Սեղմիր
ԹԱՏԵՐԱՍԵՐԻ ԳՐԱՌՈՒՄՆԵՐ

44 օրյա պատրազմի և ընդհանրապես Արցախի մասին բեմադրությունները դիտելիս ամենից շատ բարկացնող երևույթը, որ հանդիպում է, բարոյահոգեբանական ինքնախաբեությունից սերող գաղափարադրույթային նենգափոխումն է: Ներկայացումները հիմնականում «մենք խաղաղ էինք մեր լեռների պես» տրամաբանությանն են հետամտում, այնինչ, իրականում՝ մենք անդարդ էինք ինքնասպանի պես:

Կամա, թե ակամա անազնիվ գաղափարահուզական կեցությանը միտված այդպիսի բեմադրությունների շարքին դժվար կլինի դասել Նարինե Աբգարյանի «Երկնքից երեք խնձոր ընկավ» վեպի հիման վրա Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի պետական դրամատիկական թատրոնի դերասանախմբի հետ Կարինե Քոչարյանի արված աշխատանքը:

Համանուն բեմավորումն այս դրամատիկական ներկայացում անվանելն էլ այդքան ճիշտ չի լինի, քանի որ այն, ըստ էության, Արցախի կոլորիտի բնույթի թատերայնացված պատկերաշան է ավելի շուտ: Հովվերգական տխրազվարթ տոնայնության պանո, որում մահահոլով մենությանը գերող կարծրավարդը սիրո հիշատակն է լույս աշխարհ բերում: Հետևաբար և էմոցիոնալ ազգերին հատուկ իդեալիստական զեղումներով պերիպետիկ ապրումակցումի աննախադեպ չափաբաժին հրամցնում:

Անկախ այն հանգամանքից, որ Վասիլի ու Անատոլիայի դերակատարներ Մարատ Դավթյանի և Օֆելյա Մարտիրոսյանի մարած հայացքներում նույնիսկ խոնարհումի ժամանակ կարծես բացակայում է հավատը «էս նեղ օրեն, լեն օր կըկյա» բառերի՝ արցախցու ինքնության օրհներգի հանդեպ: Ու ներիքն ցավը թմրեցնելու միակ հույսը մանկությունից մինչև օր ծերություն մարդուս չլքող նրա բնահոգեկան պահանջը՝ խաղն է մնում: Քանզի ուզենք, թե չուզենք, կորստից իմաստազրկված աշխարհում դեռ ապրել է պետք…

20.09.2021

ՏԻԳՐԱՆ Մարտիրոսյան

680 հոգի