Սեղմիր
ԾԱՎԱԼՈւՆ ՎԵՐԼՈւԾՈՒԹՅՈւՆ

22.07.2021  01:03

Արմատ եւ շիվեր

Ամեն ինչ այնտեղից էր սկսել. Բիթլիսից, թեեւ Վիլյամը` Արմենակ եւ Թագուհի Սարոյանների չորրորդ զավակը այնտեղ չէր ծնվել, այլ Ֆրեզնոյում, սակայն Բիթլիսը խուժում էր նրա միտքն ու երակները` իրենից ավագ Կոզետ ու Զաբել քույրերի, Հենրի եղբոր հուշիկներով, քեռիների, հորեղբայրների, զարմիկների ասուխոսից: Հորը կորցրել էր, երբ չորս տարեկան էր, բայց հետո, տարիների հետ զորանում էր մաշող կարոտը հոր հանդեպ, եւ նա երկար հարցուփորձում էր Արշակ հորեղբորը, թե` ինչպե՞ս էր նա քայլում, խոսում, ժպտում... Ավելի ուշ կարդալով հոր ձեռագրերը, նա հորը կկոչի «քարոզիչ` առանց ամբիոնի, բանաստեղծ` առանց ընթերցողի...»: Ու մի օր, երբ լրագրավաճառի պայուսակն ուսած վազվզում էր փողոցում, նրան կանգնեցրեց Ֆրեզնոյի 20-40-ականների պարծանքը` պարտություն չունեցած ըմբիշ Արամ Ժոզեֆը (Հովսեփյան)` ճերմակամորթ, կապտաչ, գեղեցիկ դյուցազունը եւ ասաց, որ նրա հոր աշակերտն է եղել. «Պարոն Արմենակն իմ ամենասիրելի ուսուցիչն էր»: Ամեն անգամ հիշելիս Վիլյամի սիրտն ուռչում էր բերկրանքից: Պատահական զուգադիպությամբ հորական (Մինաս) եւ մորական (Պետրոս) պապերն էլ Սարոյաններն էին, թեեւ հորական գերդաստանը նաեւ Կարաօղլյաններ էր: Պատերազմի պատճառով էր դեռատի Վիլյամն աշխատում: Պատերազմը տարել էր Էսթեր մորաքրոջ Վահան որդուն, ով ծնվել էր երգի ու գեղեցիկի համար... Մայրը Ֆրեզնոյի փողոցներում ամենուր նրան էր փնտրում, փղձկում ու լալիս: Իրենք էլ էին լալիս, երբ քրոջ նվագակցությամբ Վահանի երգերն էին երգում, իսկ մայրը մտնում, հանգստացնում էր ու հեռանում ննջարան: Մի անգամ Վիլյամը դռան ճեղքից նայեց ու տեսավ, որ մայրը, սեղանին դրած Վահանի նկարի առաջ, լալիս էր ու «գլուխն օրորում, ինչպես հին էրգրի մարդիկ»: Տարիներ հետո նա կգրի. «Գերդաստանի բոլոր ճյուղերն ապրում էին համատարած աղքատության մեջ, բայց խենթություններով, որ հպա՛րտ են ու ազնի՛վ» Գերդաստանից կհիշի մի քեռի Խոսրով, որ ցնորվում էր էրգրի կարոտից, երբեմն մռնչում ու իր բամբ ձայնով խլացնում էր շուրջը, իսկ հուզված մերձավորներին հորդորում էր. «Կարեւորություն մի տվեք»: Կհիշի մի քեռի Մելիք, որ արեւելյան իմաստասերներով էր տարված ու երազում էր նռնենիների այգի գցել. ունեցած-չունեցածը մսխեց, ունեցավ, բայց ոչ մի շահ չունեցավ. դառը-դատարկ նստեց: Նրա բոլոր քեռիների ու զարմիկների ցոլքը կտեսնենք Սարոյանի մեծուփոքր պատումներում: «Բա ընտանիքի ամենամեծ խելա՞ռը` քեռի Ջո՞րդին», որ գիշերուզօր կիթառ էր նվագում ու երգում, Արամի ուղեկցությամբ գնաց մի անգամ ձմերուկի բերքահավաքի, որ ընտանիքին մի քիչ փող բերի, շատ ուրախացավ, որ իրենից առաջ բերքը հավաքել են... «Ասպարեզ» թերթը մայրը երեխաների համար բարձրաձայն կարդում էր, ու նրանք իմանում էին հին էրգրի կորուստների ու թշվառության մասին... Իսկ իրենց մոտ հաճախ էին երեւում հայրենակիցներ, որոնք եկել էին բախտ գտնելու, իրենց սիրտը հարազատ լեռներում թողած: Լյուսի տատի, Թագուհի մոր ազգային ճաշերը, սովորույթները արմատացել էին Վիլյամի մեջ ու չնայած չնվազող կարիքին՝ դարձել ընտանեկան քաղցրություն, որը հետո ողջ կյանքում փնտրեց ու չգտավ... «Ուր կուզես գնա, տնից լավ չկա». սա ասում էր ինչ-որ չափով աշխարհաքաղաքացի Վիլյամ Սարոյանը, որ ապրում էր մեծ քաղաքներում եւ վայելում կյանքը լիուլի: Առաջին մեծ հոնորարով 1935-ին եկավ Մոսկվա, որ այնտեղից գա Հայաստան: Մի կոմպոզիտորի տանը լսեց նրա մշակած հայկական մեղեդին, այնքան հափշտակվեց, որ խնդրեց կրկնել... Հետո, գիշերվա ժամը 2-ն անց կեսին հյուրանոց գնալիս, կտրեց Կարմիր հրապարակը. Կուտաֆեի կամրջով անցնելիս, ներսում հնչող մեղեդուց շնչահեղձվում էր... Կանգ առավ եւ, մեն-մենակ զգալով, սկսեց հոնգուր-հոնգուր լալ... Էրգրի պատկերը, կարոտն ու թշվառությունը ծակում-մտնում էին նրա մաշկի տակ, ցավ դառնում հոգում ու մտնում յուրօրինակ մի «Նեսոսի պատմուճան», որից նա պրծում չունե՜ր: Հետո այդ ամենը ցոլանալու էր նրա մեծուփոքր պատումների էջերից, իսկ ամենից շատ՝ Մաքքոլի ընտանիքի նրբին զգայումների ու անտես սարսուռների միջիցՄարդկային կատակերգություն»), Վեսլի Ջեկսոնի ընտանիքի խաղաղուն տեսլականից, դառնալով ընտանեկան մի քաղցրություն, որ անհաս մնաց նրան: Օտար կնոջ հետ չգտավ իր կյանքի օազիսը, մի քիչ էլ խորթացավ զավակներից եւ օր ծերության քաշվեց իր սիրելի օրրանը՝ Ֆրեզնո, տունտեղ դրեց, լավ այգի գցեց, որի բերքը բաժանում էր հարեւաններին, սակայն միայնակության զգացողությունը չփարատեցին ո՛չ այցելուները, ո՛չ մտերիմ-բարեկամները: Կյանքի վերջին տարիների օրագրային նշումներն անձկության եւ հիվանդության դեմ մաքառումի տարիներ էին: Կյանքի վերջում նա կասի. «Կարծեք աշխարհը պիտի փոխեմ, որ քաոս մըն է»: Միայն մի բան էր սփոփում, որ նա մեծացավ, զորացավ, ճանաչ դարձավ ու իր ազգը ճանաչ դարձրեց, հասցրեց ցույց տալ իր ժողովրդի հոգեւոր բարձր արժանիքները, ազնվական ու իմաստուն վարքուբարքը, բարությունը, արժանապատվությունը եւ իր կիզող սերը՝ ակունքների, ամենայն ազգայինի հանդեպ... Եվ հենց դրանով նա զանազանվեց բոլոր գրողներից, իսկ օտարագիր հայ գրողների մեջ ոչ ոք այնքան հայ չեղավ, որքան՝ մեր «բարի հսկան», աշխարհի ու մարդկության բարության եղջերափողը՝ ՄԵԾՆ ՎԻԼՅԱՄ ՍԱՐՈՅԱՆԸ:

Զօրուգիշեր գրադարաններում էինք. Միլտոն ու Թեքերեյ, Լեսինգ ու Դիդրո էինք կարդում, բայց Սարոյանին, որ աշխարհը գիտեր ու համարում էր դարի առաջատարների՝ Շ. Անդերսոնի եւ Ջ. Լոնդոնի շարունակողը, մենք չգիտեինք: Նույնիսկ առաջին այցից (1935 թ.) հետո էլ չիմացանք. ոչ մի տող մամուլում, լոկ հանդիպումներ՝ Չարենցի, Մահարու, Թոթովենցի հետ, որ շատ ուշ էինք իմանալու...

... Լինելով բարձրահասակ, բարետես ու առինքնող երիտասարդ՝ Սարոյանը վաղ արժանացավ թատրոնի ու կինոյի գործիչների ուշադրությանը, նկարահանվեց պաստառին, իսկ առաջին պիեսները՝ «Իմ սիրտը լեռներում է» եւ «Քո կյանքի ժամանակը» (1939 թ.) անմիջապես դարձան Հոլիվուդյան թատրոնների ընդունված խաղերը: Հայ բեմում Սարոյանը հայտնվեց 1961-ին՝ Աճեմյանի տեսլականով, ով նույնպես այրվում էր հին էրգրի կարոտով... Փորձեք կարդալ «Իմ սիրտը լեռներում է» ու չհամակվել նրա գերող մեղեդայնությամբ, ներքին հուզական ազդակներով: Այնքան ոչ թատերական, որքան պոետիկ ու մեղեդային: Եվ խաչվեցին ու բռնկվեցին՝ գրչի ու բեմի հանճարները եւ այնպես լրացրին միմյանց, որ դժվար էր զատել:

... Աղքատիկ բակ, մի թախտ եւ Ջոնին. համակ շարժում ու մեղեդի մանչուկ, որ ոստում է՝ գլուխկոնծի տալու անհաջող, ի վերջո հաջող փորձեր անում... Ապա՝ զառամ Մեք Գրեգորն ու նրա «մեղեդին», որ սկսում է մի բաժակ ջրով:

- Երիտասարդ, կարո՞ղ ես մի բաժակ ջուր բերել մի ծերուկի, որի սիրտն այստեղ չէ, այլ լեռներում: «Մեղեդին» շարունակվում է հետաքրքրասեր մանչուկի անհամար հարցերով եւ հանց լեյտմոտիվ՝ ծերուկի ջրի խնդրանքով... Միջամտում է Բեն Ալեքսանդրը, ու հետո «մեղեդին» շարունակում են հայրը, Մարեն, փոստատար Հենրին, որն ուզում է Ջոնիին սուլել սովորեցնել... Հետո կխուժեն ավելի կոշտ ձայներ՝ պատերազմի, խեղված աշխարհի ձայները, եւ կհետեւեն հեգ Բեն Ալեքսանդրի ընդվզումները... Իսկ մազապուրծ մի Մարե շարունակ ավելը ձեռին իր դուռնուդուրսը կիստակի, երբեմն «Կանչե կռունկ» կմռմռա, երբեմն թոռան վրա կհերսոտի. «Հորի՞ կըմոռնաս քու անուշ բարբառ»... (Խաչիկ Դաշտենցի հրաշալի թարգմանությամբ): Այսպես շարունակ ապրեցնողն ու չապրեցնողը կթափվեն մեր հերոսների գլխին, եւ նրանց կռիվը կգնա, կհյուսվի կյանքի հավերժական հանգույցներին... Բայց սարոյանական պատումը չի՜ կարող անհույս մռայլով պատել մեզ: Կան մարդիկ, որոնք իրենց պատառը սիրով կկիսեն չունեցողների հետ ու թեեւ Ջոնիի ընտանիքը, կորցրած իր ապաստանը, մաղախն ուսած, կգնա ուրիշ հանգրվան գտնելու, բայց մանչուկը կտեսնի ու կիմանա, որ «աշխարհում ինչ-որ բան սխալ է»:

Ասենք, որ «Իմ սիրտը լեռներում է»-ն՝ իբրեւ բեմական հանճարի շատրվանում, մի տեսակ «ջրբաժան» եղավ թատրոնի՝ մինչ այդ եւ հետո եղած պատմության համար: Դա մի այնպիսի սրբազան ծես էր ու արարում, որ թատերախոսները կարկամեցին... Միայն պոեզիայի ու մտքի հանճարը՝ Պարույր Սեւակը պոռթկաց ու մի այնպիսի երկար էսսե ոգեց, որ ավելի շուտ, թատրոնի թեմայով հրավառություն էր, որով «քանդակեց ու նկարեց» դերակատարներին, որոնք մեր թատրոնի քրմերն էին... Չասե՞նք, որ Մեք Գրեգոր-Հրաչյա Ներսիսյանը, արդեն վատառողջ, ախտահարված թոքերի վերջին շունչն էր փչում կերպարին... Արուս Ասրյանն իր Մարեով համարյա անխոս դերից գլուխգործոց ստեղծեց՝ հայոց վշտի հետ նաեւ սուրբ ավանդապահության եւ կենսունակության պատգամներ թողնելով հետնորդներին: Բեն Ալեքսանդր-Բաբկեն Ներսիսյանն էլ մի բանաստեղծ էր, որ ինչպես Սարոյանն է գրել՝ ընթերցող չուներ..., քանզի չար ժամանակում էր աշխարհ եկել: Եվ, այնուամենայնիվ, Սեւակի մեծագույն ներշնչանքը Վարդերեսյան-Ջոնին էր, որի յուրաքանչյուր բառն ու շարժումը, հնչերանգն ու կեցվածքը պոետը դրվագել էր իր խոսքում:

«Մի առանձին հիացմունքով պիտի նշել Վ. Վարդերեսյանի, հիրավի, մեծ հաջողությունը: Նրա Ջոնին համակ լույս է, մի պայծառություն, որ անդրադառնում է հանդիսատեսի հոգում: Ոչ մի ավելորդ դիմախաղ, ոչ մի անհարկի շարժում, ոչ մի անտեղի ելեւէջ: Վարդերեսյանն այնպես է վերամարմնավորվել Ջոնիի մեջ, որ երկար ժամանակ հեշտ չէ երեւակայել մեկ ուրիշ Ջոնի, մինչեւիսկ մեկ այլ ձայնով ու շարժուձեւով»: Ավելին՝ Սեւակն առաջարկում է ամբողջ բեմադրությունը եւ որոշ կերպարներ «սրբագրել Ջոնիով»: Եվ սեւակյան պահանջից զերծ չեն մնում ոչ Բաբկեն Ներսիսյանը, ոչ նույնիսկ Հրաչյա Ներսիսյանը: Կարիք կա՞ ասելու, որ աճեմյանական արարումի բարձր մակարդակն էր Սեւակին լիցքավորել ու նետել բարձունքներ, որտեղից էլ թելադրված էին պահանջները: Այս առիթով ես անհրաժեշտ եմ համարում ինչ-որ բաներ հանգամանել, որպեսզի չմոռացվեն, չկորչեն:

1961-ին Հրաչյա Ներսիսյանը հեռացավ, եւ Մեք Գրեգոր շարունակում էր խաղալ Վահրամ Փափազյանը: Խաղում էր ինչ-որ անիմանալի ներշնչանքով, ինքնամոռաց: Նրա առողջական վիճակն էլ գնալով վատանում էր, եւ բժիշկներն արգելում էին խաղալ: Բեմական գլուխգործոցի կյանքը երկացարնելու նպատակով պատրաստվեց նոր Մեք Գրեգոր՝ Հովհաննես Ավագյանը, բայց Փափազյանը ոչ մի ներկայացում բաց չէր թողնում: Ինքն էլ գիտեր, մարդիկ էլ գիտեին, որ նման սրտով ամեն պահ կարող էր վրա հասնել անխուսափելին... Նա միտումնավոր էր թատրոն գնում, որ մարեր բեմումՙ վերջին սիրած դերով, շեքսպիրյան խոսքը շուրթերին... Ամբողջ Երեւանը գիտեր եւ տագնապով լցվում էր դահլիճ՝ պաշտելի արտիստի վերջին բոցկլտումը վայելելու: Եվ ներկայացումը դառնում էր տագնապով ու սարսուռով լեցուն յուրօրինակ ծես: Պատկերացնո՞ւմ եք, թե Փափազյանի խաղընկերնե՞րն ինչ էին զգում... Վերջին անգամ սուր նոպայից հետո Փափազյանը իրեն հատուկ վարպետությամբ սրտաբանին միամտացրեց, տուն ուղարկեց եւ անմիջապես սլացավ թատրոն: Դա 1967 թ. դեկտեմբերի 14-ն էր: Բեմ մտավ, խաղաց, շնչահեղձվեց, թպրտաց ու հանգավ... անշարժացավՙ սովորականից ավելի երկար... Բեմում ու դահլիճում մարդիկ շնչահեղձ էին լինում... Բայց նրա «բախտը չբերեց». ինչպես ինքն էր ասում՝ տերը նրան ավելի երկար կյանք էր պարգեւել... Իսկ երբ ուշքի եկավ... ծափերից ու «բռավոներից» թվում էր՝ թատրոնի տանիքը կփլվի... Այսպիսին էր այն մթնոլորտը, երբ մեր բեմի մեծերը Սարոյանի «Իմ սիրտն» էին խաղում:

Սարոյան-Աճեմյան հրաշքը՝ ձեւի ու բովանդակության առումով նոր ու թարմ արտահայտչամիջոցներ բերեց թատրոն: Առաջին ներկայացումն էր, որ սկսում եւ ավարտվում էր մի շնչով, առանց ընդմիջումի: Մարդիկ մի շնչով էլ ապրում, հուզվում ու հրաժեշտ էին տալիս իրենց սիրելի դարձած հերոսներին: Հապա մարդկային փոխհարաբերությունների նախածին բնականությո՞ւնը, որ նույնպիսի ոճաբանություն պարտադրելով, կամա-ակամա արմատավորում էր սարոյանական թատրոնի նորաշունչ հաստատումները: Զուր չէր, որ Սեւակը մի խիստ էական դիտողություն էր արել Բեն Ալեքսանդր-Բ. Ներսիսյանին՝ խաղալ ոչ թե ապաշնորհ, այլ օժտված բանաստեղծի: Սա շատ կարեւոր էր՝ երկի գաղափարական ու մարդկային տեսակետից: Նկատենք նաեւ, որ այս ներկայացման քնարական ու դերասանական խաղի ոճաբանությունը հետո վճռորոշ դեր էր խաղալու նորածին հեռուստաթատրոնի գեղագիտական սւզբունքների մշակման տեսակետից եւ զուր չէր, որ հենց նրա առաջատար դերակատարներն էին (Վ. Վարդերեսյան, Բ. Ներսիսյան) դառնալու էկրանի թատրոնի առաջին արտիստները:

1978-ին իմացանք, որ Սարոյանը ծանր հիվանդ է: Հիշում եմ՝ ինչպիսի երանությամբ սկսեց թատրոնն աշխատել «Խաղողի այգին» պիեսի վրա: Աճեմյանը հրավիրել էր Սարոյանի պոետիկային հարազատ ռեժիսորի՝ Հենրիկ Մալյանին, իսկ ձեւավորումն ինքն էր անում: Ու մինչ բեմադրությունը կավարտվեր, լսեցինք Սարոյանի մահվան բոթը եւ կտակը՝ աճյունի մի մասը Հայաստանում ամփոփելու մասին: Այնպես որ, 1981-ին բեմադրությունը դարձավ մեր մեծ հայրենակցի հրաժեշտի արարողություն: Իհարկե, բեմադրությունն այն չէր եւ մինչեւ օրս առեղծված մնաց, թե ինչպե՞ս կարող էր գերազանց ռեժիսորի ու նույնպիսի դերակատարների մասնակցությամբ բեմադրությունն անհաջողության դատապարտվել: Հենց սկզբից հանդիսասրահի վրա իջավ թոշնածությա՞ն, թե՞ հոգնածության պես մի բան, որը չփարատվեց մինչեւ վերջ: Բոլորս կարկամել էինք, եւ միայն լռությունը խզեց Լեւոն Հախվերդյանը, ամենայն խնամքով վերլուծեց բեմադրական յուրաքանչյուր լուծումն ու դերակատարումը՝ անթաքույց դրվատանքով խոսելով դերակատարների՝ Սոս Սարգսյանի (Գրիգոր Թորգոմյան), Ժան Էլոյանի (Մակար), Շաքե Թուխմանյանի (Շաքե) եւ նույնիսկ երկրորդական կերպարների ընդունելի դերակատարության մասին, սակայն գտավ, որ վրիպումը վերամարմնավորման կերպին է վերաբերում: Նույնիսկ հաջողված դերակատարումների մեջ կան խոսքի, երանգի ինչ-որ ընդգծումներ, որոնք մեղանչում են սարոյանական գեղագիտությամբ դեմ: Հախվերդյանը շրջանառում է Դ. Դեմիրճյանի «անմտադիր խաղի» արտահայտությունը եւ նշում՝ «մտադիր» մատուցման պահերը (եթե այսօրվա բառերով արտահայտենք՝ «պատվերով», «սարքված» է նշանակում): Սա էր, որ ցոլանում էր ոչ միայն հայրենիքի մասին եղած տեքստերում, այլեւ բեմում օգտագործված առարկաներում (հենց նոր թողարկված արծաթափայլ խաղագնդակ, տարազի տարրեր, պարեր եւ այլն): Այսօր տարիների հեռվից ինձ այնպես է թվում, թե անհաջողության մեջ որքան էլ զարմանալի, որոշակի դեր էր խաղացել Մալյանի կինոմտածողությունը: Հենց այն, որ գլխավոր դրական դերը վստահել էր էկրանի իր նախասիրած արտիստին՝ Սոս Սարգսյանին՝ ինչ-որ տեղ «մոռանալով» էկրանի ու ավանդական թատրոնի տարբերությունները: Հնարավո՞ր է արդյոք աչքը կտրել էկրանից, երբ այնտեղ Սարգսյանի աչքերն են: Հնարավոր չէ: Իսկ այստեղՙ բեմում այլ է, բեմական կերպարն ընկալվում է ամբողջության մեջ, մարմնի, պլաստիկայի, միջավայրի մեջ եւ այն աներեւույթ զորությամբ, որ բեմական հմայք ենք կոչում... Կենտրոնական գաղափարակից, խորհուրդ կերպարը ավանդական բեմում շատ ավելի մեծ ու բազում պահանջներ ունի, քան էկրանում է: Բացի այդ, ամբողջ բեմում իշխում էր հենց նոր կառուցված հսկա, լայն պատուհաններով կերպարը, մինչդեռ պետք է իշխողը լիներ խաղողի այգու կերպարը:

Օտար հողում կորովի հայորդի Գրիգոր Թորգոմյանը իր երազած մուսկաթի այգին է հիմնել, նրա խաղողով ու գինով զարմացնում է ամենքին, բայց բանկին հողի հարկը մուծել չկարողանալու պատճառով՝ ամեն ինչ կորցնում է: Հողատերն այն վաճառում է ուրիշի, որը քանդելու եւ ինչ-որ զվարճանքի հաստատություն է հիմնելու... «Խաղողի այգին» բեմի լույսերին արժանացավ ընդամենը երեք անգամ... Ախր ամեն ինչ արված էր՝ փայլուն բեմադրություն ստեղծելու համար: Թարգմանիչ Խաչիկ Դաշտենցը Մակարի խոսքը մշո բարբառով էր թարգմանել, իսկ Մխիթարինը՝ Վանի եւ դերակատարները՝ Ժան Էլոյանը, Հովհաննես Ավագյանն ու Հարություն Հայրապետյանը շատ համուհոտով էին մատուցում, այլեւս չասենք Ալան Հովհաննեսի «Հայկական ռապսոդիա»-ի մասին, որով ձեւավորված էր բեմադրության երաժշտական կերպարը՝ ներառելով նաեւ Հայրիկ Մուրադյանի հրաշք երգերը... Ասենք, որ Սարոյանի պիեսն ստեղծված էր դրամատուրգիական կուռ կառույցով եւ ավարտվում էր Թորգոմյան ընտանիքի հրաժեշտի տեսարանով: Տնեցիք հավաքում են՝ ինչ կարեւոր ու թանկ է, որ անորոշ մի տեղ գնան, ապաստանեն... Հայտնվում է ընտանիքի բարեկամը եւ նրանց հրավիրում՝ իրենց հետ ապրելու եւ աշխատելու... Սարոյանի համար հոգու խարսխի՞, թե՞ պատգամի պես մի բան. ինչ էլ լինի՝ հայ մարդը չի՜ կորչի. հայրենակիցներ կան ու կլինե՛ն... Իսկ հայ արտիստները դարձյալ պիտի ճանապարհ անցնեինՙ մինչեւ Սարոյան...

Մայր բեմի սարոյանական երրորդ «հպումը» «Քո կյանքի ժամանակն» էր: Բեմադրիչը երիտասարդ, վառ ու ցայտուն արտահայտչալեզվի, ժանրային գունեղ բռնկումների ռեժիսոր Նիկոլայ Ծատուրյանն էր: Սա Սարոյանի երկրորդ դրամատիկական գործն էր եւ գրված էր այդ «օրինասեր ժանրի» (Լ. Հախվերդյանի բնութագրումն է) այն կանոններով, ուր հակամարտ ուժերը դեմ-դիմաց են բերվում՝ իբրեւ դրամատիկական երկի շարժման պայման: Այստեղ Սարոյանը բախման մեջ է դնում բարի եւ չար ուժերին ու սպանում չարը: Նիկի սրճարանը դարձել է զրկվածների ու զարկվածների, ազնիվների օթեւան: Այստեղ մարդիկ ապաստան են գտնում, սփոփվում միմյանցով, մի պտղունց բարություն տալիս-առնում: Միակ հարուստն այստեղ Ջոնն է. հեղինակը նրա մասին գրում է, որ հարուստ է ու «բարի սիրտ ունի»: Ամեն ինչից հոգնած-հագեցած Ջոն (նրա դերում Շահում Ղազարյանն է) այս աղքատ ու պարզ հոգիների մեջ լավ է զգում, օգնում նրանց: Մարդը լավ է զգում, որ ինչ-որ մեկին օգտակար բան է արել: Այստեղ էլ մարդկանցից լսում ենք մի դաժան ու անմարդկային արարածի՝ Կիտ Կարսընի մասին, ով պատուհասում է խեղճերին: Եվ այստեղ Ջոն, ճանաչելով հանիրավի հալածվող հրաշալի աղջկան՝ Կիտի Դյուվալին, վճռում է ամեն գնով չարի հախից գալ: Խելացի ու ճարպիկ, միակամ գործելով, մարդիկ շարքից հանում են չարին: Կիտի Դյուվալին անձնավորում են Ալա Թումանյանը եւ Թամար Հովհաննիսյանը: Առաջինի Կիտին առավել քնարական, դյուրախոցելի, համակերպվող աղջիկ է, երկրորդինը՝ առավել բռնկուն, նյարդային, վճռական:

Տպավորվում էին եւ Մուրադ Կոստանյանի ծեր իմաստուն ասորին, Էդգար Էլբակյանի նուրբ ու պատրաստակամ Թոմը, Հարություն Մովսիսյանի Հենրին: Սրճարան եկողների մեջ ուշադրություն էր գրավում մի շատ երիտասարդ զույգ: Արմեն Էլբակյանն ու Աննան: Եվ առաջին բեմելը նրանց համար ճակատագրական եղավ. մտերմացան եւ ամուսնացան՝ միասին ապրելու եւ արարելու նաեւ Սարոյան...: Իմ կարծիքով Ծատուրյանը վառ ու դինամիկ նկարագրի ռեժիսորը, ստեղծել էր գունեղ միջավայր եւ նույնպիսի նկարագրերով պատում, սակայն Սարոյանին նկատելիորեն մեկնաբանել էր սոցիալական դիտանկյունից (այն տարիներին սոցիալական ընդգծումը կարեւորվում էր ոչ միայն մեզ մոտ, այլեւ աշխարհում: Նույնիսկ վրացիք շեքսպիրյան գործերըԼիր արքա», «Ռիչարդ 3-րդ») բացում էին, որպես սոցիալական դրամա եւ որքան էլ զարմանալի՝ խանդավառ ընդունելություն գտնում հանճարի հայրենիքում:

Հեղինակն այնքան հաճախ է հիշում «Միսսուրիի վայլս», որպես սարոյանական ներքին թեմա եւ տեսլական՝ որոշ հերոսների, իսկ հատկապես՝ Կիտի Դյուվալի համար: Չէր կարելի բեմադրական կերպարի մշակման կառույցում դա մոռանալ: Բոլոր դեպքերում այդ բեմադրությունը բեմական գրավիչ արժանիքների համար հինգ տարի մնաց բեմում, մշտապես լեփ-լեցուն դահլիճներով:

Քանակային առումով երկրորդ թատրոնը Երեւանի դրամատիկականն էր, որ բեմադրեց «Կոտորածն մանկանց» (1985 թ.) եւ «Իմ սիրտը լեռներում է (2001 թ.) պիեսները: Թարգմանիչը Սարոյանի հինգ հատորյակում գրել է. «Կոտորածն անմեղաց», որն ավելի է համապատասխանում հեղինակի ասելիքին: Պետք է կարծել, որ ռեժիսորը ցանկացել է ավելի հուզական դարձնել խորագիրը. անհարկի ընդգծում, որի ներկայությունը կզգանք ամբողջ բեմադրության մեջ: Սա հենց այն է, որ «մտադիր» («պատվերով» է դարձնում մեկնաբանությունը, մինչդեռ այստեղ այնքան սուր ու դրամատիկ պահեր կան, որ ընդգծումի կարիքը չկար: Սարոյանին խիստ անհնագստացրել է Ամերիկայում մակարտիզմի տարիներին տիրող անվստահության, ահ ու սարսափի, ամենուր «վհուկներ տեսնելու» մթնոլորտը: Մի համեստ խորտկարանի տեր Արչին, որ նաեւ օրինավոր ու բարի մարդ է, հանկարծ ենթարկվում է ակամա բռնադատման: Զինված պահակազորով մարդիկ խուժում են, գրավում խորտկարանը եւ անհեթեթ մեղադրանքներ փակցնելովՙ դատուդատաստան անում մարդկանց, ովքեր հանկարծակի եկած, նույնիսկ լուրջ էլ չեն պատասխանում մեղադրանքներին, ակամա ուղղվում են դուրս, ուր հնչում է կրակոցը եւ... մարդը չկա... «Դատապարտյալների» մեջ են՝ մի տարեց կին, որի «հանցանքը» գործազրկությունն է, մի բանաստեղծ, մի տարեց մարդ. բոլորն էլ անմեղ: Խելահեղ օրն ավարտվում է՝ եւ դատավորները հեռանում են՝ կարգադրելով առավոտյան Արչին տարածքը պատրաստի՝ դատը շարունակելու համար... Իսկ Արչիի համբերության բաժակը լցվել է...

