Սեղմիր
ԹԱՏԵՐԱՍԵՐԻ ԳՐԱՌՈՒՄՆԵՐ

Հենրիկ Մալյանի ծննդյան 95-ամյակի պատեհ առիթից օգտվելով՝ անդրադառնամ նրա ստեղծագործական ուղու մի ուշագրավ դրվագի, որն իմ կարծիքով ըստ հարկի չի արժևորվել: Մենք իրավամբ Մալյանին դասում ենք հայկական կինոյի մեծերի կարգին, բայց հենց Մալյանն է իրագործել ամենահետաքրքիր էքսպերիմենտներից մեկը մեր թատրոնի պատմության մեջ: Խոսքը Հովհաննես Թումանյանի հեքիաթների նրա բեմադրության մասին է, որն ասպարեզ եկավ 1981-ին, մեկ տարի անց էկրանավորվեց «Մի կաթիլ մեղր» վերնագրով և առայսօր խաղացվում է Մալյանի անվան թատրոնի բեմում:

Այս ներկայացման մեջ մի բացառիկ համադրում է արձանագրվել. Թումանյանը հանդիպել է Բերթոլթ Բրեխթին, ասել է թե՝ թումանյանական գործերը բեմադրված են բրեխթյան նշանավոր «էպիկական թատրոնի» սկզբունքներով: Փոքր-ինչ մանրամասնեմ: Ամեն ինչ մատուցվում է «ներկայացման թատրոնի» ոգով, այսինքն՝ ավելի շատ ներկայացվում է, ցուցադրվում, քան ապրվում (ինչպես ընդունված է «հոգեբանական» թատրոնում): Թումանյանի հանրահայտ ստեղծագործությունները մեկնաբանված են «օտարման էֆեկտով», որը թույլ է տալիս ձերբազատվել ավանդական ընկալման կարծրատիպերից, ազատվել այդ ընկալման ավտոմատիզմից՝ նոր լույսի տակ դնելով ծանոթ նյութն ու ասելիքը:

Եթե բեմադրական ոճը մեկտեղել է դրամատիկական գործողությունը, երկխոսություններն ու էպիկական (հեղինակային) պատումը, դերակատարների խաղի մեջ իշխում է «տարածության պահպանման» սկզբունքը, ասել կուզի՝ դերակատարը ոչ միայն պատկերում է իր հերոսին, այլև դրսևորում իր վերաբերմունքը նրա հանդեպ՝ այդ կերպ որոշակի տարածք թողնելով իր և կերպարի միջև, ոչ թե լիովին միաձուլվելով նրան: Հենց բրեխթյան մեթոդներն են լայնածիր ասպարեզ բացել հումորի, հեգնանքի և երգիծանքի այն հրավառության համար, որով ծայրեծայր համակված է ներկայացումը:

Այս ամենը մալյանական բեմադրությունը դարձնում է ազգային նյութի և համաշխարհային թատրոնի ավանդույթների համաձուլման ու սինթեզի շատ հաջող օրինակ: Ես չգիտեմ, թե Հենրիկ Մալյանն ինչպես է հանգել սրան, բայց գիտեմ, որ նա դեռ վաղուց շատ կարևոր ուղի է մատնանշել մեր թատրոնի համար:

1.05.2020

ԶԱՎԵՆ Բոյաջյան

1202 հոգի