Սեղմիր
ԹԱՏԵՐԱՍԵՐԻ ԳՐԱՌՈՒՄՆԵՐ

Ռուս դրամատուրգ և գրող Վալենտին Կրասնոգորովը այնքան էլ հայտնի չէ երևանցիներին, սակայն նրա ամենահայտնի՝ «Արի զբաղվենք սեքսով» վերնագրով պիեսը հունիսյան վերջին կիրակին բեմադրվեց CALUMET փաբում: Առիթը ռեժիսուրայի ֆակուլտետի շրջանավարտ Մարիաննա Գրիգորյանի դիպլոմանյին աշխատանքն էր: Սեքսի մասին բաց և անկաշկանդ երկխոսությունները ստիպեցին քաղաքի ամենասիրված փաբի պատերն էլ ավելի կարմրել:

Պատմությունը պտտվում է ամուսնու, կնոջ, պրոֆեսորի և մի աղջկա շուրջ: Պիեսի հայկական ադապտացիան չի կարևորում դեպքերի վայրը, չնայած բնօրինակում գործողությունները տեղի են ունենում հոգեբուժարանում: Հերոսների գլխավոր խնդիրը սեքսի բացակայությունն է և առհասարակ այդ երևույթն ու գործողությունը ոչ ադեկվատ ընկալելը: Բոլորը ցանկանում են զգալ ֆիզիկական հաճույքը, բայց երբ բանը հասնում է գործին, բոլորը փախչում են:

Պիեսի գերխնդիրը հենց այդ փախուստի թեման է: Կրասնոգորովը ներկայացրել է սեքսը իբրև էսկապիզմի ամենակենցաղային, սակայն արդյունավետ միջոց: Աբսուրդային կատակերգության տեսանկյունից այս թեման բարձրացնելով՝ Մարիաննա Գրիգորյանը ցանկացավ ասել, որ սեքսում ամոթ ոչինչ չկա: Դերասաններ Տաթև Ղազարյանը՝ կնոջ, և Լևոն Հարությունյանը՝ պրոֆեսորի դերերում հիանալի էին զգում պիեսի խնդիրն ու ենթատեքստը, Սերգեյ Արևշատյանը՝ ամուսնու դերակատարը՝ կերտեց ամաչկոտ տղամարդու դասական տարբերակը: Պրոֆեսորի կերպարում Լևոն Հարությունյանը զգում էր իրեն ինչպես ձուկը ջրում՝ ի հայտ բերելով իրեն բնորոշ դիմախաղն ու մարմնի պլաստիկան:

Պիեսը դիտելուց հետո ամեն մեկն էլ կգտնի իրեն բնորոշ հատկանիշներ, բնավորության գծեր և հոգեհարազատ խնդիրներ: Հավանաբար, երբ ծիծաղում ես ուրիշների սեռական խնդիրների վրա, սեփական խնդիրները հետին պլան են մղվում: «Սիրելիին ուղղված «արի զբաղվենք սեքսով» արտահայտության մեջ ոչ մի աննորմալ և անպարկեշտ տարր չկա»,- համոզված են ներկայացման կազմակերպիչները: Ավելին, նրանք հորդորում են պարտվել ցանկությանը, ներկայացման վերնագիրը շշնջալ սիրելիի ականջին, ու այդժամ ռուս դրամատուրգը կխաղա սիրատենչ կուպիդոնի դերը:

ImYerevan.com 01.07.2014

ԴԻԱՆԱ Մարտիրոսյան

930 հոգի