Սեղմիր
ԹԱՏԵՐԱՍԵՐԻ ԳՐԱՌՈՒՄՆԵՐ

Նրան մինչևս օրս այնքան էլ լավ չեն ճանաչում հանդիսականները, նաև ոմանք թատրոնի միջավայրում: Մհեր Մկրտչյանի դերասանական հնարավորություններն անհամեմատ ավելին են, քան թվացել է ու թվում է: Սովորական կատակերգակ չէր, դասական կատակերգակ էր: Նա պիտի խաղար Մոլիերի կատակերգություններում, հոյակապ Սգանարել պիտի լիներ: Պիտի լիներ Քաջ Նազար, որ չեղավ:

Մհեր Մկրտչյանն այն դերասանական տեսակին էր պատկանում, որին սովորեցնելը նույնիսկ կարող էր խանգարել: Նա այն դերասաններից էր, որոնք որևէ մեկից սովորելու կարիք չեն ունենում ու երբեք չեն մշակում իրենց շնորհքը, իրենց վարպետությունը, բայց ամենաբարդ դերասանական խնդիրները շատ հեշտ են առաջադրում և լուծում, աներևակայելի հեշտ, այնքան, որ նրանց նայելիս թվում էր, թե խաղալը շատ հեշտ բան է: Իսկական արվեստը այդպես է լինում, երբ արվեստի ստեղծագործությանը նայում ես ու թվում է, թե դու էլ կարող ես նույնը անել: Այսպիսի պարզություն ուներ Մհեր Մկրտչյանը, և շատ բարդ վարպետություն էր նրա վարպետությունը:

Սուր բնութագրական կերպագծումներով տիպականության ու հոգեբանական բարդ անցումների այնպիսի պատկեր էր նա դնում մեր առջև, որ շատ քիչ ենք տեսել ոչ միայն մեր բեմում: Նա շատ ամբողջական էր, հարուստ, ավարտուն, գունեղ: Այնպիսի թեթևությամբ ու անճիգ է վերարտադրում մարդուն իր կենսագրությամբ, վիճակով, բնավորությամբ, զգացումների ու զգացմունքների կոնկրետությամբ, որ մոռացվում են ներկայացման հակադիր պայմանական հանգամանքները, որ մոռացվում է թատրոնն առհասարակ: Նա առանձին էր և չէր դասվում որևէ շարքի: Եվ եթե չափազանցություններից չվախենանք, կարող ենք նրան ասել՝ մի հանճարեղ ֆոլկլորային ծնունդ: Ինքն էր և իր նման, եկավ ու գնաց:

ՀԵՆՐԻԿ Հովհաննիսյան

531 հոգի