07.07.2021 03:29
Դասականներին նորովի մատուցելու, գաղափարական եւ գեղարվեստական նորահայտնությունների ծիրի մեջ նրանց բեմադրելու մղումները պետք է ողջունել, քանզի դասականները կաղապարներ ու շղթաներ չեն: Ժամանակակից բեմարվեստն էլ մեծ տեղ է հատկացնում փորձարարությանը, արդեն ծանոթ ստեղծագործության մեջ նոր շերտեր բացահայտելու եւ գեղագիտական նոր վճիռներով ներկայացնելու մղումներին: Այսպես են արդիական ու ժամանակակից դառնում դասականները, այսպես է նորանում թատրոնը: Ամեն մի փորձարարություն պիտի ունենա իր գեղարվեստական եւ գաղափարական բացատրությունը, իր հիմնավորումը, գեղագիտական նոր սկզբունքներ հաստատելու պատճառաբանությունը: Սակայն երբ ռեժիսորական աղճատված «երեւակայությունը» փորձում է արդեն դասական դարձած ստեղծագործությունը վերաձեւել սեփական հակաթեզերի վրա, երբ գավառական մոդեռնը դառնում է տիրապետող, ապա դասականները հայտնվում են յուրատեսակ թիրախի դերում՝ իրենց վրա առնելով ձախավեր ու չկայացած «նորարարների» մերժելի «փորձարարության» հարվածները… Նման «փորձարարության» թիրախ է դարձել նաեւ նշանավոր Վիլյամ Սարոյանը՝ Վանաձորի Հովհ. Աբելյանի անվան դրամատիկական թատրոնում, որտեղ բեմադրիչ Ջանիկ Ավետիսյանը հանդիսատեսին է հանձնել «Հեյ, ով կա» պիեսի բեմադրությունը՝ իր «փորձարարության» մեջ հասնելով զավեշտի ու խոր գավառականության սահմաններին:
Վ. Սարոյանի այս պիեսը նշանավոր գրողի դրամատիկական նվաճումներից չէ, երբեք չի կարող տեղ զբաղեցնել «Իմ սիրտը լեռներում է», «Ձեր կյանքի ժամանակը» կամ «Կոտորածն անմեղաց» պիեսների կողքին, սակայն իր ուշագրավ-ինքնատիպ կամերային լուծումներով, կոմպոզիցիայի ամբողջականությամբ, բարձրացված գաղափարական եւ հոգեբանական հիմնախնդիրներով գրավել է շատերին, բեմադրվել բազմաթիվ անգամներ, դարձել գեղարվեստական ֆիլմի ու բալետային ստեղծագործության առանցք: Վիլյամ Սարոյանն իր թատերագրական դիտումների ու հաստատումների մեջ չունեցավ շռնդալից հաջողություններ, սեփական թատերական գեղագիտություն ստեղծելու նրա ջանքերը հաջողությամբ չպսակվեցին, քանզի հատկապես 1930-40-ականների ամերիկյան թատրոնն այլ սկզբունքներով էր առաջնորդվում, սակայն ուսանողական-ստուդիական թատրոնների համար գրված սարոյանական պիեսներն առանձնացան ձեւի ու բովանդակության յուրատիպություններով, ներքին ահռելի հոգեբանականությամբ, որոնք էլ հակադրվում էին մասնավորաբար նորանգլիական բեմական գրականության շեշտված իրապաշտականությանն ու սենտիմենտալ դրսեւորումներին, գորկիական-չեխովյան ավանդույթների տեղայնացումներին: Վիլյամ Սարոյանը մղվում էր դեպի գեղարվեստական էքսպերիմենտը, մասնավորաբար կամերային լուծումները՝ այսպես առաջին հերթին զբաղվելով իր ստեղծած տիպարների հոգեվերլուծությամբ, հոգեբանական «անհարմարավետության» պրոբլեմների հետազոտմամբ:
