12.08.2021 01:39
Աշխարհն աշխարհով, մեր դրամատենչ հեռուստատեսությունն իր շրիշակային նշաձողի հավատամքով: Այո՛, եթե անգամ թուրքն էլ այն աստիճան քաղաքակրթվի, որ մարդ, առավելևս զինվոր մորթելն իր համար խիստ խորշելի վարքագիծ լինի, միևնույն է՝ հայկական հեռուստատեսությունը դժվար թե թոթափի ‹‹գրդոնային›› որակին դավանելը: Այս համոզմունքին է ինձ հանգեցրել այն փաստացի ու ցավալի իրողությունը, որ մոտ տասնհինգ տարի առաջ ‹‹ԱԶԳ›› օրաթերթում երկու հրապարակախոսական առիթներով հայրենի հեռուստատեսության հասցեին ուղղված նկատառումներս և դիտողություններս դաշտի պատասխանատուների մի ականջից մտնելուն պես մյուսից մազապուրծ ճողոպրել են: Եվ այսօր էլ, միլիոնանոց լսարան ունեցող ԶԼՄ-ն, ատամներով պահում է քողարկված ու անթաքույց գռեհկաբանությունը, որն ուզենք թե չուզենք, իր լեզվամշակութային լծակներով ու տեսալսողական գործիքակազմով ներազդում է թատրոնի ապագա հանդիսատեսի աշխարհազգացողության, աշխարհընկալման, այսինքն, նաև՝ էսթետիկական ճաշակի ու գերվեստական չափանիշների ձևավորման վրա: Մանրամասնենք:
Տարիներ առաջ, օրինակ՝ արձանագրել էինք, որ ‹‹Русский размер›› օղու գռեհկությամբ ցածրորակ հեռուստագովազդում տվյալ ապրանքանիշի որակական անսահմանությունն ապացուցելու համար մեզ ստիպում էին ազգովի չափչփել Պ.Անդերսոնի ստինքների տրամաչափն ու Ջ.Լոպեսի հետույքի տրամագիծը: Ի՞նչ եք կարծում, հեռուստատեսային հանձնաժողովը վա՞տ զգաց և խրատվե՞ց այն փաստից, որ սովորական ուսանողն իրենց բռնացրել էր օղու գովազդը ‹‹Ինքնաբավարարման միջմայրցամաքային մրցույթի›› գովազդային հայտարարության ձևաոճով հրամցնելու գործի վրա: Ամենևի˜ն: Իրենց փոքր-ինչ հերոսացած զգացին, ու կարծես թե եղելությունից ավելի ոգևորվեցին, որովհետև տարիներ անց, ինչպես տեսնում ենք ոլորտի պատասխանատուների չակերտյալ երևակայությունն առավել գռեհիկ արտադրանք արտանետելուն ի սպաս դրվեց: Հայտնի ‹‹Woomens club›› հեռուստանյութը, որտեղ սեռահոգեկան քրքիջ կորզելու հերթապահ միջոցն է դարձել Լիլի Մորտոյի հիպերկրծքային ներկայության անիմաստությունը: Պլեբեյական պատկերավորությամբ ասած՝ խելքը դոշերին տված հիմարավուն դատարկամիտի կերպարը պարբերաբար հանրահռչակելով, իրենք էլ չեն հասկանում, կամ էլ իրենց չհասկացողի տեղ դնելով, սերունդ են ձևախեղում: Բարեմասնական կորագծերի այդպիսի ժրաջան առաջադրումի հրապարակայնությունից հետո, ապա փորձեք մինչև չափահասի տարիքային շեմում գտնվողների արժեհամակարգում, սեռական ցանկությունից ավելի ակտիվ դարձնել վերջիններիս ընթերցասիրությունը: Գիտե՛ք, Հռոմում էլ նույնիսկ պոռնոգրաֆիկ մնջախաղ կար, և այդ մեծ կայսրության կործանման հիմնական պատճառներից մեկը սեռահոգեկան կոլեկտիվ անզսպությունն ու սանձարձակությունն էր: Պատանեկան տարիքի երեխաների հետ հռոմեական ընտրախավի