Սեղմիր
ՌԵՎՅՈւ, ՌԵՑԵՆԶԻԱ

01.07.2021   23:04

Յուրքանչյուր շարժում պարի մեջ զգում ես

հանդարտ և ուշադիր, և՛ դրսից, և՛ ներսից,

 և՛ սկզբում, և՛ վերջում, ընկալվում է որպես միակ պար:

«Դելի պարը» դրամատիկական ներկայացում չէ: Թեպետ և այն օրերս ներկայացվեց Մետրո թատրոնում որպես դրամա: Ի՞նչ է դրաման: Մարդկային հարաբերություններ, որ ավարտվում են մահով կամ սկսվում են մահով, տառապանք, որը սկիզբ է դառնում երջանկության կամ երջանկություն, որը տառապանքների առիթ է դառնում: Գուցե դրաման երկխոսություն է և մենախոսություն, որ հնչում են դատարկ տարածության մեջ (ձևավորումը՝ Ստեֆանի Ասատրյան) և ծնում զգացմունքներ: Բայց Վիռիպաևի յոթ մեկակտանոց պիեսի բեմադրությունը Հռիփսիմե Շահինյանը հնչեցնում է որպես սիմֆոնիա, որտեղ բազում գործիքներ են և  յուրաքանչյուրը մեկնաբանում է լայթ մոտիվը յուրովի: Ներկայացումը երաժշտություն չէ, բայց հոսում է մեղեդու պես: Թեմաները զուգահեռվում են, միահյուսվում և բաժանվում՝ պարն ու պարուհին, սիրային եռանկյունին, մոր և դստեր հարաբերությունները, մրցակցությունը, միայնակ, կյանքը քամուն տված կինը: Եվ իհարկե մահը, որով սկսվում է պատմությունը և որը վերջում փոխարինվում է երազով, ամեն ինչ ներող և ամեն ինչ ընդունող, համերաշխություն և միասնություն բերող երազով:

Այս ամենը դրված է պարուրաձև պտույտների մեջ, երբ նույն բառերը կրկնվում են պիեսից պիես (կամ գործողությունից գործողություն), բայց փոխվում է դրանց իմաստը, բովանդակությունը, լարումն աճում է, թեպետ հերոսները կրկնում են նույն բառերը մի փոքր փոփոխված դրության մեջ: Կարծում եմ, յուրաքանչյուր ընթերցող մտովի կարող է հիշել Մորիս Ռավելի «Բոլեռոն», որտեղ քսան րոպե շարունակաբար հնչում են նույն մոտիվն ու նույն ռիթմը, աճում են ու հասնում գագաթնակետին: Նման մի բան տեղի էր ունենում Մետրո թատրոնի բեմում: Յուրաքանչյուր կերպար կարծես մի գործիք լիներ իր անհատական հնչողությամբ, իր կենսագրությամբ և մահվան լուրը, հիշողությունները Կիևում տեղի ունեցած հանդիպումից կամ Դելի պարն ընդունվում էին թեպետ նույն բառերով, նման ինտոնացիաներով, բայց տարբեր, շատ տարբեր բովանդակությամբ:

 Ամեն ինչ սկսվում է շատ պարզ՝ դստերը հայտնում են մոր մահվան լուրը: Եվ պարզ, բացարձակ անկեղծ նա հայտնում է, որ տարօրինակ կերպով ոչինչ չի զգում, թեպետ պետք է ցավ զգար: Առաջին հայացքից անկիրք և մեխանիկական կարող է թվալ դերասանուհիների խոսքը, բայց այսպես են որոշել հեղինակն ու բեմադրողը. տեքստի վրա ավելորդ պաճուճանք չեն կախում: Դերասանները չեն փորձում վերապրել մի բան, որը չկա, որպեսզի վերապրել տան հանդիսատեսին, բայց առանց դրա են բռնում մեր ուշադրությունը, կապում պատմությանը, որտեղ հարցականներն ավելի շատ են, քան պատասխանները: Սա դետեկտիվ պատմություն չէ, որ գայթակղում է արդյունքով, հետաքրքրությունն ավելի շուտ առաջ է գալիս հենց խոսելու եղանակից. մի կողմից մեխանիկական, անկիրք, տոնի նվազագույն տատանումով, բայց խորքում թաքնված պատմությամբ: Որտե՞ղ է զգացվում այդ խորքը: Կարծում եմ, դերակատարների լրջության մեջ, երբ ամեն բառ շատ կարևոր է, թեպետ և կարող է արտասանվել շատ արագ: Ի դեպ, պետք է նշել, որ խոսքի նման եղանակը հնչում էր ոչ բոլոր դերակատարների պարագայում: Սկզբից տպավորություն էր, թե կերպարային առանձնահատկություն է, որ Նորա Բադալյանը (Ալինա) և Սոնա Մնացականյանը (Լեռա) իրենց բառերին, առանձին ֆրազներին և նախադասություններին տալիս են այն էմոցիոնալ գունավորումը, որը բնական է նմանատիպ իրադրության համար, ամենքս էլ այդպես կզգայինք, այլ կերպ ասած հնչում են բավական բնական: Սակայն այստեղ այլ խնդիր է երևում. տեսակով արտաբերած տեքստը նույնն է, ինչ Սառայի (Արևիկ Գևորգյան) կամ Անրիի (Վիլեն Սարգսյան) խոսքերը, բայց հնչում է այլ կերպ: Չեմ ուզում ենթադրությունների հետևից գնալ և փորձել գուշակել, խնդիրը բեմադրողի և դերասանների աշխատանքային ընթացքում է թաքնված, իսկ եթե հենց այսպիսինն էր իրենց նպատակը, ապա ինչ-որ բան մեզ խանգարել է ընկալել այն:

Սառային հայտնում են մոր մահվան լուրը, բայց քիչ հետո նա հիշում է երեկոն Կիևում, քանի որ այդ երեկո նա տեսավ Անրիին: Տեսավ ոչ սովորական կերպ, այլ իր պարի միջոցով: Թվում է, թե սիրային կապ է, բայց ոչ, հերոսները հայտարարում են իրենց հարաբերություների անկաշկանդ, անշահ բնույթի մասին: Բավական է ընդունել, որ ոչինչ չկա, հանկարծ Սառան խոստովանում է՝ սիրում եմ: Եվ մերժվում է, չէ՞ որ Անրին տեսել է նրա պարը, հիացել դրանով, բայց չի խառնել այդ զգացումը պարողի անձի հետ: Սիրել է պարը, զգացել իրեն ամբողջական և միասնական աշխարհի հետ, բայց վերմարդկային սիրով է կապվել, ոչ սովորական: Հետաքրքիր է, որ ամեն անգամ, երբ որևէ գործող անձ սկսում է պատմել «Դելի» պարի մասին, շեշտում է, որ պարուհին կարծես ինքը պարն է:

 Առանց այդ պարի չէր կարող լինել այն սերը, որ յոթ տարբեր դրվագներում տարբեր կերպարանք է ստանում՝ մերժված կնոջ խոստովանությունից անցնելով սիրային եռանկյունու՝ տառապող կնոջ ուրվականով և հասնելով ցնորային պատմության, երբ կնոջ ինքնասպանության փորձից հետո մահանում է ամուսինը, իսկ ո՞վ էր սիրուհին, կարևոր էլ չէ:

Պատումի մյուս մասը մայրն ու դուստրն են՝ չհաջողված կյանքով քաղցկեղից մահացող պառավն ու հռչակավոր պարուհին, որով անխտիր բոլորն են հիանում: Ու՞ր է մնում մայրական զգացմունքը, ինչո՞ւ են այս կանայք այսքան անհաշտ: Միայն առաջին հայացքն է հուշում պարզ կանացի խանդն ու նախաձը: Խորքում նրանց կենսափիլիսոփայությունների հակադիր լինելն է. կյանքն ամբողջությամբ տառապա՞նք է, թե՞ երջանկություն: Գուցե սրա՞ մասին է ողջ ներկայացումը:

«Դելի» պարի նյութը, հողը, որի վրա այն աճել է, մարդկային տառապանքն է, բայց՝ վերացականացված, ընդհանրացված: Սառան տեսել է այլանդակված մարդկանց հավաքված շուկայի գարշահոտի մեջ և դրանից դուրս է բերել պար, որ ապշեցրել է բոլորին իր գեղեցկությամբ և կարեկցանքով: Ամբողջ յոթ գործողությունների մեջ էլ մենք տեսնում ենք մարդկային տառապանք, արդեն անհատականացված, իր բոլոր երանգներով: Եվ այդ տառապանքի վրա նույնպես աճում է մի գեղեցիկ պար, որ հնչում է դերակատարների խոսքի մեջ, առանց պլաստիկ շարժումների, բայց նույնչափ պատկերային: Բոլորը պետք է միասնական դառնան, որպեսզի կարողանան անցնելով տառապանքով լինել երջանիկ: Եվ դրան հասնելու եղանակը ոչ թե հաշտվելն է, մեկ մեկու զիջելը, այլ իրականությունն ընդունելը, հասկանալը ներսով, այնպես, ինչպես երիտասարդ բուժքույրը (Նունե Ղարիբյան) մի պահ ամբողջ խորությամբ հասկանում է հայտնի ճշմարտությունը «Ես էլ մի օր մեռնելու եմ»: Դերասանների պարն է սա, որ սկսում է Արևիկ Գևորգյանը և որի վերջին ակորդը տալիս է Նունե Ղարիբյանը, առաջինը՝ սկիզբ դնելով նուրբ և լուրջ զգացմունքներին, որ շոշափվում են անկիրք, բայց բովանդակալից խոսքի մեջ, մյուսը՝ գործնական ու անտակտ մեկից վերածվելով դիմացինի ցավը զգացող, իր վրա վերցնող, մարդկանց ցավերը բժշկող բարի հոգու: 

 Ներկայացումը թերևս սիրո մասին է: Ոչ թե մի տղամարդու և մի կնոջ սիրո, այլ այն ավելի լայն, ավելի վեհ զգացմունքի, որը թույլ է տալիս տեսնելով տառապանքը ոչ թե կարեկցել, այլ զգալ այդ տառապանքը, կիսել որպես սեփական զգացում, որպես սեփական ցավ: Պիեսի տեքստում մի քանի անգամ կրկնվում է սիրտը խրվող շիկացած երկաթի պատկերը, հոգեկան ցավը, անգամ ուրիշներից վերցրած ցավը հերոսները զգում են ֆիզիկական մակարդակում: Կարելի՞ է արդյոք այդպես ապրել, մաշկազերծ, աշխարհի ցավը զգալով: Վերջին արարում մենք իմանում ենք, որ և՛ Սառան, և՛ Անրին մահացել են: Պարզ չէ, դեպքերի զարգացման յոթերորդ տարբերակում, յոթերորդ արարում նրանք ճանաչել են միմյանց, թե ոչ, բայց երկուսի դեպքում էլ հնչում է նույն ձևակերպումը. «սիրտը կանգ առավ, չդիմացավ»: Իսկ իրականության հետ հաշտվելու միակ ուղին երազն է՝ Դելի պարն սկսում է երազով և ավարտվում երազով, ուր մարդկային հոգիների օվկիանոսն ալեկոծվում է մի շնչով:

ՎԱՍԻԼԻ Գևորգյան

1546 հոգի