Սեղմիր
ԱՆՄԵՂ ՄԵՂԱՎՈՐՆԵՐԸ

07.07.2021 23:39

Հայ ժամանակակից դրամատուրգիան հազվադեպ է հայ թատրոնների խաղացանկում տեղ գտնում։ Նկատելի է, որ այն ժամանակակից պիեսները, որոնք բեմական կյանք են ստանում, շատ հաճախ երկու ծայրահեղությունների արանքում են հայտնվում. կամ ընտրում են վերացական-սիմվոլիստական ոճը, կամ էլ կենցաղային-ծիծաղաշարժ ֆորման։ Եվ երկու դեպքում էլ պսեւդոթատերային տարածք են ստեղծում՝ փորձելով կամ կյանքից կտրվել ու այլաբանությունների գիրկն ընկնել, կամ էլ արհեստականորեն որքան կարելի է խորը սուզվել կյանքի առօրյայի մեջ։ Եվ երկու դեպքերում էլ կյանքը դադարում է ճանաչելի լինել։ Պարզ մարդկային պատմությունները որպես հումք շատ քիչ դրամատուրգներ են օգտագործում։ Իսկ ճանաչելի «հումքը» թատրոնում շատ կարեւոր գործոն է. դա հենակետ է, որի վրա կարելի է որքան ուզես սիմվոլիստական ընդհանրացումներ շարել եւ ներկայի ու հավերժի միջեւ կամուրջ-ակնարկներ կառուցել։ Ճանաչելի հումքի բացակայությունը անարդյունք է դարձնում ցանկացած հանճարեղ դերասանի խաղն ու ռեժիսորի նորարար ճիգերը։ Կարճ ասած՝ պետք է խաղալու բան լինի, որպեսզի ներկայացումը ստացվի։ Եթե հերոսների մաշկի մեջ դերասանն իրեն անհարմարավետ է զգում, չի գտնում այն «միսն ու արյունը», որի հետ պետք է նույնանա, նա չի կարող նաեւ փոխանցել իր հերոսի մտքերը։ Հայ բեմի «անկենդանության» պատճառը թերեւս հենց «կենդանի» հումքի պակասն է։ Իհարկե, կենդանությունը կարելի է գտնել այլազգի դրամատուրգների գործերում՝ ադապտացնելով դրանք մեր իրականությանը (նույնիսկ փոխելով հերոսների անուններն ու գործողության վայրը), սակայն ազգային թատրոնը դրանից անկասկած տուժում է, քանի որ այսօր բեմի համար գրված ու այսօր էլ բեմից հնչեցրած խոսքը կարող է այնպես «զրնգալ», ինչպես չի կարող անել բանաստեղծական հավաքածուներում կամ հրապարակախոսական շարքերում։ Թատրոնը բոլոր ժամանակներում էլ եղել է կյանքի արտացոլքը՝ գումարած մի փոքր ավելին։ Ավելին գալիս է հետո։ Բայց ի սկզբանե այն կյանք է, եւ ոչ թե կյանքի ծիծաղակորզիչ «հատակը» կամ յոթերորդ երկնքում սավառնող երազների ցուցադրումը։

Թե որքան է հայ բեմը ժամանակակից հայ դրամատուրգիայի կարոտը զգում, հասկանում ես Համազգային թատրոնի «Կարմիր կամ չինական պարիսպ» ներկայացումը դիտելիս։ Այս ներկայացման հիմքը լավ դրամատուրգիական նյութն է, որը լայն հնարավորություններ է բացում դերասանների առջեւ։ Սա, իրոք, թատերական պիես է, այլ ոչ թե որեւէ գրական ստեղծագործության հարմարեցում-բեմականացում։ Այստեղ հենց տեքստն է իրավիճակներ ստեղծում ու բնավորություններ գծում։ Իսկ դերասաններին մնում է միայն հաճույքով «խաղալ» այս տեքստի հետ եւ արդեն իրենց շնորհքի չափով՝ դեր կառուցել։ Պիեսի հեղինակ Ռուբեն Հովսեփյանը շատ հստակ ու ժամանակի ստուգումն անցած սյուժե է գծել. հանդիպում են երկու մարդ, որոնք ավելի շատ անցյալի հուշեր ունեն, քան սպասելիք։ Կինն ու տղամարդը, թոշակի անցած օպերային երգչուհին եւ զորացրված գեներալը հայտնվում են մի ամայի ու ձյունածածկ հանգստյան տանը ու հանգամանքների բերումով ստիպված են միասին անցկացնել մի քանի օր։ Նրանց մնում է միայն խոսելով՝ հիշել եւ հիշելով՝ խոսել։ Կնոջ ու Տղամարդու խոսակցությունները սովորաբար նմանվում են կիսասեթեւեթ, կիսակրքոտ պայքարի, մանավանդ, երբ գործում է պատահական ուղեկցորդի սինդրոմը (պատահական մարդու առջեւ սիրտը բացելն ավելի հեշտ է): Եվ այս երկու մարդիկ հենց նման պայքարի միջոցով էլ կարողանում են իրենց սեփական միայնության հետ հաշտվել, չէ՞ որ, երբ զրուցակից ունես, արդեն միայնակ չես:

Կինը (Արսինե Նավասարդյան), որը տարիներ առաջ օպերային բեմում Կարմենի դերերգն է կատարել, այսօր էլ` մոռացված ու միայնակ վիճակում լինելով, վստահ է, որ ցանկացած կնոջ սրտում մի Կարմեն է նիրհում: Պարզապես անգործ գեներալին (Լեւոն Ղազարյան) պետք է կարողանալ համոզել, որ նա իրականում ոչ թե բորշչ ուտող, փնթփնթան թոշակառու է, այլ` կրքոտ Խոսե: Եվ կինը սկսում է համոզել, քայլ առ քայլ ու համառությամբ: Տղամարդուն համոզելն ընդհանրապես հեշտ է, եթե համոզեցիր, նա իրեն երջանիկ կզգա: «Կարմիր կամ չինական պարիսպ» պիեսում Ռ.Հովսեփյանը առանձնահատուկ նուրբ ու խորը շերտերով է օժտել իր Կարմենին: Այն Կարմենին, որը պատրաստ է գնալ անտառում ապրող պատգամավոր-միլիոնատիրոջ պարսպապատ դղյակն ու ձնագնդիներով հարվածել տեսախցիկներին` պահանջելով քանդել պարիսպն ու դուրս գալ զնդան-թաքստոցից: Եվ նույնիսկ կարող է խորամանկությանը դիմելով` համոզել գեներալին անպաշտպան կենդանիներին սպանելու փոխարեն` օպերա լսել, իսկ հաջորդ օրն էլ դրդել պարիսպը քանդող գործիք նախագծել: Ռ.Հովսեփյանի ստեղծած այս կանացի կերպարը այնքան բազմաշերտ ու ճանաչելի է, որ ցանկացած դերասանուհի կերազեր այն իր վրա փորձարկել: Ա.Նավասարդյանը դա անում է անթաքույց հավեսով: Զգում ես, թե որքան երջանիկ է դերասանը, երբ խաղալու ու գունավորելու նյութ է ունենում: Ռ Հովսեփյանը նշում է, որ կանացի այս կերպարի նախատիպը իր համար հանդիսացել է մեր փայլուն երգչուհիներից մեկը՝ Տաթեւիկ Սազանդարյանը, ում հետ գրողը հաճախ էր հանդիպում Դիլիջանի հանգստյան տներից մեկում: «Հատուկ չեմ ընդգծել Տաթեւիկի հետ նմանությունը, սակայն, երբ գրում էի պիեսը, նա կարծես իմ աչքի առաջ էր»,- ասում է նա:

Իր բնույթով շատ կամերային, կիսատոնային այս պիեսը` իրար խառնելով կյանքն ու թատրոնը (բեմ չունեցող Կարմենին ու բանակ չունեցող գեներալին), բնավ էլ վիրտուալ իրականություն չի ստեղծում: Այն, ինչը կատարվում է բեմում, այսօրվա հայաստանյան պատկերն է: Պարզապես շեշտադրումներն են ճիշտ, ինչի շնորհիվ բեմից դուրս տեղի ունեցող բանակի ունեցվածքի վաճառքը, կոռումպացված անձերի կամ խոզ վաճառելու շնորհիվ հարստացած փոքրիկ իշխանիկ-պատգամավորների ծլարձակումը ընդամենը ակնարկվող ֆոն է, որը ուրվագծվում է հաշվարկված չափաբաժնով: Ճիշտ այնքան, որքան հարկավոր է բալզակյան տարիքի հասած հայուհու մեջ ժամանակակից ըմբոստ Կարմեն տեսնել, իսկ սեփական քանդակը պատվիրող պատգամավորի նմանակը դարձնել իսպանացի հավակնոտ կայսրին: Սա թատրոն է, այսինքն` կյանք ու մի քիչ էլ ավելի: Ավելին կախված է դերասաններից:

Ի դեպ` Համազգային թատրոնը բեմադրելով այս պիեսը՝ փորձել է պարային ու մնջախաղային հատվածներ ներմուծել, ինչը ոչ թե օգնել, այլ խանգարել է ներկայացմանը` դիտվելով որպես ավելորդություն: Երբ բեմում իրական դիալոգ է տեղի ունենում, զրույցին միջամտել (այն թեթեւամարս դարձնելու մղումով) հարկավոր չէ: Իսկ պարիսպները միշտ էլ կան.. Հին-չինակա՞ն լինեն, թե՞ հայ-օլիգարխիկ, դրանք միշտ էլ կառուցելու ու քանդելու ցանկություն են առաջացնելու: Ռ.Հովսեփյանի այս պիեսում չինական պարիսպը սկիզբ է առնում պատմությունից եւ գալիս հասնում է Կնոջ ու Տղամարդու` միմյանց հետ շփվելու ցանկությանը: Երբ հանդիպում են երկուսը, պարիսպներն ինքնաբերաբար փլվում են:

Նյութի աղբյուրը՝ 168.am / 28.03.2010

ՆՈւՆԵ Հախվերդյան

556 հոգի