Սեղմիր
ՌԵՎՅՈւ, ՌԵՑԵՆԶԻԱ

02.07.2021  02:25

«Յուրաքանչյուր շարժում» «Պարի մեջ» «Զգում ես» «Հանգիստ և ուշադիր» «ԵՎ′ ներսից, և′ դրսից» «ԵՎ′ սկզբում, և′ վերջում» «Խորը մակերեսային քնի մեջ». ընդհանուր առմամբ այս նախադասությունն են կազմում «Դելի պարը» պիեսի  յոթ մասերի վերնագրերը, որը, թերևս, բանալին է այս բարդ և ոչ միանշանակ ստեղծագործությունը հասկանալու համար։ Պիեսի հեղինակը՝ դրամատուրգ, ռեժիսոր, դերասան և պրոդյուսեր Իվան Վիռիպաևը «նոր դրամայի» ամենավառ ներկայացուցիչներից մեկն է։ Հայ հանդիսատեսը ծանոթ է նրա մի շարք պիեսների բեմադրությունների, ինչպիսիք են՝ «Պատրանքները», «Թթվածինը», և արդեն նաև «Դելի պարը»՝ բեմադրված Մետրո թատրոնում։

Գործող անձինք վեցն են՝ Սառան՝ պարուհի, նրա մայրը՝ Ալինան, բալետի քննադատ Լերան, Անդրեյը, ով սիրահարված է Սառային, Անդրեյի կինը՝ Օլգան և Բուժքույրը։ Հիվանդանոցի սպիտակ պատի տակ կանգնած գործող անձինք փոխվում են տեղերով և փոփոխվում են մահն ու կյանքը։ Օրինակ՝ առաջին պատմության մեջ Սառան իմանում է իր մոր մահվան լուրը, բայց երրորդ պիեսում տեսնում ենք Ալինային, որն այս անգամ ներկա է Օլգայի մահվան մասին պատմող տեսարանում։ Մեր առջև յոթ այլընտրանքային իրականություններ են, որտեղ կարծես թե ամեն ինչ նույնն է, նույնն են հերոսներն ու նրանց փոխհարաբերությունները, զգացմունքները, փոխվում է միայն մեկ բան՝ կերպարների մահը։ Իսկ իրականության այդ բազմաշերտությունն արտահայտվում է անվերջ փոփոխվող և մշտապես կրկնվող ենթատեքստերով, վարկածայնության անսահմանափակությամբ։ Իր ձևի մեջ լինելով շատ պարզ՝ գրական հենքը ներքաշում է հանդիսատեսին և նյութ տալիս խորհելու կյանքի, մահվան, սիրո, կարեկցանքի, տառապանքի մասին: Միևնույն ժամանակ «Դելի պարը»  աբստրակտ չէ, կտրված չէ մեզ շրջապատող իրականությունից։ Այնպիսի կենցաղային մանր դետալները, ինչպիսիք են անտեղի թղթաբանությունը, կաշառքը, ստեղծում են իրավիճակներ, որոնց հանդիպել ենք բոլորս։ Եվ այս երկակիությունն առաջացնում է հավաստիության զգացում, բացում մեր առջև մի աշխարհ, որի մի մասն ենք կազմում։

 Մտնելով Մետրո թատրոն, տեղավորվելով հենց բեմի վրա երկու շարքով դասավորված  նստարաններին՝ տեսնում ես ուղիղ անկյուն կազմող սպիտակ պատն ու հատակը, փաստացի՝ գործողության միակ վայրը։ Բեմի խորության մեջ տեղադրված այդ կառույցը բաց գիրք է հիշեցնում, որի միջից խոսում են հերոսները՝ տեղավորվելով ափի մեջ, լինելով միաժամանակ մոտ և շատ հեռու՝ ուրիշ իրականության մեջ։ Պատը դառնում է էկրան, և մի քանի վայրկյան տևող հոլովակի վրա հայտնվում է առաջին մասի անունը՝  «Յուրաքանչյուր շարժում»։ Երաժշտությունը, որը ուղեկցում է ամեն հատվածի սկիզբը և վերջը, գրվել է հատուկ տվյալ ներկայացման համար (կոմպ՝ Հակոբ Մազլումյան) և լիովին արտահայտում է պիեսի հիմնական առանցքներից մեկը՝ կրկնությունը։ Գալիս են դերասանները՝ Արևիկ Գևորգյանը՝ Սառայի դերում և Սոնա Մնացականյանը ՝ բալետի քննադատ Լերայի, քիչ անց նրանց է միանում Բուժքույրը (Նունե Ղարիբյան), իսկ ավելի ուշ նաև Անդրեյը (Վիլեն Սարգսյան

 

