Սեղմիր
ԷՍՍԵ

04.10.2021 00:34

Արվեստի այս տեսակը մի սահմռկեցուցիչ վայելք ունի: Դերասանի մասնագիտության նշանաբանը, որոշ վերապահումներով, կարելի է այսպես ձևակերպել. «Սա այն աշխատանքն է, որը երբեմն, իսկ տարիքին զուգահեռ՝ ավելի հաճախ, չես ուզում անել, բայց և չես կարող չանել»:  Էնտուզիազմ կոչվածը տարիների հետ կորցնում է իր լուսավոր թևերը, կարևոր կերպարներն ու դերերը դերասանին շրջանցում են, հուսահատությունը դառնում է վայրենի, հավատի պակասը երբեմն անվերադարձ դեպի թատրոնի դրսի դուռն է տանում, բայց մնում է մի աննկարագրելի հոտ, որը զգալու պահանջը մագնիսի նման հետ է քաշում: Իսկ այդ հոտը, որը լավ ու հիմնավոր տեղավորված է բեմում, որպես կանոն, ձևավորվում է բուտաֆորական արտադրամասում:

... Հին ներկայացումներից մեկից մի մեռել էր մնացել: Սպիտակ խուճուճներով տարօրինակ երկմետրանոց մի մուլյաժ, ում շատ տեղ չզբաղեցնելու համար կախում էին կահույքի արտադրամասում: Իսկ մի ժամանակ նա ողջ էր...

Առհասարակ, ես խորին հարգանքով եմ վերաբերվում իրենց գործն արած ու թոշակի անցած բեմիրերին և կահույքի տարբեր մասերին, որոնք ռեկվիզիտանոցում, տարիներ շարունակ չօգտագործվելով, սրբորեն պահում են հայտնի ու մեծ դերասանների մատնահետքերը և հուզմունքով սպասում, թե երբ են վերստին իրենց նկատելու:

Այդպիսի մի անտիկվար շիրմա եմ հիշում: Թատրոնի տարեգրությունը կազմող ներկայացումների լուսանկարները դիտելիս՝ շատ անգամ եմ այդ շիրման տեսել՝ ջահել, նախշերն ու բարոկկո դարաշրջանի պատկերները՝ թարմ ու վառ: Իսկ հիմա այն ներկայացումներից մեկի ժամանակ դրվում է կուլիսներում, որ պրիման' կարծեցյալ պրիման, քանի որ այդ տիտղոսը, ըստ իս, վերացել է վերջին ազնվատոհմիկ հանդիսատեսի վախճանով), մի խոսքով, որ հայտնի դերասանուհին նրա հետևում իր կրծկալը փոխի...

Վերադառնանք մուլյաժին: Քանի որ էս խեղճը մեռել էր ու միաժամանակ երկու մետրանոց հասակ ուներ, պարզ է, չէ՞, որ դագաղն էլ պետք է լիներ իր չափսերին համապատասխան: Այսինքն՝ մի զռլամա, էշի չափ տուփ: Փաստորեն, բեմիրերից որոշները' ինքնին արժեք չներկայացնողները, ապրում են այնքան, որքան ներկայացումն է ապրում: Իսկ մեր մեռել-Գուլիվերը մեռավ իր իսկ մեղքով: Մի անգամ հովհարային տարիներին վաղ առավոտյան (նախորդ օրն այն ներկայացումն էր, որտեղ օգտագործվում էր մեր տխրահռչակը), թատրոնի գնդլիկ-փափլիկ հավաքարարը մտնում է բեմը սրբելու ու կիսախավարի մեջ Գուլիվերին տեսնելով՝ թզուկանում: Խեղճի գլուխը վախից այնպես էր փորն ընկել, որ... Մի խոսքով' չասեմ, թե որտեղից հանեցինք: Թատրոնի դերասանական կազմից ոմանք այդ միջադեպը համարեցին վատ նշան ու քանի որ զզվում էին տեղական արտադրության պիեսներում խաղալուց, իսկ այդ ստեղծագործության հեղինակը տեղացի էր, գեղարվեստական ղեկավարին խնդրեցին հանել ներկայացումը՝ ի նշան հավաքարարի կարծիքի կարևորման: Նա էլ ականջալուր եղավ դերասանների կանչին և ադմինիստրատորին խիստ նկատողություն տալով՝ այդ բեմադրությունը հանեց խաղացանկից: Իրականում բեմադրության չեզոքացման պատճառը ոչ Գուլիվերն էր, ոչ էլ հավաքարարը, որը վախից կապտել էր: Ուղղակի տոմսերը չէին սպառվում: Մի խոսքով՝ Գուլիվերին, որպես անգործության մատնված առարկա, տարան կախեցին կահույքի արտադրամասի առաստաղից: Իսկ ես սիրում էի նրան...