Սարոյանն ստեղծել էր դրվագային, սակայն շատ կենդանի կերպարներ, հումորիկ, աշխույժ ու էքսպրեսիվ դիալոգներ եւ լարված իրավիճակներ: Եթե անտեսենք փոքր-ինչ անհարկի ընդգծումները, «կոտորածն հիմնականում հուզիչ եւ դիտվող ներկայացում էր, մանավանդ, որ իրենց մի պատառ դերերը բավականին տպավորիչ էին մատուցում դերակատարները (Արչին - Լեւոն Թուխիկյան, տարեց կին- Մարիետա Նազարյան, մի բանաստեղծ - Ավիկ Խրիմյան, Ռոզի - Տաթեւիկ Ղափլանյան, Մերի - Ասյա Սուջյան):

Դժվար չէր նկատել, որ դարի խոշորագույն հումանիստ գրողներից մեկն իր ձայնն է միացնում ընդունված ու հաստատված կացութաձեւի խաթարված արժեքների դեմ «ոչ» ասող անհատների ձայնին, որ հնչում էր Բրեխտի, Անույի, Օսբորնի, Դյուրենմաթի ստեղծագործություններից... Տեղի էր ունենում մի բնականոն բան. մարդկության բախտով մտահոգ լուսե հոգիները միավորվում էին, եւ նրանց առաջին շարքում չէր կարող չլինել մեր բարի հսկան՝ Սարոյանը:

Այս թատրոնի երկրորդ գործը, որ կապվում է Արմեն Խանդիկյանի հետ, անհամեմատ դժվարին առաքելություն ուներ, քանզի ընտրված գործը «Իմ սիրտը լեռներում է» պիեսն էր: Բնականաբար, Խանդիկյանը հիմք էր ընդունելու Պ. Սեւակի դիտողությունները՝ խուսափելու հնարավոր վրիպումներից: Առաջին իսկ պահերից զգացվում էր, որ բեմադրիչը միմիայն սեփական, ինքնուրույն տեսլականով է առաջնորդվում... երիտասարդ բեմադրիչի համար հուսալի կռվան՝ նախորդի հզոր ազդեցությունից զերծ մնալու համար: Ինքնուրույնությունն աչքի է զարնում առաջին իսկ պահերից, ուր տարածքի սեւ ու գորշ գունային լուծումը եւ մռայլը յուրօրինակ բանավեճի մեջ են մտնում նախորդի խաղաղ, լուսավոր մեկնաբանության հետ: Նկատելի է, որ բեմադրիչը տեղաշարժել է մթնոլորտը, մոտեցրել մեր օրերին: Մռայլ, անհրապույր, անհանգիստ ու նյարդային բան կա, որ խուժում է մոտեցող ու հեռացող գնացքի ահադղորդ աղմուկով (որ ենթադրում է, թե Ջոնիի ընտանիքն ապաստանել է կամրջի տակ, կամ մոտերքում)... Ասես բնությունն էլ է միացել աշխարհի դաժանությանը. շարունակ անձրեւի շառափ է՝ այնքան, որ ասես հալածում է մարդկանց, թույլ չի տալիս շնչել-ապրել... Զգացվում է, որ առանձին հոգածության առարկա է եղել Բեն Ալեքսանդրի կերպարը: Վլադիմիր Մսրյանն է նրա դերակատարը. սրտնեղած, ինքնամփոփ ընտանիքի հայր, որ չի կարողանում հոգ տանել ընտանիքին, նյույորքյան լրագրերին ուղարկված բանաստեղծություններից էլ լուր չունի... Զուսպ, խեղճացած մարդը բացվում է, ընդվզում զենքի ու մահվան գործիքներ ստեղծողների դեմ, եւ Բյորնսի բանաստեղծությունները, որ հնչում են մսրյանական խոհուն ներշնչանքով, տարակույս չեն թողնում, որ Բեն Ալեքսանդրը լավ բանաստեղծ է:

Տարբեր է եւ Մեք Գրեգորը: Ի տարբերություն մեր բեմի մեծերի արտասովոր անհատականություններին, որ զառամյալ էին ու կարծես իրենց նետել էին այստեղ՝ վերջին շունչը փչելու, Լեւոն Թուխիկյանի Մեք Գրեգորը դեռեւս կորովի մարդ է եւ այստեղ եկել էր ազատության մեջ լինելու եւ մարդկանց «այնպիսի բան տալու», որ նրանք այլեւս չմոռանան եւ ուրիշ դառնան... «Դժվար էր Վարդուհուց հետո մեկ ուրիշ Ջոնի պատկերացնել», ինչպես Սեւակն է գրել, սակայն Շուշան Ղազարյանի փոքրիկ ինտելեկտուալ մանչուկն այնպես ապրված, մեծումանրուքով այնքան մշակված ու համոզիչ է, որ զինաթափ ես լինում: Արտիստուհու հարուստ հուզաշխարհն այնպես է պարուրում-ներկալում քեզ, որ չի թողնում առարկել: Ներկայացումից հետո է, որ սկսում ես զգալ նրա ինտելեկտի ծանրությունը. գուցե մի՜-ի քիչ թեթեւացվե՞ր... նվա՞զ հասուն լիներ...: Դժվարանում եմ բացատրել, թե ինչո՞ւ Մարեն բեմադրիչի կամքով զրկվել է իր ենթադրյալ «տարածքից», անշուշտ, ինչ-որ տեղ Սարոյանից հեռացվել, բայց Հայկուհի Խուդավերդյանը ջանում է իրեն վերապահված խնդիրները անկորուստ մատուցել: Ինչպես միշտ, Կարպիս Շամլյանը գերում է կերպարի անճիգ հավաստիությամբ, հողեղեն հմայքով, որ նույնպես սարոյանական է: Ամենակարեւորը՝ սկզբից որդեգրած մռայլության մեջ սարոյանական լույսի շող կաթեցնելն է, եւ բեմադրիչը կարողանում է դա անել՝ հարեւան-դրացի բնակիչների սրտաբաց, երգ լսելու ծարավի եւ ունեցած պատառը ուրիշին բաժին հանելու մեծ ու բազմախորհուրդ դրսեւորումներով: Բեմադրիչն ասես դահլիճի վրա տարածում է մի հաճելի, հոգեպարար զգացողություն, որ մարդը չկորչի, կան բարի ու կարեկից մարդիկ, նրանք են այս խելահեղ գունդը պահողը... Այստեղ չէ՞ թատրոնի հրաշքն ու բեմադրիչի երախտիքը...

Շատ զարմանալի կլիներ, եթե Սոս Սարգսյանն ունենար իր թատրոնը եւ խաղացանկում Սարոյան չունենար: Դեռեւս սեփական հարկը չուներ, սակայն Համազգային թատրոնը լրագրողների տան ներքնահարկում «աստղեր էր իջեցնում երկնքից», որի համար էլ թատերասերն իսկույն գտավ նրա ճանապարհը: Հեղինակը «Գեղեցիկ մարդիկ» խորագիրն է տվել իր պիեսին, սակայն բեմադրիչն առավել խորհրդաշատ խորագիր է գտել. «Մի բաժակ բարություն»: Դա նաեւ գեղարվեստական կերպար է. յուրաքանչյուրը գալիս է այս տնից մի գավաթ բարություն առնելու: Հրաշալի դերակատարումներ կային, բայց ամենաանսպասելին Գալյա Նովենցն էր: Լալահառաչ մայրերի դերասանուհին ռոմանտիկ լեդիի հագուստով, գլխարկով Ագնեսը իր հոգու կանչով խուժում է այստեղ՝ իր բախտը գտնելու, անմիջապես մտերմանում է տան դեռատի բնակիչների հետ, երգում-պարում, ֆրանսերեն սեթեւեթում: Եվ իրոք, գտնում է մեկին, ով նույնպես կնոջ երջանկության կարոտ ունի: Այդ մարդը սոցապի գործակալ Վիլյամ Փրիմն է, որ եկել է միանգամայն խիստ առաքելությամբ. մերկացնելու տանտիրոջը՝ բարի Ջոուն Վեբստերին (նրա աննման դերակատարը Կարեն Ջանիբեկյանն է), որ մեռած տանտիրոջ թոշակն է ստանում... Իսկ Վեբստերը, որ համակ բարության տիպար է եւ գեղեցկացնում ու լիցքավորում է իր պես միայնակ ու բարության կարոտ Սենիի (նրան խստադեմ, բայց գերող հմայքով է խաղում Շահում Ղազարյանը) եւ քահանա Դենի (Մայիս Կարագյոզյան) կյանքը: Մի գավաթ գարեջրով կամ գինով այնպիսի խրախճանք են անում այս մարդիկ, որ հանդիսասրահն էլ է համակվում, ջերմորեն ու ռիթմիկ ծափահարում նրանց ուրախությանը:

Ախր բոլորն էլ սովորական, բայց արտասովոր մարդիկ են՝ ամենից առաջ մերձավորի համար ապրող: Բարության ակունքը ընտանիքի հայրն է՝ Ջոունը, շարունակողները նրա զավակները, որոնց արտակարգ անմիջականությամբ են մատուցում Աննա Էլբակյանն ու Արթուր Մկրտչյանը: Հենց միայն տան մուկի հետ նրանց ջերմությունն ու դիալոգներն ինչ ասես արժեն: Չէ՞ որ դա սովորական մուկ չէ, Տան մուկ է. մենք գիտենք, թե դա ինչ խորհուրդ ունի Սարոյանի մոտ եւ որպիսի հմայքով է հայտնվում նրա պատումներում: Այս մուկը կարող է նույնիսկ կրկեսային հանդեսին արժանի տեսարաններ պարգեւել հյուրերին: Անհավատալի՞ է. կհամոզվեք: Ահա Փրիմը մոռացած իր պատասխանատու այցը, Ագնեսի հետ պարում է՝ հիշելով իր կյանքի միակ երջանիկ օրը, երբ «Միսիսիպի» շոգենավում մի հրաշք կնոջ հետ՝ մի ամբողջ երեկո ինքնամոռաց պարում էր... Բայց... երանության մեջ նա սարսափով քարացավ... Դերակատարը չապլինյան արվեստի նրբությամբ ու պլաստիկայով է հաղորդում այդ հրաշք դրվագը: Մուկ է մտել շապիկի տակ... Ճկվում է. ծռմռվում... Շարժումից զգում ենք, որ մուկը սահեց իջավ ցած... Անհնար է հաղորդել պահի եւ արտիստական գեղեցկության տպավորությունը, որ զվարթություն ու քրքիջ են հեղում հանդիսասրահ: Սա ոչ միայն սարոյանական ծով, լիացնող մարդասիրության մատուցում էր, գեղեցիկ հոգիների հաղորդակցություն, այլեւ իսկական ծառայություն իր ժողովրդին: Պատկերացրեք, այս Փրիմը պայուսակում երկար փնտրում է (մեզ թվաց, թե ահավոր ծանուցումն է հանելու) եւ հանում է... մի փոքրիկ շվի, սկսում ինքնամոռաց նվագել... Կարոտի մեղեդին ո՞ւմ ավելի տակնուվրա կանի, քան ընտանիքի հորը, ով ոչ մի լուր չունի Նյու Յորք բախտ որոնելու մեկնած երաժիշտ որդուց... Կարեն Ջանիբեկյանը զուսպ, տղամարդավարի, բայց կարոտի զգացումներով է հեղեղում դահլիճը...

