Սեղմիր
ԱՆՄԵՂ ՄԵՂԱՎՈՐՆԵՐԸ

22.07.2021  02:37

2008 թվականին Էդգար Էլբակյանի թատրոնը մասնակցեց Պրահայի «Ապոստրոֆ» միջազգային թատերական 10-րդ փառատոնին: Փառատոնին ժամանել էին խմբեր ԱՄՆ-ից, Ավստրիայից, Ռուսաստանից, Հարավային Կորեայից, Մեքսիկայից, Հունգարիայից, Սլովակիայից, Իտալիայից: Ինչպես «Օրեր» համաեվրոպական ամսագրի խմբագիր Հակոբ Ասատրյանն էր հաղորդում (թիվ , 2008) «Էլբակյան թատրոնն առանձնանում էր ոչ միայն բեմադրական աշխատանքով, այլեւ դերասանական բարձր խաղով: Բեմադրիչ-դերասան Արմեն Էլբակյանի եւ դերասանուհի Աննա Էլբակյանի գրավիչ ու բնական խաղը ստիպեց լեփ-լեցուն դահլիճի հանդիսականներին 15 րոպե անդադար ծափահարել եւ շնորհավորել «Չե՞ս պարի ինձ հետ» պիեսի կատարյալ բեմականացմանը: Բեմական եւ երաժշտական ձեւավորումը, հագուստների ընտրությունը, խաղաոճը, համոզիչ ու կոլորիտային կերպարների ստեղծումը ամուսնական այս տաղանդավոր զույգի խաղը դարձրին առավել քան գեղեցիկ»:

Անցյալ տարի Էլբակյան ամուսինները մեծ հաջողությամբ մասնակցեցին նաեւ հունգարական «Արկուսֆեստ» փառատոնին եւ Արմեն Էլբակյանի դերակատարումն արժանացավ «Տղամարդու լավագույն դերակատարման համար» մրցանակին:

Կան մարդիկ, որոնց համար Սարոյանը սոսկ մեծ մտածող, գրող եւ գեղագետ չէ, ինչպես եւ ստեղծագործական սավառնումների հնարավորություն, այլ աշխարհին ու մարդկանց հարաբերվելու միջոց:

Էլբակյանների համար Սարոյանը ապրելակերպ է, գոյության հարց, ավելին՝ ճակատագիր եւ ահա թե ինչպե՛ս: Այստեղ վերստին Սարոյանն է՝ իր մարգարեությամբ, հանդիպումների ճակատագրականության հանգամանքով: Ինքնանպատակ ու ինքնաբավ հանդիպում չկա Սարոյանի ստեղծագործության մեջ. դրանք նախախնամության կամ ճակատագրի կամքով սկզբնավորում կամ ամփոփում, վերջակետում են մարդկային փոխհարաբերությունները: Աննա եւ Արմեն Էլբակյանների համար այն երիտասարդ հոգիների, երազանքների ու կյանքում գեղեցիկի որոնման ճանապարհ եղավ:

1980 թվականին մայր թատրոնում երիտասարդ ռեժիսոր Նիկոլայ Ծատուրյանն աշխատում էր Սարոյանի «Քո կյանքի ժամանակը» պիեսի բեմադրության վրա: Նիքի սրճարանի հաճախորդների մեջ նախատեսված է մի երիտասարդ զույգ, որ գալիս է այստեղ երջանիկ առանձնության մեջ իրեն զգալու համար: Հիշում եմ հոգելույս Վաղինակ Մարգունուն: Ծնողի հրճվանքով դիտելով սեղանիկի մոտ նստած Արմենին ու Աննային, ասաց. «Շատ լավն են, թող նստեն ու իրար սիրեն»: Ասես միանգամից գաղտնիքը բոլորի սեփականությունը դարձավ: Սարոյանով բացվեցին ու հուրհրացին Աննան ու Արմենը ու շատ չանցած թատրոնի առաջատարներից Մամիկոն Մանուկյանը, որպես քավոր օրհնեց նրանց միությունը: Շատ ջրեր հոսեցին, ու նրանց ճակատագիրըՙ ինչպես թատրոնի ճակատագիրը, ապրեց ցնծալի հաղթանակներ ու նաեւ նեղ օրեր, Աննան ու Արմենը կորցրին միմյանց, ստիպված եղան ուրիշ թատրոնների բեմերով անցնել, բայց ամենուր Սարոյանը մնաց նրանց հետՙ հանց արարման հոգեդաշտ: Ռեժիսոր Ն. Ծատուրյանի նորաբաց «Մետրո» թատրոնում Աննան գլխավոր հերոսուհին էր մի բեմադրության, որն ստեղծված էր Տ. Ուիլյամսի ոչ մեծ կտավի եւ Սարոյանի «Քո կյանքի ժամանակը» պիեսի որոշ մոտիվների ու դրվագների ընդելուզման միջոցով: Աննան առինքնող աղջնակ էր, որ մեր աչքի առջեւ հասակ էր նետում, բացվում, ինչպես նորափթիթ վարդ: Երկար տարիներ այդ ներկայացումն ապրեց թատրոնի բեմում եւ մարդիկ քաղաքի կենտրոնից հեռու այդ թատրոնն էին գնումՙ Աննային տեսնելու: Էլի տարիներ անցան, եւ Աննան դեռահաս Ագնեսին անձնավորեց Համազգայինի բեմումՙ Սարոյանի «Մի գավաթ բարություն» պիեսում: Մեծ բավականություն էր նրան տեսնելՙ եղբոր հետ չարաճճի կատակներ անելիս ու տան մուկի հետ «զրուցելիս»... Բախտը կրկին միավորեց Էլբակյաններին՝ Սարոյան արարելու համար: «Մետրո» թատրոնի բեմում Էլբակյանները պատրաստեցին «Քարանձավի բնակիչները՝ վերանվանելով այն «Աշխարհի վերջին օրը»: Էլբակյանը պարզապես թափանցել ու հաղորդել էր սարոյանական երկի գեղարվեստական կերպարը:

Թատրոնի կործանումը՝ որպես ապոկալիպսիս . Հոգեւին աշխարհի քայքայումը, կործանում չէ, ի՞նչ է հապա: Էլբակյանը արվեստագետի բովանդակ խորությամբ ու ցավագին է ընդունում այն տիրույթի կործանումը, ուր մարդիկ իրենք ուտելու հաց չունեն, բայց ընդունում, պատրաստում ու վերջին պատառն են տալիս օտար կարոտյալին... Հնարավո՞ր է մոռանալ թատրոնի արարիչ ուժի, հոգին լիացնող, վեհացնող հատկության մասինՙ Թագավորի ոգեշունչ տիրադը... Հնարավո՞ր է չհիանալ ներկայացումից հետո էլ արտիստներիՙ իրենց ոգեթռիչ հերոսների «մաշկի մեջ» զգալու բացառիկ հուզիչ կացությունը: Եվ ով ավելի անխարդախ կզգար թատրոնի մարդու խենթուխելառ ճախրանքը, քան այդ աշխարհում ապրած ու արարած մարդը, քան Սարոյանը: Վերստին, ով ավելի սուր ու խորքով կզգար այդ ամենի բացառիկությունն ու դրաման, քան խանձարուրից թատրոնում ու թատրոնի աշխարհում եղած նրա հրճվանքն ու դառնությունը ապրած մեկը, որ Արմեն Էլբակյանն է: Իհարկե, այս անգամ նրա հետ է Աննան՝ Արմենի բոլոր հղացումների ու իղձերի ոգեշնչողն ու զորակիցը: Նա այստեղ Թագուհուն է անձնավորումՙ քնքուշ, հասկացող, հեզանազ Թագուհուն: Նա, ով մեկ անգամ տեսել է Աննա Էլբակյան-Թագուհունՙ չի մոռանա նրա բնածին ազնվականությունը, նազենի վարքը, թագավորի, Դուքսի հետ կանացի, քնքուշ ու խելացի հաղորդականությունը, այլեւս չասենք որբ աղջնակի ու անտուն ամուսինների հանդեպ բնածին ողորմածությունը, կարեկցանքով լի աչքերն ու ձայնը... Եթե Աննա Էլբակյանը ոչինչ էլ չասիՙ ապա խոշոր, սեւ, լապտերավառ աչքերն ավելին կասեն, քան ամեն խոսք:

Հետո էլբակյաններն առիթ ունեցան Լոս Անջելեսում եւս բեմադրելու «Քարանձավի բնակիչները», ուր Մհեր Մկրտչյանի թատրոնը համախմբել էր բոլորին: Թագավորի դերում Ռաֆայել Գրիգորյանն էր, Թագուհու դերումՙ Տաթեւիկ Ղափլանյանը, Դուքսը՝ Լեւոն Շարաֆյանը: Բեմադրությունը դարձավ իսկական մշակութային իրադարձություն եւ եթե ավելացնենք, որ ներկայացումը խաղացվեց 2500 տեղանոց սրահում, ուր նույնիսկ լրացուցիչ աթոռներ էին ավելացելՙ ապա պարզ կլինի, թե որպիսի իրադարձություն էր այն: Թեեւ մեր թեմայի հետ կապ չունի, բայց ավելացնենք նաեւ, որ այստեղ խաղացվեց Արմեն Էլբակյանի իրականացրած մեկ ուրիշ բեմադրություն եւս: Դյուրենմաթի «Վերջին վայլսը», ուր նա մասնակից էր արել Վլադիմիր Մսրյանին: Սա նույնպես թատերական իրադարձություն էր, որն առանձնահատուկ սեր ու համբավ ավելացրեց Էլբակյան ամուսինների անվանը: Նշանավոր խմբավար ու կոմպոզիտոր Հենրիկ Անասյանը «Վերջին վայլսը» համարեց «խելացնոր բան, որ ոչ բոլորը կհասկանան»:

Մեծ հայի 100-ամյակը կուտակված իղձերի ու հղացումների մարմնավորումով ներկայանալու եզակի պատեհություն էր, եւ նրանք չէին կարող դա բաց թողնել: Երեւի ճիշտ են ասում, թե գործ անողները միջոցներ են փնտրում, անբաններըՙ պատճառաբանություններ: Իր «լուցկու տուփի չափ» թատրոնում Արմենը միանգամից իրականացրեց երկու բեմադրություն. մեկը խամաճիկների, մյուսը՝ Էդգար Էլբակյանի թատրոնում: Առաջին անգամ խամաճիկների արտահայտչամիջոցներով բեմականացվեց «Տարեկանի արտում» պիեսըՙ «Մենք ելնում ենք աշխարհ» խորագրով՝ հնչեցնելով մոլորակի ժողովուրդների անտի սկզբանե հարազատության, արյունակցական կապերի նախասահմանյան խորհուրդը: Եվ ընդհանրապես մեծերին միշտ զբաղեցրել է աշխարհ եկողների առաքելության խնդիրը, ու թեեւ տարբեր տարածաժամանակային չափումներում են ապրել ու ստեղծագործել Մորիս Մետերլինկն ու Սարոյանը, սակայն երկուսին էլ հուզել է, թե ի՞նչ է բերում աշխաարհ եկածըՙ ԱՅՆՏԵՂԻՑ առաքվածը: Ու վերստին մեծերի համար անկախ կանխամշակված սյուժեից ու կերպարային համակարգի յուրաքանչյուր անհատի ֆունկցիայից, հավասարապես հարցերի հարց դառնում ու մնում է այս աշխարհ եկող էակի դերն ու պարտականությունը: Ասենք, որ Էլբակյանի համար գերակայելու չափ կարեւորվել է պատումի ոգին՝ Վիլյամ Սարոյանի կերպարը, որի համար էլ նկարչի ու վարպետ տիկնիկավարի միջոցով ստեղծվել է Սարոյանի արտասովոր դիմանկարային նմանության տիկնիկը: Հայտնվելով բեմի աջ կամ ձախ կողմումՙ պատկառելի հեղինակը հնչեցնում է հատկապես այս պատումի համար էական նշանակության մտքեր, իմաստավորում պահը: Չէ՞ որ այստեղ նորածիններից մեկի՝ Բուչի միջոցով հնչում է մի միտք, որը յուրօրինակ հարցական է նետում դահլիճ.

- Եթե բոլորս իրար քույր ու եղբայր ենք, ուրեմն ինչի՞ համար են պատերազմն ու արյունահեղությունը...

