, հոգեբանական լարված վիճակների, մարդկային բազմազան հարաբերությունների բնական զարգացման  մեջ: Հետաքրքրությունների բախումը պայքար է ծնում, որի արդյուքնում տեղի է ունենում պայքարողների վիճակների  փոփոխություն: Դրամայի գործող անձինք հետաքրքրված են պայքարի թե ընթացքով, թե վճռով: Կոնֆլիկտը պիտի շոշափի հերոսների համար չափազանց կարևոր խնդիրներ: Դրամայում ներկայացված որևէ կողմի հաղթանակը կամ պարտությունը ոչ միայն հերոսի ուժեղ կամ թույլ լինելու հետևանքն է, այլև արտահայտում է հասարակության այդ պահին եղած պատկերը, ներկայացնում նրա զարգացման հեռանկարը:

Եվրոպական դրամայի ակունքներում Արիստոֆանեսի և հին հունական ողբերգակներ՝ Էսքիլեսի, Սոֆոկլեսի, Եվրիպիդեսի ստեղծագործություններն են: Հիմնվելով ժողովրդական տոնակատարությունների՝ ծիսական ավադների վրա, ներառելով նաև քնարերգության ձևային հիմքը, ինչպես նաև հռետորական արվեստը նրանք ստեղծել են դրամայի դասական օրինակներ: Հին Հռոմեկան դրաման ներկայանում է Պլավտուսի, Տերենցիուսի կատակերգություններում և Սենակայի ողբերգություններում:

Միջնադարում կրոնական արարողակարգերի որոշակի թատերային էլեմենտների հիման վրա ստեղծվում է լիթուրգիական դրաման: Անտիկ դրամայի տարրերը համադրվում են Աստվածաշնչյան սյուժեների հետ (օր. Գերմանացի միանձնուհի Հրոդսվիդայի (10-րդ դար) լատիներեն պիեսերը) և ստեղծվում նոր դրամաներ:  Միջնադարյան աշխարհիկ դրաման ներկայացված է Ադամ դե լա Ալի գործերում: Չնայած որ եվրոպական նոր ժամանակների դրաման կառուցվում  էր անտիկ ողբերգությունների ձևային հիմքի վրա, այնուամենայնիվ այն ժառանգել էր միջնադարյան ժողովրդական թատրոնի սկզբունքները: Նրա «ոսկե դարաշրջանը» համարվում է ՝ անգլիական (Վ.Շեքսպիր, Բ.Ջոնսոն, Կ.Մարլո, Ֆ. Բոմոնտ, Ջ. Ֆլետչեր),իսպանական (Պ.Կալդերոն, Լոպե Ֆ. Դե Վեգա Կարպո, Տիրսո դե Մոլինա), ինչպես նաև ռենեսանսյան և բարրոկոյի դրամաները: Ֆրանսիական կլասիցիզմի դրամայում (Պ.Կորնեյլ, Ժ.Ռասին) հոգեբանորեն խորը տրված է անձնական զգացմունքների և պետության, ժողովրդի հանդեպ եղած պարտքի պատճառով առաջացող կոնֆլիկտը: Ժ.Բ.Մոլիերի ստեղծագործական սկզբնական շրջանին վերագրվող «բարձր կատակերգություններում» համադրված են ժողովրդական հանդիսանքն ու կլասիցիզմի օրենքները: 19-րդ դարում արժեքավոր դրամատիկական գործեր ստեղծեցին ռոմանտիզմի հիմնադիրներն ու ներկայացուցիչները (Գ. ֆոն Կլեյստ, Ջ.Բայրոն, Պ.Շելլի, Վ.Հյուգո, Ա. դե Մյուսե): Այս շրջանում կարևոր տեղ են զբաղեցնում Գ. Բյուխների դրամաները՝ կանխորոշելով էքսպրեսիոնիզմի շատ առանձնահատկությունները: 19-րդ դարի կեսերին եղավ մի շրջան, երբ դրամաները կառուցվում էին  Է. Սկրիբի սահմանած «լավ սարքված պիեսներ» բնորոշված օրենքների հիման վրա, որտեղ կարևորվում էր վարպետորեն ստեղծված ինտրիգը, սրընթաց զարգացող գործողությունը:

19-20 դարերում տեղի է ունենում արևմտաեվրոպական դրամայի նոր վերելք: Հ.Իբսենը, Հ.Հաուպտմանը, Ա.Սթրինդբերգը, Բ.Շոուն իրենց պիեսներում ընդգծում էին սոցիալ-բարոյական կոնֆլկտը: 20-րդ դարում այս սկզբունքով էին ստեղծագործում Ռ.Ռոլլի, Ջ.Պրիստլի, Շ. Օ՝Քեյսի, Յուջ. Օ՝ Նիլ, Լ.Պիրանդելլո, Կ.Չապեկ, Ա.Միլլեր, Է.Դե Ֆիլիպպո, Է.Օլբի, Թ.Ուիլյամս:

1920-1940 թվականների սոցիալ-քաղաքական իրադարձությունները իրենց անդրադարձն են գտել Բ.Բրեխթի ստեղծագործութուններում: Բրեխթյան ագիտացիոն դրաման արտահայտված է նաև Հ.Մյուլլերի ստեղծագործություններում;

20-րդ դարի ետպատերազմյան շրջանում՝ տիրող ապատիկ հոգեկան միջավայրի ազդեցությամբ գերիշխում էր աբսուրդի դրաման (Է.Իոնեսկո, Ա.Ադամով, Ս.Բեքեթ): Ֆ.Բրուկների ստեղծագործությամբ զարգացում է ապրում պատմական դրաման:

Նշանակալի տեղ է զբաղեցնում նաև ինտելեկտուալ դրաման, որը կապված է էկզիստենցիալիզմի հետ (Ժ.Պ.Սարտր, Ժ. Անույ):

Արևելքում դրամայի ծաղկումը թվագրվում է՝ Հնդկաստանում մեր թվագրության 1-ին հազարամյակի կեսերին, այն հիմնվում էր էպիկական սյուժեների, Վեդաներից վերցված թեմաների և երգերի վրա (Կալիդաս, Բխասա, Շուդրակա): Ճապոնացի ականավոր դրամատուրգ  Ձեամիի (15-րդ դարի սկիզբ) շնորհիվ ճապոնական դրաման ձեռք է բերում ավարտուն գրական ձև (յոկոկու ժանրը) և Տիկամացու Մոնդձաեմոն (17-րդ դարի վերջին-18-րդ դարի սկզբին): 13-14-րդ դարերում Չինաստանում ձևավորվում է ժողովրդական դրաման (Բո Պու, Վան Շիֆու, Գուան Խանցին):

18-րդ դարի ռուսական դրաման ներկայանում է հիմանակնում կլասիցիստական մոտեցմամբ (Ա.Պ.Սումարոկով, Ն.Պ. Նիկոլև, Յ. Կնյաժնին): Ռուսկան դրաման իր բարձրակետին հասավ Դ.Ի.Ֆոնվիզինի դրամաներում: 19-րդ դարի առաջին կեսի անվանի ռուս դրամատուրգներից  էր Վ.Ա Օզերովի («Էդիպը Աթենքում» 1804թ., «Դմիտրի Դանսկոյ» 1807): Իսկ 1820-1830 ականերին որպես դրամայի դասական ստեղծագործությունների դրսևորոմ կապվում է Ա.Ս.Գրիբոյեդովի, Ա.Ս.Պուշկինի և Ն.Վ.Գոգոլի հետ: Ռուս ազգային դրամատուրգիայի կայացման համար որոշիչ դերակատարում ունեցավ նաև Ա.Ն.Օստրովսկու բազմատեսակ դրամատուրգիան՝ իր մարդկային փոխհարաբերություններով, դրամի հանդեպ անհագ սիրո միջանկյալ կոնֆլիկտներով, «փոքր մարդու» հանդեպ հեղինակի համակրանքով ու կարեկցանքով (առաջին պլանում կայնքի օրենքների անարդարությունը բերելով):