«Մարդկային կատակերգությունը» մեզանում մի քանի նշանակալի բեմադրություններ է ունեցել եւ բոլորն էլ ռեժիսոր Յուրի Էլոյանի բեմանակացմամբ ու բեմադրությամբ (քչերն էին համարձակվում վիպակը բեմավորել): Այս ռեժիսորը նրբին հոգեբան թատերգուներին լավ է զգում: «Մարդկային կատակերգություն»-ը առաջին անգամ բեմականացրել է 1972 թ. Երեւանի պատանի հանդիսատեսի թատրոնի բեմում: Բնականաբար առաջնայինը պետք է լինեին դպրոցական միջավայրին եւ Հոմերի մանկությանը վերաբերող տեսարանները, սակայն բարին կրող ավագների՝ կրտսերների հանդեպ ունեցած պատասխանատվության հարցն էլ պատշաճ տեղ պետք է ունենար: Նրանց մարմնավորում էին վարպետներ Պարույր Սանթրոսյանը (Վիլի Կրոգան) եւ Խաչիկ Նազարեթյանը (Թոմ Սպանգլեր): Հոմերին անձնավորում էր դերասանականի ուսանող Ստեփան Գեւորգյանը եւ բավականին հուզական էր, անմիջական: Մայրը Ժենյա Գեւորգյանն էր: Հոմերի ու նրա հարազատների դրաման միմյանց հարազատ ու հայ մարդկանց դրամա էր, թեեւ նրանք հայկական անուններ չէին կրում: Խելացի ռեժիսորը գիտեր, թե ինչն է կարեւոր ու հատկանշական Սարոյանի համար:

Նույն պիեսը քիչ անց Էլոյանը բեմադրեց իր ղեկավարած Նոր Արեշի ժողովրդական թատրոնում եւ թե որպիսի հոգեբանական-դաստիարակչական նշանակություն ունեցավ նրա մասնակիցների համար՝ վկայում է ոչ միայն բեմադրիչը, այլեւ կյանքը (նրանցից մի քանիսը մասնակցություն բերին արցախյան կռվին եւ հետո դարձան օպերատորներ մեր հեռուստաալիքներում): Սարոյանով փոխվեցին «մեռոնվեցին» մարդիկ, նոր ձեւով սկսեցին զգալ ու խնկարկել ազգայինը:

Մենք չենք կարող առանձապես չխոսել այդ թատրոնի ոգու՝ հրեղեն Ավետիս Ավետիսյանի մասին: Խաղում էր բոլոր պիեսներում, ռեժիսորի «աջ թեւն» էր: «Մարդկային կատակերգություն»-ում նա ծեր հեռագրիչ Վիլի Կրոգանն էր, եւ ի՜նչ հրաշալի էր ընթանում նրա (Սամվել Թադեւոսյան) հետ ունեցած տեսարանը, ջահել օրերի քաղցր վերհուշն ու միատեղ երգը: Բայց ամենացնցողը Վիլիի մահվան հատվածն էր: Ներկայացումներից մեկի ժամանակ ճանաչված կինոռեժիսոր Արման Մանարյանը Ավոյի խաղից շատ տպավորված, ասաց, որ ինքը տեսել է ե՛ւ կինոնկարը, եւ շատ ներկայացումներ. ոչ ոք այնպես չի մեռնում, ինչպես Ավետիսը: Չէ՞ որ հեռագրիչը ականջակալով լսում է Մարկուսի զոհվելու լուրը եւ չի հասցնում թղթին դաջել... Աչքերը բաց անշարժանում են ու գլուխը թեքվում է ուսին... Նրան «վուդերքինդ» էին կոչում. տակավին հինգ տարեկան նրան տանում էին հեռուստատեսություն եւ նա աշխարհի քարտեզի վրա եղած բոլոր երկրները, գետերն ու ծովերը մատնացույց էր անում... Պաշտում էր Սարոյանին եւ չկար մի բան, որ կարդացած չլիներ: Նոր էր ամուսնացել եւ երկու փոքրիկներ ուներ, երբ սկսեց 88-ը, իսկ երբ թշնամին խուժեց մեր հողը, կազմակերպեց «Արաբո» ջոկատը եւ նետվեց Արցախ... 91-ին իր ջոկատին միացրեց ուրիշներին, նետվեց Մարտակերտը ազատելու եւ այստեղ էլ 77 քաջորդիերը ծուղակն ընկան եւ մի օրում անհետացան... 17 տարի նրանց հարազատներն սպասում են, եւ ոչ մի լուր, իսկ Սարոյանով հարազատացածներն ամեն տարի սեպտեմբերի 8-ին այցելում են Ավոյի ծնողներին, երիտասարդ այրիացած կնոջը՝ Գայանեին, հիշում սարոյանական հրավառությունները:

...«Խաղողի այգի»-ի անհաջողությունը հանգիստ չէր տալիս հրաշալի, աստվածաշնորհ Հենրիկ Մալյանին... Նա ինքն էր ուզում իր համար մեկնել առեղծվածի բանալին, եւ որովհետեւ Սարոյանը տաղանդավորագույն հեղինակից էլ վեր, հավատամքի պես բան էր նրա համար, ուստի իր թատրոնում ցանկացավ նրա մի քանի պատումների հիման վրա ստեղծել բեմադրություն՝ «Իմ անունը Արամ է» խորագրով: Չորս պատումներ միավորեց. «Արամ»-ից բացի՝ «Ճամփորդություն Համֆորդ», «Վարսավիրը», որի գլուխը կրծել էր վագրը», «Խեղճուկրակ արաբը» եւ «Նարինջները»: Առաջին երեքը՝ Մալյանն էր մտահղացել, իսկ «Նարինջները» իր կուրսային՝ Լիզա Ազիզյանի պատրաստած աշխատանքն էր, եւ այնքան հավանեց, որ ուղղակի ներկալեց բեմադրական կառույցի մեջ: Ափսոս, որ այդ բեմականացումը չի նկարահանվել-պահպանվել (ինչքա՜ն պիտի մենք ճակատագրական վրիպումներ թույլ տանք), այլապես, քան որեւէ այլ գործ ցույց կտար մեծ մտածողի ու բեմադրիչի ստեղծագործական արտասովոր երեւակայությունը, գաղափարագեղարվեստական հղացումների իմաստային ու կառուցվածքային ամջողջականությունը, բարձր ճաշակը եւ մանկավարժ ռեժիսորի բացառիկ տաղանդը, որ բոցավառել էր իր դերակատար սաների երեւակայությունը՝ մինչեւ իմպրովիզի մատույցները: Փորձում եմ դերակատարների (մի քանիսը երիտասարդ հեռացան՝ մեր խառնակ ու ծանր օրերին) միջոցով վերականգնել ինչ-որ բան. դիմում եմ Լիզա Ազիզյանին ու Աշոտ Ադամյանին: «Ներկայացումն սկսվում էր Մալյանի նախասիրած պրոլոգով: Գերդաստանը նստած է եւ նրա գլխին, Պապը (նրա աննման դերակատարը Գրիգոր Բաբայանն է) բոլորը միասին երգում են «Մշո Գորանի»:

Իսկ Ջորդին՝ անբաժան է կիթառից. երգը շուրթին է: Աշոտ Ադամյանը հրաշալի նվագում ու երգում է. թե՛ հին հայկական երգեր, թե՛ ամերիկյան ու նեգրական: Նրան հարազատ են թե՛ մայրենին, թե՛ անգլերենը: Ինչ էլ երգի՝ հարազատ է սարոյանական հերոս նկարագրին ու ճաշակին: Տատն ընդհատում ու հարցնում է տղաներին, թե նրանք փլավ եփել գիտե՞ն եւ ինչպե՞ս են եփում: Նրանք իրենց գիտելիքներն են շարադրում, իսկ տատն ուղղումներ է անում... Ամեն ինչ առօրյական, սակայն մեծի ու փոքրի այնպիսի հարաբերություններ կան, որ միայն հայ ընտանիքներում են լինում: Այստեղ էլ Արամը (նրա դերում աննման է Էդգար Վիրապյանը) պատմում է խեղճուկրակ Արամի ու Խոսրով քեռու բարեկամության մասին: Խոսրով քեռին էլ Աշոտ Ադամյանն է, Արաբը՝ Աշոտ Աբաջյանը. երկուսն էլ փայլում են փոքրիկ մանրամասնով կերպար ստեղծելու արվեստով: Լյուքը անուշիկ Սիրվարդ Հաբեշյանն է. խոնարհ լսում է տատի հորդորները...

Գերդաստանում մի հորեղբոր կին էլ կա. համեստ ու խելացի. Վարդուհի Ռուշանյանն է: Մյուս տեսարանը իբր Չինաստանում է. պարզ է՝ պայմանականությունն է գործում: Կրկեսի կուլիսը, ուր տերտիրական է տաղանդաշատ Աշոտ Աբաջյանը (նա էլ շատ երիտասարդ հեռացավ, շատ ափսոս): Մի նուրբ ու անուշիկ չինուհի էլ կա, որ սուրճ է մատուցում հաճախորդներին՝ Ռուզան Բանդուրյանն է: Նրան աննման է նկարել-հարդարել նկարչուհի Գրետան եւ աղջկա հայտնվելն ուղղակի հաճելի ծփանք է առաջացնում թատերասրահում (պոետ Գարիկ Բանդուրյանի այս հրաշք, աղջիկն էլ շուտ հեռացավ կյանքից): Աշոտ Աբաջյանը եւ հատկապես Աշոտ Ադամյանը մի քանի կերպարով են հանդես գալիս. թեթեւ զգեստափոխվում են՝ ֆրակ, կոստյում, սովորական հագուստ: Եվ ի՜նչ հրաշալի, հանպատրաստից արարք ու երկխոսություն էր ծնվում երկու Աշոտների միջեւ, որոնք աննման ընկեր-բարեկամ էին եւ Մալյանի դպրոցն անցած իմպրովիզի այնպիսի վարպետներ, որ թերեւս միայն «դել Արթեի» թատրոնում կարելի էր հանդիպել: Օրինակ, տրանսի մեջ Աշոտ Ադամյանը բռնում, դուրս էր շպրտում Աշոտ Աբաջյանին ու մի պահ անց կրկին հանդիպում էին եւ առաջին Աշոտը ցավով ու զգայուն հարցնում էր. «Հո չցավե՞ց, հարազատս, ես քեզ սիրում եմ...»: Դժվար էր զատորոշել հիմնական տեքստի ու իմպրովիզի սահմանը: Այսօր միայն անհուն ափսոսանքով ես մտածում, թե ինչո՞ւ գեթ ժապավենի վարպետը չի հոգացել ինչ-որ բան գալիքին պահ տալու մասին: Գուցե նրա համար առաջնայինը արարման պա՞հն էր, իրեն ձուլված, կես բառից իրեն հասկացող, հոգեւոր տիրույթներում սավառնող իր սաների հետ համատեղ արարո՞ւմըՍարոյա՛ն էին արարում...

