Սեղմիր
ԳԻՏԱԿԱՆ

08.09.2021  02:22

Հայկական գրերի ստեղծման հետ հիմք է դրվել հայ թարգմանական դպրոցի ավանդներին: Անցյալի շատ գիտնականներ և լեզվաբաններ անդրադարձել են թարգմանությունների խնդիրներին: Ուսումնասիրություններ արվել են տարբեր տեսանկյուններից: Լեզվաբանության տեսանկյունից քննվել են բնագրի և թարգմանվող լեզվի միջև հանդես եկող երևույթները: Դրանց առանձնահատկությունները կախված են թարգմանվող գրականության բնագավառներից՝ գիտական, լրատվական, դիվանագիտական, գեղարվեստականՎերջինիս առանձնահատկությունները կտրուկ տարբերվում են, քանի որ գեղարվեստական թարգմանությունը ստեղծագործական ընթացք է: Թարգմանիչները փորձում են պահպանել ստեղծագործության շունչը: Խաչիկ Դաշտենցը, ով Հովհաննես Մասեհյանից հետո շեքսպիրյան գործերի լավագույն թարգմանիչներից է, գրում է. «Թարգմանության մեջ կարևորը շունչն է, այն ավյունը, որով թարգմանվում է տվյալ գրվածքը: <…>Ասել թե լավ թարգմանությունը միայն բծախնդիր աշխատանքի արդյունք է՝ ճիշտ չի լինի, որովհետև կան շատ բծախնդիր գրողներ և բծախնդիր թարգմանիչներ, որոնք ստեղծում են անտառը, ուր բոլոր ծառերը կանգնած են իրենց տեղում, նույնիսկ կոտրված ճյուղեր չկան, բայց անտառը բույր չունի, այնտեղ կենդանություն չկա, տերևները չեն սոսափում, հավքերը լուռ են»[1]: Կարելի է ասել, որ մի լեզվի նյութը, փոխարինվում է թարգմանվող լեզվի համարժեք նյութով: Դաշտենցը նշում է նաև, որ «բնագրի ժողովրդական դարձվածքների և ոճերի համար երբեմն օգտագործում եմ հայկական ժողովրդական որոշ ոճեր ու դարձվածքներ»[2]: Նույնիսկ որոշ տեղանուններ նա տեղայնացրել է: Երբ թարգմանիչը լեզվական նյութը փոխարինում է թարգմանվող լեզվի համարժեք նյութով, նա ընտրում է համազոր ածական, համապատասխան հարմար ռիթմ, որ իր հետ բերում է այն յուրահատկությունը, որն հատուկ է տվյալ հեղինակին:

Իսկ երբ թարգմանություն է արվում միջնորդ լեզվից, հեղինակի ստեղծած գույները կորում են՝ ընթերցողին հանձնելով պատմվող պատմությունը: Այս է պատճառը, որ 21-րդ դարի լավագույն հեղինակներից մեկը՝ Գաբրիել Գարսիա Մարկեսը, հարցազրույցներից մեկում չի թաքցրել, որ ինքը վախենում է թարգմանություններից:  Իսկ երկրորդ և երրորդ լեզուներից արված թարգմանությունները արդեն այլ գիրք է համարում. «Մի օր շատ զարմացա, երբ խոսում էի մի ճապոնացու հետ «Հարյուր տարվա մենության» մասին. Նա գիրքը կարդացել էր ֆրանսերենի ու անգլերենի միջոցով կատարված ճապոներեն թարգմանությամբ: Մինչդեռ խոսքը միևնույն գրքի մասին էր»[3]

