Սեղմիր
ԷՍՍԵ

03.10.2021  03:07

Զարմանալի բան. տոմսավաճառի մասնագիտությունը գրեթե հարյուր տոկոսով գենդերայնացված է: Ես շատ թատրոններում եմ եղել, ավելի ճիշտ՝ շատ թատրոնների տոմսարկղների նեղ պատուհաններից եմ ներս նայել, բայց տոմսավաճառ տղամարդ չեմ տեսել: Թվում է՝ ինչ սնահավատություններ պետք է լինեն այդ՝ դրամական իմաստով խիստ պրագմատիկ, ես կասեի՝ շահային տարածքում: Բայց արի ու տես, որ թատրոնի տոմսարկղը ևս զուրկ չէ սնահավատության սարդոստայնից: Այստեղ ուրույն, առանց ծափերի ու խոնարհումների ներկայացում է խաղացվում: Հանդիսատեսն էլ՝ հիմնականում եթե չասեմ գոհ, ապա միշտ (տգետ ադմինիստրատորների օյինբազությունները չհաշված) շոյված է հեռանում տոմսարկղից:

Այստեղ հնչող հարցերը թունելային արձագանքի նման գնում-գալիս են նեղ պատուհանի միջով.

- Ի՞նչ ներկայացում է...
- Ո՞վ է խաղում...
- Տոմսն ի՞նչ արժե...
- Բեմադրիչն ո՞վ է...

Վերջին՝ ամենաքիչ տրվող հարցն ավելացրեցի՝ չվիրավորելու բեմական միստերաների արարիչներին: Իսկ նկարիչը, կոմպոզիտորը, էլ չեմ ասում՝ դեկորատորը և թատերական արտադրամասերի աշխատակիցները, հանդիսատեսի համար գոյություն չունեցող, աներևույթ մարդիկ են: Բայց իմ գիտակից թատերական կյանքի ընթացքում, հաճախակի տոմսարկղում լինելով, օրական քսան-երեսուն անգամ բախվում եմ մի հարցի, որը բոլոր շանսերն ունի հիմարության էտալոնը դառնալու համար:

- Լա՞վ ներկայացում է...

Հանդիսատեսը ականջը կախ՝ լսում է տնօրենի կամ գեղարվեստական ղեկավարի ցուցումով տոմսավաճառի սերտած ստանդարտ պատասխանը և նրա օրգանիկ համոզչությունից ազդված' տոմս գնում: Այ քեզ դերասանություն... Ինչո՞ւ է հանդիսատեսը թատրոնի բոլոր աշխատակիցներից ամենաշատը տոմսավաճառի հանդեպ մտերմություն ցուցաբերում: Ավելին՝ գրեթե հարյուր տոկոսով վստահում նրան: Ընդ որում վստահում են համարյա բոլորը՝ անկախ զարգացածության ու կրթվածության մակարդակից: Հավանաբար ենթագիտակցորեն տոմսավաճառը հանդիսատեսի ու թատրոնի միջև միջնորդ է դառնում: Հմուտ տոմսավաճառները հենց էդ միջնորդության վրա հիմնվելով էլ՝ հիանալի կատարում են իրենց առաքելությունը:

Նշեմ մի տարօրինակ փաստ, որը կհաստատեն թատրոնում երկար տարիներ աշխատած ադմինիստրատորներն ու տոմսավաճառները: Եթե ներկայացման առաջին տոմսը տղամարդն է գնում, նշանակում է՝ հանդիսատեսի պակաս չի լինի: Առաջին տոմսը կնոջը վաճառելու դեպքում դատարկ դահլիճից չես խուսափի: Դրությունը վատթարանում է, երբ կնոջ ձեռքով գնված առաջին տոմսից հետո հերթական վեց թվանշան պարունակող որևէ տոմս՝ 6, 16, 26, 136 և այլն, հայտնվում է իգական սեռի ներկայացուցիչի ձեռքում:

Կա մի տարօրինակ երևույթ ևս, որը, պայմանականորեն կարող ենք «անդմինստրատորի նավս» անվանել: Ադմինիստրատորը, որպես կանոն, բավականին հակասական անձնավորություն է: Հաճախ նրա տրամադրվածությունից է կախված, թե ներկայացման տոմսերը կսպառվե՞ն, թե՞ ոչ: Եթե ղեկավարությունը կամ ներկայացման հեղինակը նեղացնում է նրան, ապա նրա ներսում «քարկապի» նման մի բարդույթ է առաջանում: Առանց որևէ գիտակցված դիտարվորության: Նա փորձում է վաճառել տվյալ ներկայացման տոմսերը մյուս ներկայացումների տոմսերի նման: Բայց... Չի ստացվում... Չի ստացվում ու վերջ... Դահլիճը նավսած ներկայացման ժամանակ մշտապես կիսադատարկ է լինում: Արդյունքում դժգոհություններ, վեճեր, բառամտքային ծեծկռտուք... Ինչ ուզում ես արա, միևնույնն է՝ ադմինիստատորի ներքին նաֆսը, մեռնում է բեմադրությունը խաղացանկից հանելուն զուգահեռ: Մյուս կողմից էլ տոմսավաճառի կյանքը նույնպես հեշտ չէ, հաճախ նրա վրա են ծանրանում թատրոնի սյուներ' ատլանտյան դերասանների ճնշումները: Աստված չանի դերասանն իմանա, որ Ն դպրոցի տնտեսվարը, փողնախարարի քրոջ տալը, տանուտեր դարձած Բադալը, Թաջ Մահալից կամ Արարատյան դաշտավայրից եկած մարալը, տոմսավաճառին իր անկրկնելի հանճարի մասին հարցրած լինի, սա էլ՝ սխալ կամ թերի պատասխան տված լինի: Էդ ժամանակ տեղի է ունենում ամենասարսափելի պատիժը՝ տխրակոմիկ սյուն-դերասանն իր արածի-չարածների դավթարը բացում է ու...

Մի նոր հավաքարար էր թատրոն աշխատանքի ընդունվել: Վերջինիս՝ սրբելու-պլպլացնելու ամենակարևոր տարածքն էին վստահել՝ գլխավոր մուտքն ու տոմսարկղը: Երիտասարդ, բոյ-բուսաթով, թլոշ ու Սևանա արևի պաչ-պռոշտին զգացած թշերով կինը, մասնագիտական թեքումից ելնելով, մի ամսում նայեց թատրոնի ամբողջ խաղացանկը: Ու էդ չարաբաստիկ օրը ադմինիստրատորի սեղանի փոշին էր սրբում, երբ տոմսարկղին մոտեցավ մի փափլիկ տղամարդ: Ազդագիրն աչքերով ուտելուց հետո նա մոտեցավ նեղլիկ պատուհանին ու դրամը ներս մտցնելով՝ հարցրեց.

- Էս... Լա՞վ ներկայացում է:

Ադմինստրատորը չէր հասցրել իր ստանդարտ բերանը բացել, երբ հավաքարարը կողքից թատերագիտորեն ակտիվացավ:

- Ցէ... Էն մեկն ավելի լաֆ ներկայացում ա...

Դրամի բերանը տոմսին չհասած՝ պատուհանի նեղլիկ կոկորդով հետ սահեց: Մի ակնթարթ անց Փափլիկի շվաքն անէացավ: Էդ էր ու էդ... Հին Հռոմ կտրած ադմինստրատորը ռազմաշունչ կատաղությամբ ծառացավ խեղճ հավաքարարի վրա: Վախից երկմետրանոց կնոջ մազերը՝ կոծոծ-կոծոծ դարձան: Նա մի աչքով նայեց փակ դռանը, սառսռաց, հիշեց իր երկու երեխաների մասին ու թատրոնում չզոհվելու վախից ուրիշ ճար չգտնելով, պոլիփեդը ձեռքին, դուրս փախավ տոմսարղի նեղլիկ, մկանթակարդ պատուհանից...

Նյութի աղբյուրը՝ ImYerevan.com 19.04.2013

ՀՈՎՀԱՆՆԵՍ Թեքգյոզյան

591 հոգի