Սեղմիր
ԹԱՏԵՐԱՍԵՐԻ ԳՐԱՌՈՒՄՆԵՐ

Թատերագետներ ունեինք, որ ոչ մի նոր մտածողություն չէին հանդուրժում, հակառակը` պահանջում էին դասական գործերը բեմադրել և խաղալ վաղուց ծանոթ, և տրաֆարետ դարձած մաներայով: Նրանք էին, որ անձամբ իրենց դեմ մարտահրավեր համարեցին «Պեպոյի» աբրահամյանական բեմադրությունը... Ի~նչ աղմուկ բարձրացրին... Նորին Գերազանցություն Միջակությունները, այս դեպքում հոգնակի թվով, արագ միավորվում՝ բանակ են կազմում մի դեպքում միայն՝ երբ վիրավորված է իրենց Ն. Գ. Միջակությունը, երբ հակառակորդը այնքան բարձր է, որ չի երևում «ցածրություններին»...

Քննադատներին միացան այն ռեժիսորները, որոնք Խորիկի ստվերի տակ էին, և դերասանները: Որոշիչ էր նաև այն հանգամանքը, որ նրանցից ամեն մեկի համար շա՜տ բարձր պատիվ էր Նրան հակառակորդ ունենալը... Արդյունքում՝ Թատրոնն ու Հանդիսատեսը կորցրին իրենց Արտիստին... Երևանի թատերական կյանքն ամայացավ:

Խորեն Աբրահամյանի դեմ հյուսված «ընդդիմության» առաջնորդ Նիկոլայ Ծատուրյանի հարցազրույցներից հասկանում ենք, որ նա «Պեպոյի» առաջնախաղի ընթացքում ոչ թե հետևել է բեմում ծավալվող գործողություններին, այլ՝ կառավարական օթյակում բազմած կուսակցական մեծամեծերի միմիկային ու ժեստիկուլյացիային: Խորեն Աբրահամյանը թողեց թատրոնն ու մեկնեց Լենինական: Սունդուկյանի անվ․ ակադեմիականն ամայացավ: Միաժամանակ հրաշալի հնարավորություն ստեղծվեց միահամուռ ուժերով ազատված բեմահարթակն օգտագործելու, և Խ․ Ա - ին ապացուցելու, որ կա այլընտրանք, կա հակառակ կոնցեպտ, որը վերջապես հնար ունի բեմական տարածքի վրա կերպավորվելու ․ ․ ․  ԵՎ զարմանալի բան՝ ոչ ոք փորձ իսկ չարեց գրավել միասնական ջանքերով ազատագրված ակադեմիական թատրոնի «դատարկ տարածությունը», կարծես իրենց խնդիրը Խորիկից Հայ բեմն ազատելն էր, և ուրիշ ոչինչ...

Սուրբ տեղը դատարկ չի մնում: Երևանյան թատրոններում Խորիկի հեռանալուց հետո բազում պրեմյերաներ եղան, շատ բեմադրիչներ փորձեցին ստեղծել մնայուն արժեքներ, արժանանալ Սունդուկյանի ակադեմիական թատրոնի լիդերը դառնալու պատվին, բայց ցավով եմ արձանագրում, նշանակալից բեմադրություն չեղավ, ոչ մեկը թատերական կյանքի իրադարձություն չդարձավ: Շատ շուտով սկիզբ առան շշուկներ, որ Խորեն Աբրահամյանին վտարողները սկսել են Լենինական գնալ գալ, որ Խորիկին տեսնեն, ու բացի կարոտներն առնելուց համոզեն ետ վերադառնալ: Ակադեմիական թատրոնին արժանի բեմադրություն եղավ «Ոճրագործի ընտանիքը» նույն Խորեն Աբրահամյանի ընթերցմամբ ու գլխավոր դերի կատարմամբ:

13.07.2013

ԱՆԱՀԻՏ Մարգարյան

679 հոգի