Այս հոդվածի առիթով հանդիպեցի Մալյանի թատրոնի մարդկանց, զգացի ու հասկացա բաներ, որոնք արդար չի լինի միայն իմ սեփականությունը դարձնելը: Նրանք խոսում, բացատրում էին, ու ես ապշել էի: Նրանք բոլորն էլ խոհուն, ինքնատիպ, բեմարվեստի հանդեպ պաշտամունքով լի, գեղարվեստի վերաբերյալ խորունկ ու հիմնավոր գիտելիքներով մարդիկ են, որոնք մարդկային-բարոյական բարձր սկզբունքներ ունեն, որ ոչ մի պարագայում եւ ոչ մի պայմանով չեն զիջի, իսկական նվիրյալներ: Երեւի այդ պատճառով էլ նրանցից մի քանիսն այդքան վաղաժամ հեռացան կյանքից... Ինձ հուզեցին նրանց բոլորին կապող մարդկային հազվագյուտ, երկյուղածությամբ լի հարաբերությունները, միմյանցով ապրելու, երջանկանալու, հպարտանալու զգացումը: Ամենահուզիչը նրանց պաշտամունքն է իրենց Ուսուցչի՝ ՄԱԼՅԱՆԻ հանդեպ: Նրանց հուշերում ու տպավորություններում կան իսկական գանձեր՝ թե ինչպիսին պիտի լինի մարդը, մանկավարժը, որ ոչ մի բանում չի զիջում ու վրիպում, եթե խոսքը բեմարվեստի նվիրյալների դաստիարակությանն է վերաբերում... Մալյանի խմբից ոմանք անժամանակ հեռացել են, իսկ նրանք, որ կան, կարող են անգնահատելի արժեքներ փոխանցել գեղարվեստ եկողներին, քանզի նրանց բոլորի ակունքն այն զարմանահրաշ բնությունն է, որից Սարոյանն է հառնել: Պետք է շտապել, ժամ առաջ հավաքել նրա սաներին ու գրի առնել ամեն ինչ, քանզի դա անկրկնկելի վարպետի ու նվիրյալ մանկավարժի խիստ անձնական, եզակի ստեղծագործական հարստությունն է, որ կարող է կորչել, եթե չշտապենք ի մի բերել ու հրատարակել:

***

Թբիլիսիի հայ դրամատիկ թատրոնը եւս «թաթախվել» է Սարոյանով: Արմեն Բայանդուրյանը համախոհ արտիստների հետ ստեղծել է «Իմ սիրտը լեռներում է» բեմադրությունը, առաջնագիծ բերելով Ջոնիի եւ Մարեի փոխհարաբերությունները: Մարեին այնպիսի վարպետ է անձնավորում, որ Մելանյա Բարսեղյանն է: Նրանց տեսարանները բեմադրիչը կառուցել էր տան կտրին, որ տատը գուրգուրում, ուղղակի գրկում է թոռանը, հեքիաթ պատմում: Ընդհանրապես արտասովոր ջերմ էին տատի ու թոռան հարաբերությունները: Բեն Ալեքսանդրը (Ռոման Մաթիաշվիլի) այն բանաստեղծն էր, որի մասին Վիլյամ Սարոյանն ասում է՝ «Բանաստեղծ առանց ընթերցողի» եւ այնուհանդերձ չէիր ասի, թե նա անհաջող բանաստեղծ է: Պարզապես դարն էր դաժան, թնդանոթներն էին «խոսում», ուրեմն մուսաները պիտի լռեին: Ո՛չ Սարոյանը, ո՛չ Բեն Ալեքսանդրը դրան համաձայն չէին, դրա համար էլ ընդվզում են մահվան գործիքներ արտադրողների դեմ: Մեք Գրեգորը փոքր-ինչ թատերային մաներայնություն ունի, սակայն դա ոչ այնքան թերություն, որքան յուրահատկություն է՝ թելադրված դարի խոշորագույն շեքսպիրյան արտիստի հանգամանքով: Առանձին սիրով էին կառուցված Մեք Գրեգորին ունկնդրելու եւ յուրաքանչյուրն իր պատառը նրա հետ կիսելու տեսարանները, սա սարոյանական մարդասիրության անկյունաքարն է. ամենուր մարդիկ կան, որ կկարեկցեն ու կապրեցնեն կարոտյալին:

Սարոյանական ներկայացումների շարքում անսպասելի հայտնություն եղավ Երեւանի Խնկո Ապոր մանկական գրադարանի «Արփի» մանկական թատերախմբի ներկայացումը՝ պատրաստված «Հայ Մուկը» պատումի մոտիվներով: Ծափ-ծիծաղը, խանդավառությունը ձուլել է բեմն ու դահլիճը: Միջավայրի ու նկարագրերի գունեղ պատկեր, որ երաժշտությամբ, պարերով իրականացրել է արտիստուհի Հասմիկ Տեր-Կարապետյանը՝ ամեն ինչ հարստացնելով ու ամբողջացնելով երեխաների մասնակցությամբ: «Մանկական թատրոն՝ պրոֆեսիոնալ բոլոր բաղադրիչներով», այսպես որակեցին մասնագետները:

Նույն պիեսը ոգեշնչման աղբյուր է եղել եւ արտերկրում: 2002-ին Լոնդոնի հայկական կիրակնօրյա դպրոցի սաները խաղացել են իրենց ուսուցչուհի Ժենյա Ներսիսյանի ղեկավարությամբ: Բոլոր դերերը կատարել են դպրոցի աշակերտները՝ բացառությամբ Մեք Գրեգորի, որի դերը հանձն է առել ծնողներից մեկը՝ պարոն Սեպուհը եւ Մարեն, որի դերում հաջողությամբ հանդես է եկել բեմադրիչը՝ Ժենյա Ներսիսյանը: Հոմերի դերում անմիջականությամբ հանդես է եկել աշակերտներից մեկը՝ Շանթը:

Զգալի մասով սարոյանական կարելի է համարել եւ 1989-ին «Մետրո» թատրոնի հիմնադիր ներկայացումը, որի բեմականացման հեղինակը Անահիտ Աղասարյանն էր: «Ուիլի, Թիթի Ջիք» պիեսը նա ստեղծել էր Թ. Ուիլյամսի ու Վ. Սարոյանի «Քո կյանքի ժամանակը» պիեսների հիման վրա: Այստեղ շռայլ ինքնարտահայտում ունեցավ Աննա Էլբակյանը՝ խաղընկեր ունենալով Լեւոն Հարությունյանին եւ Վիգեն Ստեփանյանին: Ներկայացումը երկար մնաց խաղացանկում, նույնիսկ նոր դերակատարներով: Եթե չեմ սխալվում, «Հայֆեստի» 2002 թ. փառատոնում Վանաձորի թատրոնը ներկայացել էր «Հե՛յ, ո՞վ կա» պիեսի բեմադրությամբ: Նրա ռեժիսորը երիտասարդ Սոֆյա Սողոմոնյանն էր, նկարիչը Ջենիկ Ավետիսյանը: Նրանց աշխատանքն արձանագրում է թատրոնում նախադեպը չունեցող մի իրողություն: Աղջկա (Քեթի) դերակատարը չէր տեսնում, սակայն այնքան մեծ էր նրա խաղալու եւ հատկապես Սարոյանի այդ գործում արարելու բաղձանքը, որ նա հոգածու ռեժիսորի եւ Տղայի դերակատար Թեմուր Ակինյանի (իր ամուսնու) օգնությամբ, իհարկե, նաեւ իր տիտանական սիրով ու աշխատասիրությամբ, կարողացել էր ամեն ինչ հաղթահարել: Ամենակարեւորը զգացմունքներն են, որ լիուլի էին... Ահա թե ինչի է մղում Սարոյանը:

***

Մեծ Հայի 100-ամյակը հուզիչ խանդավառություն է առաջացրել մեր թատրոնի գործիչների մոտ: Մամուլն արդեն հրապարակել է Էլբակյան թատրոնի՝ Բուդապեշտի ու Պրահայի թատերատոներում ունեցած արտակարգ հաջողություններ: Աննա եւ Արմեն Էլբակյանների «Կպարե՞ս ինձ հետ» ներկայացումը բեմականացման հեղինակ, ռեժիսոր եւ գլխավոր դերակատար (Սարոյան) Արմեն Էլբակյանին բերել է «Տղամարդու լավագույն դերի» մրցանակը: Ասենք, որ Արմեն Էլբակյանն իր խամաճիկների թատրոնի միջոցով էլ իրականացրել է մեկ ուրիշ բեմադրություն՝ «Քարանձավի բնակիչները»:

Այս օրերին եռուն աշխատանք է գնում եւ մայր թատրոնի բեմում: Այստեղ ճանաչված Սամսոն Ստեփանյանը պատիրաստում է «Օպերա-օպերա» ներկայացումը, որի ռեժիսորական առաջին ծնունդը մենք տեսել ենք սրանից 15 տարի առաջ: Թույլ ենք տալիս ասել, որ ավանդական թատրոններում իրականացված 18 անուն բեմադրությունների մեջ իր ոճաբանությամբ եւ ինքնատիպությամբ առանձնանում է Սարոյանի «Օպերա-օպերա»-ն՝ իրականացված 1994 թ. «Թատրոն լաբորատորիայում»: Այս հազվագյուտ թատրոն-օջախը, որ գոյատեւում էր մայր թատրոնի տանիքի տակ ու իսկական հրաշքներ գործում՝ իր հիմնադիր չորս տաղանդավոր ռեժիսորներով (Արթուր Սահակյան, Արմեն Աբրահամյան, Արմեն Մազմանյան եւ Սամսոն Ստեփանյան) իսկական հրավառություն արեց ու մարդկանց ապրելու իրական լիցքեր պարգեւեց (նաեւ ուրիշ բեմադրություններով): Թատրոնումՙ թատրոն, բեմում՝ բեմ, արարման նախածին-նախաստեղծ փորձեր եւ բալագանային գրոտեսկ, քնարական նովել եւ աշխարհի չարիքի՝ պատերազմի սահմռկեցուցիչ ներկայությունը... Երգ, պարային դիվերտիսմենտ, պայմանականություն, մետաֆորի ու խորհրդանիշի լեզու, մանկական հեքիաթ-տեսլական եւ սե՜ր, սեր՝ ամենայն գեղեցիկի, մարդկայինի ու բարու հանդեպ...