Կարծում եմ, գեղարվեստական գրականության թարգմանության մեջ պետք է առանձնացնել պիեսների թարգմանությունները: Դրանց բեմական լինելու հանգամանքը, գեղարվեստական թարգմանությունների առանձնահատկություններին ավելացնում է նորերը: Շեքսպիրյան դասական թարգմանիչը գրում է. «Իմ թարգմանությունները ես բարձրաձայն կարդում եմ մի քանի անգամ, տող առ տող, պարբերություն առ պարբերություն: Եթե ինձ չի գոհացնում, ջնջում եմ և նորից եմ թարգմանում: <…> Ես բծախնդրությամբ հետևում եմ ամեն մի բառի ու նույնիսկ հնչյունի ներգործության ուժին բնագրի տվյալ նախադասության մեջ» [4]:

Բարձրաձայն կարդալով հեղինակը արդյո՞ք բառի խաղարկային լինելը, զգայական ներգործությունը, դրության թատերայնությունը  չի ստուգում: Արդյո՞ք սրանով չէ պայմանավորված Սունդուկյանի պիեսների հաջողության գաղտնիքը: Մի դեպքում թարգմանիչը, մյուս դեպքում հեղինակը, գրեթե, նույն կերպ են աշխատել: Դաշտենցը բարձրաձայն կարդացել և ավելի տպավորիչ է դարձրել բառը, իսկ Սունդուկյանը Չմշկյանին թելադրել է «Պեպոն» ու դերասանի արձագանքներից կողմնորոշվել՝ ստացվում է պատկերը, թե՝ ոչ: 

Մի կողմ թողնելով հայ և համաշխարհային նշանավոր դրամատուրգների երկերն ու թարգմանությունները, որոնք տպագրվել ու տպագրվում են, այստեղ հարկ է կանգ առնել միայն գրական շրջաններին քիչ հայտնի հեղինակային և թարգմանական դրամատիկական երկերի վրա, որոնք կատարել են հայ դերասանները: Դրանց զգալի մասը պահպանվում են Գրականության և արվեստի թանգարանում: Գրված և թարգմանված պիեսների քանակությունն այնքան մեծ է, որ մտածելու առիթ են տալիս. Ինչ արժեք են դրանք ներկայացնում որպես ստեղծագործություն և առհասարակ որպես երևույթ: Թարգմանչական աշխատանքով զբաղվել են հայ թատրոնի լավագույն արտիստները:

Դերասանապետ Գևորգ Չմշկյանը գրել է «Երկու ընտանիքում», «Խաշի հրավերք», «Մախմուր սալոպս մնաց», «Չնչին հաճույքներ», «Վարժուհին», «Տան փոխանակ հարսնացու», թարգմանել է Շեքսպիրի «Թիմոն Աթենացի», «Օթելլո», «Վենետիկի վաճառականը», Դելևինի «Լյուդվիգ XI», Կռիլովի «Գերդաստան», Մոլիերի «Բռնի ամուսնություն», Նորդաուի «Սիրելու իրավունք», Սոլոգուբի «Նկարիչներ» պիեսները:

Նույն շրջանի հայտնի դերասան Գեդեոն Միրաղյանը վրացերենից թարգմանել է Ավքսենտի Ցագարելու «Բայղուշը», «Սիբիրականը», Մաքսիմովի երկի հիման վրա ստեղծելէ «Քելեխ թե հարսանիք» պիեսը:

Դերասանապետ Մարտիրոս Մնակյանը (գլխավորապես ֆրանսերենից) թարգմանել է «Տենոր Տամպերլիկ», «Կարմիր բրյուկ», «Սյուզան Իմպեր» պիեսները:

Հովհաննես Աբելյանը թարգմանել է Շեքսպիրի «Օթելլո», Գր. Գեյի «Տրիլբի», Հաուպտմանի «Կառապան Հենշել», Նայդենովի «Վանյուշինի զավակները», Ֆաբերի «Հավիտենական սեր»:

Գրիգոր Ավետյանը թարգմանել է Իբրահիմովի «Հայաթ», Իվանովի «Սերը հանելուկ է», Ավերչենկոյի «Ծերուկներ», Գավոյի «Ճակատագրի խաղը», Գորդինի «Միրա Էֆրոս», Դեննիի «Պաշտոնս է խռմփալ», Լանգերի «Մի բառ մինիստրին», Լոտարի «Խեղկատակը գահի վրա», Զախարինի «Գազանի հետևից» պիեսները:

Պողոս Արաքսյանը թարգմանել է Բիլիբինի «Մետամորֆոզ», Բեյերլեի «Երեկոյան շեփոր», Կալդերոնի «Տիկին անտեսանելին»:

Արմեն Արմենյանը ստեղծել է «Դավիթ բեկ», «Սահակ և Մեսրոպ» պատմական պիեսները, ֆրանսերենից թարգմանել է Լերուի «Դատավորների տանը», Թրիստանի «Անգլերեն խոսելու եղանակը», Կոպպեի «Կրեմոնի վնագործը»:

Իսահակ Ալիխանյանը թարգմանել է Գալբեի «Հեղեղ», Կարպինսկու «Խնդիր № 1371», անհայտ հեղինակի «Ուրիշի ծրագրով» պիեսները:

Միքայել Մանվելյանը գրել է «Հեքիաթ», «Հրաբուխ», «Ոստան», «Կեցցե կյանքը» պիեսները, թարգմանել անհայտ հեղինակի «Կոշմար» պիեսը:

Հովսեփ Ոսկանյանը թարգմանել է «Աշուղ Ղարիբը», Բրիոյի «Փչացածները», Վիշնյակով-Դարյալովի «Վերջալույսը», Օստրովսկու «Կենդանի ապրանք» պիեսները, Րաֆֆու «Զահրումար» վեպի հիմնա վրա ստեղծել է համանուն պիեսը:

Սաթենիկ Ադամյանը թարգմանել է Կնուտ Համսունի «Փառքի շեմքին», Արթուր Շնիցլերի «Զվարճալիք» պիեսները:

Արամ Վրույրը թարգմանել է Մոլիերի «Ագահը», «Դոն Ժուան», Լիննի «Մարմարայի վարժուհին», Մանսֆելդի «Հանցավորը միշտ նա է», անհայտ հեղինակների «Պարոն կառավարիչը», «Իտալացվո հետ մի երեկույթ»:

Ամո Խարազյանը գրել է «Հատուցում», «Ուղուց դուրս է նա», «Հացի խնդիր» (ըստ Պ. Պռոշյանի համանուն վեպի) պիեսները, թարգմանել Յու. Գերմանի «Ժողովրդի զավակը»:

Ռեժիսոր Ստեփան Քափանակյանը գրել է «Թոմաս եղբոր տնակը» (ըստ Բիչեր Ստոուի վեպի), թարգմանել է Դոդեի «Շուշան», Գլեբովի «Զգացմունք» պիեսները:

Ռեժիսոր Լևոն Քալանթարը թարգմանել է Գոգոլի «Վերաքննիչ», «Ամուսնություն», Գերների «Սագիկ», Բիլ-Բելոցերկովսկու «Շտորմ», Լեոնովի «Բուք», Լունաչարսկու «Թույն», Մերեժկովսկու «Պավել առաջին», Գեորգ Կայզերի «Առավոտից մինչև կեսգիշեր», Շկվարկինի «Ահեղ դատաստան» պիեսները:

Արուս Ոսկանյանը ֆրանսերենից թարգմանել է «Գաստոն Լերու», «Ալզաս», «Նապոլեոնը աղջիկ է» պիեսները

Պետք է նշել, որ ինքնուրույն կամ թարգմանական պիեսներ ունեն շատ թատերական գործիչներ, ռեժիսորներ և դերասաններ՝ Սեդրակ Թառայան, Վասակ Մադաթյան, Էմին Տեր-Գրիգորյան, Միքայել Տեր-Գրիգորյան, Վահան Տիրացյան, Մկրտիչ Այվազյան, Արմեն Գուլակյան, Վաղարշ Վաղարշյան, Գուրգեն Ջանիբեկյան, Գուրգեն Գաբրիելյան, Տիգրան Հախումյան, Էդվարդ Խոճիկ և էլի շատերը, բոլորին նշել հնարավոր չէ: Հատուկ ուշադրության է արժանի այն փաստը, որ Չմշկյանը, Աբելյանը, Փափազյանը առաջնորդվել են «Օթելլոյի» իրենց թարգմանություններով:

Դրամաները որպես ինքնուրույն երկ ավարտված են և ունեն գրական արժեք: Մենք դրանք կարող ենք քննել հասկանալու համար, թե որքանով են բեմական, առանձնացնել հեղինակների, որոնք բեմը նկատի ունենալով են գրել:  Սակայն, սխալ կլինի վերը նշված թարգմանությունները գնահատել լեզվաբանական կամ բանասիրական տեսանկյունից: Թարգմանիչ դերասանները իրենց առաջ խնդիր չեն դրել երկը որպես գրական արժեք թարգմանելու: Բնական է, որ նրանք Մասեհյանի, Դաշտենցի կամ մյուս դասական թարգմանիչների նման բառերի հետևից չեն գնացել: Նրանք վերցրել են երկի բովանդակությունը ամենալայն իմաստով, կարծում եմ, սխալված չենք լինի, եթե ասենք, որ ուշադրություն են դարձրել խոսքի իրադրային, իրավիճակների խաղային հնարավորությունները պահպանելու վրա: Թարգմանական դժվարություններից ելնելով, երբեմն, կրճատել են խոհական, փիլիսոփայական հատվածները: Սակայն նրանք որսացել են խոսքի ներքին տոնը, իրադրությունները, բաց թողնված մենախոսությունը կամ ռեպլիկները վերածել են գործողության մղող նախադասության կամ բառի:

Ընթերցողին ավելի հասկանալի դարձնելու համար համեմատենք Մասեհյանի, Աբելյանի և Չմշկյանի «Օթելլոներից» նույն հատվածները: Ցավոք, Փափազյանի թագմանության մեջ այս տեսարանը բացակայում է:

Հատված Մասեհյանի «Օթելլոյից».

Օթելլո

Դա շատ վատ բան է:

Այդ թաշկինակը մի եգիպտուհի տվել էր մորս:

Մի կախարդ կին էր, որ գիտեր կարդալ մարդկանց մտքերը:

Նա մորս ասել էր, որքան որ պահի այդ թաշկինակը,

Դա սիրո հմայք կբաշխի նրան,

Եվ հորս սիրտը կապված կլինի նրա սիրովը,

Բայց եթե կորցնի, կամ ուրիշին տա,

Հայրս կսկսի զզվել նրանից,

Եվ նրա տենչը նոր հրապուրանքներ կսկսի փնտրել:

Մայրս մեռնելիս ինձ տվեց, ասաց, որ եթե բախտը

Ինձ կին շնորհի, ես էլ նրան տամ:

Այդպես էլ արի: Ուրեմն՝ զգույշ կաց.

Աչքիդ լույսի պես գուրգուրա վրան:

Եթե կորցնես կամ ուրիշին տաս,

Դա մի այնպիսի կորուստ կլինի,

Որին ոչ մի բան չի հավասարվի:

Դեզդեմոնա

 Իրա՞վ ես ասում:

Օթելլո

Հավատացնում եմ: Այդ հյուսվածքի մեջ կախարդություն կա:

Մի սիբիլլուհի, որ երկու հարյուր արևի շրջան

Հավելել էր արդեն այս աշխարհի մեջ,

Մարգարեական իր մոլուցքի մեջ կերպասն է հյուսել,

Սրբազան որդեր մետաքսն են նյութել,

Ներկը շինված է մումիայի հյութից,

Որ այն վհուկը կույս աղջիկների սրտից էր մղել:

Դեզդեմոնա

Իրա՞վ ես ասում:

Օթելլո

Իրավ. ուրեմն՝ տես, որ լավ պահես:

Դեզդեմոնա

Երանի երբեք տեսած չլինեի[5]:

Հովհաննես Աբելյանի «Օթելլոն» Մասեհյանի բանաստեղծականությունը չունի: Ավելի շուտ, շեքսպիրյան տեքստի վերապատմումն է.

