Սեղմիր
ԱՆՄԵՂ ՄԵՂԱՎՈՐՆԵՐԸ

16.08.2021  03:20

Այս թատերաշրջանում Երևանում թատերասեր հասարակությունը հնարավորություն ունեցավ տեսնելու երկու օպերային պրեմիերա` Արմեն Տիգրանյանի «Դավիթ Բեկ»-ը և Ռուջերո Լեոնկավալոյի «Պայացներ»-ը: Թատերական անցուդարձին հետևող ընթերցողն անմիջապես կհակառակվի` չէ՞ որ «Պայացներ»-ը հայտարարվել է որպես համերգային կատարում, ֆիլհարմոնիկ մեծ համերգասրահում: Անշուշտ, բայց առանձին նշվել է ռեժիսորի անունը, մնջախաղային «Mim studio»-ի մասնակցությունը: Բացի այդ, XXI դարի հադիսատեսը չի շփոթում թատրոնը և թատերական շենքը:

Երկու պրեմիերաները, որքան էլ տարբեր են, բայց մեկ ընդհանուր միտում ունեն` արդիականացնել նյութը, նորովի իմաստավորել բովանդակությունը: Այս ցանկությունն արդեն իսկ կարող է բանավեճի առիթ դառնալ, չէ որ մեզանում շատերի համար օպերան արվեստի քարացած ձև է, թանգարան, որտեղ նույնիսկ փոշին դարերի պատմություն ունի: Եվ հանկարծ դասական արվեստի տանը հայտնվում են մեր իրականությանն առնչվող երանգներ: Ինչպիսի~ սրբապղծություն: Սակայն նման տեսակետ արտահայտողները չեն բողոքում, երբ նման կերպ են վարվում Շեքսպիրի, Մոլիերի կամ Կորնելի երկերի հետ: «Համլետ»-ի կառուցվածքն իր ամբողջականությամբ չի զիջում ոչ մի օպերայի պարտիտուրին, բայց ժամանակակից Համլետների երթը XX դարի եվրոպական բեմերում ոչ ոքի չի զարմացնում: Ինչէ, թողնենք օպերային արվեստի պահպանողական սիրահարներին իրենց կարծիքին, վերադառնանք երևանյան պրեմիերաներին ու պարզենք, թե նրանցից որ մեկն արդիականացման ինչ եղանակ է ընտրել:

Ալ. Սպենդիարովի անվ. օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում «Դավիթ Բեկ» բեմադրության ռեժիսորն է Լիտվայի և Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ Գեղամ Գրիգորյանը: Մեր օպերային թատրոնում արդեն վաղուց մի (իմ կարծիքով ոչ ճիշտ) սովորույթ կա` դրամատիկական թատրոնների օրինակով համատեղել գեղարվեստական ղեկավարի և գլխավոր ռեժիսորի պաշտոնները: Եվ ահա, պրեմիեր տենորները որոշ տարիքում հարկադրված են լինում նոր բեմադրություններ իրականացնել: «Դավիթ Բեկ»-ում Գեղամ Գրիգորյանի գլխավոր գաղափարը հասկանալի է` օպերայում տրված պատմական իրադարձությունները հանդիսականի ընկալման մեջ նույնացնել մեր օրերում կատարված դեպքերի հետ (Արցախյան պատերազմ): Ցավոք, պետք է փաստենք, որ այս ներկայացման մեջ գործ ունենք կոպիտ արդիականացման հետ: Կարելի է կերպարներին հագցնել ժամանակակից զինվորական զգեստներ, փոխել դրոշակներն ու զենքերը, բայց այս բոլորն արտաքին նշաններ են և ոչ ավելին: Միայն դերասանը կարող է իմաստավորել իր հագած զգեստը և այս ճանապարհին նրա օգնականն է ռեժիսորը: «Դավիթ Բեկ»-ի ոչ մի միզանսցեն չէր կապվում մեզ ծանոթ իրականության հետ, ոչ մի շարժում կամ ֆիզիկական գործողություն չէր պատկանում մեր ժամանակին: Անկեղծ ասած, դրանք չէին պատկանում նաև նկարագրվող ժամանակաշրջանին, դրանք օպերա-թանգարանինն էին:

Բոլորովին այլ մեթոդներ է գործի դրել «Պայացներ»-ի բեմադրության ռեժիսոր (ընթերցողներից ոմանք կճշտեն ինձ` նկարիչ) Սուքիաս Թորոսյանը: Ժամանակի հաղթահարումն ակնհայտ չէ, առաջին հայացքից աչք չի ծակում: Նույնիսկ ետին պլանում գտնվող երգչախմբի ժամանակակից զգեստներն ուշադրություն են գրավում միայն խմբի մուտքի պահին: Անշուշտ, առկա էին բազում թերություններ, կատարումը (նկատի ունենք գործողությունները) միշտ չէ, որ մաքուր էր: Սակայն ընդհանուր միտումը տրամադրող է: Բեմը հանդիսատեսին կապելու համար ռեժիսորն աշխատել է արդիականացնել բեմում տիրող տրամադրությունը, ներգործելով առանձին զուգորդական մանրամասերով, հանդիսականին բերել նույն տոնայինության: Դերակատարների շարժումները հիմնականում զերծ են կեղծ, համերգային դիրքերի պաթոսից: Դրան նպաստում են ռեժիսորի մշակած բեմական դրությունները: Գուցե պատճառն այն էր, որ օպերան հարմարեցվել էր էստրադային, որտեղ նստած էին նվագախումբն ու երգչախումբը: Արդյունքը դրական էր` դերասանները հայտնվել էին նոր հանգամանքներում և իրենց գործողություններով ինքնուրույն, կենդանի որոշումներ էին կայացնում: Օբյեկտիվ լինելու համար պետք է նշենք, որ զգացվում էր փորձերի սակավությունը, անհարթություններ կան թե´ դերասանների, թե´ ռեժիսորական տարբեր հնարներում: Բայց հետաքրքիր է ռեժիսորի հայացքի ուղղվածությունը և, մեր կարծիքով` հեռանկարային:

Նյութի աղբյուրը՝ «Սքենե» № 1 (9), 3.III.2008

ՎԱՍԻԼԻ Գևորգյան

850 հոգի