Սեղմիր
ԹԱՏԵՐԱՍԵՐԻ ԳՐԱՌՈՒՄՆԵՐ

Զարմանալի բան է մտավոր կապը, որ իրականի չի փոխվում, երևի պետք էլ չի, որ փոխվի։ Սովետական իրականության մեջ վաթսունականներից եկած երեք դերասանուհիներ կային և կան, որոնց հետ իմ կապը երբևէ  չէր կտրվում՝ Ալլա Դեմիդովան, Վիա Արթմանեն և մեր Անահիտ Թոփչյանը։ Իմ մտապատկերում ինչն է այս երեք դերասանուհիներին միավորում։ Մի տաս բան կարող եմ ասել, բայց չեմ ուզում ստանդարտներից ելնելով վերլուծել։

Ինձանում նրանք նույնականանում են հասարակության, մանավանդ սովետական շրջանի միջավայրի գորշ վիճակի հետ իրենց ակամա հակադիր տարբերությամբ։ Անահիտի հետ հանդիպելու և խոսելու շատ առիթներ չեմ ունեցել, երևի չեմ էլ փնտրել, մի տեսակ, քաշվել կամ հեռանալ եմ ցանկացել։ Իմ փնտրած թատրոնը ուրիշ էր։ Բայց զարմանալիորեն իմ մտավոր կապը այս կնոջ հետ երբեք չի կտրվել։

Երբեմն հիացել եմ, երբեմն՝ իր ծանր դիմակից վանվել, երբեմն՝ ավելորդ «մորթիներից ու պաճուճանքից» խուսափել, բայց նա գրեթե միշտ ինձ համար ներկա է եղել, ինչպես ներկա են նշանակածս մյուս երկու դերասանուհիները։

Տարօրինակ ֆենոմեն է։ Իր՝ Անահիտ Թոփչանի նման ֆենոմեն՝ նուրբ-հակասական, արձանային, երբեմն՝ սարքված, շլացնող, մանկության նման հեռու ու կանչող։ Ափսոսանքի բառերը կյանք չունեն, ավելին՝ ձայնագրված ծափահարությունների են նման։ Անահիտ Թոփչյանը այլևս չկա, բայց կարծում եմ Վիա Արթմանեի ու Ալլա Դեմիդովայի նման կշարունակի ներկա լինել մեր անխոս երկխոսությանը․․․

20.09.2021

ՀՈՎՀԱՆՆԵՍ Թեքգյոզյան

947 հոգի