մերձենալու անասնական հաճույքն էլ հեռուստատեսային գարշանքն աքսելերացիայով արդարացնողներին նվեր: Ու սա բնավ երդվյալ պուրիտանի իմպոտենտային մաղձ չէ(որևէ մեկը զուրկ չէ ինտիմի բնահոգեկան պահանջներից, բայց և դրանց իրացման գաղափարական հանգրվանն էլ այդ մղումների ինքնագոհ հանրայնացումը չէ), քանի որ օրեր առաջ գործընկերոջս մանկահասակ երեխայի լեզվամտածողության մեջ նկատածս հանգամանքն անհերքելիորեն վերոնշյալ գռեհկաբանությունների աղետալի հետևանքներն է փաստում: Բացատրեմ, թե ինչու՛:
Օրեր առաջ թատերական նախագծի հանձնմանն էի հետևում, որի ավարտին եղած գործընկերային հավաքին նաև նրանցից երկուսի երկու մանկահասակ՝ 3-4 և 5-6 տարեկան աղջնակն ու տղան էին ներկա: Մոտ մեկ ժամ տևած վազվզուքային խաղից հետո, հանկարծ, մոտ վեց տարեկան տղան մոտեցավ ինձ հետ զրուցող քիչ թե շատ մարմնեղ դերասանուհուն, որպես աղջնակի մոր(տղա երեխայի արժեքային հենման կետ ՄՈՐ կերպարը նրա պատկերացումներում պետք ծծե՞ղ լինի) և նկատի ունենալով այդ պահի մոտ չորս տարեկան իր խաղընկերուհուն բառացի հարցրեց. ‹‹Ձեր աղջիկը ամսական ունի՞››: Իհարկե բոլորս մեղմ ասած ապշած էինք, քանի որ ոչ աբսուրդային դրամայում, ոչ էլ կեղտոտ ռեալիզմում անգամ նմանօրինակ զգլխիչ իրավիճակի չէինք հանդիպել: Հատկապես, որ ծայրահեղ արտառոց հետաքրքրասիրություն ցուցաբերած տղայի դաստիարակության հարցում ինձ հետ մտերմական հարաբերություններ ունեցող ծնողները նորմալ հայի պես տեղը-տեղին նախանձախնդիր են: Կարճատև հարցուփորձից հետո, իհարկե, պարզվեց, որ ‹‹ակամա գինեկոլոգը›› պարզապես նորածանոթ աղջնակի տարիքն է փորձել ճշտել: Իսկ գլխի չե՞ք ընկնում, թե ինչու՞ է բարեկիրթ արվեստագետի օրինակելի ընտանիքում մեծացող երեխայի լեզվահոգեկան միջավայր-լեզվամտածողական պրոյեկտում պատճառահետևանքային շղթայում տարիք հասկացողության չափորոշիչը դարձել է ոչ թե ամիսը, այլ ական վերջածանցով ամսական բառը: Ի՞նչն է ներկայումս հեռուստատեսությունից օրը ցերեկով նրա լսողության մեջ պնդերեսի փութաջանությամբ խցկվում:
Անշուշտ, կնոջ ամսական(месячние) կոչվող դաշտանային ցիկլին առնչվող հիգիենայի պարագների(միջադիր, տամպոն, դաշտանային ցավերի և նմանաբնույթ այլ անհարմարությունների հակամիջոցներ) գովազդը, որի անընդունելիությանը վերոնշյալ ուսանողական հրապարակախոսություններումս անդրադարձել էի ընդգծելով՝ կնոջ նմանօրինակ խնդիրների այդպիսի հանրայանացման ինքնին ‹‹հակահիգենիկ›› լինելը: Այն ժամանակ էլ էի տարակաուսանքով նշել՝ մի՞թե նման պարագաների գովազդի բացակայության դեպքում մարդիկ մեգախանութներում և դեղատներում չեն կարողանում դրանք գտնել, և համայն հայության տիկնայք փափկասուն սկսում են սեռական փնթիությամբ ու անպտղությամբ տառապել: Բայց, քանի որ, Հայաստանում հեռուստաարտադրանքը վերահսկող մարմնի ղեկավարը անսքող քյաբաբասեր