Սեղմիր
ԱՆՄԵՂ ՄԵՂԱՎՈՐՆԵՐԸ

22.07.2021  02:54

«Էդգար Էլբակյան» թատրոնը վերջերս բեմադրել է «Չե՞ս պարի ինձ հետ» բեմադրությունը, որի հիմքում Վիլյամ Սարոյանի մի քանի ստեղծագործություններն են։

Վիլյամ Սարոյանին բեմադրելը բարդ գործ է: Թեեւ Սարոյանի գրված յուրաքանչյուր նախադասությունն իր մեջ իմաստուն ու դիպուկ միտք է պարունակում, բեմից այդ խոսքերը պարզապես ասելը դեռ քիչ է, քանի որ խոսքերի շուրջ դատարկություն է գոյանում: Այդ դիտարկումը անում են ոչ միայն թատրոնի մարդիկ, այլեւ Սարոյանի գործերի մեջ խորասուզված յուրաքանչյուր մարդ: Ռուս կինոռեժիսոր Անդրեյ Զվյագինցեւը Սարոյանի «Ինչ-որ ծիծաղելի բան» վիպակը հիմք դարձնելով իր «Արտաքսում» ֆիլմի համար, նկատել է, որ այնքան ամբողջական են մտքերը, որ դերասանից մեծ ներուժ է պահանջվում դրանք ոչ մակերեսային, այլ` խորը մատուցելու համար: Սարոյանը փխրուն, ամբողջական ու միամիտ մարդու գովերգողն է։ Այն մարդու, որը փորձում է իր սրտի կանչին հետեւել։ Դա բոլորս գիտենք, սակայն Սարոյանի տիպարները բեմում չի կարելի պատրաստի ներկայացնել, նրանք ամեն վայրկյան բեմում պետք է ընտրության առջեւ կանգնեն, որոշեն՝ ո՞ր ուղին է ճիշտ, իսկ ո՞րը՝ փակուղի տանող։ «Չ՞ս պարի ինձ հետ» բեմադրության մեջ, որը դերասաններ Արմեն եւ Աննա Էլբակյանների հեղինակային ներկայացումն է, այդ հավերժ ընտրությունն ու ընտրությանը պատրաստ լինելը շատ գեղեցիկ ու առանց ավելորդ սենտիմենտալության է մատուցված։ Արմեն Էլբակյանի հերոսը՝ հարբեցող գրող միստր Թոմսոնը, ամեն օր խմում է իր վիսկին, զրուցում է 13-ամյա Թոմի հետ, նրան խանութ է ուղարկում, աշխատանքի է տեղավորում, դրամ է տալիս։ Հետո հայտնվում է պոռնիկ Քիթին, ով իրեն որպես նախկին էստրադային դերասանուհի է ներկայացնում։ Միստր Թոմսոնը զրուցում է նաեւ նրա հետ, լավ հյուրանոցում է տեղավորում նրան, պատմում է իր կյանքի մի քանի դրվագներն ու լսում Քիթիի կյանքի պատմությունները։ Եվ չի մոռանում կրկնել. «Դու շատ գեղեցիկ ես»։ Այդ զրույցների բեկորները շատ կոնկրետ ճակատագրեր են ուրվագծում, եւ այդ պատճառով էլ էմոցիոնալ են։ Մարդիկ հանդիպում են, մի քանի բառ են փոխանակում, հետո բաժանվում են, իսկ կյանքը շարունակվում է։ Կյանքն ընդհանրապես միշտ շարունակվում է։ Մի կաթիլ ջերմությունից, մեկ պարից կամ մեկ ժպիտից ավելի թանկ ու արժեքավոր բան այս կյանքում լինել չի կարող։ Մեկ կաթիլը կարող է ճակատագրեր փոխել…

