Սեղմիր
ԱՆՄԵՂ ՄԵՂԱՎՈՐՆԵՐԸ

11.07.2021  03:31

Ֆրանսիացի ժամանակակից դրամատուրգ Ֆլորանս Զելլերի «Սուտը» կատակերգության բեմադրությունը Համազգայինի թատրոնում մեզ տանում է բեմարվեստի այն արահետով, որը մարդու մասին է` մարդկային հրապուրիչ լեզվով և միշտ ժամանակակից: Լիոնաբնակ երևանցի Սաթե Խաչատրյանը արդեն որերորդ տարին է` իր հրաշալի թարգմանություններով և բեմադրություններով հայ հանդիսատեսին ծանոթացնում է ֆրանսիական արդի դրամատուրգիայի հետ:

«Սուտը» պիեսի բեմադրությունը Համազգայինի թատրոնում խաղ է, որը բեմադրիչը հանդիսատեսին է մատուցում մարաթոնի սրընթաց ռիթմով: Խաղի մասնակիցներն ամուսնական երկու զույգ են: Քառանկյան արտաքին փոխհարաբերություններում է պտտվում սուտը, իսկ խորքում թաքնված է ճշմարտությունը: Հիմնական գործող անձինք երկուսն են` Ալիս-Նարինե Գրիգորյանը և Փոլ-Դավիթ Հակոբյանը: Մյուս երկուսը` Միշել-Սերգեյ Թովմասյան, Լորանս-Մարիա Սեյրանյան, իրենց ներկայությամբ էպիզոդիկ դեմքեր են` հիմնական կոնֆլիկտի տարբեր կողմերում անորոշ-որոշակի հարաբերություններով հանգրվանած: Անորոշն ու որոշակին բեմադրիչի ձեռքին գործիքներ են դառնում խաղը սադրանքներով թեժացնելու համար: Վերջինիս իրոնիկ հայացքը անթաքույց երևում է դերասանների խաղի իրար փոխանցող հակադիր զգացմունքային գամմաների ետևում:

Ժամանակակից բնակարան պատկերող ինտերիեր` հարմարավետ բազմոցով ու բազկաթոռներով, պատերին փակցված տաքուկ պաստառներ: Լարված ու մտազբաղ կինը ամուսնու հարցերին ցրված պատասխաններ է տալիս: Կնոջ առաջարկը` չեղարկել ընթրիքը հրավիրյալ զույգի հետ, ամուսնու համար իսկական «բոց» է դառնում: Հանգույցը գցված է, մնում է հասկանալ զույգի բուռն արձագանքների տրամաբանությունը: Դ. Հակոբյանի հերոսը կյանքի ու մահվան կռիվ է տալիս ընթրիքի չեղարկման դեմ: Ալիսը սակայն վրդովված է, որ ամուսնու ընկերը, ում կնոջ հետ միասին հրավիրել էին ընթրիքի, փողոցում համբուրվելիս է եղել ուրիշ մեկի հետ…

Հանդիսատեսը փորձում է գուշակել հերոսների փոթորկահույզ վարքագծի դրդապատճառը, սակայն ամեն ինչ ավելի է խառնվում հյուրերի ժամանումով: Արդյո՞ք Ալիսը կասկածում է ամուսնուն դավաճանության մեջ, թե պարզապես խանդել է սիրեկանին, ով ընթրիքի հրավիրված Միշելն էր` ամուսնու ընկերը: Գուցե թե՛ մեկը, թե՛ մյուսը: Հերոսները մի քանի անգամ խաղաքարտերը խառնում են` հանդիսատեսին թողնելով սեփական վարկածի մտորումների մեջ:

Ընթրիքի տեսարանը կարևորվում է` նաև ընթանալով բեմի վրա տեղադրված հարթակի վրա: Այնպիսի եռանդով է Ալիս-Ն. Գրիգորյանը առանց անուններ տալու պատմում իրեն ցնցած համբույրի տեսարանի մասին… սակայն ամուսնու շփոթված վարքագիծը` պատմությունը կոծկելու միամիտ ջանքերով, կասկածներն ուրիշ կողմ են տանում: Եթե Դ. Հակոբյանի հերոսը նույնիսկ զայրույթի մեջ խեղճացած ու այդքան էլ հմուտ խաղացող չէ, ապա Ն.Գրիգորյանի հերոսուհին նրա հակոտնյան է` սուտը ճշմարտությունից զատելու կամ իրար խառնելու նախաձեռնությունն ամբողջությամբ իր ուժեղ ձեռքերի մեջ առած: Դերասանները վարպետորեն են ներկայացնում իրենց առջև դրված խնդիրը, ընդ որում, ստի և ճշմարտության բևեռային շառավղին բնորոշ պոռթկումների փայլուն զիգզագներով: Հետևում է ամուսնու խոստովանությունը դավաճանության մասին, ապա կնոջ կողմից համապատասխան հակադարձումը; Երկկողմանի խանդի տեսարաններ` ճշմարտությունը կամ գուցե սուտը իրար երեսի շպրտելու կտրուկ շրջադարձերով: Ամուսինները հերթով հայտնվում են ստի քողարկման ու ճշմարտության բացահայտման խճողված ծուղակներում:

Եթե սուտը այս զույգերի ընտանեկան կյանքում ձևական փոխհարաբերություններ էր գծել (Միշել-Սերգեյ Թովմասյանն այդ տրամաբանությամբ առիթը բաց չէր թողնում իր տիկնոջ ձեռքը համբուրելու), ապա ճշմարտությունը փլուզում է հերոսների անդորրն ու սիրո պատրանքը: Սուտը քողարկված ճշմարտությո՞ւնն է, գուցե այդ է պատճառը, որ երկու դեպքում էլ օտարման կոտրված տաշտակի առաջ ես հայտնվում: Սակայն ամեն ինչ այդքան պարզ չէ, ինչպես կարծում ենք: Բեմադրիչը չի հեռանում գծված խաղի կանոններից. երբ ֆինալում հերոսներն իրար վրա գինի են շպրտում, չես հասկանում` վերջնագի՞ր է սա, թե՞ խաղի հերթական նոր փուլ, որտեղ Սուտը` որպես գլխավոր հերոս, նոր որոգայթներ է հյուսելու:

Նյութի աղբյուրը՝ ԳՐԱԿԱՆ ԹԵՐԹ 28.11.2019

ՆԱՐԻՆԵ Սարգսյան

778 հոգի