Օթելլո

Լավ չէ´: Այդ թաշկինակը ընծայել է մորս մի գնչուհի, որը գուշակում էր մարդկանց սրտերի գաղտնիքը և ասել է՝ քանի որ  այդ թաշկինակը գտնվում էր մորս մոտ, նա կլինի մորս սիրելին, իսկ եթե կորցնի, կամ ընծայե մեկ ուրիշի, հայրս կթողնի նորան և օտարին կսիրե: Մայրս մեռնելու ժամանակ տվավ ինձ այդ թաշկինակը խնդրելով, որ եթե երբևէ ինձ վիճակվի ամուսնանալ՝ ընծայեմ կնոջս, այդպես էլ արի: Պահպանիր նրան աչքիդ լույսի պես, եթե կորցնես և կամ ընծայես մեկ ուրիշին, այնպիսի թշվառություն տեղի կունենա, որպիսին երբեք չի եղել:

Դեզդեմոնա

Միթե՞:

Օթելլո

Այո´, այդ թաշկինակի մեջ կախարդություն կա: Նրան գործել է մարգարեական ոգևորության մեջ Սեբիլլան, որը երկու հարյուր անգամ տեսել է արեգակի տարեկան շրջանը, նա հյուսված է սրբազան շերամների թելերից և ներկված գեղեցիկ մումիաների կուսական սրտերի հյութով:

Դեզդեմոնա

Դու կատակ չե՞ս անում. և այդ ճի՞շտ է:

Օթելլո

Ճիշտ. ուրեմն լավ պահիր[6]:

Չմշկյանը «Օթելլոն» թարգմանել է ֆրանսերենից: Չափածո խոսքը վերածել է արձակի.

Օթելլո

Լավ նշան չէ, էդ աղլուխը մեկ գնչուհի, մարդու սրտի խորհուրդը իմացող կախարդ կին տվել էր իմ մորը ու ասել էր, որ մինչև էն աղլուխը նա իր վրեն չունենա միշտ սիրեկան կլինի իր մարդուն ու իշխանություն կունենա նորա սիրո վերա, իսկ եթե երբևիցե կորցնի կամ ուրիշին ընծայե, հորս աչքից կընկնի ու հայրս ուրիշ սիրեկան կճարե իր համար: Մեռնելու ժամանակ մայրս ինձ տվեց էն աղլուխը և պատվիրեց որ երբ պսակվեմ իմ կնոջը տամ:Էնպես էլ արեցի ես, զգույշ կա´ց ու աչկիդ լույսի պես պահպանիր էն, որովհետև եթե կորցնես կամ ուրիշին տաս, էդ էնպես մեկ հանցանք կլինի, որի հետ ոչինչ չի հավասարվի:

Դեզդեմոնա

Մի՞թե:

Օթելլո

Ճշմարիտ: Նա կախարդական թելերով է գործված, որովհետև նրա գործողը մեկ Սիբիլ կին է եղել, որը երկու հարյուր անգամ արևի շրջանը տեսնելուց հետո մարքարեական կրքից ստիպված է եղել գործել էն, նրա աբրեշումի որդերը ածող որդերը օրհնածեն եղել և էդ աբրիշումը մեկ գեղեցիկ օրիորդ մումիի սրտից է հանած:

Դեզդեմոնա

Ճշմարի՞տ:

Օթելլո

Ճշմարիտ, ուրեմն լավ պահիր:

Դեզդեմոնա

Օհ, եթե այդպես է, երանի օրումս տեսած չլնեի էդ աղլուխը

Օթելլոյի մի քանի անգամ կրկնվող հարցին, թե կորե՞լ է թաշկինակը, Մասեհյանի Դեզդեմոնան շարունակում է.