Այո, ես սիրում էի նրան, թեև բոլորովին էլ ֆետիշիստ չեմ ու Պիգմալեոնի բարդույթով չեմ տառապում: Գուլիվերի դեմքն իմ սիրելի դերասանինն էր...
...Նա պառկել էր բուտաֆորական սենյակում տեղադրված սովետական գրասենյակային դիվանին: Պառկել էր անշարժ ու այն մտքից, որ դեռ մի հինգ ժամ պետք է պառկած մնար, շատ էր ուզում քնել: Բուտաֆորը նրա դեմքից դիմակի կաղապար պետք է հաներ: Խյուսը քսեց աչքերը փակ դերասանի երեսին, հետո հատուկ կաղապարատիպ նյութով ծածկեց ու գնաց ծխելու: Հենց այստեղ էր, որ զգացի թատրոնի այդ անմոռանալի հոտը: Դերասանն անշարժ պառկած էր. մումիա՞ էր, մեռե՞լ, թե' արձան... Չգիտեմ... Մոտեցա, ձեռքը սեղմեցի, ոչ մի շարժում: Չէ, շունչը չէր փչել: Ուղղակի այդ պահին կարծես դառնում էր մի կարևոր դիմագիծ, որից հետագայում սարքվելիք թատերական արձաններն ու դիմակները իր դեմքի արտահայտություններն ու զգացողություններն էին կրելու: Այդպես էլ եղավ... Դերասանի դիմակաղապարից ելած բազում երեսները շուտով ձևավորեցին նոր բեմադրության դեկորացիայի պատերը, դամբարանի արձանները, դիմակներն ու վերջում էլ՝ Գուլիվերին:

Նույն այդ նոր' ոչ գուլիվերային ներկայացման ժամանակ, որն, ի դեպ, տեղական չէր, ավելին՝ շեքսպիրյան էր, կուլիսում կանգնած մուտքի էի սպասում, երբ իմ սիրած դերասանը հետ ու առաջ քայլելով՝ տեքստն էր կրկնում: Մեկ էլ՝ ըհը, քիչ մնաց ընկներ: Հագուստի լայն փեշն ընկել էր բեմական դագաղից անսպասելիորեն դուրս պրծած մեխի բերանը: Երբ վրա հասա, որ օգնեմ ՝ նա մարմարային դեմքով նայեց աչքերիս մեջ ու.
- Տեսա՞ր, քաշեց...
Բեմի լուսավորությունը փոխվեց ու դեկորացիայի վրա դերասանի դեմքով սարքված բառելիեֆները զարմանքից բացեցին բերանները:

Իհարկե, նա այդքան շուտ չմահացավ: Բայց հիմա' տարիներ հետո, երբ արդեն չկա, հաճախ, նույն այդ ներկայացումը խաղալիս, նայում եմ դեկորացիոն բարելյեֆներին, արձաններին, դիմակներին ու... Ոչինչ... Ոչ մի ռեակցիա, ասես եկեղեցու վրա քանդակված անշունչ դիմապատկերներ լինեն: Հա, բայց այն պահերին, երբ թատրոնից անսահամանորեն վիրավորված ուզում եմ տխրել՝ կրկին հոտն եմ հիշում, այն զարհուրելի-անտանելի հրաշալի բուրմունքը, որն առաջին անգամ զգացի բուտաֆորական արտադրամասում, հետո' բեմում՝ միախառնված փոշու, հագուստի ու լույսի հետ:

Իսկ Գուլիվե՞րը... Նրան վաղուց չեմ տեսել: Մի անգամ բեմի բանվորներից մեկին հարցրեցի, ասաց. «Պահեստում է»:
Հաստատ պահեստում կլինի...

Նյութի աղբյուրը՝ ImYerevan.com 18.06.2013

ՀՈՎՀԱՆՆԵՍ Թեքգյոզյան

561 հոգի