Դերասանները խոսում են ցածր և հանգիստ տոնով՝ առաջին տպավորությամբ ստեղծելով բավական մտերմիկ միջավայր՝ հիշեցնելով նաև մետերլինկյան անշարժ թատրոնի մթնոլորտը։ Կերպարների հույզերը, բնավորությունները առաջին պլանում չեն այստեղ, առաջին պլանում տեքստն է։ Հանդիսատեսն այնքան էլ չի մտածում հերոսների ապրումների կամ փոխհարաբերությունների մասին, նրան խորհելու տեղ են տալիս հերոսների խոսքերը։ Բոլոր վեց կերպարները, ունենալով ինչ-որ անհատական հատկանիշներ, մյուս կողմից՝ մեկ մարդու մտքերի կրողներ են։ Այս տեսանկյունից, պիեսն ասես մեկ ամբողջական մենախոսություն լինի՝ բաժանված մասերի։

 Ներկայացումն, իհարկե, ունի իր ուժեղ և թույլ կողմերը: Դերասաններից ոմանք այնքան էլ տպավորիչ չեն, սակայն ոչ ոք ակնհայտորեն դուրս չի մնում ընդհանուր մթնոլորտից։ Հատկապես տպավորիչ է Նունե Ղարիբյանի խաղը՝  Բուժքրոջ դերում։ Հիրավի, սա պիեսի ամենաբարդ կերպարներից մեկն է։ Առաջին երեք հատվածներում նրա դերը սահմանափակվում է ամենաանհարմար պահին հայտնվելով ու արագ հեռանալով։ Աչք է շոյում ճշգրիտ հաշվարկված պլաստիկական վճիռը: Նրա մուտքը թվում է, թե կտրուկ է, սակայն դրամի ակնկալիքին միտված սիրալիր ժեստերն հակամիասնական լուծում են տալիս հոգեֆիզիկական նկարագրին։ Բեմ մտնելով թղթերով, որոնք պետք է անպայման ստորագրվեն, նա վերադարձնում է մեզ այս իրականություն։ Արդեն չորրորդ պատմության մեջ  նա դառնում է ավելին, քան ուղղակի գործողությունն ընդհատող կերպար։ Տվյալ կերպարը հետաքրքրական է դարձնում նաև այն հանգամանքը, որ վերջինս ներկա է պիեսի բոլոր յոթ մասերում։ Նրա մահվան մասին չկա տեսարան, միգուցե հենց այն պատճառով, որ նա միակն է, որ հասկացել է, թե ինչ է մահը։ Դիտելով բազմաթիվ մահեր ու ոչինչ չզգալով՝ մի օր՝ վերելակի մեջ, տեսնելով իր հասակակից կնոջ մահացած մարմինը՝ նա գիտակցում է, որ այդտեղ կարող էր լինել ինքը։ Նա հասկանում է, որ  մահը մեզ հետ է ամեն քայլափոխի։ Բուժքրոջ երկակի կերպարը ներկայացնելու բարդ խնդիրը բավարար պատշաճությամբ իրագործել է դերասանուհին։

Եվ ընդհանրապես, ներկայացումը մի քանի րոպե դիտելուց հետո միանգամից աչքի է ընկնում ամբողջ ստեղծագործական կազմի նախանձախնդիր մոտեցումն իրենց աշխատանքին։ Հագուստի ձևավորումը (խորհրդատու՝ Լուսինե Կարապետյան), երաժշտությունը, ամեն հատվածից առաջ միացող հոլովակը՝ ամեն ինչ արված է շատ մանրակրկիտ և մտածված։ Թատրոնում չկան անկարևոր դետալներ, յուրաքանչյուր իր, որ հայտնվում է բեմում, խոսք, որ հնչում է, դառնում են մասը բարդ և նուրբ մեխանիզմի, որոնց ամբողջականությունն էլ ապրեցնում է ներկայացումը, ստեղծում է գրավիչ մթնոլորտ: Բեմադրության ամբողջականությունը, բոլոր դետալների ներդաշնակությունը Հռիփսիմե Շահինյանի ռեժիսորական աշխատանքի ձեռքբերումն են։ Առհասարակ, նրա բեմադրական աշխատանքներն առանձնանում են խորը և նուրբ թեմաների ընտրությամբ («Պատահականության մարդը», «Փարոսը») և այս ամենի տրամաբանական շարունակությունը դարձավ «Դելի պարը» պիեսի բեմադրությունը։ Մի ներկայացում, որ համաշխարհային գրականության և թատրոնի գեղագիտական մոտեցումների հմուտ համահավաքի՝ Վիռիպաևի տեքստի հանդեպ արժանի հետաքրքրություն առաջացնող գեղարվեստական իրողություն է:

ԱՆԻ  Տեր-Հովհաննիսյան

1147 հոգի