Դեզդեմոնա

Կարող եմ բերել, հիմա չեմ ուզում:

Այդ էլ մի խաղ է միջնորդությունս մերժելու համար:

Խնդրում եմ՝ թույլ տուր, որ Կասսիոն ետ գա:

Օթելլո

Թաշկինակը բեր. սիրտս վատ բան է նախագուշակում:

Դեզդեմոնա

Լավ, լավ: Նրա պես ընդունակ մի մարդ երբեք չես գտնի:

Օթելլո

Թաշկինա՜կը:

Դեզդեմոնա

Կասսիոյից խոսիր, աղաչում եմ քեզ:

Օթելլո

Թաշկինա՜կը:

Աբելյանի Դեզդեմոնան վերապատմումի ոճով պահպանում է հարց ու պատասխանի լարումն ու դինամիկան.

Դեզդեմոնա

Պարզ է, որ դա մի խորամանկություն է քո կողմից: Խնդրում եմ, սիրելիս, թույլ տուր, որ Կասսիոն գա այստեղ:

Օթելլո

Բեր թաշկինակըինչ որ չարն եմ գուշակում:

Դեզդեմոնա

Բավական է, դու նրանից լավ մարդ չես կարող գտնել:

Օթելլո

Թաշկինակը:

Դեզդեմոնա

Խնդրում եմ, խոսենք Կասսիոյի մասին:

Օթելլո

Թաշկինակը:

Դեզդեմոնա

Նա իր բոլոր երջանկությունը հիմնում էր քո բարեկամության վրա:

Օթելլո

Թաշկինակը:

Չմշկյանի Դեզդեմոնան կրկին արձակ երկի սկզբունքով, առանց շեքսպիրյան պաթոսի, շարունակում է երկխոսությունը՝ պահպանելով գործողության լարվածությունը.

Դեզդեմոնա

Էդ ճիշտ է, տեր իմ, իսկ հիմա չեմ ուզում գնալ, հասկանում եմ, դու խորամանկություն ես բանեցնում, որ հետ գցես իմ խնդիրը, աղաչում եմ, հետ տուր Կասսիոյին իր պաշտոնը:

Օթելլո

Գնա, գտի էն աղլուխը, ես ինձ կորցնում եմ:

Դեզդեմոնա

Բավակա´ն է, հավատա´, Կասսիոյի նման ընդունակ մարդ երբևէ չես գտնի:

Օթելլո

Աղլուխը:

Դեզդեմոնա

Խնդրում եմ Կասսիոյի վրա խոսանք:

Օթելլո

Աղլուխը:

Դեզդեմոնա

Նրա պես մարդը, որ բոլոր իր կյանքի մեջ բաղտավորության հույսը քեզ վրա է դրել, ամեն պատերազմի և փորձանքների մեջ քեզ հետ է եղել:

Օթելլո

Աղլուխը: [7]

Չմշկյանի թարգմանական օրինակը մշակման է ենթարկվել մի քանի անգամ: Ջնջումներ, փոփոխություններ կան նույն թանաքով և ձեռագրով արված և փոփոխություններ, կրճատումներ կան մատիտով արված: Որոշ հատվածներում, աղլուխ բառը մատիտով ջնջված է և վերևում գրված է թաշկինակ: Հավանաբար, ավելի ուշ շրջանում, Չմշկյանը փոփոխություններ է կատարել: Հենրիկ Հովհաննիսյանը գրում է, որ Չմշկյանի «Հիշատակարանից» երևում է, որ դերասանը գիտեր թաշկինակ բառը[8]: Գիտեր և նախնական մշակման մեջ օգտագործել է աղլուխ բառը՝ փորձելով թիֆլիսյան կոլորիտ հաղորդել խոսքին: Չմշկյանը իր առաջ պիեսը տեղայնացնելու խնդիր է դրել: Չմշկյանի հերոսները խոսել են թիֆլիսահայերի նման: «Մարտնչելով հանուն «բնականության», նա ելել է իրեն լավ ծանոթ թիֆլիսյան միջավայրից»[9],- գրում է Լ. Սամվելյանը: Հեղինակը գտնում է, որ Չմշկյանի գրական ու թարգմանական սկզբունքները ներդաշնակ ամբողջություն են կազմել նրա բեմական գեղագիտության հետ: Այսինքն, կարելի է ենթադրել, որ դերասանի ստեղծագործական բնազդը ուղորդել և իրեն է ենթարկել թարգմանչին՝ ոճական առումով: Սա ևս առանձնահատկություն է, որ հատուկ է դերասան-թարգմանիչներին: Թարգմանության ժամանակ դեր է խաղացել արտիստի ոճական կողմնորոշումը:

Հարյուրավոր դրամաներ, ողբերգություններ, կատակերգություններ, ոդևիլներ, տասնամյակներ շարունակ շրջել են հայկական բեմերում, դափնեպսակներ են բերել  արտիստներին, բայց այդպես էլ չեն տպագրվել: Դրանց մի մասը չափազանց պարզունակ են, բայց կարևոր վավերագրեր են մեր թատերական մշակույթի պատմության համար: Դրանք հապճեպ արված աշխատանքներ են, որոնք դերասաններին հետաքրքրել են իրենց արդիական թեմաներով, նոր տիպի հերոսներով: Նորագույն դրամատուրգիայի գործերը հայ բեմում հայտնվել են Մոսկվայի Գեղարվեստական թատրոնի խաղացանկին համընթաց, երբեմն էլ ավելի շուտ, ինչպես օրինակ` Իբսենի «Ուրվականները» (ռեժ.՝ Գ.Պետրոսյան):  Նրանք անընդհատ ձգտել են հագուրդ տալ թատերասեր հասարակության պահանջներին:

Դերասան-թարգմանիչների կատարած թարգմանությունները արված են տարբեր լեզուներից, տարբեր որակներով, երբեմն խոցելի են մասնագետ թարգմանիչների համեմատությամբ, բայց մի ընդհանրություն կա, որ գրեթե բոլորը պահպանել են ստեղծագործական բնազդով՝ դրամայի գլխավոր պայմանը. Խոսքի մեջ պահպանել են դրությունը: Պահպանելով սյուժեն, ըմբռնելով իրավիճակները և խոսքի մեջ չանտեսելով դրությունը, երբեմն խոսքը թարգմանելով ինչպես որ ստացվել է, դերասանները ստեղծել են խոսքային մի միջավայր, որը իրենց հնարավորություն է տվել ցուցադրել դերասանական վարպետությունը:

Թեման արժանի է ծավալուն ուսումնասիրության, որն, անկասկած, հայ բեմի գործիչներից  յուրաքանչյուրի հայտնի դիմանկարի վրա մի նոր բան կավելացնի:

Օգտագործված գրականություն

[1] Խ. Դաշտենց, Իմ աշխատանքը շեքսպիրյան թարգմանությունների վրա, Շեքսպիրական, հ.1, Երևան, ՀՍՍՀ ԳԱ հրատ, 1966, էջ 163:

[2] Նույն տեղում, էջ 165:

[3] Տես, https://profil.am/?p=9950

[4] Խ. Դաշտենց, նշվ. աշխ., էջ 164:

[5] Վ.Շեքսպիր, Ընտիր երկեր, հ1, Երևան, Հայաստանի պետ հրատ., 1964, էջ 274:

[6] ԳԱԹ, Ձեռագիր պիեսների ֆոնդ, թիվ 1642:

[7] ԳԱԹ, Չմշկյանի ֆոնդ, թիվ 33:

[8] Հ.Հովհաննիսյան, Հայ թատրոնի պատմություն. ХIХ դար, Երևան, «Նաիրի» հրատ., 2010, Էջ 231:

[9]Տես, Լ.Սամվելյան, Շեքսպիրը և հայ գրական ու թատերական մշակույթը, Երևան, «Հայաստան», հրատ., 1974, էջ 113:

ՆԱԻՐԱ Շահվալադյան

1012 հոգի