Ընտրելով ժամանակի ու ողջ ամերիկյան թատերգության համար առաջնային ու հիմնորոշ գոյափիլիսոփայական հակումների սկզբունքը, Վ. Սարոյանը հաստատում է գոյության փիլիսոփայական խորհուրդը, իր հերոսների միջոցով ընդվզում կյանքի անիմաստության եւ անհեթեթության դեմ, երբեմն հոռետեսությունը դարձնելով նրանց համար ապրելաձեւ ու փիլիսոփայություն՝ հաստատում անելանելիության գոյապաշտական իդեալը: Այս առումով «Հեյ, ով կա» պիեսը, որը կարող ենք նաեւ փոքր ողբերգություն կոչել, ամբողջապես արտացոլում է սարոյանական գեղարվեստական եւ գաղափարական միտումները եւ դառնում ուշագրավ ծրագրային ստեղծագործություն: Ուստի, պիեսին ցանկացած անդրադարձ պիտի վեր հանի սարոյանական միտումներն ու գեղարվեստական մտահղացումը, ապա նոր մղվի արդիականացման, մանավանդ որ՝ Սարոյանի թատերգությունն ամբողջապես շարժման ու նորի ձեւավորման արտահայտությունն է: Հենց արդիականացմանն է վերաբերելու մեր դիտումը, քանզի գրողին յուրովի մատուցելու, իբրեւ թե նոր շերտեր հայտնաբերելու ճանապարհին են տեղի ունեցել զարհուրելի ձեւախեղումներ եւ բովանդակային աղավաղումներ, որոնք էլ սարոյանական ստեղծագործությունը վերածել են բալագանային ֆարսի:
Մեծն Պարույր Սեւակն իր հոդվածներից մեկը «Նորարարություն եւ նորամոլություն» էր կոչել՝ այսպես յուրօրինակ դաս տալով բոլոր նրանց, ովքեր տառապում են նորամոլությամբ, ինքնատիպ երեւալու մարմաջով՝ չհասկանալով եւ չըմբռնելով, որ այդպես ոչ միայն խեղաթյուրում են արդեն դասականության կնիքն ունեցող այլոց ստեղծագործությունները, այլեւ իրենք են հայտնվում ողորմելի վիճակում՝ ի ցույց դնելով ոչ արհեստավարժությունն ու խղճուկ «երեւակայությունը»: Հենց այս վիճակում է հայտնվել վանաձորյան բեմադրության հեղինակ Ջանիկ Ավետիսյանը, որը ոչ միայն ի ցույց է դրել սարոյանական թատերգության չիմացությունը, այլեւ ռեժիսուրայում իր ընդգծված դիլետանտիզմը, որը, հավանաբար, տարիներ շարունակ պարտակված մի հատկանիշ էր, որն ի վերջո պիտի հայտածվեր: Ջանիկ Ավետիսյանը սարոյանական ստեղծագործությունն ընթերցել է որպես ծերունի մարդկանց չստացված սիրո պատմություն՝ հավանաբար երկը շփոթելով այլ հեղինակների պիեսների հետ: Եվ ոչ միայն չստացված սիրո պատմություն: Բեմական պատումը ամերիկյան մի քաղաքում հայտնված հայ ծերունու մասին է, որի խլյակ դարձած մարմինը մի կերպ է պահում ինքզինքը պարաններից կախված, սակայն նա մեղադրվում է… զանգվածային բռնաբարություններ իրականացնելու մեջ: Նրա հայրենիքը Սան Ֆրանցիսկոն է, որը, ըստ Ջանիկ Ավետիսյանի, հայ աշխարհ է ու հայկական քաղաք, որտեղից կռունկի երգն է կանչում իրեն՝ այսպես բռնության ու մենակության սարոյանական ողբերգությունը վերածելով պանդխտության մասին էլեգիայի: Դրամատուրգիական պատումի ու կոմպոզիցիայի նմանօրինակ վերաձեւումն ու «վերակերտումը» գուցե ընդունելի լիներ, եթե պիեսի հեղինակն ինքը բեմադրիչը լիներ, սակայն Սարոյանը հավանաբար այնքան միամիտ չէր, որ իր ստեղծագործության մեջ չէր ներառել հայկական թեման, որ գրել էր պիես անտարբեր ու չար աշխարհում մենակ գտնվող մարդու մասին, որն անօգնական է, անզոր:
Սարոյանի ստեղծագործության գաղափարական բարձրակետը կենտրոնացած է Տղա-Աղջիկ երկխոսության մեջ: Ընդամենը բեմադրիչից պահանջվում էր ընկալել ու հասկանալ երկխոսությունը եւ այն դարձնել ռեժիսորական կոմպոզիցիայի առանցք՝ այսպես մոտենալու համար ստեղծագործության սարոյանական շեշտին ու հավատամքին: Սակայն Ջանիկ Ավետիսյանը որոշել է «սրբագրել» Սարոյանին՝ երեւի կարդացած լինելով ռուս մեծ բեմադրիչ Ան. Էֆրոսի այն միտքը, թե՝ «Այսօր բեմադրել Մոլյեր, չի նշանակում միայն Մոլյեր, ավելի ճիշտ՝ ոչ միայն Մոլյեր»: Նշեցինք, որ Ջանիկ Ավետիսյանի բեմադրության մեջ Տղայի փոխարեն՝ զառամյալ ծերունի է: Այս դերը կատարում է թատրոնի եւ կինոյի ճանաչված վարպետ Վրույր Հարությունյանը՝ ձգտելով համոզել ու հիմնավորել իր ստեղծած բեմատիպարի հոգեբանական նկարագիրը, սակայն դերասանի ստեղծած կերպարի հոգեբանական հավաստիությունը հակադրության մեջ է մտնում սարոյանական տեքստի ու հեղինակային բեմավիճակի հետ, քանզի այս հերոսի ողջ գերխնդիրը մենակության փարատումն է, «Մի՞թե լավ բան է անվերջ թրեւել փողոցներում եւ սրան-նրան մտիկ տալ: Մարդ պետք է միշտ մեկին ունենա իր կողքին, թե ձմռանը, երբ ցուրտ է, թե գարնանը, երբ հաճելի եղանակ է, թե ամռանը, երբ շոգ է եւ կարելի է լողանալ: Մարդ պետք է բոլոր ժամանակներում` անձրեւին, ձյունին եւ ամեն տեսակ եղանակին միշտ մեկին ունենա իր կողքին, որ նրա հետ միասին քայլի մինչեւ գերեզման: Եվ պետք է ունենալ լավ մարդուն: Մեկին, որ իմանալով հանդերձ, որ դու վատն ես, այնուամենայնիվ, սիրում է քեզ: Ես գիտեմ, որ ես վատն եմ, բայց ինչ կարող եմ անել: Եթե դու ինձ հետ գաս, ես կլինեմ աշխարհի ամենաերջանիկ մարդը: Ես կդադարեմ այլեւս վատ մարդ լինելուց…»: Սա է կերպարի եւ ողջ ստեղծագործության գաղափարական կենտրոնացումը, Սարոյանն այս միտքն է դրել շարժման մեջ եւ դրամատուրգիական կոմպոզիցիան կառուցել նրա շուրջ՝ բացառելով ածանցյալ թեմաների առկայությունը, քանզի ընդգծված կամերայնությամբ ակնառու դարձող ստեղծագործությունը գրված է մենադրամայի սկզբունքով, ուր չկան զարգացող իրադարձություններ եւ ճյուղավորվող դրամատիկական վիճակներ: Աղջիկն այս պիեսում միջոց է, գրեթե երկրորդ ես-ը հերոսի, որի ներկայությունը մեծացնում է մենակության ու բռնության թեման, առաջադրում սերն իբրեւ փրկություն:
Ուշագրավ է Սարոյանի մտահղացումը: Երկու երիտասարդ ու անփորձ մարդ հայտնվել է անտարբեր ու չար աշխարհում եւ կամենում է ինքնահաստատվել, կամենում է գտնել երջանկությունը: Առավել պարզ ու մեկին անհնար էր գրել, սակայն Ջանիկ Ավետիսյանը Աղջկա դերում բեմ է բերել 60-ամյա դերասանուհի Սոֆիա Սողոմոնյանին, որը, թերեւս, շնորհալի է որպես բնութագրական-կենցաղային դերասանուհի, որպես ուժեղ բնավորությունների մարմնավորող: Կոկլեն Ավագը շեշտում է այն միտքը, որ դերասանին պետք է խելքի այն մասը, որն անհրաժեշտ է իր մասնագիտությանը: Պետք էր Կոկլենին լավ ուսումնասիրել եւ չխաղալ մի դեր, որը դերասանուհուն դնում է ծիծաղելի վիճակների մեջ: Լեն ու լմփոշ շորերի մեջ ծրարված այս խոհարարուհին սարոյանական լուսավոր կերպարը չէ, անփորձությունից կուչ եկող աղջիկը չէ: Չնայած դերասանուհին, մոռանալով ռեժիսորական «մեկնաբանության» մասին, կերկերուն ձայնով փորձում է բեմում պատկերել շեքսպիրյան Ջուլիետին՝ հավանաբար վրեժխնդիր լինելով այս թատրոնում «Ռոմեո եւ Ջուլիետը» բեմ բերած բեմադրիչից, որն իրեն Դայակի, ոչ թե Ջուլիետի դերում էր տեսել… Ողբերգությունը վերածվում է բալագանի, երբ տեսնում ես կաշվից դուրս եկող եւ սիրողական բեմերին այնքան հատուկ խաղային հնարքներ դերասանուհու կատարման մեջ… Վիլյամ Սարոյանը բարի հեղինակ էր ու բարի մարդ: Եթե նայեր վանաձորյան այս բեմադրությունը՝ գուցե չչարանար, այլ իրեն հատուկ հումորով ժպտար: Բայց հանդիսատեսը հաստատ չի ժպտա…
Նյութի աղբյուրը՝ ԱՌԱՎՈՏ 12.12.2014