Սեղմիր
ԹԱՏԵՐԱՍԵՐԻ ԳՐԱՌՈՒՄՆԵՐ

Մհեր Մկրտչյանի ծննդյան օրն է: Հոբելյանական տարեթիվ է, բայց նրա տարիքն այլևս էական չէ, որովհետև լեգենդը տարիք չունի: Մհեր Մկրտչյանը ամենամեծ հայ արտիստն էր, որին ողջ տեսել եմ: Ժամանակին շատ էի տպավորված նրա դերակատարումից Մարսել Պանյոլի «Հացագործին կինը» պիեսի բեմադրության մեջ և մտադրվեցի անպայման գրել ներկայացման մասին:

«Հացագործին կինը» մի քանի անգամ նայելուց հետո այնքան նշումներ ու գրառումներ արեցի, այնքան հավելյալ գրականություն կարդացի, որ մի ամբողջ գրքի նյութ հավաքվեց: Բայց Մհեր Մկրտչյանի արվեստը՝ անպատմելի մի բան, խոսքերով վերարտադրելու անզորության զգացումն այդպես էլ չթողեց, որ գիրքը կյանք առնի: Հետո նա հեռացավ մեր աշխարհից: Իմ չգրված գրքի փոխարեն ծնվեց մի փոքրիկ տեքստ:

Ռուս փիլիսոփա Ռոզանովը գրել է. «Երկու հրեշտակ են նստած ուսերիս` ծիծաղի հրեշտակն ու արցունքների հրեշտակը: Նրանց մշտական բանակռիվը իմ կյանքն է»: Հրեշտակների այդ բանակռիվը Մհեր Մկրտչյանի թե՛ կյանքն էր, թե՛ արվեստը:

Նա Պիեռոն էր Առլեքինի հանդերձանքով: Տրուբադուր էր սատիրի գլխով: Կատակերգու, որ ողբերգակի ինքնազգացողություն ուներ, ինչպես շեքսպիրյան խեղկատակը: Զվարճանքի աստված Կոմոսը այդ Ռոմեոյի դեմքին դրոշմել էր իր դիմակը: Նա Դոն Կիխոտն էր և Սանչո Պանսան մի անձի մեջ: Ֆելլինիի նկարագրած Տոտոյի նման քեզ էր հառում իր «հեզ աչքերը՝ մեծ ծիծեռնակի, ոգեհարցուկի, հարյուրամյա մանկան, խելացնոր հրեշտակի աչքեր»:

Նրբաբանությունների (oքսիմորոնը՝ հայերեն) այս շարանը կարելի է անվերջ շարունակել, բայց դրանք միայն կհավաստեն Մհեր Մկրտչյան արտիստի անորսալի էությունը: Ամենաճշգրիտ բանաձևումներն անգամ այնքան խղճուկ են թվում այդ անորսալի-անբացատրելին մեկնելու համար, որ թևերդ ես անզոր տարածում: Դա անզորության այն ծայրակետն է, ուր «աբսուրդի արքա» Էժեն Իոնեսկոն «Աթոռները» տրագիֆարսում զետեղում է իր Հռետորին:

Նա պարզապես համր է: Ուրեմն՝ նույնքան անկարող, որքան թռչունները Կուրթ Վոնեգութի «Սպանդանոց համար հինգ»-ում, որովհետև «թռչուններն ի՞նչ կարող են ասել». «ընդամենը ինչ-որ պի-ծի-ֆի՞ծ», թե՞ սրա նման անհոդաբաշխ մի բան իրենց թռչնային լեզվով: Արժե՞ ծտային անճարակությամբ այսպես «պիծի-ֆիծ» ճռվողելու համար պրպտել հրաշքի մեխանիկան՝ ձգտելով ճեղքել անբացատրելիի խեցին:

Մհեր Մկրտչյանը վերջինն էր անասելի մեծ արտիստների զարմից և գնաց Սիրանո դը Բերժըրակի պես՝ իր գաղտնիքը տանելով իր հետ: Նրա վերջին դերը Մարսել Պանյոլի «Հացագործին կինը» պիեսում իր բոլոր խաղացած ու չխաղացած դերերի հանրագումարն էր, նրա չիմացված-չիրացված-չպարպված մեծության վերջին հավաստիքը:

04.07.2020

ԶԱՎԵՆ Բոյաջյան

783 հոգի