«Չե՞ս պարի ինձ հետ» ներկայացումը շատ թատերային է ու զարմանալի արդիական։ Զգացվում է, որ լոզունգային բարությունն Արմեն Էլբակյանի բեմադրության մեջ ցավագին է հասունանում, եւ բարին ընդունելու պատրաստ լինելն այդքան էլ հեշտ չէ։ Քիթին, որն այնքան կանացի ու երազանքներով լի է, որքան եւ անհաջողակ ու միայնակ է, ներկայացման սկզբում միստր Թոմսոնի «Չե՞ս պարի ինձ հետ» հարցին պատասխանում է՝ ես պարել չգիտեմ։ Իսկ ֆինալում ինքն է այդ հարցը տալիս… Եվ նրանք պարում են, պարում են այն ժամանակ, երբ ներկայացումն ավարտվել է, եւ մնացել են միայն իրենց ստվերները, պարում են որպես գոնե մեկ պարի ընթացքում սեփական հանգիստ ու խաղաղ սիրտը վերագտած եւ այդ կարճատեւ վերագտնման համար իրար շնորհակալ մարդիկ։ Քնքշությունը տալու համար քնքշությունն ընդունող է պետք նաեւ։ Երկուսն էլ անցյալով են ապրում, երկուսն էլ այլեւս կորցնելու բան չունեն եւ պարզապես պարում են։

Արմեն Էլբակյանը շատ մեծ դիապազոնի դերասան է։ Երբ նա բեմում է, բեմը լցվում է նրա էներգիայով, նրա ձայնով ու կերպարով։ Նա այն դերասաններից է, ով «լցնում» է բեմն իր հմայքով, իր ժպիտով ու իր թախիծով։ Արմեն Էլբակյանը շատ քիչ է որպես դերասան բեմ դուրս գալիս։ Եվ այս բեմադրությունը լավ առիթ է ոչ միայն լավ թատերական գործ դիտելու, այլեւ՝ լավ դերասանական խաղի ականատեսը դառնալու համար։ Դերասանն է բեմի տերը, եւ, ինչպես ասել են թատրոնի մեծերը՝ լավ ռեժիսորը պետք է «մեռնի», ձուլվի դերասանի մեջ եւ իր գործն անի՝ նկատի ունենալով ոչ թե միայն սեփական մտքերը, այլեւ՝ դերասանի ներուժը։ Էլբակյան-ռեժիսորն ու Էլբակյան-դերասանը շատ համերաշխ են, ինչի արդյունքում լավ արտիստական ներկայացում է ծնվել։

Աննա Էլբակյանի խաղն այս բեմադրության մեջ արժանի է ամենաբարձր գովեստի խոսքերի։ Բեմում միաժամանակ երկու կերպար ստեղծելով՝ նա նաեւ երկու տարբեր ճակատագրեր է գծում։ Նրա մարմնավորած պատանի Թոմն ուզում է այս կյանքից պատասխաններ ստանալ, իսկ նրա հարցերը շատ-շատ են, նրա մաքուր սիրտը պատրաստ չէ կեղծիքի հետ համակերպվել, սակայն կարողանում է ենթագիտակցաբար զգալ այդ կեղծիքը։ Թոմը հուզվում է, շտապում է, սովորում է, հարցեր է տալիս, սայթաքում է իր հարցերի մեջ, սպասում պատասխանների։ Նա ուզում է օգնել մարդկանց։ Ուզում է ամուսնանալ Քիթիի հետ, որպեսզի նրա ցավի ու բեռի մի մասն իր ուսերին վերցնի։ Նա այդպես է զգում եւ այդպես է ուզում ապրել։ «Էլ ինչպե՞ս կարող եմ լավ մարդուն օգնել»,- շատ բնական հարց է տալիս նա։ Աննա-Թոմը, ինչպես յուրաքանչյուր դեռահաս, անհանգիստ շարժումներ ու խարակտերային առոգանություն ունի, նրա մտքերը շատ ավելի արագ են սլանում, քան նա կարողանում է դրանք բառերի մեջ տեղավորել։ «Ես հայ եմ, պապիկս ասել է, որ մենք մի երկրից ենք, որտեղ շատ ծիրան կա, ու որտեղ մարդիկ երբեք չեն ստում»,- ասում է նա։ Մի քանի տող, որոնք ասելը բավարար չհամարելով՝ Աննա-Թոմը սկսում է երգել «Կռունկը»։ Որպեսզի բառերն օդում «կախվեն»՝ օգտագործվում է երգ-հուշը, եւ բառերը լցվում են էմոցիաներով։ Աննա Էլբակյան-Քիթին նույնպես երգ ունի, բայց դա արդեն բոլորովին այլ երգ է, որտեղ փշրված երազանքներ եւ սիրո կարոտ կա։ «Ես շատ կուզեի թափառող մարդկությանը մի լավ մշակված, հուսալի քարտեզ տալ, որը կարող է մեր հոգու ճանապարհը ցույց տալ»,- ասել է Սարոյանը, ում հերոսները երջանիկ չեն եղել, սակայն միշտ որոնել են այն ու խաղաղություն են գտել սրտի խորքում, երբ լույս ու հույս են տվել մեկ այլ մարդ էակին։