19-րդ դարի վերջին, 20-րդ դարի սկզբին դրաման շեշտակի առաջընթաց ապրեց Ա.Պ.Չեխովի ստեղծագործություններում: Նրա պիեսների էպիզոդներն ու ռեպլիկները միմյանց կապված են զուգորդական (ասիոցատիվ)՝ «կոնտրապունկտի» (երաժշտական տերմին՝ ձայնակարգություն) սկզբունքով, հերոսների հոգեբանական ապրումները բացահայտվում են առօրյա կայնքի ընթացքի մեջ՝ ենթատեքստերի միջոցով: 20-րդ դարի դրամաներում նկատելի են քնարական գծեր (Մ.Մետերլինկի, Ալ Բլոկի «քնարական դրամաները»), կամ թե պատմողական՝ էպիկական տարրերը (օրինակ՝ Բ. Բրեխտը իր պիեսներն անվանել է «էպիկական»), պատմողական ֆրագմենտների և բեմական պատկերների մոնտաժը դրամատուրգների ստեղծագործություններին տալիս է որոշակի վավերագրականություն: Դրա հետ մեկտեղ նման ստեղծագործությոններում  խախտվում է պատկերվող նյութի հավաստիության պատրանքը՝ վերածվելով պայմանականության ցուցադրության(կերպարների հանդիսատեսին անմիջականորեն դիմելու ձևերը, երաժշտա-լիրիկական ֆրագմենտների միջոցով հերոսի հիշողոթյունների կամ երազանքների ցուցադրումը բեմում):

20-րդ դարի երկրորդ կեսին ի հայտ եկավ այսպես կոչված «նոր ալիքի» դրամատուրգիան՝ Լ.Ս.Պետրուշևսկայա, Վ.Ի.Սլավկին, Ն.Ն.Սադուր, Լ.Ն.Ռազումովսկայա, մեծ տարածում ունեին Ն.Վ.Կոլյադայի և Ե.Վ. Գրիշկավեցի պիեսները: Այդ ժամանակաշրջանից ցայսօր  իր հաղղթարշավն է շարունակում դոկումենտալ դրաման, որը ճշգրիտ ձևով ներկայացնում էր իրական, պատմական փաստերը (Մ. Շատրովի «Հուլիսի վեցը» և «Հեղափոխական էտյուդը», Պ.Վայսի «Հետաքննությունը» և այն): 20-րդ դարի վերջին և 21-րդ դարի սկզբին ձևավորվեց նոր դրամա  ուղղության ռուսական ալիքը, որը կոնտրաստային տարընթերցումների առիթ դարձավ: Սուր տարակարծություններ սադրող այդ պիեսների հեղինակները երբեմն նատուրալիստական թափանցիկությամբ անդրադառնում էին համաշխարհային սոցիալական ճգնաժամներին՝ Վ. Սիգարև, Վ.Օ. Դուրնենկով, Մ.Ա.Կուրոչկին, Պրեսնյակով եղբայրները:

Հայ իրականության մեջ դրամայի ստեղծման առաջին վկայությունը թողել է հույն պատմիչ Պլուտարքոսը. նրա վկայությամբ, Արտավազդ Երկրոդը մ.թ.ա. 1-ին դրում գրել է դրամաներ, որոնց տեսքտերը չեն պահպանվել: Հայ պատմիչները թողել են վկայություններ միջնադարյան թատերական գրվածքների մասին, որոնք նույնպես չեն պահպանվել: Հայերեն առաջին պիեսը, որի տեքստը պահպանվել է, վերաբերում է 1668-ին՝ «Մարտիրոսություն սրբոյն Հռիփսիմեա»: 19-րդ դարի առաջին կեսին հայ բեմում գերիշխել են պատմական ողբերգություն ներկայացնող պիեսները (Մ.Պեշիթաշլյան, Ս.Հեքիմյան, Թ.Թերզյան, Պ.Դուրյան և այլք): Հայ ռեալսիտական դրամայի սկզբնավորողն է Գ.Սունդուկյանը՝ ‹‹Պեպո››, ‹‹Խաթաբալա››, ‹‹Գիշերվա սաբրը խեր է››: Իրապաշտական և այլ ոճերի ու ձևերի պիեսների հեղինակներ են՝ Ալ.Շիրվանզադեն՝ «Պատվի համար», «Եվգինե», Մուրացանը՝ «Ռուզան», Հ.Պարոնյանը՝ ‹‹Պաղտասար աղբար››, ‹‹Մեծապատիվ մուրացկաններ››, ‹‹Ատամնաբույժն արևելյան››, Լ.Շանթը՝ ‹‹Հին  աստվածներ››, ‹‹Կայսրը››, ‹‹Ինկած բերդի իշխանուհին››, Ե.Օտյանը՝ «Չարչըլը Արթին աղան կամ ֆրանքո-թուրքական պատերազմը», «Հերոսախաղ», «Կառքի մը արկած», Ժ.Անանայանը՝ ‹‹Տաքսի, տաքսի››, Գ.Տեր-Գրիգորյանը՝ «Սոֆիկի սխալը», «Ամեն ինչ կամ ոչին», Ա.Պապայանը՝ ‹‹Աշխարհն, այո, շուռ է եկել››, «Համեցեք Հակոբ Նշանիչի ծնունդին», Ա.Քալանթարյանը՝ «Քանի դեռ կամ», «Բացեք ձեր աչքերը», «Բումերանգ», Պ.Զեյթունցյանը «Ոտքի դատարանն է գալիս», «Աշակ Երկրորդ», «Մեծ լռություն» Ա.Այվազյանը՝ ‹‹Դեկորներ››, ‹‹Լացի այգին››, ներկայիս դրամատուրգներից՝ Կ.Խոդիկյանը՝ ‹‹Լույսը կբացվի››, ‹‹Տրակտատ թաշկինակի մասին››, ‹‹Ձոն ծաղրածուին››, «Մնաց յոթ օր», Գ.Խանջյանը՝ ‹‹Ֆաբերեժի ձու››, ‹‹Արմագեդոն››, Հ.Թեքգյոզյանը՝ ‹‹Մետաստազներ››, ‹‹Երկկենցաղ մարդը›› Ս.Նալբանդյանը՝ ‹‹Հաղթանակի գենեզիս››, ‹‹Իմ ընտանիքը ճամպրուկումս է››, Է.Զոհրաբյանը՝ ‹‹Սեր, թե քուանշ››, ‹‹Սմբակներ››, Ա.Աղասարյանը ‹‹Փրկեցեք մեր հոգիները››, ‹‹Հարսանիք թիկունքում›› Դ.Մուրադյանը «Մեր հին դաշնամուրը», Ա.Ասլիբեկյանը ‹‹Թռիչք քաղաքի վրայով››, ‹‹Մերսեդես››, ‹‹Մի՛ լռիր, ռեմի››, Ս.Խալաթյանը՝  ‹‹Մի ֆունտ բարություն››, ‹‹Միայն քեզ եմ սիրում››, Ա.Սիսյանը՝ ‹‹Ագռավն ասաց››, Ս.Կոսյանը՝ «Կյանքը վանդակի կողքողով», «Սատանան կնոջ ներսում», «Գուցե փրկվենք» և այլն: 

2000թ. Կարինե Խոդիկյանը հիմնել է «Դրամատւրգիա» հանդեսը, որտեղ տպագրվում էին հայ ժամանակակից դրամատուրգների պիեսները: Այն 2020 թվականից գործում է առցանց՝ 2018թ. Կարինե խոդիկյանի հիմնած ԹԱՏՐՈՆ-ԴՐԱՄԱ դրամատուրգիական կայքում, որը հայ ժամաանակակից դրամատուրգիան և թատերագիրներին բազմակողմանիորեն ներկայացնող հարթակ է:

2. Նեղ իմաստով՝ թատերագրության միջին ժանրը, որը սկիզբ է առել 18-րդ դարում, երբ լուսավորական շարժումն ու բուրժուական հեղափոխության գաղափարների տարածումը անհրաժեշտ դարձրին հասարակ մարդկանց, ոչ ազնվական ծագում ունեցողների կյանքի պատկերումը արվեստի բոլոր ճյուղերում: Դրամատուրգիայում ստեղծվեց երրորդ ժանրը՝ դրաման, որի խնդիրն էր պատկերել մարդկանց առօրյան ու կենցաղը, հոգևոր աշխարհն ու ձգտումները: Դրամա ժանրի հիմնադիրներ են Դ.Դիդրոն՝ Ֆրանսիայում և Լեսսինգը՝ Գերմանիայում: Նրանց ձևավորած քաղքենիական դրաման, դրամային ժանրային նշանակություն է տալիս, ինչպես նաև կասկածի տակ դնում կլասիցիստական օրենքների բացարձակությունը, ձևափոխում դրամայի կառուցվածքն ու լեզուն: Թեև հետագայում մեծ տարածում գտան, տրագիկոմեդիան և տրագիֆարսը, դրաման, սակայն, չի կարելի դիտել իբրև ողբերգության և կատակերգության մեխանիկական միաձուլում, այն ինքնուրույն ժանր է իր որոշակի յուրահատկություններով: Մասնավորապես սոցիալական հստակությամբ աչքի ընկնող Դ.Դիդրոյի «լուրջ ժանրի» պարագայում կլասիցիստական կատակերգության վերացական բնավորություններին փոխարինելու են գալիս որոշակի սոցիալական բնավորությունները: Միջին վիճակագրական ֆրանսիացին իր առաքինությունները հակադրում էր արիստոկրատիայի խորին փչացածությանը: Ի հակադրություն կլասիցիստական թատրոնի երկանդամ կամ միանդամ դիալոգային քաղաքականության Դ.Դիդրոն կիրառում է նաև բազմախումբ զուգահեռ երկխոսության հնարքը: Այդուհանդերձ, Դ.Դիդրոյի պիեսները («Անառակ որդին կամ առաքինության փորձություն», «Ընտանիքի հայրը») հաջողություն չունեցան, քանի որ բուրժուական պրակտիկ հերոսներին իդեալականացնող հեղինակը պահանջում էր, որ իրենց արարքների վճռական պահերին գործող անձինք արտահայտիչ կեցվածքներով քարանան՝ ստեղծելով կարևորագույն դրությունների «կենդանի պատկերները»: Այդ կերպ ներկայացման դիպաշարում տեղայնացնեն Շարդենի և Գրյոզի կտավներում պատկերված քաղքենական տեսարաններն ու ինտերիերը: Վերջնարդյունքում ոչ տիպական կերպարներ ու անկոնֆլիկտ սյուժեներ էին ստեղծում՝ պիեսները վերածելով բարոյախրատական քարոզի:  

Օգտագործված գրականության ցանկ

1. Էդ.Ջրբաշյան, Գրականության տեսություն, Երևան-1962

2. Լ.Հախվերդյան, Թատերագիտական բառարան, Երևան-1986

3. Էդ.Ջրբաշյան, Հ.Մախչանյան, Գրականագիտական բառարան, Եր., 1980թ.:

4. Արիստոտել, Պոետիկա, Ե., 1955:

5. Հ.Հովհաննիսյան, Դերասանի արվեստի բնույթը, Ե., 2002:

6. Դ.Դիդրո, Փիլիսոփայական և գեղագիտական ընտիր երկեր, Ե., 1963:

7. Ալ.Շիրվանզադե, Երկերի լիակատար ժողովածու, հ.9, Երևան-1955

8. Эстетика. Словарь Под общ. Ред. А. А. Беляаева и др. Москва-1989

9. Г.В.Ф. Гегель, Сочинения, т.XIV, М. 1958.

10. Г.В.Ф. Гегель, Лекции по эстетике. В 2-х томах. Том 1, М. 2007.

11. В. Белинский, Полное собрание сочинений, т III, М., 1945:

12 В. Белинский, Полное собрание сочинений, Т. 5., М., 1954.

13. Белинский В. Г. О драме и театре. М., Л., 1948.

14. Белинский В. Г., Собрание сочинений в трех томах, Т.2, М-1948

15. Брехт Б. О театре. М., 1960.

16. А.Б.Голденвейзер, В близи Толстого, М.,1959

17. Сlark В. Н. European theories of the drama. N. Y., 1965

18. Аникст А., История учений о драме. М., 1967–1988. [Т. 1–5]

19. Аникст А., Теория драмы от Аристотеля до Лессинга, Из.  «Наука», М. 1967

20. Волькенштейн В. М. Драматургия. 5-е изд. М., 1969,

21. Сахновский-Панкеев В. А. Драма. Конфликт. Композиция. Сценическая жизнь. Л., 1969;

22. Бентли Э. Жизнь драмы. М., 1978;

23. Klotz V. Geschlossene und offene Form im Drama. 9. Aufl. Münch., 1978;

24. Зингерман Б. И. Очерки истории драмы 20 в., М., 1979

25. Хализев В. Е. Драма как род литературы. М., 1986

26. Хализев В. Е., Драма как явление искусства. Искусство, М., 1978

27Театральная Энциклопедия, Том2, Москва-1963

28.  Г. В. Плеханов., Искусство и литература, Москва-1948

29.  С. Мокульский., Французский театр эпохи просвещения, Французский театр эпохи просвещения, Сборник пьес, Том1, Москва-1957

10.10.2021  01:18

Համահավաքեց՝ ՍՈւՍԱՆՆԱ Բրիկյան

Խմբագրելի

1314 հոգի