Սեղմիր
ԳԻՏԱԿԱՆ

19.09.2021  00:43

1918 թվականին Հայաստանի առաջին հանրապետութայն հռչակումը մեր երկրի համար կարևորվեց ոչ միայն քաղաքական, տնտեսական ու ազգային հաղթանակով, այն նաև իր ներդրումն ունեցավ ազգային մշակույթի, կրթության և գիտության զարգացման, դրանց հետագա կարգավիճակի կայացման գործում:

Հայաստանի անկախության հռչակումը պատմական անհրաժեշտություն էր հայ ժողովրդի համար: Վրաստանն ու Ադրբեջանն արդեն անկախացել էին, գտնվում էին Գերմանիայի և Թուրքիայի հովանավորության ներքո: Հայ ժողովուրդն այլընտրանք չուներ, պետք էր միավորվել և նույնպես անկախանալ: «Անդրկովկասի ժողովուրդներից հայությունը միակն էր, որ իր անկախությունը ստանում էր ոչ թե ի հաշիվ գերմանական հովանավորության կամ թուրքական առատաձեռն նվիրատվության, ինչպես տեղի ունեցավ Վրաստանի և Ադրբեջանի դեպքերում, այլ շնորհիվ ռազմի դաշտում թափված արյան»:[1] Անկախություն ստանալու միակ միջոցը պայքարն էր. նրա բազմադարյա պատմության էջերում գրվեցին բախտորոշ հերոսամարտերի՝ Սարդարապատի, Բաշ Ապարանի և Ղարաքիլիսայի պատմությունները: Այս կռիվներում համախմբված հայությանը հաջողվեց թշնամուն հակահարված տալ և վերջնականապես ձախողել երիտթուրքերի արյունոտ ծրագիրը:

«Սարդարապատի, Ղարաքիլիսայի և Բաշ Ապարանի ճակատամարտերուն մեջ,- գրում է Դրոն,- իր տարած անօրինակ յաղթանակներով հայ ժողովուրդը տիրացավ ազատ և անկախ ապրելու անփոխարինելի բարիքին: Այդ ճակատամարտերը եղան պատճառը, որ տաճիկները հարկադրվեցին դաշինք կնքել հայերի հետ և ճանաչել Հայաստանի անկախությունը»: [2]

Քաղաքական զարգացումները և դրանց հանգուցալուծումը մեզ համար բախտորոշ պատմական իրողություններ են, այդ իրողությունների համատեքստում մենք քննության կառնենք անկախ հանրապետության մշակութային և հատկապես թատերական ոլորտում կատարված տեղաշարժերը: Ի՞նչ շահեց հայ թատերական մշակույթը անկախացումից, որո՞նք եղան առաջին պետական թատրոնի հիմնադրման  նախադրյալները, որոնք հայ թատրոնի նորագույն պատմության հիմնաքարերը դարձան:

1919 թվականին, հայ մշակությաին գործիչների, ՀՀ նախարարապետին ուղղված հանրագրում, ստորագրված Հովհ. Թումանյանի, Շիրվանզադեի, Դ.Դեմիրճյանի, Ս.Մալխասյանի, Մ.Աբելյանի, Ն.Աղբալյանի. Օ. Սևումյանի, Եղ.Թադևոսյանի, Լեոի, Վրթ. Փափազյանի կողմից ներկայացված էր առաջարկ, որտեղ ասվում էր. «Ազգային քաղաքակրթության հնոցը հանգչելու վրա է և կհանգչի, եթե օր առաջ մի սրտացավ շունչ չհրահրի նրան կրակը, և մի հզոր ձեռք նոր վառելանյութ չմատակարարի նրան: Այդ շունչը՝ հայրենի պառլամենտի շունչը միայն կարող է լինել և այդ ձեռքը՝ ազգային կառավարության բազուկը: Մասնավոր անհատների ու խմբակցությունների, մեկենասների ու ընկերների ուժից վեր է այդ: Գործը պիտի պետականորեն կազմակերպել և պետականորեն վարել: Պետությունը պիտի իր հովանավորության տակ առնի գիտությունը, գրականությունը, գեղարվեստը և նրանց գործիչներին:

Հովանավորություն ասելով, իհարկե, մենք բնավ չենք հասկանում խնամակալություն, այլ ստեղծումն այնպիսի պայմանների, որ գիտությանը, գրականությանը և գեղարվեստի գործիչները գործելով միանգամայն ազատ ու անկաշկանդ, կարողանան իրենց բոլոր ունակությունները դնել ի սպաս ժողովրդի… տարածել իրենց լուսավորիչ գործունեությունը Հայաստանի բոլոր անկյուններում և հայ ժողովրդի բոլոր խավերում, փրկել հայկական դարավոր կուլտուրայից ինչ-որ կարելի է փրկել… ստեղծել համայն հայության համար մի լեզու և վերջապես ասել աշխարհին այն նոր խոսքը, որ հազարավոր տարիների ընթացքում պատրաստվում է ասել հայ ցեղի հանճարը»:[3]

Այս խնդրի իրագործման համար առաջարկվում էր «կազմակերպել… ժողովրդական լուսավորության կից մի առանձին բաժին փոխ-մինիստրության ձևով»: Հայաստանի կառավարությունը, հաշվի առնելով մշակույթի գործիչների վերը նշված խնդրագիրը, պետական հովանավորությամբ այն իրականացնելու նախագիծ է մշակում: Կազմվում է հատուկ ծրագիր: Ծրագիրն իրականացնելու համար ստեղծված խմբում ընդգրկվում են նաև վերոնշյալ մշակույթի գործիչները:

Միևնույն ժամանակ, 1919 թվականի մայիսի 19-ին, Հանրային կրթության մինիստր Ն.Աղբալյանը, դիմում է Մինիստրների խորհրդին` առաջարկելով, այսուհետ, Հանրային կրթության մինիստրությունը անվանել Հանրային կրթության և գեղարվեստի մինիստրություն: Հանրային կրթության և գեղարվեստի մինիստրությունը պիտի ունենար փոխմինիստրության երեք բաժին (գրական-գիտական, գեղեցիկ արվեստների և արտադպրոցական կրթության):[4] 1919 թվականի հուլիսի 1-ին կազմավորվում է Հանրային կրթության և արվեստի մինիստրությունը: Այն իր գործունեության ծրագրերում ընդգրկել էր միջնակարգ և տարրական դպրոցների բարելավման հարցը, արվեստի և հնագիտական կառույցների ստեղծման և պահպանման հարցը, հատուկ ուշադրության էր արժանացել թատերական արվեստը: Այնուհետև հանրային կրթության և գեղարվեստի մինիստրության՝ Արվեստի վարչությունը, թատերական ոլորտի բարելավման մասով կազմում է ծրագիր, որով Երևանի, Նոր Բայազետի, Ալեքսանդրապոլի, Աշտարակի քաղաքային վարչություններին, Էջմիածնի, Փամբակի, Իջևանի գավառական կոմիսարներին Դիլիջանի, Ղարաքիլիսայի, Վաղարշապատի համայնական ժողովներին առաջարկում է թատերական շենքեր կառուցելու համար՝ ձրի հողեր հատկացնել և հնարավորության դեպքում հոգալ ծախսերի մի մասը: [5]

Որոշվել է խորհրդարանի տնօրինության ներքո գտնվող Երևանի պետական թատրոնի և Խնամատարության վարչությանը հանձնված Ջանփոլադյանների ժողովրդական թատրոնի շենքերը ծառայեցնել ըստ նպատակի: Այնուհետև ճարտարապետ Ալ. Թամանյանին հանձնարարվել է կազմել հին շենքում թատերական դահլիճի վերանորոգման նախագիծը, որը և կատարվել է:[6]

1919 թվականի հունիսին Հայոց դրամատիկական ընկերության խորհրդի նախագահ՝ Բ.Ն. Արղության Երկայնաբազուկը դիմում է Մինիստրություն՝ Թիֆլիսում և Երևանում 1919-1920 թթ. թատերաշրջանի կազմակերպման հարցով և խնդրում է կառավարությանը դրամատիկական թատրոն պահելու  վերաբերյալ որոշում ընդունել: 1920 թ-ի սկզբին Մինիստրությանը հաջողվում է Գրական ընկերության փոխնախագահ Վ. Ահարոնյանի օգնությամբ կազմակերպել թատերաշրջանի գործը: Այսինքն առաջին անգամ հայ թատերական մշակույթի կարգավորման հարցը պիտի կարգավորվեր պետական աջակցությամբ:

Խնդրի կարևորությունը ընդգծելու համար փորձենք հստակեցնել. թե ի՞նչ կարգավիճակում էր հայ թատրոնը մինչև Հայաստանի առաջին հանրապետության հռչակումը, որտե՞ղ էր կենտրոնացած թատերական մշակույթը:

Մինչև Հայաստանի Առաջին հանրապետության կազմավորումը հայ թատերական խոշոր կենտրոններ էին Թիֆլիսը և Բաքուն: Հայաշատ այս քաղաքներում են գրվել հայ թատրոնի փառավոր էջերը, որոնք զարդարված են Պ.Ադամյանի, Սիրանույշի, Գ. Չմշկյանի, Հովհ.Աբելյանի, Հովհ. Զարիֆյանի և ուրիշների անուններով: Մինչև 20-րդ դարի 20-ական թվականները հայկական թատերական մշակույթը գործել է առանց պետական որևէ աջակցության, չունենալով թատերական շենք, հույսը դրած առանձին բարեգործների հովանավորության, դերասանական խմբի հաջողությունների վրա: Ներկայացումները տեղի էին ունենում վարձակալած թատերական շենքերում՝ «աղքատ ազգականի իրավունքով»[7], շաբաթվա ամենաանբարեհաջող օրերին, դերասանները չնչին վարձատրությամբ, սակայն անմնացորդ նվիրումով ծառայել են հայ բեմին, կերտել փառահեղ պատմություն: Ոճական ուղղությունների առումով 20-րդ դարասկզբին հայ թատրոնում դեռևս տիրում էր նախորդ դարից ժառանգած սուդուկյանական ռեալիզմի, այսինքն կենցաղային ռեալիզմի ու դասական ռոմանտիկական ոճերը, իրենց ճանաչված վարպետ կատարողներով, որոնք ազատորեն գոյատևում էին, չմերժելով ավելի «արդիական մի ոճի՝ հոգեբանական ռեալիզմի» արմատավորումը հայ բեմում: Այսինքն հայ թատրոնը որպես ինքնուրույն շենքային կառույց ըստ էության չկար, կային առանձին խմբեր՝ դարասկզբին դեռևս դերասանակենտրոն ուղղվածությամբ, որոնք ահռելի ջանքեր գործադրելով գոյատևում էին ներքաղաքական օր օրի սրվող իրավիճակում, որի ևս մեկ փորձությունը անպետական ժողովրդի աղետալի կարգավիճակն էր, ինչն էլ շարունակվեց մինչև 1918 թվականը:

Հայ թատրոնի այս կարգավիճակից ելնելով էր, որ 20-րդ դարասկիզբը վճռորոշ շրջան դարձավ հայ թատրոնի պատմության համար: Պետական հովանավորությամբ ազգային թատրոն պահելու հարցը վերջնական լուծում էր պահանջում: Հարցի ուղիղ ճանապարհը մեկ ընդհանուր կենտրոն հիմնելու և այնտեղ հաստատվելու ծրագրի իրագործումն  էր, այդ կենտրոնը Երևանն էր:  

1919 թվականին հայ թատերական գործիչները Թիֆլիսից և Բաքվից սկսեցին ավելի հաճախ հյուրախաղերով մեկնել Երևան «Դրամատիկական թատրոնի վիճակը դառնում էր ավելի ու ավելի դժվարին: Վրաստանի և Ադրբեջանի ազգայնական կառավարությունները բարյացակամ վերաբերմունք չունեին հայ թատրոնի հանդեպ: Դա էր պատճառներից մեկն այն տեղաշարժի, որ կատարեց հայ թատրոնն իր ավանդական կենտրոններից դեպի Երևան»:[8]

Այս տեղաշարժերը դեպի Երևան և այն, որ 1917-1921 թթ. տարբեր հայաշատ վայրերում հիմնադրվեցին թատերական խմբեր, որոնց համար ներքաղաքական նպաստավոր պայմանները, պետական հովանավորությունը  ազգային պետական թատրոնի ստեղծման առաջին հիմնաքարերը դարձան: Օրինակ, Պյատիգորսկում գործող հայկական թատերախումբը՝ Հայկական պետական դրաման, որի նախաձեռնողն էր հայ թատրոնի բարեփոխիչ, ռեժիսոր Օվի Սևումյանը, Վերգինե Մամուլյանի (Ռ.Մամուլյանի մայրն է) և Գրիգոր Մեդնիկյանի աջակցությամբ, այդ թատերախմբերից մեկն էր: Մի փոքր շեղվելով բուն խնդրից, հարկ եմ համարում նշել, որ Հայ թատրոնի պատմության այս շրջանում իր առանձնահատուկ տեղն է զբաղեցնում դերասան, ռեժիսոր՝ Օվի Սևումյանի կատարած աշխատանքը: Օվի Սևումյանը, օգտագործելով ռուսական թատերական կրթության փորձը, իր խմբի հետ աշխատում էր նույն մեթոդներով՝ փորձելով կարգավորել խմբի մասնագիտական պատրաստվածության մակարդակը:

 Մամուլում հանդես գալով հայ թատրոնի բարեփոխման վերաբերյալ բազմաթիվ հոդվածներով՝ նորից ու նորից շեշտում էր թատերական կրթության կարևորության հարցը: Կոչ էր անում հիմնել ստուդիաներ, թատերական դպրոցներ, որտեղ կրթություն կստանային և´ երիտասարդ, և´ փորձառու դերասանները: Առաջարկում էր թատրոնում կատարել արամատական փոփոխություններ, որոնց իրագործման ուղիների մասին խոսվում  են նրա բոլոր հոդվածներում:

1918 թվականի հուլիսին հեղկոմի կարգադրությամբ Օ.Սևումյանը Հանրային կրթության ու Գեղարվեստի մինիստրության կողմից նշանակվում է արվեստի լիազոր անձ, իսկ թատերախումբը անվանվում է «Հյուսիսային Կովկասի շրջիկ թատերախումբ»: Որպես մեջբերում նշեմ, որ միևնույն ժամանակ Հեղկոմի երաժշտության կոմիսար էր նշանակվել Ռոմանոս Մելիքյանը իսկ նկարչության կոմիսար՝ նկարիչ՝ Սարգիս Խաչատրյանը:[9]

Օ.Սևումյանի խմբի խաղացանկը հիմնականում կազմաված էր ազգային դրամատուրգիայից. Դ.Դեմիրճյան «Դատաստան», Լ.Շանթ «Հին աստվածներ», Ալ.Աբելյան «Մարվող ճրագներ», Ալ.Շիրվանզադե «Պատվի համար»:

Նույնպիսի հայկական թատերախումբ էր կազմակերպվել Նոր-Նախիջևանի (Դոնի Ռոստով) հայկական թաղամասում դերասան և ռեժիսոր Շահենի (Հմայակ Շահինյան) ղեկավարոթյամբ: Նրանց խաղացանկը նույնպես կազմված էր ազգային պիեսներից. Ալ.Շիրվանզադեի «Արհավիրքի օրերին», «Կործանվածը», «Չար ոգին», «Նամուս»:

Նորաստեղծ հանրապետության պետական թատրոնի կազմավորման ծրագիրը մինիստրությունը նախատեսել էր հետևյալ ճանապարհով. առաջինը՝  հիմնել թատերական ստուդիաներ, որը «ժողովելու է իր շուրջը արևելահայ և արևմտահայ բեմական երիտասարդ ուժերը», որտեղ թատերական կրթություն ստացած երիտասարդները պետք է ձևավորեին առաջին պետական թատրոնի դերասանակազմը. «Անհրաժեշտ են նոր ձևեր, նոր դերասաններ, երիտասարդ ուժեր, որոնք ծնունդ կտան նոր թատրոնին, ապագայի թատրոնին»:[10]

1923 թ. Մարտիրոս Սարյանի հեղինակած Մայր թատրոնի վարագույրի էսքիզը

Իրարից անկախ, սակայն մեկ նպատակի շուրջ համախմբված, որն է ազգապահպանման, ազգային ինքնագիտակցության ձևավորման գաղափարը, Թիֆլիսում, Պոլսում, Երևանում և Մոսկվայում թատերական գործիչները հիմնեցին ստուդիաներ, որտեղից հետագայում կազմավորվեց Առաջին պետական թատրոնի դերասանակազմը՝ հայ թատրոնի չորրորդ սերունդը:[11]

Երևանում իր ստուդիան հիմնեց դերասան Վարդան Միրզոյանը. «1919 թվականի հոկտեմբերի 2-ին Դիվանը ինձ մի գրություն տվեց, թե հանրային կրթության և արվեստի նախարարությունը իրավունք է տալիս Երևանում բանալու դրամատիկական դասընթացներ»:[12]

