Սեղմիր
ԹԱՏԵՐԱՍԵՐԻ ԳՐԱՌՈՒՄՆԵՐ

Այդպես էր ասում կուրսղեկս՝ կինոգետ Սուրեն Հասմիկյանը, երբ իր ուսանողը բեմից զարմացնում էր խաղային անսպասելի որակներով: Եվ ահա ճակատագրի հեգնանքով ժամանակակից պարի «SUMMEET» միջազգային փառատոնի առաջին թատրեաշրջանի վերջին ներկայացման մասնակիցների կատարողական որակներն ինձ այլ ելք չեն թողնում, քան անկեղծ զարմանքի հասմիկյանական ձևակերպումը մտաբերել. շան տղեն ո՞նց է…

Պարզապես այս դեպքում՝ «Բալետ Մոսկվա» թատրոնի «Բոլոր ճանապարհները տանում են հյուսիս» ներկայացման ընթացքում, շան տղեն մեկը չէր: Յոթն էին, ու իրար չէին զիջում տեխնիկական գրեթե անթերի պատրաստվածությամբ, անսամբլայնությամբ և այդ ամենի ամբողջականությանը ծառայող անսահաման նվիրվածությամբ:

Այլապես վերջնարդյունքում ընկալելի չէր լինի մարմնի ինտելեկտուալ լեզվով բելգիացի խորեոգրաֆի ներդրած ուշագրավ կոնցեպցիան:Իսկ Կարին Պոնտյեսը մարմնական շարժապատկերների տարաձև խաղարկումներով մարդուս վաղածանոթ խնդրի փիլիսոփայական ընդհանրացումն էր գաղափարադրույթային զսպանակի վերածում:

Անհատ-հասարակություն հարաբերության համատեքստում մտաչարչարանքների հասցնող զանգվածային քառակուսի մտածողության հարցը վիզուալ կերպով քննում: Բեմի հարդարման ճաշակավոր մինիմալստական լուծման ներքո մեկնաբանում, թե զանգվածայնացվելով անհատականությունդ ու «անձնական տարածքդ» ես կորցնում:

Ասել կուզի՝ մոխրագույնների համընդհանուր փակ գոտում հայտնվում: Մյուս կողմից էլ՝ հանրությունից և դրա մեծ մասը կազմող զանգվածից ամբողջապես կտրվելով, էկզիստենցիալ մենության գիրկն ես ընկնում, ինչը ևս տանելի չէ: Ուստիև ելքը մնում է զանգվածային տրամադրություններում չտարրալուծվող անհատների հանրություն ստեղծելու ուտոպիստական գաղափարը:

Թեպետ, ի դեմս երևակայության անսպառ թռիչքի՝ արվեստը միշտ էլ ապագայում կյանքի կոչվող անհավանական գաղափարների հանգրվանն է եղել: Այնպես որ...

30.08.2021

ՏԻԳՐԱՆ Մարտիրոսյան

1252 հոգի