Սեղմիր
ԲԱՌԱՐԱՆ
ԺԱՆՐ

Լատ. – genus, generis / տեսակ, եղանակ, տիպ, ոճ

Ֆրանս. - genre

Անգլ. - genre, type of drama

Գերմ. - genre, gattung, dramengattung

Ռուս. - жанр

Իսպ. - género

Իտալ. - genere

Արվեստի բոլոր ճյուղերում առանձին գործերի դասակարգում՝ ըստ ձևի ու բովանդակության հատկանիշների: Ստեղծագործության այն տեսակը, որը տարբերվում է միայն իրեն հատուկ սյուժետային և ոճային գծերով: Լայն առումով ժանրը գեղարվեստական ստեղծագործությունների պոետիկ կառուցվածքի, ներքին ձևի ոչ պատահական ընդհանրությունն է, որը ստեղծվել է  արվեստի պատմության  զարգացման ընթացքում, առարկայական իմաստի ինքնորոշման հիման վրա և ճանաչողական-գնահատողական գործառույթների (ֆունկցիաների) շփման արդյունքում:  

Արվեստում արտացոլվող կենսական երևույթների, ինչպես նաև հեղինակային մոտեցումների բազմազանության շնորհիվ, պատմական զարգացումների ընթացքում ամեն մի արվեստի ներսում գոյացել են ստեղծագործության տարբեր տիպեր՝ ժանրեր: Հանդես գալով որպես կյանքի դրության հետ անխախտելի կապի մեջ գտնվող տիպավորումներ՝ ժանրերը ձևավորվել են աստիճանաբար: Պատմական տարբեր ժամանակաշրջաններում ի հայտ են եկել բազմազան խնդիրներ, սովորույթներ, բարքեր՝ առաջացնելով ժանրային տարբեր տիպեր և ձևեր, որոնք արտացոլվել են գրականության մեջ: Ժանրերն իրենց բնույթով մտնում են գրականության առավել մեծ ստորաբաժանումների՝ սեռերի մեջ և սկզբնական շրջանում ժանր անվանում էին գրական սեռերը՝ էպոս, քնարերգություն (լիրիկա) և դրամա: Պաշտպանվում էր նաև այն տեսակետը, որ ժանր պետք է կոչվի առանձին գրական տեսակների պատմականորեն առաջացած ենթատեսակները: Հետագայում իրականացվում են համընդհանուր համակարգային տիպական մշակումներ, պարզելու համար բոլոր հնարավոր ժանրերի ձևերը: Արդեն հայտնի, գոյություն ունեցող ձևերը դասակարգվում և դրվում են համապատասխան տեղերում,իսկ դեռևս անհայտ, բայց կանխատեսելի ձևերի համար տեղեր են նախապատրաստվում:

Արվեստում ժանրերի բաժանումը տարբեր(մաքրություն, ծավալ և այլն) սկզբունքներով է մեկնաբանվել ու գնահատվել գեղարվեստական մշակույթի պատմության ընթացքում: Կլասիցիզմի գեղագիտության մեջ դա արտահայտվում էր խիստ հիերարխիկ համակարգվածությամբ, որտեղ ամեն ժանր գնահատվում էր կամ ‹‹ցածր››, կամ ‹‹բարձր››: Օրինակ՝ ողբերգություն-կատակերգություն, դիցաբանական պատկեր-կենցաղային պատկեր, օպերա սերիա-օպերա բուֆ: Ընդ որում այս գեղագիտական համակարգում դատապարտելի էին միջժանրային դրսևորումները: Ռոմանտիզմի գեղագիտությունը, մերժելով ժանրի հիերարխիկ կոնցեպցիան ու նշյալ արգելքը, արվեստագետի անօտարելի իրավունքն է համարում ժանրային տարբեր կառուցվածքների համադրումն ու կոնտրաստային առանձնահատկությունների վրա խաղալը:

 Հետագայում արվեստի տեսությունը որդեգրեց տարբերակման թեմատիկ, կառուցվածքային և գործառնական սկզբունքները: Գրականության մեջ ժանրերը ևս տարբերակվում են, ըստ կյանքի գեղարվեստական պատկերման ընդհանուր սկզբունքների և պատկերավորման յուրահատուկ եղանակների:

1. թեմատիկ առանձնահատկություններով, օրինակ,  սիրավեպը կարող է լինել հոգեբանական, պատմական, գիտա-ֆանտաստիկ և այլն: Մ.Յու. Լերմոնտովի ‹‹Մեր ժամանակի հերոսը›› ստեղծագործության ժանրը  սոցիալ- հոգեբանական է, Ա. Ս. Պուշկինի ‹‹Բորիս Գոդունով››-ը՝ պատմական ողբերգություն, Ա. Տոլստոյի ‹‹Ինժիեներ Գարինի Հիպերբոլոիդը››՝ ֆանտաստիկ սիրավեպ:

2. Գաղափարահուզական գնահատականի առանձնահատկություններով, օրինակ, Մ. Չեխովի պատմվածքները  հումորային են, Յու. Կազակովինը՝ լիրիկական և այլն:

3. Կառուցվածքային առանձնաձևերով

4. Լեզվաոճային պատկերավորությամբ:

Սակայն, որքան էլ որ ժանրային տեսակը չկրկնվող լինի, նրանում, միևնույն է, արտացոլվում է  վերոնշյալ երեք տիպերից (էպոս, լիրիկա, դրամա) մեկին բնորոշ գծերը:

Ժամանակի ընթացքում գրականությունից դուրս են ընկնում որոշ ժանրեր, հանդես են գալիս նորերը, իսկ մյուսները ձեռք են բերում նոր գծեր: Օրինակ՝ Վերածննդի շրջանում առաջացած նովելը սկզբում հանդես էր գալիս որպես նորավեպ, այսինքն, ինչ-որ բանի մասին պատմություն, որը դեռ ոչ ոք չգիտեր: Ժամանակի ընթացքում այն վերածվեց սուր դինամիկ սյուժեով կարճամփոփ ժանրի: Ժանրը դադարում է գործածվել, երբ իր թեմատիկ կամ կառուցվածքային առանձնահատկություններով այլևս չի համապատասխանում կյանքի լիարժեք արտացոլման խնդրին: Անտիկ և միջնադարյան գրականության այնպիսի ժանրեր իրենց ստեղծագործական հավերժականությունը չունեցան, ինչպիսիք են վիպերգությունը(էպոսը նեղ իմաստով), միստերիան, մորալիտեն, միրակլը, մադրիգալը, հովվերգությունը(իդիլիա),շարականը, բուկոլիկան, գեորգիկները և այլն: Եթե 19-րդ դարում գերակշռում էին մի քանի ժանրեր, ապա 20-րդ դարասկզբին երևան եկան մոդեռնիստական ուղղություններից արտածվող տարատեսակ նոր ժանրաձևեր:

Թատերական արվեստը ևս ենթարկվել է ժանրային դասակարգման և այն նույնպես ունի ընդհանուր տեսակային (դրամատիկական, երաժշտական, մնջախաղային, տիկնիկային-խամաճիկային, կամերային, փողոցային, ստվերային, պարային, մոնո) և նեղ թատերագրական դրսևորումներ: Տարբեր ժողովուրդների մեջ տարբեր ժամանակաշրջաններում  թատերական գրականության ժանրերը խմբավորվել են ըստ ամենատարբեր հատկանիշների: Չինական թատերագրության մեջ՝  ըստ թեմայի (զինվորական, քաղաքացիական և այլն), հնդկակական թատերագրության մեջ՝ ըստ հարուցող զգացմունքների (սեր, սարսափ, տառապանք, զայրույթ և այլն): Եվրոպական տիպի թատերագրության մեջ՝ ըստ դասային շերտավորման (եկեղեցական, պալատական, դպրոցական և այլն), ըստ թեմայի և գործողության բնույթի (պատմական, ընտանեկան, կենցաղային, արկածային և այլն), ըստ բովանդակության (փիլիսոփայական, հերոսական, կրոնական և այլն), ըստ ձևի հատկանիշների (կատակերգություն բնավորությունների և դրությունների), ըստ ոճական յուրահատկությունների (ֆարս, վոդևիլ, բուռլեսկ, սատիարական կատակերգություն, սալոնային դրամա և այլն): Հաճախ տեսակները որոշվում Էին կատակերգութուն-ողբերգություն հակադրման շրջանակներում՝ կախված    բովանդակությունից  և  կոմպոզիցիայի     տեխնիկայից(այստեղից  էլ  կատակերգության  և ողբերգության բազմաթիվ տեսակները): Այդ հատկանիշները կամ յուրահատկութունները ընդլայնում են դրանց հնարավորությունները` ավելի հստակեցնելով բաժանարար և տարբերակող գծերը: Գոյություն ունի նաև սրանց միջանկյալ ժանրը՝ տրագիկոմեդիան, որի տարբերակման սահմանները հստակ չեն. կամ դա ողբերգություն է՝ լավատեսական վերջաբանով (Կոռնել), կամ կատակերգություն՝ հոռետեսական ընթացքով, ոչ ուրախ վերջաբանով, բայց համեմված կատակերգական իրավիճակներով և դիալոգներով:

Պիեսի ժանրի որոշման կերպ է համարվում, գտնել այն ռակուրսը, որից հեղինակը դիտարկել է կյանքը: Այսինքն, գտնել պայմանականության չափը, զգացմունքների բնույթը(природа чувств), որոնք հատուկ են տվյալ ստեղծագործությանը և հեղինակին: Որոնել այն ճանաչողական նշանները(опознавательные знаки) որոնք կօգնեն գտնել միակ ճիշտ ճանապարհը առաջադրվող հանգամանքների ընտրման հարցում: Թատերագրական ժանրերը, երբեմն  բեմ հանելիս, չեն պահպանում իրենց բնագրային ժանրային պատկանելիությունը, քանի որ դերասանը և բեմադրիչը  իրենց արտահայտչական միջոցներով ի վիճակի են փոխել գրական երկի ժանրային նկարագիրը:

Թատերագրության ժանրերի գոյացումն ու անհետացումը պայմանավորված են պատմական և հասարակական զարգացման հանգամանքներով: 17-րդ դարում, Իսպանիայում առաջացավ ‹‹սրի ու թիկնոցի կատակերգություն›› ժանրը, 18-րդ դարում Ֆրանսիայում՝ ‹‹արցունքաբեր դրաման››:

Ամեն մի ժանրի ներսում էլ առկա է ենթատեսակների և ենթաժանրերի առաջացման հնարավորությունը, ինչը գրականության պատմության ընթացքում փաստվել է ժանրային-ենթաժանրային պատկառելի ժառանգությամբ:  

Էպիկական ժանրերն ու ենթատեսակներն են դիցաբանական զրույցը, վիպերգությունը, պատմվածքը, առասպելը, լեգենդը, վիպակը, վեպը, առակը, նովելը, հեքիաթը, ֆելիետոնը, ակնարկը, իսկ ենթաժանրեր՝ արկածային վեպը, պատմական վեպը, հոգեբանական վեպը:

Քնարական ժանրեր են ներբողը /օդա/, եղերգությունը, իդիլիա, սոնետ, բանաստեղծությունը, էպիգրամը, պարոդիան ու էպիտաֆիան:

Լիրո-էպիկական ժանրերն են՝ բալլադը, պոեմը:

Դրամատիկական ժանրերն ու ենթատեսակներն են՝ ողբերգությունը, կատակերգությունը, դրաման, տրագիկոմեդիան, տրագիֆարսը, մելոդրաման, մենադրաման, վոդևիլը, ֆարսը, բուֆֆոնադը, իսկ ենթաժանրերն են՝ հերոսական, մռայլ հեգնական, սատիրական, քնարական, բարքերի, պայմանական-գրոտեսկային, կենցաղային կատակերգությունները, պատմական, հին հունական ողբերգությունները, կրոնական, հերոսական, ընթերցողական, ընտանեկան, հոգեբանական, կենցաղային, արցունքի, քաղաքական, փաստավավերագրական, հրապարակախոսական, քաղքենական, քրեական, ինտելեկտուալ և այլ դրամաները, իրոնիկ մելոդրաման, աբսուրդային, փիլիսոփայական, ֆանտասմագորիկ տրագիկոմեդիաները:

Էպիկոդրամատիկական ժանրեր են՝ էպիկական դրաման, վիպական դրաման, դրամատիկական պոեմը, դրամատիկական վեպը, իսկ ենթաժանրերն են՝ հեքիաթ-կատակերգությունը, առակ-կատակերգությունը:

Երաժշտարվեստում ժանրը գեղարվեստական ընդհանրացման կարևորագույն միջոցներից մեկն է: Երաժշտության պատմության սկզբնական էտապում ժանրը հանդես էր գալիս որպես ավանդական գեղարվեստական կարգ(կուռքային, ծիսական-արարողակարգային), որի շրջանակում կոմպոզիտորական անհատականություն չէր դրսևորվում: Ֆոլկլորային հին, եվրոպական վաղ շրջանի պրոֆեսիոնալ և ոչ եվրոպական պրոֆեսիոնալ երաժշտության շերտերում ժանրը որոշում էր գործիքավորումը, կատարման բնույթը, ռիթմամեղեդային կայուն բանաձևերի հավաքակազմը: 18-19-րդ դարերում նոր միայն երաժշտարվեստում դադարեց անխախտելի առաջնային գործոնը լինել ժանրային տիպի վերարտադրությունը՝ որոշակիորեն տեղը զիջելով նաև կոմպոզիտորական ոճաբանության սկզբնավորումին: Արդյունքում՝ գրականության նման ձևավորվեց երաժշտության չորս հիմնական տեսակ( ժողովրդական, դասական, հոգևոր և փոփ), որոնցից իրենց հերթին առաջացել են երաժշտական ժանրերը: Դրանց դրսևորումներն են՝ օրատորիական, օրհներգային, վոկալիզային, սերենադային, ռեքվիեմային, բլյուզային, քայլերթային, գնչուական, երգչախմբային, ջազային ստեղծագործություններն, ինչպես նաև կանտանտան, կացոնան, քանթրին, ռոմանսն ու նոկտյուրնը:

Երաժշտադրամատիկական ժանրերն են՝ մյուզիքլը, վաղ միստերիան, 18-րդ դարի մելոդրաման, օպերետը, օպերան, իսկ ենթաժանրերից են՝ հերոսական, պամական, կատակերգական, քնարական և այլ օպերաները:

Նկարչական արվեստում ժանրերն են՝ դիմանկարը, նատյուրմորտը, բնանկարը, պատմանկարը, մարտանկարը, անիմալիստական կենդանանկարը, իսկ ժանրիստ են կոչվում կենցաղային սյուժեներով կտավներ ստեղծող նկարչին:

Կինոարվեստում հիմնական տեսակներն են խաղարկայինը, երաժշտականն ու վավերագրականը, անիմացիան որոնց  ժանրային դրսևորումներն են՝ ֆենթզին, անիմեն, մարտաֆիլմը, մելոդրաման, կատակերգությունը, դրաման, սարսափը, վեսթերնը, պատմական, քրեական, միստիկան, թրիլլերը, արկածային, դետեկտիվ, էրոտիկան, պոռնոգրաֆիան, ֆանտաստիկան: 

Օգտագործված գրականության ցանկ՝

1. Г.А. Товстоногов,  Зеркало  сценыЛенинград-1980

2. Театральная Энциклопедия Т2, Москва-196…

3.  С.П.Кутьмин, Краткий словарь театральных терминов , Тюмень-2003  

4. Լևոն Հախվերդյան, «Թատերագիտական բառարան », Երևան-1986

5. Словарь театральных терминов, Издательство Алтайского государственного института культуры, Барнаул- 2015

6. Эстетика. Словарь Под общ. Ред. А. А. Беляаева и др. Москва-1989

7. Словарь театра, Патрис Пави, Москва-1991

8. Էդ. Ջրբաշյան, Հ.Մախչանյան, Գրականագիտական բառարան, Երևան-1972

9. Музыкальный энцилопедический словарь, Глав.Ред. Г.В.Келдыш,Москва-1990

10. Էդ. Ջրբաշյան, Գրականության տեսություն, Երևան-1962

11. А.М. Бабкин, В.В. Шендецов, Словарь иноязычных выражений и слов, Книга-1, Москва-Ленинград-1966

12. Литературная Энциклопедия терминов и понятий, Российская академия наук институт научной информации по общественным наукам, глав.ред. и сост. А. Н. Николюкин Москва-2001

13. Литературный Энциклопедический словарь, Под.общ.ред. В.М. Кожевникова, П.А. Николаева, Москва-1987

14. Т.Д.Чиликина, Краткий словарь терминов и различных видов искусства и категорий эстетики, Москва-2008.

15. Д.А. Беляев, История культуры и искусств: словарь терминов и понятий, Елец-2010

16. Т.Крунтяева, Н.Молокова, Словарь иностранных музыкальных терминов, Ленинград-1988

17. Л.Михеева, Музыкальный словарь в рассказах, Москва-1986

18. Словарь основных терминов по искусствоведению, эстетике, педагогике и психологии искусства, науч.ред. А.А.Мелик-Пашаев, Москва-2001

17.08.2021  00:20

Համահավաքեց՝ ԳԱՅԱՆԵ Թովմասյան

Խմբագրելի

1636 հոգի