Ահա թե ինչպես է իր գունեղ ու կենդանի խամաճիկների միջոցով Արմեն Էլբակյանը արծարծում ու հնչեցնում այս մոլորակի ժողովուրդների՝ ընտանեկան մի հարկի տակ հաշտ ու համերաշխ ապրելու սարոյանական նվիրական գաղափարը: Արմենը շնչում, ապրում էր Սարոյանով: Երբ հանդիպեիր, ինչի մասին խոսեիր՝ իր եւ մեզ համար աննկատ խոսքը դառնում էր Սարոյանին: Կատակով ասում էինք, թե Արմենը հիվանդացել է Սարոյանով: Սա կհասկանան նրանք, ովքեր «հիվանդանում» են հանճարներով, զորեղ անհատներով... Սարոյանական բոլոր գաղափարները՝ մարդասիրությունը, բարությունը, կարեկցանքը եւ գուցե ամենից շատ՝ հանդուրժողականությունը նրանց ապրեցնում էին, օգնում նույնիսկ չարին ներել ու համերաշխել... Ու մինչ նրանք փշուրներ էին քերծում մեծ հավատքից, որպեսզի դիմանա քաղցրիկ որդու՝ կրտսեր Էդգարի կորստին, տականքը հերյուրում էր այդ սուրբ ընտանիքի դեմ՝ շարժելով բոլոր ճանաչողների զայրույթը...

Ուրիշ ո՞վ կարող էր օգնել Մարդուն իր մարդօգուտ ծրագրերում, քան Սարոյանը: Եվ ահա Էլբակյանների «հիվանդության» վերջին արդյունքը. երկմասանի մի կուռ պատումՙ ստեղծված հիմնականում «Քո կյանքի ժամանակը» պիեսի հիման վրա, ուր հնչում են սարոյանական շատ կարեւոր մտքեր. նաեւ հեղինակի մյուս պատումներից եւ հատկապես «Մարդկային կատակերգություն»-ից: Այստեղ իր մասնակցությունն է բերել եւ Աննան: Էլբակյաններն առանձնացրել են երեք կերպար՝ Ջո, Թոմ եւ Կիտի Դյուվալ, ստեղծել կուռ եւ հուզիչ պատում՝ երեքի հանդիպման ու բարեկամության մասին: «Գրական թերթ»-ում (15 դեկտ. 2000) «Դրամատուրգիայի պարտքը» հոդվածից հետո տարակույս չմնաց, որ Էլբակյանը լավ է հասկանում թատերագրությունըՙ տեսական-ստեղծագործական բոլոր առումներով եւ կարող է ինքը եւս փորձել: Հիշենք, որ նրանց թատրոնը լուցկու տուփի չափ է, հետեւապես որպիսի բարդություններՙ գեղարվեստատեխնիկական նվազագույն խնդիրների լուծման պարագայում:

Արդեն իսկ տարածքի ձեւավորումը նկարիչ Մարտիրոս Բադալյանը կատարել է հնարամտորենՙ օգտագործելով փոքրիկ ու նեղլիկ տարածքի յուրաքանչյուր սանտիմետրըՙ մատուցելով ծովափնյա սրճարանըՙ իր ենթադրյալ առանձին մասերով, նավատամույցն իր ձայնային եռուզեռով: Ձախ բեմամերձ պատինՙ մի խարիսխ, փրկօղակ ու պարան: Բեմամերձ աջակողմյան սրահում սեղան եւ աթոռ: Օգտագործվում է նույնիսկ բեմ-դահլիճ բարալիկ գիծը, որտեղից ելումուտ են անում մեր հերոսները եւ հատկապես Ջոն:

Ի տարբերություն պիեսի սարոյանական վարկածի, սա ոչ թե Նիկի, այլ Ջոյի սրճարանն է: Ինչպես հեղինակն է բնութագրում, Ջոն, ի տարբերություն ուրիշների, նյութական ապահովություն ունեցող մարդ է, ունի բարի սիրտ եւ մեծ բավականություն է զգում մարդկանց օգնելիս: Սրճարանի կենտրոնում դրված ոչ մեծ սեղանին սառույցով շամպայն է, որից նա օգտվում է:

... Այդ օրը Ջոն սովորականի պես եկավ, նստեց, իր մի գավաթ շամպայնը ըմպեց ու սեղանի գզրոցը քաշելով հանեց մի ատրճանակ, ստուգեց-զննեց, ապա տեղը դրեց. «Ամերիկան ազատ երկիր է» ասելով: Հետո իր փրկած-բարերարած տղեկից՝ Թոմից իմացավ մի Կիտիի մասին, որը բավական չէ, որ աշխատանք չունի եւ դեռ հալածվում է ոստիկան Բլիքի կողմից... Շուտով այստեղ է գալիս ինքը՝ Կիտին, ում հարգալից է ընդունում Ջոն, հյուրասիրում, հավասարի պես զրուցում... Առաջին անգամ Կիտին իրեն մարդ զգաց եւ ցանկացավ ինչ-որ կերպ փոխադարձել. «Չե՞ս պարի ինձ հետ»: Տարեց ու ծանրաշարժ Ջոն հրաժարվեց. չի կարող: Կիտին Աննա Էլբակյանն է. գոհ է, ամոքված հեռանում է: Բայց թատրոնի մարդիկ գիտեն, որ նա փութով հեռացավ, որպեսզի զգեստափոխվի ու վայրկյաններ անց ներկայանա որպես Թոմ. մեծ-մեծ ոտնամանները քարշ տալով հայտնվում է նա... Դժվար է մեծ գլխարկի մեջ թաղված, լայնփեշ հագուստով տասներեքամյա տղեկի դերում պատկերացնել քիչ առաջվա առինքնող աղջկան... Տղան շատ է սրտնեղած. հուզիչ ջերմեռանդությամբ կոշիկ է փայլեցնում ու ներքին խռովքից քիթը փստացնում: Խոսում է «գլխային ձայնով», բայց բավական է, որ Ջոն մի բան ցանկանաՙ ծտի պես թռչում է կատարելու... Տղան անկեղծ է իր բարերարի հետ եւ մղկտալով խոսում է Կիտիի ծանր կյանքի մասին... Եվ այն մասին, թե ինչպես է ոստիկան Բլիքը ամեն տեղից հալածում, չի թողնում, որ նա երգի... Այս տեսարանում Թոմը պատմում է իր հարազատներին կորցնելու եւ թշվառ մանկության մասին... Մանկություն, որն իր զուգահեռներն ունի հայ որբուկների հետ... Ջոն դրամ է տալիս, Թոմին ուղարկում գնումների ու մտքերի մեջ սուզված քաշում է սեղանի գզրոցը, հանում ատրճանակը, զննում, ասես քթի տակ ասելով. «Ամերիկան ազատ երկիր է»: Քիչ անց Ջո-Էլբակյանը կրկնում է. « Ամերիկան ազատ երկիր է », սակայն ենթատեքստային այնպիսի հագեցում կա, որ ասես նա վիճարկում է այդ միտքը: Ավելին՝ ասես նա ցանկացավ լռեցնել ներքին համառ մի ձայն, որը նրան հրեց-տարավ մինչեւ վճիռ ընդունելը... Դա առավել որոշակի դարձավ, երբ այստեղ հայտնված Կիտիի հետքով դրսից լսվեցին ոստիկանի սպառնալիքները... «Դինջ» ու անտարբեր թվացող Ջոն այլեւս չի կարող լռել. նա գազազում է, գոռգոռում, գիտե, որ եւս մի անմեղ է լինելու զոհը... «Ի՞նչ ես ուզում: Մարդիկ գալիս են այստեղ հանգստանալու. քի՞չ է, ուզո՞ւմ ես աշխարհը քեզ նման դարձնել. ավելի՞ վատը»: Սրանից հետո է, որ Ջո-Սարոյանը կրկին հիշում է ատրճանակը, հանում-զննում է... Գուցե նրա (նաեւ մեր) մտքով անցնում է չարին պատժելու գաղափարը: Հետո, երբ Կիտին դրսի աղմուկ-իրարանցումից հետո հաղորդում է, թե մթության մեջ մեկը կրակեց ու սպանեց Բլիքին, առաջինը, որ մեր մտքով անցնում է՝ Ջոն է... Բայց իսկույն էլ սթափվում ենք. մարդը մեր աչքի առաջ էր եւ տեղից չի շարժվել... Ուրեմն գտնվել է մի արդարամիտ մարդ եւս, որ արժանին է հատուցել չարագործին... Այստեղ կարծես Սարոյանը մեզ համար տրոհվում է Ջոյից ու մնում ինքը: Նրբորեն ու բանիմացորեն են մշակված այդ կերպարների «միացման ու տրոհման» սահմանագծերը: Դրամատիզմով ու ներքին հագեցումով աննման է Կիտի-Սարոյան հանդիպման վերջին տեսարանը:

Սարոյանն այստեղ է եկել արդեն վճիռ կայացրած. սրճարանը նվիրելու է Կիտիին՝ արժնավոր ու տաղանդավոր աղջկան, որպեսզի նպաստավոր հող ունենալով, կարողանա բացվել իր շնորհներով, իհարկե, նաեւ ապրել: Կիտիի երախտագիտությունը չափ-սահման չունի. պատրաստ է հավետ նվիրվել իր կյանքում հանդիպած այս եզակի մարդուն: Չէ՞ որ այլեւս ապահովված է ոչ միայն իր գոյությունը, այլեւ արտիստական կարիերան...