Սարոյանը երկնագույն էկրանի թատրոնում

Հայկական հեռատեսիլի էկրանում առաջին անգամ Սարոյանի մասին հաղորդում եղավ 1965 թ.: Ռեժիսոր Կիմ Արզումանյանը հաղորդման մեջ ընդգրկել էր հեղինակի «Ֆրեզնո. սրճարան «Արաքս» պատումն իր սցենարով: Հիշյալ սրճարանը վտարանդի հայերի հանդիպավայրն է, ուր տուն-տեղ կորցրած մարդիկ հիշում են էրգիրն ու էրգրացիներին, խնդում ու լալիս (հավանաբար մի օր այնտեղ է եղել բուլղար դասական Պեյո Յավորովը եւ գրել իր «Հայերը» հրաշալի բանաստեղծությունը): Ինքնուրույն առաջին բեմադրությունն այստեղ եթեր գնաց նույն թվականին՝ Գրիգոր Արզումանյանի բեմադրությամբ: «Քո կյանքի ժամանակը» ռեժիսորը բացել էր սոցիալական դրամայի տեսանկյունից: Դերակատարներ՝ Խորեն Աբրահամյանը (Ջո), Վարդուհի Վարդերեսյան (Կիտի), Գեղամ Հարությունյան (Նիկ) եւ Էդգար Էլբակյան (Թոմ), Գուրգեն Հակոբյան (Կիտ Կարսըն): Վերջինս անձնավորում էր չարը կրող կերպարը: Առաջին անգամ իր ստեղծագործության մեջ Սարոյանն ուղղակի սպանում է նրան, քանզի չարն սպանելը կնշանակե բարին շատացնել:

1972 թ. ռեժիսոր Նորայր Սարգսյանը բեմականացրեց իր սցենարով պատրաստած «Վեսլի Ջեկսոնի արկածները» («Փրկեցեք մեր հոգիները» խորագրովՄոսկվայից հրավիրելով հայտնի օպերատոր Ի. Դոմինիկյանցին: Մի քանի օրից Դոմինիկյանցը հեռացավ՝ գործը վստահելով երիտասարդ տաղանդավոր օպերատոր Ֆրունզե Մկրտչյանին, ով եւ անհարմար տեխնիկական պայմաններում հնարամտությամբ միմյանց «կարեց» դրվագները եւ ստեղծեց լիարժեք ժապավեն-պատում: Հիանալի կերպարները՝ Վեսլի Ջեկսոն-Գուժ Մանուկյանը, Մերի - Ժենյա Ավետիսյանը, հրամանատար եւ պատումը վարող Իշխան Ղարիբյանը, Արմեն Խանտիկյանը (Զինվոր) ստեղծել էին դյուրահաղորդ ու բարի մարդկային նկարագրեր, որոնց ճակատագիրը ոչ ոքի անտարբեր չէր թողնում: Հիշյալ ծավալուն պատումները մասամբ էին արդյունավետ փորձեր՝ սարոյանական ոճաբանության յուրացման ուղղությամբ: Արդյունավետ առաջին փորձերն անհամեմատ նկատելի եղան փոքրակտավ պատումներում: 1980-ին ռեժիսոր Հերբերտ Գասպարյանը էկրանավորեց երկու պատում. «Այնտեղ, որտեղ ես ապրում եմ, մարդիկ բարեկիրթ են» եւ «Հնատարազ վեպ՝ ոտանավորներով ու մնացած բաներով»: Հիրավի, գողտրիկ, քչախոս, բայց տրամադրությամբ լեցուն ու հուզիչ այդ պատումները եւ նրանց ոչ մեծ դերերի դերակատարները այնքան նուրբ, ենթատեքստով ու հոգեբանական զգայություններով տոգորված բեմավիճակներ էին ստեղծել, որ որոշակի քայլառաջ արձանագրեցին հեղինակի գեղագիտության յուրացման ուղղությամբ: Հիշենք նրանց դերակատարներին: Մելինե Համամջյան եւ Ժենյա Ներսիսյան, Ստեփան Հարությունյան եւ Դավիթ Հակոբյան, Ազատ Գասպարյան եւ Մայիս Կարագյոզյան ու դեռատի տաղանդավոր Տիգրան Ոսկանյան: Հիշենք եւ օպերատոր Էդուարդ Խաչիկօղլյանին եւ նկարիչ Գր. Սահակյանին: Երկու տարի անց (1982 թ.) Սարոյանին հաղորդվեց ռեժիսոր Անտոն Աղայանցը՝ բեմադրելով էկրանի համար ավելի քան դժվարին մի գործ՝ «Քարանձավի բնակիչները»՝ թատերական պայմանականության հզոր չափաբաժնով մի գործ, ուր մետաֆորն ու խորհրդանիշը ոչ թե նախշ են, այլ էություն, որոշիչ առանձնահատկություն, քանզի գործող անձինք թատրոնի մարդիկ են, եւ թատրոնը կեցության կերպ է. մի զրա՞հ թե վահան՝ կյանքի ծանր հարվածներին դիմանալու համար:

Ի՜նչ արժեր միայն թագավոր-Կարեն Ջանիբեկյանի պաշտամունքի խոսքը՝ թատրոնի վեհացնող, ապրեցնող ուժի մասին, այն հրաշքի մասին, որ միայն թատրոնը կարող է պարգեւել: Հրաշք չէ, հապա ինչ է, երբ խեղճուկրակ դերասանախումբը պատսպարվել է խարխուլ մի շինության մեջ եւ չի հրաժարվումՙ գուցե քիչ առաջ խաղացած գոյավիճակից: Արքան ու թագուհին, դուքսն իրենց պահում են, ո՜չ, զգում են իրենց «կոչման» համաձայն եւ նույնիսկ բարերարում են անտուն ամուսիններին, իրենք անոթի, ունեցած մի կտոր հացը նրանց են տալիս՝ հենց արքայական շռայլությամբ: Սա խաղ չէ. կեցություն է, աշխարհափիլիսոփայություն, որ ուժով ու հմայքով տիրում է իրականությանը եւ վերածում այն բաղձալի պատրանքի: Ի՜նչ գեղեցիկ, ասպետական վարք ու վարվելակերպ, որ հրաշալի են հաղորդում Ջանիբեկյանն ու Նինա Հովսեփյանը, Ազատ Գասպարյանը՝ երիցս ցուցադրելով ու հաստատելով նորին մեծություն թատրոնի լիացնող ու ապրեցնող, գեղեցկացնող զորությունը:

Գույների ու ծավալների հրաշք միջավայրը, որ ստեղծել էին նկարիչ Գրիգոր Մարիկյանը եւ տարազի վարպետ Սերինե Բեժանյանը: Հապա հրաշագործ օպերատոր Արսեն Ասլանյանի մատուցած կադրե՞րը, երբեմն նրբին, երբեմն չարաճճի անցումներ ու սեւեռումներ, որ լցվում-ծովանում էին դերակատարների հագեցած խաղարկությամբ: Սա շատ էական փորձ էր ռեժիսորի համար՝ թատրոնի պայմանականությունը՝ հավաստիությունն էկրանում «ինտեգրելու»: Չմոռանամ հատուկ նշել, որ այստեղ առաջին անգամ հաղորդվեց Սարոյանին երիտասարդ օպերատոր Գագիկ Դանիելյանը, որ հետո դառնալու էր Սարոյանի ու չեխովյան իրականացումների փնտրված, եզակի օպերատորը:

1984-ին Կարլեն Վարժապետյանի ղեկավարությամբ իր դիպլոմային բեմադրությունը կիրականացնի ռեժիսորականի շրջանավարտ Մուշեղ Կրոյանը՝ պարզապես զարմացնելով սեղմ կտավում ազգայինի խոր զգացողությամբ, ճաշակով, հուզական եւ իմաստային շերտերի խելացի տարրալուծմամբ: Պատումը մեզ կսուզի տուն-տեղ կորցրած հայի ու արաբի հուզիչ բարեկամության խորքերը, ասպնջական հայուհու (Անահիտ Ղուկասյան) եւ նրա դեռատի որդի Արամի ազգային ծով համբերության ու խոսուն լռության աշխարհը եւ Գաստելլո Գասպարյանի նկարչական ձեւավորումով կհաղորդի պանդուխտ հայի էրգրի կարոտն ու ապրելավայրի քաղցրությունը՝ տաք գույներով, մի կարպետով, ջրի կուլայով... Եվ ահա եթեր է տրվում Սարոյանի հզոր գրողական անհատականության ամենաանսպասելի ժայթքումը՝ «Խենթացած մի գնա» դրաման: Մարդու կենսունակության եւ կյանքի ամենահաղթ զորության գաղափարը հաստատել... քաղցկեղով հիվանդնե՞րի, մահվան դատապարտվածնե՞րի միջոցով... Սա հանճարեղ խելահեղություն էր, ու թեեւ ի վերջո մարդու կենսասիրությունն ու արժանապատվությունն են հաղթանակում, այնուհանդերձ հազվադեպ ռեժիսորներ են այդ պիեսին մոտենում: Այս առումով ռեժիսոր Հերբերտ Գասպարյանի բեմադրությունը պարզապես սխրանք էր՝ իրականացված նրա համախոհ բարձրակարգ արտիստների աջակցությամբ:

Պատկերացրեք. հիվանդասենյակ, ուր բերվում են միայն քաղցկեղի վերջին շրջանն ապրող հիվանդները: Նրանց մեջ նույնիսկ մի պատանյակ կա՝ Ճուտոն: Ինչպե՜ս են նրան ծնողական հոգատարությամբ շրջապատում եւ ինչպես են համարյա կայծակնահար լինում նրա մահացու վիրահատությունից... Եվ նրանց բոլորին հարազատի պես պարուրող մի բուժքույր (Լաուրա Թանգյան): Թվում է՝ կյանքի հետ կապող ոչինչ չկա, բայց ինչպես են համախմբվում մի փախած հիվանդի (Գոնչո-Վեհմիր Խաչիկյան) շուրջը, որը փախել է՝ վրեժխնդիր լինելու իր կնոջը գայթակղողին եւ վերադարձել... Ինչպիսի սուտուղորթ վկայություններ են հորինում՝ նրան թաքցնելու, պաշտապնելու համար: Հապա ինչպես են կուրացող Ջորջին (Ռոբերտ Հարությունյան) Բկլատը (Անդրանիկ Հարությունյան եւ Բրիգը (Ռուբեն Կարապետյան) գերագույն ճիգով կարդում այն բառարանը, ուր այնքա՜ն գեղեցիկ ու ոգեշնչող բառեր կան. մամա, համբերություն, տոկունություն, կարեկցանք... Յուրաքանչյուրն իր ձեւով է պայքարում իրեն մնացած օրերն ապրելու համար: Հույն տարեց Փոսիոն (Զարե Տեր-Կարապետյան) ձայնապնակներից անվերջ դասական երաժշտություն է ունկնդրում եւ հրաժարվում սնունդից, որպեսզի մերձավորներին քիչ հոգս պատճառի... Բոլորն էլ լցված են սարոյանական հավատամքով՝ անխուսափելին արժանապատվորեն դիմավորելու կամքով: Գեղեցիկ հեռանալ, մարդու պես եւ չխենթանալ...

