Սեղմիր
ԱՆՄԵՂ ՄԵՂԱՎՈՐՆԵՐԸ

05. 10. 2021  02:10

Անհատի մենության թեման գրեթե միշտ էլ արվեստի, այդ թվում և թատրոնի հետաքրքրությունների շրջանակում է եղել: Այսօր էլ երևանյան բեմահարթակները նման բովանդակություն ունեցող ներկայացումների պակաս չեն զգում: Մայրաքաղաքային խաղացանկից այս անգամ կփորձենք մարդու ներքին կղզիացումը մեկնաբանող խոր հոգեբանական բեմադրությունները ներկայացնել:Մոտ երկու ամիս առաջ Փոքր թատրոնի բեմում տեղի ունեցավ Վահան Բադալյանի հեղինակած «Օդիլ» հոգեբանական դրամայի առաջնախաղը: Մտախանգարման պատճառով սեփական տարիքը չգիտակցող կնոջ խղճահարույց բեմապատում, որում հոգեբանական գլխավոր խաղաթուղթը ամենակուլ մենությունն է: Օդիլի այս կարգավիճակի սրմանը նպաստում է նաև ամուսնու բացակայության հանգամանքը: Ներքուստ չհաշտվելով այդ փաստի հետ՝ նա որդուն կողակցի տեղ է ընդունում, քանի որ տղան շատ էր նման հորը: Եվ այս կործանարար երկվությունը շատ ավելի գրավիչ վերարտադրություն է ստանում Վահան Բադալյանի ռեժիսորական հնարքների համատեքստում: Վերջինս հմուտ աճպարարի վարպետությամբ է խաղարկում երկու իրականությունների հարաբերությունը՝ կրկին ապացուցելով իր էսթետիկայի բարձրակարգ լինելը: Բայց գեղագիտական հմայքի շնորհիվ հանդիսատեսի համակրանքը վայելող էսթետը վրիպել է բեմադրական խնդիրները լուծելիս: Ամենակոպիտ սխալը գլխավոր հերոսուհու բարդագույն դերը Վիվյեն Բաստաջյանին վստահելն է: Ամբողջ ներկայացման ընթացքում նրա գրեթե բոլոր գործողությունները հավատ չեն ներշնչում, բացի ինքնատիրապետումը կորցնելու տեսարանից: Այստեղ, ի պատիվ իրեն, նա կարողանում է բռնախաղի գիրկը չընկնել: Ճիշտ է, փորձառու ռեժիսորը կռահելով, որ իր ընտրած դերանուհու ֆակտուրան կինոգենիկ է, վիզուալ շեշտը նրա դեմքի էկրանային ցուցադրման վրա է ուղղում: Սակայն դա չի լրացնում դերակատարման բովանդակային բացը, որ խոչընդոտում է համազգալ մշտարթուն մենության մատուցած պաթոլոգիկ խաբկանքը:

Նշված ինքնախաբեությունը այլ՝ միտումնավոր, բնույթ է կրում Սերժ Մելիք-Հովսեփյանի բեմադրած «Հորաքույրը և ես» սև հումորային էքսցենտրիկ դրամայի պարագայում, քանի որ այստեղ խնդիրների խնդիրը միայնակության հաղթահարման համար ստեղծված ստախոս «լռությունն» է: Մի տղամարդ երեսուն տարվա «վաղեմության» հորաքրոջից նամակ է ստանում առ այն, թե նա մահամերձ է: Տղամարդը շտապում է ազգականին վերջին հրաժեշտը տալու, բայց շփոթում է հասցեն և հորաքրոջ տան առջևի շենքում ապրող օտար կնոջ բնակարան է մտնում: Օտարականի անակնկալ այցից հանկարծակիի եկած կինը նույնպես միայնակ է ապրում և ոչ մի հարազատ չունի: Ավելին, հորաքրոջ սերնդակիցը, կռահելով տեղի ունեցածը, օգտվում է ստեղծված իրավիճակից. տևականորեն լռելով՝ չի ասում, որ իրականում թյուրիմացություն է տեղի ունեցել: Այդպես ճակատագրի նվիրած այցելուն շուրջ մեկ տարի խնամում է կարծեցյալ բարեկամին, մինչև հարազատ հորաքրոջ մահվամբ բացահայտվում է թվացյալ ազգականուհու մենությունը քողարկող սուտը: Ստացվում է իրականությունը դիտավորյալ բեկող մտախաբում, որի ռեժիսորական սիմվոլն է հադիսանում բեմում շեղանկյուն դիրքի բերված հարթակը: Բացի դրանից, բեմադրիչը հանդիսատեսին չի զրկում նաև ստեղծագործության ժանրային առանձնահատկության գունային խորհրդանշումը տեսնելու հաճույքից: Ամեն անգամ, երբ տղամարդու դերակատար Գեորգի Հովակիմյանը վարպետորեն հրամցնում է էքսցենտրիկ կերպարի սև հումորային ելուստները, անմիջապես վրա է հասնում մթնեցումը՝ որպես սևորակ ծիծաղի բնույթը հուշող գունախորհուրդ: Մնացյալ դեպքերում՝ ռեմարկային մթնեցումները, եթե չունեն ձայնային ուղեկցում, ինքնանպատակ են: Անհարկի ծանրաբեռնում են թատերային խաղարկման պահանջ ունեցող մենությունը:

Մենություն, որն ի տարբերություն նախորդ երկու ներկայացումների՝ Արթուր Սարիբեկյանի բեմադրած «Կրքոտ հաշվետվություն» մելոդրամատիկ-գրոտեսկային կենցաղագրության մեջ ոչ թե շարժառիթ է, այլ ինքնախաբեության հետևանք: Այսինքն, այն կիսաֆունկցիոնալ է, որովհետև մենությունը՝ որպես այդպիսին, զեղչված է: Կամերային երաժշտական թատրոնի բեմում զարգացող կիսամենության սյուժեն ցույց է տալիս մեզ բավականին ծանոթ բարոյահոգեբանական խնդիր, որի լուծման ձևն է արտասովոր: Իրավիճակն այսպիսին է. ամուսինները, իրար հետ ապրելով, չեն կարողացել հաղթահարել միայնակության զգացոումը, քանի որ իրականում երկուսն էլ մինչև վերջ անկեղծ լինելու քաջություն չունեն: Այդուհանդերձ, ստի մեջ ապրելն էլ այլևս անհնար է: Հետևաբար, անկեղծության դեֆիցիտը լրացնելու նկատառումով հիպնոսարարի են կանչում, որպեսզի կենցաղային խնդրի լուծման պատրվակով բոլոր կասկածների պատասխանները ստանան: Փաստորեն, ի հայտ է գալիս խիստ ինքնահատուկ կերպար Գոդոն, որի դերակատարումը, ի դեպ, Վահագն Սիմոնյանի հաջողության դեբյուտը կարելի է համարել: Նույնը չի կարելի ասել Ադիի դերակատարումը ստանձնած շնորհալի դերասան Արմեն Մարգարյանի մասին, ով միզանսցենի շահերը սպասարկող դադարները նախապատրաստելիս կեղծիքի գիրկն է ընկնում: Այդ պաուզաների նախերգանքների՝ միատառ բառերի, արտաբերման ոչ սկիզբն է հասունանում, ոչ էլ ավարտը: Շատ ավելի վատ վիճակում է Էնջլի դերակատար Տաթևիկ Միրզոյանը: Թեպետ նրա քայլվածքը, դիմախաղն ու շշուկումը օրգանականության առջև չեն մեղանչում, բայց երբ գործը բարձրաձայն խոսքին է հասնում, կերպարը ներքին միագծությամբ է պարփակվում: Ձայնի հնչերանգը միայն դերի քաղքենությունն է վեր հանում, այնինչ, դա կերպարի միակ հոգեբանական շերտը չէ: Հուսանք՝ լուսաձայնային ռեժիսորական գտնված հնարքով տեսարաններն իրար միացնող բեմադրիչը, այսուհետ դերասան ընտրելիս՝ արտաքինից բացի ներքին նրբությունների հետ էլ հաշվի կնստի: Այլապես ձախողումն անխուսափելի է՝ անկախ շնորհքիդ թեքվածքից ու խտությունից:

Նյութի աղբյուրը՝ ԵՐԵՎԱՆ ամսագիր / 2012 Դեկտեմբեր

ՏԻԳՐԱՆ Մարտիրոսյան

520 հոգի