Թիֆլիսում Սուրեն Խաչատրյանի, Ռուբեն Մամուլյանի և Լ.Քալանթարի նախաձեռնությամբ կազմակերպվեց ևս մեկ ստուդիա:

Հայկական գաղթօջախներում հիմնված թատերական ստուդիաները մշակույթի ինքնապահպանման ճիգեր էին, որոնք անշուշտ տվեցին իրենց արդյունքը: Ստուդիաներում ուսանած երիտասարդ ուժերը հետագայում տեղափոխվեցին Երևան, դրվեց հայ թատրոնի գաղափարական, կազմակերպական ու ստեղծագործական ծրագրերի իրագործման նախահիմքը: 1919 թվականի սեպտեմբերին, թատերական հարցի կարգավորման համար, նախարարության կողմից կազմվում է պաշտոնական գրություն-հանձնարարական՝ Օ.Սևումյանի Կ.Պոլիս մեկնելու և այնտեղ նրա անելիքների վերաբերյալ: «Ն.Աղբալյանը սեպտեմբերի 11-ին Մինիստրների խորհրդին առաջարկել է, հիմք ընդունելով Սևումյանի կազմած նախահաշիվը(խոսքը Կ.Պոլիս մեկնելու և այնտեղից դերասաններ բերելու ճանապարհածախսի և աշխատավարձի հաշվի մասին է) հայոց թատերական վարժարանի մասին օրինագիծը ներկայացնել խորհրդարանի հավանությանը: Խորհրդարանը սեպտեմբերի 19-ի նիստում ընդունել  և հաստատել է մի օրենք՝ թատերական վարժարանի նախնական ծախսերը հոգալու մասին: Թատերական վարժարանի վարիչը նշանակվել է Օ.Սևումյանը, հանձնարարվել է պետական թատրոնի ստեղծման աշխատանքների կազմակերպումը…

Ըստ նախատեսված ծրագրի հավաքելով տեղի լավագույն ուժերին՝ Օ. Սևումյանը պետք է կազմակերպեր ուսանողների ձրի դասավանդումը, աշխատավարձը հոգալու էր կառավարությունը: Պարապմունքները տևելու էին մինչև 1920 թվականի մայիսի վերջը, որից հետո նա ընտրյալ 10 դերասանների հետ, պետք է վերադառնար Երևան: Նորեկները, նշանակվելով պետական թատրոնի դերասաններ, միաժամանակ պիտի շարունակեին հաճախել թատերական վարժարանը՝ նույնպես անվճար, իսկ թատրոնում կտրվեր աշխատավարձ »: [13]

 Ցավոք ազգային պետական թատրոնի համար Օ.Սևումյանի սկսած աշխատանքը անավարտ մնաց, սակայն դարձավ պարարտ հողում գցված այն հատիկը, որը հետագայում աճեց ու ամրացավ, որպես մի մեծ կառույց,որպես ուղեցույց պետական թատորն ունենալու ճանապարհին: Հիվանդության պատճառով նա չառաջնորդեց հայ թատրոնի նոր սերնդին դեպի Երևան, բայց ցույց տվեց նրանց ազգային մշակույթին անմնացորդ նվիրվելու ուղիղ ճանապարհը:

Մեծ եղավ նաև հայաշատ տարբեր վայրերում ստեղծված թատերական ստուդիաների դերը հայրենիքի թատերական մշակույթի կառուցման գործում:

Հյուսիսային Կովկասում Վաղարշ Վաղարշյանի, Աստրախանում հայկական թատերական խմբի ղեկավար ու ռեժիսոր Վավիկ Վարդանյանի, Ղրիմում և Ուկրաինայում Ցոլակ Ամերիկյանի ղեկավարած ստուդիաների ուժերի մեկտեղմամբ ձևավորվեց առաջին պետական թատրոնի կազմը. նրանք  20-րդ  դարի 10-ական թվականներից Թիֆլիսի, Պոլսի, Հյուսիսային Կովկասի առաջնակարգ ուժերն էին, ովքեր եկել էին կառուցելու իրենց նոր հայրենիքի նորագույն պատմությունը: Կայացած արտիստներ Վահրամ Փափազյանի, Հասմիկի, Իսահակ Ալիխանյանի,Օլգա Գուլազյանի, Միքայել Մանվելյանի կողքին կանգնած էր թատերական նոր սերունդը՝ Արուս Ոսկանյան, Վաղարշ Վաղարշյան, Լևոն Քալանթար, Մկրտիչ Ջանան, Հրաչյա Ներսիսյան, Ավետ Ավետիսյան, Գուրգեն Ջանիբեկյան, Արմեն Գուլակյան, Վարդան Աճեմյան և ուրիշներ:

Դերասանական տարբեր նկարագրի և խառնվածքի արտիստները հավաքվեցին միասնական ուժերով ստեղծելու մի նոր մշակույթ, թատերական նոր մթնոլորտ: Նորաստեղծ թատրոնի շենքը՝ Երևանի Առաջին պետական թատրոնը կառուցվեց անցյալի ամուր հիմքի վրա: Թատրոնի բացումը կապվում է 1921թ-ին Ստ. Շահումյանի անվան «Որոնումների թատրոնի» երևանյան հյուրախաղերի հետ:

1921 թ-ին Հայաստանի ժողովրդական կոմիսարների խորհուրդը հաստատում է Երևանում պետական թատրոն հիմնելու առաջարկը:[14]

«Թատրոնին տրամադրվեց նախկին դաշնակցական պառլամենտի շենքը, որ հարկավոր էր հիմնովին վերակառուցել , դա տևեց երեք ու կես ամիս , մինչև 1922թ-ի հունվարը»:[15]

Թատրոնի պաշտոնական բացումը տեղի ունեցավ 1922 թվականի հունվարի 25-ին: Հայաստանի առաջին հանրապետության իր կարճատև գոյության ընթացքում հայ ժողովրդին վերադարձրեց իր ինքնորոշման իրավունքը, իր ազգային, կրթական ու մշակութային այն մեծ հավատամքը, որ հայը ունի իր ինքնության վերաբերյալ: Թեև առաջին պետական թատրոնի կազմավորման հետագա ընթացքը վերաբերում է Հայաստանի Խորհրդային շրջանին, սակայն պատմական անդրադարձը մեզ ապացուցեց, որ դրա արմատները ձգվում մեն շատ հեռու անցյալ, իրենց վերջնական լուծումը ստանում Հայաստանի առաջին հանրապետության գոյության տարիներին, բացելով հայ մշակույթի  նորագույն փառավոր էջը:

Օգտագործված գրականություն

[1] Հայոց պատմություն. Հնագույն ժամանակներից մինչև մեր օրեր, Եր. 2000թ., էջ 337

[2] Հայ Կյանք,  Ազգային հասարակական մշակութային պարբերական, տարի Ա Թիւ 1, 20 հունիսի 2016թ.,   էջ 18.

[3] ՀՀ պետական պատմության արխիվ, ֆոնդ 207, ցուցակ 1, գործ 218, թերթ 188

[4] ՀՀ պետական պատմության արխիվ, ֆոնդ 207, ցուցակ 1, գործ 218, թերթ 11

[5] ՀՀ պետական պատմության արխիվ, ֆոնդ 207, ցուցակ 1, գործ 218, թերթ 188

[6] ՀՀ պետական պատմության արխիվ, ֆոնդ 207, ցուցակ 1, գործ 251, թերթ 171-173

[7] Լ.Հախվերդյան «Հայ թատրոնի պատմություն», Եր., 1980թ., էջ 19

[8] Լ.Հախվերդյան «Հայ թատրոնի պատմություն», Եր., 1980թ., էջ 341

[9] Սովետական արվեստ, 1956թ., թիվ 11, էջ 45-47

[10] Б. Арутюнян ˝Сурен Хачатурян: стати, воспоминания, письма, документы˝, 1969г., стр. 9

[11] Լ.Հախվերդյան «Հայ թատրոնի պատմություն», Եր., 1980թ., էջ 342-344

[12] Վ.Միրզոյան «Թատերական օրագրեր», 1966թ. էջ 121

[13] Ս.Էվոյան «Օվի Սևումյան. Հայ բեմադրական արվեստի նորարարը», Եր., 2016թ., էջ 118

[14] [14] Հայ սովետական թատրոնի պատմություն, Եր., 1967թ. էջ 18

[15] Նույն տեղում էջ 19

ՍՈւՍԱՆՆԱ Բրիկյան

576 հոգի