ու սերիալային հակամշակույթին բավական քաղցր աչքով նայող արարած է, մեզանում տարիների ընթացքում կնոջ սեռական օրգանին վերաբերող ապրանքի գովազդը ոչ միայն չի՛ լուսանցքայնացվում, այլև դրա կոկած լկտիությունը անասելի ու անլսելի զարգացում է ապրում: Այլևս զերծ չենք մնում հեռուստաեթերից ԱՐԳԱՆԴ բառը տերյանական տրտմաթախիծ տոնայնությամբ հնչեցնելուց, չմոռանալով՝ դրա անատոմիական պատկերը ցուցադրելը: Կարծես տասնյակ տարիներ գերությունից վերադարձածին դիմելու ձև լինի: Այնպիսի տպավորություն է, թե ‹‹Ինչու է աղմկում գետը›› ֆիլմի սեքսապաթոլոգիական ինտերպրետացիայի թրեյլերն ես դիտում, այլ ոչ թե որևէ ապրանքի գովազդ:
Դե հիմա պատկերացնենք, որ ադրբեջանցիների կողմից մեր սահմանների վտանգման Աժ քննարկումը հեռուստատեսությամբ կեսօրին լսելուց հետո հաջորդիվ սեռական միջադիրի նույն գովազդն է այդ սենյակում խաղացող երեխան ունկնդրում: Զուգորդական մտածողության համար ի՞նչ նյութ ենք տալիս ապագա հանդիսատես երեխային: Հայկական սահմաններն ու հայոց դաշտա՞նը: Այս երկուսի համադրումից ի՞նչ խոսույթ(ինքնության ձևային հիմքը) պետք է ձևավորվի նրա մտահոգեկանում: Բնականաբար, արդեն իսկ ճանաչելի լեզվական կեցության ձեռնոց նետող ԱՄՍԱԿԱՆԸ, որովհետև տևականորեն արգանդ և միջադիր բառերը քարոզել-սերմանելով դրանք, թեկուզև անուղղակիորեն, նշանային կարգավիճակի ենք հասցրել: Եվ թող աշխարհի փորձով մեզ չփորձեն զարմացնել, որվհետև, եթե անգամ Ռուսաստանում դաշտանի թեմատիկայով պերֆորմանս է արվում, ապա դա ի կատար է ածվում դիտման համապատասխան տարիքային շեմ սահմանելով և ոչ թե այդ կարևորագույն գործոնը ամենաթողության խնամքին թողնելով: Մի պարզ պատճառով, քանզի լեզվամշակութային մարտահրավերներին դիմակայելու ուղիներից մեկն էլ հասկացութենական նրբությունների նաև տարիքային համատեքստի առանձնահատկությունները նկատի ունենալն է: Ու համալիր գռեհկության մարաթոնն էսպես եթե շարունակվի, միգուցե մի օր էլ, ի պատիվ սեռական բժշկության միջազգային օրվա՝ հեռուստաեթերից ասմունքեն.
Ինչու՞ ես ինձ տանջում արգանդ,
Այդպես մարմանդ ու ջերմեռանդ:
Կամ էլ՝ Հրանտ Թոխատյանին խնդրեն, որ հեռուստատեսությամբ համաբովանդակ մի հեքիաթ ապսպրի. Լինում է չի լինում մի արգանդ է լինում: Էս արգանդն էլ չասենք, թե ինչեր է ունենում: Մարազմատի՞կ է թվում զանգվածային մշակույթի դիմածռիկներին բնորոշ ցածրորակ բուռլեսկի օրինակումը: Բայց չէ՞ որ սա բնագավառի պատասխանատուների հանցագործ բարձիթողիության միանգամայն հավանական արտացոլանքն է: Ընդհուպ մինչև հեռուստատեսային անուշադրությունից որբացած կամասուտրայի խոստումնալից հեռանկար: Չէ՞ որ համանման պսեվդոառաջադեմները կարիերայի պրոգրեսիվ աճով են խրախուսվում՝ ի հեճուկս ապագա հանդիսատեսի գաղափարահուզական հեռանկարի օրախնդիր անվտանգության:
ՏԻԳՐԱՆ Մարտիրոսյան