- Կպարե՞ս ինձ հետ...

Կիտիի հարցն ու ջերմաջերմ հայացքը կարծես հունից հանում են Էլբակյան-Սարոյանին: Չէ՞ որ աղջիկը չգիտի, բայց ինքը գիտի, որ սա վերջին հանդիպումն է, հետեւաբար վերջին ու միակ պարը... Տարեց ու դանդաղաշարժ Սարոյանը ելնում է տեղից, մոտենում եւ ասպետաբար գրկում Կիտիին... Կիտին երջանիկ ինքնամոռացման մեջ միաժամանակ սկսում է երգը...

Նրանք, ովքեր տեսան այս ներկայացումը, չեն մոռանա ներքին դրամայով ու բանաստեղծությամբ առլեցուն Սարոյան-Կիտի պարի տեսարանը. հոգեպարար մեղեդու տակ երկու միայնակ հոգիների միավորման, բարձրագույն ներդաշնակության, միմյանցով ապրելու, աշխարհն իրենց բարությամբ ու դաշնությամբ լցնելու, զորացնելու սքանչելի պահը, որ չես ուզում հատվի... Եվ հենց այս հարստությունն է պայմանավորում ավարտիՙ նրանց բաժանման մեր ցավն ու դառնությունը... Կիտին դեռ չգիտի, բայց մենք գիտենք, որ նրա համար սրբացած այս մարդը հեռանալու է առմիշտ: Մարդ, որի հանդեպ նրա զգացումները ոչ մեկին նման չեն... Զուր չէ, որ Կիտին նրան ընծայում է այն տարիներին շատ սիրված ու տարածված՝ Նաթին Քոլի երգըՙ «Կապտաչյա ու տարօրինակ տղայի մասին, ով ոչ ոքի նման չէր, գիտեր սիրել եւ իր սերը բաժանել մարդկանց...»: Աննա Էլբակյանն է երգում եւ շատ լավ է երգում (եւս մի առավելությունՙ դրամատիկ թատրոնի արտիստուհու համար, իսկ այս ամբողջ տեսարանի ընթացքում մեջընդմեջ լսվում են սարոյանական մարգարեությունները. «Ես ուսումնասիրում եմ կյանքը, եւ երբ տեսնում եմ մեկի հոգում բուն է դրել ազնվությունը, երբ պետք էր մահն ու ապականությունը բուն դրած լինեին, հավատում եմ, որ մեր կյանքը լի է անսպառ բարությամբ» :

«Ամենուր փնտրիր բարին ու հենց որ հայտնաբերեսՙ հանիր լույս աշխարհ իր թաքստոցից. թող այն լինի անկաշկանդ եւ չամաչի ինքն իրենից: Աչքի լույսի պես փայիր-փայփայիր ազնվության նշույլն անգամ, քանի որ դա է ընդդիմանում մահվանը: Չէ՞ որ ես անցավոր եմ»:

Այս պարը առաջինն ու վերջինն էր նրանց համար. նրանք հեռանալու են, թեեւ չես ուզում հավատալ եւ շարունակ ընկղմվում ես սարոյանական ազնվագույն խորհրդածությունների գիրկը...

«Ամենուր փնտրիր բարին, փնտրիր բարին...»:

... Գնացքի փնչոցի ու արձագանքի պես հնչող բառերով էլ ավարտվում է պատումը, թողնելով անհուն ու քնքուշ մի թախիծ, որը լույս ունի, ապրելու եւ ապրեցնելու տիեզերական լիցքեր...

Սարոյանն Էլբակյանների համար արվեստի մի տարածք է, որից դուրս նրանք չեն պատկերացնում իրենց կյանքը: Սարոյանական տարին ավարտվել է, սակայն Էլբակյանների համար այն շարունակվում է...

Նյութի աղբյուրը՝ ԱԶԳ / Մշակույթ / 06.06.2009

ՎԱՐՍԻԿ Գրիգորյան

485 հոգի