Գաստելլո Գասպարյանի նկարչական ձեւավորումը խորհրդանիշ է դարձել հիվանդասենյակի ետնապատի մեծ կլոր լուսամուտը, որ բաժանում է այն կողմում եղածներին՝ այս կողմում եղածներից ու իր արեւային գույնով դառնում կյանքի գերող երազանք: Նախասահմանումի կամ ճակատագրի թեման Սարոյանի փիլիսոփայական հայեցումի անկյունաքարն է, որը կտրուկ հակադրվում է ռադիկալ մարքսիստների գաղափարաբանությանը, մերձենալով հոգեւոր գերակայության մարդկային ու քրիստոնեական դավանաբանությանը, համակերպվել ու տոկալ, «ունայնության փոսը» լցնել մարդով ու մարդու համար: Սա իր վառ արտահայտությունը կգտնի Սարոյանի մյուս՝ կենսագրական ստեղծագործության «Մարդկային կատակերգության» մեջ: Պատերազմում զոհված Մարկուսի հարազատները կորուստի ահավոր վիհը կլցնեն նրա վիրավոր ընկերոջն ընտանիք ընդունելով... «Մարդկային կատակերգություն» վիպակն էկրանավորեց չեխովյան-սարոյանական գեղագիտության մի քաջիմաց ռեժիսոր Յուրի Էլոյանը:

Անհնար է հաղորդել, գեթ համառոտակի հաղորդել այս պատումը, քանզի նրա յուրաքանչյուր պահը, դրվագը մինչեւ հատակն այնքան լեցուն են ու իմաստավորված, որ առանձին մատուցումով անհնար է պատկերացում տալ: Այն միայն պետք է տեսնել (եթե գեթ Սարոյանի 100-ամյակի առիթով այդ գիտակցությանը հասնեն Հ1-ը տնօրինողները): Մաքքոլի ընտանիքի ոչ մի անդամ հայի անուն չի կրում, բայց ով չգիտե, որ ընտանեկան նման հարաբերությունները, մեծի-փոքրի դրվածքը, ննջեցյալների հանդեպ հարգանքը, մոր հեղինակությունը ամենից շատ հայերին է հատուկ: Ամբողջ պատումը մեղմ տոնայնությամբ է կառուցված, բայց մենք շնչահեղձ ենք լինում իրենց դժբախտության մեջ այդքան բարեկիրթ ու տոկուն մարդկանց վարքից: Պատանի Հոմերը լուռ է, շռայլ խոսքեր չունի սգո հեռագրերի գուժած վիշտը հաղորդելու համար, բայց Կարեն Հակոբյանի մեծ, խոշոր, տխուր ու սեւորակ աչքերի խորության մեջ խեղդվում ես: Որտեղի՞ց է ռեժիսորը գտել այդքան դեռատի ու այդքան խորզգա դերակատարի: Նրա եւ մոր (Ալլա Թումանյան) հայացքի լուռ խաղը, համբերատար լռությունն ավելին են ասում, քան խոսքերը... Հապա Թոմ Սպա՞նգլերը՝ Վահան Արծրունյանի խոշոր, սիրուց առկայծող աչքերով ու Հոմերի հանդեպ ծնողական քնքշությամբ... Ի՜նչ արժե Վիլի Կրոգանի (Զարե Տեր-Կարապետյան) հետ զվարթ զրույցը՝ երիտասարդական հուշերով ու հոգեւոր երգի արտասովոր գեղեցիկ ու ոգեշունչ կատարումով: Հապա ՄԱՐԴՈՒ ՀԱՅՏՆԱԳՈՐԾՄԱՆ խինդով լի Վիլիի խո՞սքը՝ Հոմերին. «Որտեղի՞ց հայտնվեցիր դո՛ւ: Արար աշխարհ ման եկա եւ Իթաքայում քեզ գտա...»: Եվ ինչքա՜ն կարճ է տեւում հեռագրիչի ուրախությունը. չէ՞ որ րոպեներ անց առաջինը նա կլսի Մարկուսի զոհվելու հաղորդագրությունը եւ չի հասցնի թղթին դաջել. լուռումունջ գլուխը կթեքվի ուսին եւ կանշարժանա: Մեծ հոգով, մեծ սրտով սարոյանական իսկական մարդը: Հնարավո՞ր է հաղորդել զգացմունքային խորությունն ու իմաստությունը Սպանգլերի ու Հոմերի ծանր պահի, երբ տղան եղբոր մահից կատարելապես կայծակնահար է, իսկ Սպանգլերը պիտի նրան «ետ բերի». հաշտեցնի կատարվածի հետ եւ նույնիսկ ապրելու կամք ներշնչի: Եվ հնչում են Սարոյանի թեւավոր խոսք դարձած մարգարեական բառերը. «Լավ մարդը երբե՜ք չի մեռնում: Որան կարող են մեզանից խլել, բայց նա միշտ կմնա այն ամենի հետ, որ սիրուց է, սիրո համար...»: Եվ կառավարիչը դուրս է գալիս վհատ տղայի ուսը գրկած, երկար քայլում փողոցով, նստում ծառի տակ ու խոսում, խաղաղեցնում վշտացյալին: Վշտի մեջ չի կարելի մարդուն մենակ թողնել.ակամա հաղորդվում ես սարոյանական մյուս պատվիրանին՝ ուրիշի վիշտ չկա՛...

Դժվար է նույնիսկ լրագրային ընդարձակ հոդվածում ամփոփ պատկերացում տալ փոքր էկրանում ստեղծված 17 գործերի մասին, որոնցից միայն չորսն են ստեղծված Սարոյանի պատրաստի պիեսների վրա: Մնացած 13-ը ռեժիսորների մշակումն է՝ մեծ ու փոքր պատումների: Ուզում եմ առանձնացնել հատկապես Հրաչյա Աշուղյանի «Հայը եւ հայը», ուր արտիստ Անդրանիկ Հարությունյանը ուղղակի անակնկալ արեց՝ Սարոյանի դիմանկարային նմանությամբ եւ յուրահատուկ խոսվածքով: Պատումի մյուս նվաճումը Ռոբերտ Հարությունյանի արտասովոր գունեղ ու հուզական Արշակն էր: Ի դեպ, այստեղ Աշուղյանը հնչեցրել էր Սարոյանի հայտնի արտահայտությունը. «Թող քանդեն, թող 1915 թիվ անեն, ղրկեն անապատ, հացուջուր չտան ու թող տեսնեն՝ էդ հայ ոնց կապրի...»:

Փոքր պատումներից նշանակալի եղավ «Հեյ, ո՞վ կա» ներկայացումը՝ ռեժիսոր Զորայր Պապոյանի գեղեցիկ ու շատ հուզական մատուցումով: Ոչինչ, որ շահարկված էին Տղայի ու Աղջկա գեղեցիկ երազանքները (խաղողի ողկույզի երկու կողմից ճաշակելը), սակայն ամեն ինչ եւ հատկապես երկու ջահել դերակատարները՝ Աննա Ասլանյանը (Աղջիկ) եւ Ռաֆայել Դանիելյանը (Տղա) այնքան գեղեցիկ էին ու բանաստեղծական, որ շունչդ կտրվում էր նրանց դառը վախճանից...

Բայց երեւի այս էկրանում ամենից տեւականը եղավ ռեժիսոր Էդուարդ Բադալյանի կապվածությունը Սարոյանին: Նա խոսում, մեջբերումներ էր անում Սարոյանից, ապրում-շնչում էր Սարոյանով: Այն ծանր տարիներին Սարոյանը նրա համար սփոփանք է, ուղենիշ, փնտրում-էկրանավորում էր նրա պատումները, փողոցում-ամենուր երեխաներին հեքիաթ էր պատմում, քաղցրավենիք տալիս ու մի օր էլ իմացանք, որ նա Ձմեռ պապ է դարձել: Մեր էկրանը հարստացավ Էդուարդ Բադալյանի ստեղծած գողտրիկ պատումներով, որոնցից հիշենք «Սովյալները», «Տարեկանի արտում», «Պինգ-պոնգ խաղացողները», «Պատմություն երիտասարդի ու մկան մասին», «Իմ սիրելի փոքրիկը», «Ծննդյան տոներից երեք օր առաջ», «Հանճար» եւ այլն:

Էդիկը շարունակ անակնկալներ էր անում՝ ոչ միայն անփորձ երեխաներ բերելով էկրան, այլեւ հանրաճանաչ հաղորդավար-մեկնաբան Կոստանտին Տեր-Հովհաննիսյանին, ով եւ գրողի դերումՀանճարը»), իսկական հայտնագործություն եղավ: Անարդարացի կլինի չհիշել Բադալյանի պատումների ամենանրբազգաց դերակատարին՝ Բագրատ Գրիգորյանին, նա ուղղակի գլուխգործոց ստեղծեց Երիտասարդի դերում: Երեւակայական «օրիորդ մկան» հետ պարում էր, հաճոյախոսություններ անում: Ախր սա սովորական մուկ չէ, Տան մուկ է, իսկ մենք գիտենք Սարոյանի հուզական վերաբերմունքը նրան. ուրեմն արժեր, որ Էդ. Բադալյանն ու Բագրատ Գրիգորյանն այդքան բանաստեղծական պատում ստեղծեին նրա մասին... Շատ ափսոս. երկուսն էլ նուրբ ու էմոցիոնալ մարդիկ էին ու... չդիմացան ծանր օրերին, վաղաժամ հեռացան աշխարհից...

Ամփոփենք: Սարոյանը մեր բեմադրիչների ու արտիստների համար ստեղծագործական նախադեպը չունեցող հանգրվան էր եւ դարակեսից սկսած թատերարվեստի նորացումների ու նորահաստատումների շահեկան իրողությունը մեզանում: Իսկ ամենից առաջ՝ հայեցում ու փիլիսոփայություն, ես կասեի, յուրօրինակ պատվիրան, որին որքան շուտ ականջալուր լինենք՝ այնքան շուտ կկրճատվի մինչեւ Սարոյան եւ դեպի Մարդը մեր անցնելիք ճամփան: Դա կնշանակի հաղորդվել մարդկային-բարոյական ու վարքաբանական հավերժական հանգույցներին, որոնք մեզ կապում են ու տանելու են գալիքին...

Նյութի աղբյուրը՝ ԱԶԳ / Մշակույթ

ՎԱՐՍԻԿ Գրիգորյան

759 հոգի