Սարոյանի մոլորված ու շփոթված հերոսները չեն չարանում, հաշվենկատ ու ատելությամբ լի մարդիկ չեն դառնում, նրանք ուժ են գտնում միմյանց հասկանալու, սատարելու, ոչ թե արհամարհելու, այլ՝ կարեկցելու համար։ Այդ ուժը կա «Չե՞ս պարի ինձ հետ» բեմադրության հերոսների մեջ։ Ընդհանրապես կողքինի ցավին կարեկցելը հազվագյուտ ունակություն է, ստացվել է այնպես, որ այժմ մենք՝ Հայաստանի քաղաքացիներս, ավելի շատ ներփակվում ենք մեր անձնական խնդիրների մեջ, մոռանալով, որ ջերմություն տալով կարելի է շատ ավելի մեծ դրական լիցքեր ստանալ։ Եվ մեր այսօրվա բեմում, որը ժամանակակից դրամատուրգիայի հսկայական պակաս ունի, հենց Սարոյանի հերոսներն են կարողանում խոսել մեր օրերի հերոսների անունից։ Արմեն Էլբակյանը նշում է. «Լավ կյանքից չէ, որ ես Սարոյանի մի քանի ստեղծագործությունների ու նամակների հիման վրա գրեցի այս կոնտամինացիան, հայկական ժամանակակից դրամատուրգիա չկա»։ Երբ բեմում շատ աբստրակտ կամ էլ ընդհակառակը՝ շատ կենցաղային պատմություններ ենք տեսնում, ակամայից մտածում ենք, որ թատրոնը կամ միայն զվարճանք է, կամ էլ՝ վեհ ու անհաս մի բան, որը հասկանալի է միայն այդ վեհը ստեղծողներին։ «Չե՞ս պարի ինձ հետ» ներկայացումը շատ նրբանկատորեն ակնարկում է, որ բեմը կյանքի խտացումն է եւ ոչ թե հնարված մի տարածք, որտեղ «սարքվում» են կամ էլ ուղղակիորեն կյանքից տեղափոխվում են հերոսներն ու գաղափարները։ Հույզերով ու երազանքներով լի Սարոյանի աշխարհի այս փոքր պատկերը մեր թատրոնի վերջին տարիների լավագույն ներկայացումներից է, որը հաստատ արժե դիտել։ Թեկուզ միայն ընդունելու համար, որ թատրոնը կարող է խոսել լավ հայերենով, լավ շեշտադրումներով ու դրական լիցքեր հաղորդել դահլիճում նստածներին։

Նյութի աղնյուրը՝ 168 ԺԱՄ / 26.03.2008

ՆՈւՆԵ Հախվերդյան

770 հոգի